Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
10 հունիսի 2011 թվականի N 22
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների համակարգի բարեփոխումների գործողությունների հենքային փաստաղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրային որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2011, ԵՐԵՎԱՆ
Բովանդակություն
1. Հապավումների ցանկ |
2. Ներածություն |
3. Ռազմավարության նպատակն ու մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը |
4. Բարեփոխումների նպատակը |
5. Մտավոր սեփականության իրավունքների համակարգի զարգացման հեռանկարն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում |
6. Մտավոր սեփականության իրավունքների համակարգի ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում |
6.1. Օրենսդրական դաշտը |
6.2. Ազգային օրենսդրությունը |
6.3. ՀՀ միջազգային պայմանագրերը |
6.4. Ինստիտուցիոնալ կառուցվածքը |
6.4.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունը |
6.4.2. Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով |
6.4.3. Իրավակիրարկման այլ մարմիններ և կազմակերպություններ |
6.4.4. Անդամակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և դրանց հետ համագործակցությունը |
7. Իրականացվելիք բարեփոխումները |
7.1 Օրենսդրական բարեփոխումներ |
7.1.1. Ապրանքային նշաններ |
7.1.2. Աշխարհագրական նշումներ և ծագման տեղանուններ |
7.1.3. Գյուտեր և օգտակար մոդելներ |
7.1.4. Արդյունաբերական նմուշներ |
7.1.5. Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ |
7.1.6. Դեղագործական տվյալների պաշտպանություն, տվյալների նկատմամբ բացառիկ իրավունք |
7.1.7. Միջազգային պայմանագրեր |
7.1.8. Մտավոր սեփականության իրավակիրարկում |
7.2 Ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և համագործակցություն մտավոր սեփականության իրավակիրարկումն ապահովելու նպատակով |
7.2.1 Դատական համակարգ |
7.2.2 Ոստիկանություն |
7.2.3 Մաքսային ծառայություն |
7.2.4 Փորձագիտական հիմնարկ և մտավոր սեփականության իրավունքների այլ փորձագետներ |
7.2.5 Մտավոր սեփականության իրավունքների տեղեկատվական կենտրոն |
7.2.6 Վերապատրաստում ՄՍ իրավունքների ոլորտում |
7.3 Մտավոր սեփականության բնագավառում իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված գործողություններ և շահագրգիռ կողմերի վերապատրաստում |
7.4 Անհետաձգելի գործողություններ |
7.5 Ձեռնարկվող հիմնական գործողությունները |
7.6 Բարեփոխումների մոնիտորինգ |
8. Բարեփոխումների գործողությունների ծրագիր |
8.1 Ուղղությունները |
8.2 Ուղղությունների փուլերն ու նպատակակետերը |
9. Ռիսկերը, ներգրավվածությունը և հաջողության ցուցանիշները |
10. Բարեփոխման համար կատարվելիք ծախսերը |
11. Բարեփոխումների ղեկավարումը, մոնիտորինգը և գնահատումը |
12. Եզրակացություն |
1. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Ռազմավարություն |
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության սույն ռազմավարությունը |
ՄՍ |
Մտավոր սեփականություն |
ՄՍՀԿ |
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն |
ԱՀԿ |
Առևտրի համաշխարհային կազմակերպություն |
ՄՀԿ |
Մաքսային համաշխարհային կազմակերպություն |
ԵԱԱԿ |
Եվրասիական արտոնագրային կազմակերպություն |
ԵԱԿ |
Եվրոպական արտոնագրային կազմակերպություն |
ՈՒՊOՎ (UPOV) |
Բույսերի նոր սելեկցիոն նվաճումների միջազգային միություն |
ՓԼԹ(PLT) |
Արտոնագրային իրավունքի մասին պայմանագիր |
ՌԹԼԹ(RTLT) |
Ապրանքային նշանների իրավունքի մասին վերանայված պայմանագիր |
ԵՀՔ |
Եվրոպական հարևանության քաղաքականություն |
ԳՀՀ |
ԵՄ–Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիր |
ԵՄ |
Եվրոպական Միություն |
ԷՆ |
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն |
ԳՆ |
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն |
ԱՆ |
ՀՀ Առողջապահության նախարարություն |
ՖՆ |
ՀՀ Ֆինանսների նախարարություն |
ՄՆ |
ՀՀ Մշակույթի նախարարություն |
Արդ.Ն |
ՀՀ Արդարադատության նախարարություն |
ԽՀԱԱՀ |
Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր |
ՀՀ կամ Հայաստան |
Հայաստանի Հանրապետություն |
ՄՍԳ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն |
Հանձնաժողով |
Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով (OBSERVATORY) |
2.
Ներածություն
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությունը (այսուհետ՝ ռազմավարություն) վերաբերում է մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերին, որպես ՀՀ առևտրային և արդյունաբերական ընդհանուր քաղաքականության մաս։ Այդ պատճառով, սույն ռազմավարությունը մշակվել է Հայաստանում տնտեսությունը բարելավելու, ստեղծագործական և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու, ինչպես նաև Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի» (ԽՀԱԱՀ) ստորագրման գործընթացը հեշտացնելու նպատակով։ Ռազմավարությունում հաշվի են առնվել Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների համակարգի ներկա վիճակը, շահագրգիռ կողմերի և Եվրոպական հանձնաժողովի առաջարկություններն ու հուզող խնդիրները, ինչպես նաև այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ձեռնարկած գործողությունները։
ՄՍ իրավունքները քաղաքական մեծ նշանակություն ունեն ամբողջ աշխարհում, քանի որ՝
1. դրանք կարևոր դեր են խաղում գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի համար,
2. դրանք ազդեցություն ունեն զարգացման ծրագրի վրա,
3. դրանց կեղծումը և հենությունը բարձրացնում են աշխատատեղերի և տնտեսական կորուստների, ինչպես նաև առողջությանը և անվտանգությանը հասցվող վնասների ռիսկերը։
Այս առումով, վերջին մի քանի տարիների ընթացքում շատ երկրներ մշակել են ՄՍ իրավունքների ռազմավարություններ, որոնք տարբեր են՝ ըստ յուրաքանչյուր երկրի կարիքների։
Եվ՛ Հայաստանին, և՛ Եվրամիությանը անհրաժեշտ են ՄՍ իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը գլոբալ տնտեսությունում մրցակցելու համար։ Անշուշտ, քանի որ Եվրամիությունը մրցունակությունը կառուցում է նորարարության և արտադրանքին տրվող բարձր ստեղծագործական արժեքի հիման վրա, և Հայաստանի նպատակն է հետևել այդ ուղղությանը, ապա ՄՍ իրավունքների պահպանությունն ու կիրարկումն ընկած են գլոբալ տնտեսության մեջ այս երկու շուկաների մրցունակության կարողության հիմքում։ Ե՛վ Եվրամիության, և՛ Հայաստանի զարգացումը խոչընդոտվում է, երբ մեր մտքերը, բրենդներն ու արտադրանքը կեղծվում են։ Ավելին, կեղծ դեղորայքը, խաղալիքները, պահեստամասերը և սննդամթերքը հաճախ վտանգում են մեր քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունը։
Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը» (ԳՀՀ), որն ուժի մեջ է մտել 1999 թ., առանձնացնում է ՄՍ իրավունքների պաշտպանության կարևորությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են գործարարությունն ու ներդրումները։ Հետևաբար, Եվրամիության (ԵՄ) եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) միջոցով, մյուս ասպեկտների կողքին, Հայաստանին առաջարկվում է տնտեսական և մշակութային կապեր հաստատել Եվրամիության հետ, ընդլայնել տարածաշրջանային և սահմանային համագործակցությունն ու առևտուրը։ Այսպիսով Հայաստան–ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագիրը (Նոյեմբեր 2006) նախատեսում է գործողություններ Հայաստանում ապահովելու ՄՍ իրավունքների պաշտպանությունն ու դրանց ստանդարտները ԵՄ և միջազգային չափանիշների համաձայն, ներառյալ՝ մաքսային հսկողության խստացումը ներմուծվող և արտահանվող կեղծ կամ հենական ապրանքների նկատմամբ։
ԵՄ–Հայաստան ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը՝
1. ուշադրությունը կենտրոնացրել է ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին մոտարկելու վրա,
2. նախնական քայլեր է ձեռնարկել ՄՍ իրավունքների կիրարկման ուղղությամբ՝ համապատասխանեցնելով այն միջազգային և ԵՄ չափանիշներին,
3. տարվել են ՄՍ իրավունքների իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ Հայաստանում դեռ կան մի շարք խնդիրներ կապված ՄՍ իրավունքների պաշտպանության հետ։ Այս խնդիրներից են կեղծարարության և հենության մակարդակի նվազեցումը, ազգային օրենսդրության մոտարկումը ԵՄ չափանիշներին, ՄՍ իրավունքների պաշտպանության օրենսդրության արդյունավետ կիրարկման ապահովումը, մասնավորապես՝ հենության և կեղծարարության դեմ պայքարի մասով, բարձրացնելով իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, մաքսային ծառայություն և այլն) գործունեության արդյունավետությունը, ՄՍ իրավունքների քաղաքականության և կիրարկման համար պատասխանատու պետական մարմինների և լայն հասարակության մոտ իրազեկման մակարդակի բարձրացումը։ Սակայն առկա խնդիրները չեն սահմանափակվում միայն թվարկվածներով։
3. Ռազմավարության նպատակն ու ՄՍ իրավունքների պաշտպանությունը
ՀՀ կառավարությունը գիտակցում է, որ մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ և հուսալի պաշտպանության համակարգը խթանում է գիտությունն ու նորարարությունն ապահովելով կայուն նախադրյալներ հեղինակների և նորարարների մտավոր արժեքներ ստեղծելու համար։ Կառավարությունը նաև գիտակցում է, որ մտավոր արժեքների արդյունավետ օգտագործումը շահավետ է ոչ միայն հեղինակների կամ նորարարների համար, այլև կարևոր է լայն հասարակության համար։ Այս պատճառով, սույն ռազմավարության և ընդհանրապես ՄՍ նպատակը դրա կարևորության գիտակցումն է ու ՄՍ իրավունքների պաշտպանությանն աջակցելն է՝ խթանելու համար ստեղծագործական աշխատանքն արվեստի, գիտության, գիտահետազոտական աշխատանքների բնագավառներում, ինչպես նաև տեխնիկական առաջընթացը, և դրանց արդյունքների տարածումն ու կիրառումը շուկայում։ Այն իր հերթին, որպես հզոր ուժ, կծառայի նորարարության զարգացմանը և կնպաստի Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։
4. Բարեփոխումների նպատակը
ՄՍ իրավունքների համակարգի բարեփոխումների նպատակը ՀՀ–ում տնտեսության և արվեստի զարգացումն է, ինչպես նաև Հայաստանի մրցունակության բարձրացումը գլոբալ տնտեսությունում։ ՄՍ իրավունքների արդյունավետ համակարգը գիտելիքահենք տնտեսության հիմնախնդիրներից մեկն է։
Բարեփոխումները պետք է նաև ունենան ինստիտուցիոնալ բնույթ՝ ԵՄ–Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրային համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) կնքման գործընթացը սկսելու և հաջողության հասցնելու համար։
Բացի այդ, ՄՍ իրավունքների կիրարկման արդյունավետ համակարգը կարևոր է նաև այլ ոլորտների քաղաքականության համար, ինչպիսիք են՝ հասարակության առողջությունն ու ապահովությունը, սպառողների պաշտպանությունն ու շուկայական մրցակցությունը։
Այսպիսով, բարեփոխումների նպատակն է մշակել ՄՍ իրավունքների կիրարկման առավել արդյունավետ ընթացակարգեր և բարձրացնել հասարակության իրազեկման մակարդակը ՄՍ իրավունքների ոլորտում, այնպես, որ ՄՍ իրավունքների համակարգը նպաստի վերը նշված նպատակների իրականացմանը:
5. Մտավոր սեփականության իրավունքների համակարգի զարգացման հեռանկարն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում
ՄՍ իրավունքների համակարգի առաքելությունն է Հայաստանում պաշտպանել և խթանել արվեստի ստեղծագործությունները, գիտահետազոտական աշխատանքները, ներդրումները, տեխնոլոգիաների փոխանցումը, ավանդույթների և որակի պահպանությունը, բարեխիղճ մրցակցությունը և քաղաքացիներին կեղծ և հենական արտադրանքից պաշտպանելը։
Հայաստանում ՄՍ իրավունքների համակարգի հեռանկարային զարգացումը ենթադրում է արվեստի, գիտահետազոտական աշխատանքների, բարեխիղճ մրցակցության և օրինական արտադրված ապրանքների վաճառքի համար արդյունավետ միջավայրի ստեղծումն ի նպաստ ՀՀ քաղաքացիների շահերի, անվտանգության և բարգավաճման։
6. ՄՍ իրավունքների համակարգի ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում
6.1 Օրենսդրական դաշտը
Հայաստանի Հանրապետությունն իր ազգային օրենսդրությունում բարեփոխումներ է իրականացրել ՄՍ իրավունքների գրանցման, ձեռք բերման և կիրարկման մասով՝ մոտարկելով այն ԵՄ օրենսդրությանը, համապատասխանեցնելով իր տնտեսական և առևտրային իրականությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջների համաձայն ստանձնած պարտավորություններին։ Մտավոր սեփականության իրավունքները կարգավորվում են ազգային օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և ՀՀ միջազգային պայմանագրերով։
6.2 Ազգային օրենսդրությունը
ՀՀ–ԵՄ ԵՀՔ գործողությունների ծրագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունը մեծ ուշադրություն է դարձնում իր ազգային օրենսդրության մոտարկմանը ԵՄ ստանդարտներին։ Մասնավորապես՝ ՀՀ–ն իր օրենսդրության մեջ ընդգրկել է ՄՍ իրավունքների հիմնական դրույթներն ու ուղղությունները, իսկ ներկայումս փոփոխում է որոշ օրենքներ ԵՄ ստանդարտներին լիովին համապատասխանեցնելու համար։
ՄՍ ազգային օրենսդրությունը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով.
- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք (10–րդ Գլուխ, 63–րդ մաս, 1100–1183 հոդվածներ),
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (նախատեսվում է փոփոխություն 2011 թ.–ին և նպատակ ունի հստակեցնել հեղինակային իրավունքը կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների հավատարմագրման գործընթացը),
- «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսին և լիովին համապատասխանում է ԵՄ չափանիշներին),
- «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ուժի մեջ է մտել 2010 թ. հուլիսին և լիովին համապատասխանում է ԵՄ չափանիշներին),
- «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք (ներկայումս վերանայման փուլում է, նպատակն է՝ ընդգրկել բիոտեխնոլոգիական գյուտերին և դեղագործությանը վերաբերող դրույթները, վերանայել օգտակար մոդելների արտոնագրաունակության պայմաններն ու համարժեք արտոնագրերի տրման գործընթացը և այլն),
- «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանությանե մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
- Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք (հոդվածներ 158, 159, 197, 199, 195, 212, 208, 209, 210, 211),
- Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգիրք (14–րդ բաժին),
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
- «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։
6.3 ՀՀ միջազգային պայմանագրերը
ՀՀ-ն անդամակցում է ՄՍ բնագավառին վերաբերող միջազգային պայմանագրերի մեծ մասին (Փարիզյան, Բեռնի, Հռոմի, Ժնևի և Բրյուսելի կոնվենցիաները, Մադրիդյան համաձայնագիրը, Բուդապեշտի պայմանագիրը, Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիրը, Ապրանքային նշանների, գյուտերի, և արդյունաբերական նմուշների դասակարգմանը վերաբերող Նիցայի, Ստրասբուրգի և Լոկառնոյի համաձայնագրերը, ՄՍՀԿ հեղինակային իրավունքի մասին պայմանագիրը և ՄՍՀԿ կատարումների և հնչյունագրերի մասին պայմանագիրը, ԹՐԻՓՍ(TRIPS) համաձայնագիրը և այլն):
6.4 Ինստիտուցիոնալ կառուցվածքը
6.4.1 ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գործակալությունը
Գործակալությունը արդյունաբերական սեփականության օբյեկտներ (գյուտեր, ապրանքային նշաններ, օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ) գրանցող պետական մարմին է։ Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կազմում և պատասխանատու է ՄՍ իրավունքների համապատասխան քաղաքականության իրականացման, ինչպես նաև, արդյունաբերական սեփականության տվյալների անընդհատ համալրվող բազաների վարման, ՄՍ պաշտոնական տեղեկագրերի հրատարակման համար։ Գործակալությունն աջակցում է Էկոնոմիկայի նախարարությանը ՄՍ իրավունքների քաղաքականության մշակման, միջազգային համագործակցության և ՄՍ իրավունքներին վերաբերող այլ տեղեկատվության հրապարակման հարցերում։ Գործակալությունն ունի բողոքարկման խորհուրդ, որն զբաղվում է արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի քննարկման ընթացքում առաջացած վեճերի հետ կապված բողոքներով։ Էլեկտրոնային տվյալների բազաները, տարեկան հաշվետվությունները, ՄՍ օրենսդրությունը, բողոքարկման խորհրդի որոշումները հասանելի են Գործակալության ինտերնետային կայքի միջոցով, իսկ հայտատուների համար ստեղծված է հայտերի էլեկտրոնային ներկայացման հնարավորություն։ ՄՍ գործակալությունը կարևոր դեր է խաղում ՄՍ օրենսդրության կիրարկման համար պատասխանատու բոլոր կառույցների համակարգման գործում։ Գործակալությունն ունի 50 աշխատող։
6.4.2 Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում կեղծարարության և հենության դեմ պայքար ծավալելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ պետական, հասարարական և մասնավոր հատվածներից։ Հանձնաժողովը ղեկավարում է Էկոնոմիկայի նախարարը։
6.4.3 Իրավակիրարկման այլ մարմիններ և կազմակերպություններ
● Ոստիկանություն ԿՀԴՊԳՎ (ՄՍ ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչություն),
● Մաքսային ծառայություն,
● Դատարաններ.
6.4.4 Անդամակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և դրանց հետ համագործակցությունը
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է հետևյալ միջազգային կազմակերպություններին.
● Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը (WIPO) 1993թ.–ից,
● Եվրասիական արտոնագրային կազմակերպությանը (EAPO) 1995թ.–ից,
● Մաքսային համաշխարհային կազմակերպությանը (WCO),
● Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (WTO) 2003թ–ից։
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (ԵԱԿ) հետ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների և կառույցների հետ (ՄՍ գործակալություններ, գերատեսչություններ և այլն)։
7. Իրականացվող բարեփոխումները
7.1 Օրենսդրական բարեփոխումներ
Օրենսդրական բարեփոխումները ներառում են հետևյալ բնագավառներն ու գործունեությունը։
7.1.1 Ապրանքային նշաններ
Ապրանքային նշանների օրենսդրության բարեփոխումներն իրականացվել են 2010 թվականին՝ ապրանքային նշանների մասին նոր օրենքի ընդունմամբ, որը լիովին ներդաշնակեցված է ԵՄ ստանդարտներին։
7.1.2 Աշխարհագրական նշումներ և ծագման տեղաննուններ
Ապրանքային նշանների մասին նոր օրենքի հետ միասին ընդունվել է նաև «Աշխարհագրական նշումների մասին» նոր օրենք, որով կարգավորվում են աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որը նույնպես լիովին համապատասխանեցված է ԵՄ ստանդարտներին։
7.1.3 Գյուտեր և օգտակար մոդելներ
Այս բնագավառում բարեփոխումներն սկսվել են 2008–2009 թվականներին։ Սակայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ներկայիս օրենքը պետք է ներառի նաև բիոտեխնոլոգիական գյուտերին վերաբերող դրույթները՝ համաձայն 98/44 ԵՄ դիրեկտիվի.
● այսպես կոչված Բոլարի դրույթը, և
● օգտակար մոդելների ակնհայտության նվազագույն ստանդարտը։
7.1.4 Արդյունաբերական նմուշներ
«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ներկայիս օրենքը պահպանություն է տրամադրում գրանցված արդյունաբերական նմուշներին, սակայն Կառավարությունը քննարկում է չգրանցված նմուշներին պահպանություն տրամադրելու հնարավորությունը՝ ներկա օրենքը փոփոխելու կամ արդյունաբերական նմուշների մասին նոր օրենքի նախագիծ մշակելու միջոցով։
7.1.5 Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» 2006 թվականի օրենքը ներառում է այս բնագավառում ԵՄ օրենսդրության հիմնական դրույթները։ Այնուամենայնիվ, ներկա օրենսդրությունում փոփոխություններ են նախատեսվում համաձայն 98/44 ԵՄ դիրեկտիվի (արբանյակային և մալուխային հեռարձակում), ինչպես նաև կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների համար հավատարմագրման ընթացակարգ սահմանելու նպատակով։
7.1.6 Դեղագործական տվյալների պաշտպանություն, տվյալների նկատմամբ բացառիկ իրավունք
Բարեփոխումները կվերաբերեն դեղագործության օրենսդրության մի շարք հարցերին, երաշխավորելով դրանց լիարժեք մոտարկումը ԵՄ օրենսդրությանը։
7.1.7 Միջազգային պայմանագրեր
ՀՀ կառավարությունը կնախաձեռնի ՄՍ առնչվող ՈՒՊOՎ (UPOV), ՓԼԹ(PLT) և ՌԹԼԹ(RTLT) պայմանագրերի վավերացման գործընթացը:
7.1.8 ՄՍ իրավակիրառում
ՄՍ իրավունքների կիրարկումը Հայաստանի համար կարևոր է ոչ միայն գործարար համբավի, այլև հարկերի հավաքագրման կարողությունը մեծացնելու և Հայաստանի բնակչության առողջությանն ու ապահովությանը վնաս հասցնող ռիսկերից խուսափելու համար։ Այդ պատճառով, իրավակիրարկման մարմինները (ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, դատարանները) և Էկոնոմիկայի նախարարությունը պետք է համախմբեն իրենց ուժերը իրավախախտումների դեմ պայքարի գործում: Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովը կարևոր դեր է խաղում իրավակիրարկման ոլորտի բարեփոխումների համակարգման գործում։
ա) Նպատակը
ՄՍ իրավունքների կիրարկման նոր օրենսդրությունը պետք է արդյունավետ իրականացնի ԹՐԻՓՍ(TRIPS) համաձայնագրով նախատեսված նվազագույն ստանդարտները և հետևի ՄՍ իրավակիրարկման ԵՄ ստանդարտներին։
բ) Ներկա օրենսդրությունը
Ներկա օրենսդրությունը ներառում է ՄՍ իրավունքներին վերաբերող հատուկ դրույթներ՝ քրեական, քաղաքացիական և մաքսային օրենսգրքերում և այլ ընդհանուր դրույթներ՝ կապված դատական ընթացակարգերի հետ։
գ) Բարեփոխումները
ՀՀ կառավարությունը կընտրի ՄՍ իրավունքների կիրարկման քաղաքականության բարեփոխումների ամենահարմար, ամենաթափանցիկ և ամենաարդյունավետ ուղին։ Կմշակվի ՄՍ իրավակիրարկումը կարգավորող օրենքներում և օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների նախագիծ և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա ՀՀ Ազգային Ժողովում։
դ) Հիմնական փոփոխությունները
● իրավակիրարկման մարմինների համար ի պաշտոնե գործելու իրավունքի նախատեսում,
● քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվության նախատեսում,
● իրավապահ մարմինների միջև իրավակիրարկման ներդաշնակ քաղաքականության երաշխավորում,
● բացատրական աշխատանքներ կտարվեն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի շրջանում համապատասխան իրավատերերի գույքային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպությունների հիմնադրման և նրանց միջև համագործակցության ծավալման հարցերով,
● կքննարկի մտավոր սեփականությանն առնչվող գործեր քննող դատարան(ներ)ի մասնագիտացման հարցը,
● մաքսային համակարգերի ՄՍ իրավունքներին վերաբերող գրանցումների ընթացակարգերի ներդրում, կատարելագործում կամ պարզեցում,
● ԹՐԻՓՍ(TRIPS) համաձայնագրի 51-րդ հոդվածի կիրառման ապահովում,
● առգրավված ապրանքների պահեստավորման և ոչնչացման ընթացակարգերի ներդրում և զարգացում (ուղղիչ միջոցառումներ),
● խափանման համարժեք միջոցների ներդրում,
● առգրավված ապրանքների գնահատման և վնասի հաշվարկման ընթացակարգերի ներդրում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա,
● քրեորեն պատժելի կամ վարչական իրավախախտում որակելու համար համապատասխան տնտեսական շեմի սահմանում,
● սպառողների իրավունքներին և բարեխիղճ մրցակցությանը վերաբերող օրենսդրության համարժեք կիրառման երաշխավորում,
● ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ցանցերում մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և պաշտպանության լրացուցիչ ընթացակարգերի մշակում և ներդնում:
7.2 Ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում և համագործակցություն ՄՍ իրավակիրարկումն ապահովելու նպատակով
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որպես քաղաքականություն իրականացնող մարմին և Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով, պետք է համակարգող և առաջնորդող դեր ունենան ՄՍ իրավակիրարկման քաղաքականության բարեփոխման հարցում։ Ակնկալվում է, որ Հանձնաժողովը իր վրա կվերցնի նաև ՄՍ իրավակիրարկման մարմինների և ՄՍ իրավատերերի միջև համագործակցության երաշխավորման կենտրոնական դերը։ Այնուամենայնիվ, ստորև նշված ՄՍ իրավակիրարկման մարմինները հետագա զարգացման և հզորացման կարիք ունեն։
7.2.1 Դատական համակարգ
Հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի դատական համակարգը ՄՍ վերաբերյալ վեճերը կենտրոնացնի սահմանափակ թվով դատարաններում՝ սահմանափակ թվով դատավորների ներգրավմամբ։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՄՍ վերաբերյալ վեճերի քննարկման հարցում բարձրացվի արբիտրաժի դերը։ Քննարկումը կիրականացվի նաև արբիտրաժներում։
7.2.2. Ոստիկանություն
Ոստիկանությունը, իր ՄՍ իրավակիրարկման վարչության միջոցով, պետք է արդյունավետ ստուգայցեր կամ այլ գործողություններ կատարի, ինչպես Երևանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, համագործակցելով մարզային ոստիկանության այլ աշխատակիցների հետ։
7.2.3 Մաքսային ծառայություն
Հայաստանի մաքսային ծառայությունը հաջողությամբ կանխում է առողջության համար վտանգավոր դեղորայքի ներսբերումը ՀՀ մաքսային տարածք։ Այնուամենայնիվ, չնայած ակնկալվում էր, որ մաքսային ծառայությունն այսօր պետք է որ էական դեր ունենար միջազգային մատակարարման ցանցի ապահովության հարցում, կեղծարարության և հենության դեմ գործողություններն առայժմ արդյունավետ չեն։
Հիմնվելով ոստիկանության փորձի վրա, Մաքսային ծառայությունը պետք է ստեղծի ՄՍ իրավունքների ստորաբաժանում՝ ՄՍ իրավունքներին առնչվող ռիսկերի վերլուծության, փակ տեղեկատվության, տվյալների բազայի և մաքսային ծառայության ՄՍ իրավունքների մասնագետների վերապատրաստման աշխատանքների համակարգման նպատակով։ ՄՍ իրավունքների ստորաբաժանումը պետք է լինի փորձաքննության գործող կենտրոն, որը կհամագործակցի իրավակիրարկման ազգային մարմինների և ՄՍ իրավատերերի հետ։ Այն պետք է նաև պայմաններ ստեղծի ՄՍ իրավատերերի դիմումների հիման վրա վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ինչպես նաև ստանա իրավախախտումների մասին տեղեկատվություն, մասնակցություն ունենա միջազգային համագործակցության մեջ, պահի վիճակագրական տվյալներ, և այլն։ Ի լրումն վերը նշվածի, ստորաբաժանումը պետք է ինտերնետային կայքում նկարագրի ՄՍ իրավախախտումների սահմանային նոր ռեժիմը, և այլն։
7.2.4 Փորձագիտական հիմնարկ և ՄՍ իրավունքների այլ փորձագետներ
Առգրավված նմուշները պետք է պահպանվեն և պահեստավորվեն Փորձաքննության ազգային բյուրոյի և (կամ) բնագավառում հմտացած փորձագետների ցանկացած այլ խմբի կողմից՝ իսկության հաստատման և տնտեսական գնահատման նպատակով։ Փորձագետները պետք է համագործակցեն ՄՍ իրավատերերի հետ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններս կարող են, ի թիվս այլոց, օրինական նմուշներ կամ ցանկացած այլ համարժեք տեղեկատվություն տրամադրել ՄՍ գույքի և (կամ) իրավունքի արժեքի գնահատման աշխատանքներին աջակցելու և գործընթացն արագացնելու նպատակով։ Տեղական փորձագետների կողմից կատարված ցանկացած ՄՍ օբյեկտի արժևորման /գնահատման/ հետ անհամաձայնության դեպքում իրավատիրոջ համար որպես ապացույց. հարկ եղած դեպքում, կապահովի արտասահմանյան փորձաքննություն, պայմանով, որ ՄՍ իրավատերը կերաշխավորի իրավասու փորձագետների կողմից կատարված գնահատման ծախսերի հատուցումը։
7.2.5. ՄՍ իրավունքների տեղեկատվական կենտրոն
Նախատեսելու է նաև ՄՍ իրավունքների տվյալների բազայի ստեղծումը` բոլոր գործողությունների, վեճերի, տեղեկատվության և այլնի վերաբերյալ տվյալները պահելու նպատակով։
Մաքսային ծառայությունը, ոստիկանությունը և դատական համակարգը պետք է ունենան և վարեն ՄՍ իրավունքների իրենց տվյալների բազաները, որոնք պետք է դրվեն նաև ՄՍ իրավունքների տեղեկատվական կենտրոնի տվյալների բազայում։ Այս կենտրոնը կտեղակայվի ՄՍ գործակալությունում։
7.2.6. Վերապատրաստում ՄՍ իրավունքների ոլորտում
Հայաստանում ՄՍ իրավունքների համակարգի բարեփոխման և կայուն զարգացման կարևորագույն ասպեկտներից մեկը ՄՍ իրավակիրարկման ոլորտի համար պատասխանատու պետական պաշտոնյաների կանոնավոր վերապատրաստումն է։ Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել բարձրացնելու ՄՍ իրավակիրարկման ոլորտի պատասխանատու աշխատակիցների (մաքսային ծառայողներ, դատավորներ, ոստիկանություն)՝ ՄՍ իրավունքների մասին իրազեկության մակարդակը։ Ժամանակի ընթացքում Հայաստանի իրավակիրարկման մարմինները պետք է ունենան լրիվ համակարգված ՄՍ իրավունքների տվյալների բազա, հրապարակեն տարեկան հաշվետվություններ, մշակեն վեճերի կարգավորման այլընտրանքային մեխանիզմ, համագործակցեն իրավակիրարկման միջազգային կազմակերպությունների հետ և հասնեն ԵՄ 2004/48 դիրեկտիվի դրույթների հետ լիարժեք ներդաշնակության։ Այնուամենայնիվ, ԵՄ իրավակիրարկման համակարգին համարժեք համակարգ ունենալու համար անհրաժեշտ է նաև մի քանի տարի շարունակական աշխատանքներ տանել ՄՍ իրավակիրարկման իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ։
7.3 ՄՍ իրավունքների իրազեկման մակարդակի բարձրացման գործունեություն և շահագրգիռ կողմերի վերապատրաստում
ՄՍ իրավախախտումների ամենաբարձր մակարդակը այն երկրներում է, որտեղ շահագրգիռ կողմերը և հանրությունն ընդհանրապես իրազեկված չեն ՄՍ իրավունքների մասին։ Իրազեկման ցածր մակարդակը հենության դեմ ուղղված միջոցառումների հաջողության համար դժվար հաղթահարելի խոչընդոտ է։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ ՄՍ իրավունքների մասին իրազեկման մակարդակը ցածր է ոչ միայն իրավակիրարկման մարմինների աշխատակիցների մոտ, այլև իրավատերերի և ընդհանրապես հանրության մոտ, մասնավորապես՝ հենության և կեղծարարության բնագավառներում։
ՄՍ իրավունքների բնագավառում հանրության իրազեկման մակարդակի բարձրացումը նախատեսվում է որպես իրականացվելիք առաջնահերթ նպատակ։ Կկազմակերպվեն ՄՍ իրավունքների բնագավառում հենության և կեղծարարության մասին իրազեկման սեմինարներ, ինչպես նաև կստեղծվեն և կտարածվեն համապատասխան բրոշյուրներ, տեսանյութեր և այլ տեղեկատվական նյութեր։ Բացի այդ, ակնկալվող հատուկ արդյունքը պետք է լինի ՄՍ իրավունքների մասին հանրության իրազեկման բարձրացումը և կեղծված և հենական ապրանքների նկատմամբ հասարակության մեջ բացասական վերաբերմունքի ձևավորումը։
ՄՍ իրավունքների մասին իրազեկման բարձրացման վերաբերյալ Գործողությունների ծրագրում նշված հիմնական գործողություններն են.
● մեծացնել հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքների ծավալը, որը կփոխի հանրության մոտեցումը կեղծված և հենական ապրանքների նկատմամբ (իրականացնող մարմիններ՝ ՀՀ էկոնոմիկայի նխարարություն, ՀՀ ոստիկանություն),
● ապահովել փորձագետների մասնագիտական ունակությունների հետևողական բարձրացումը (իրականացնող մարմին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն),
● կատարել շուկայի կանոնավոր վերլուծություն՝ կեղծված և հենական ապրանքների շրջանառության և վնասի ծավալները որոշելու նպատակով (կատարող մարմին՝ ՀՀ ոստիկանություն),
● ձեռնարկել քայլեր դատաիրավական համակարգի և մաքսային ծառայությունների համապատասխան աշխատակիցների գիտելիքների խորացման ուղղությամբ (կատարող մարմին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն)։
Համաձայն ԵՄ ռազմավարության (2005/C 129/03) առաջարկությունների պետք է իրականացվի օգտագործողների իրազեկման մակարդակի բարձրացում հետևյալ միջոցներով.
● ՄՍ իրավունքներից բխող օգուտների լուսաբանում՝ ստեղծագործական աշխատանքների, ներդրումների, տեխնոլոգիաների փոխանցման, ավանդական գիտելիքների և որակի պահպանության նկատառումներով,
● տեղեկատվություն ՄՍ իրավախախտումների դեպքում հասարակության առողջությանը, անվտանգությանը, սպառողների պաշտպանությանը հասցնող վնասների մասին։
Ակնհայտ է, որ ՄՍ իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացումը և վերապատրաստումները շարունակական գործողություններ են, որոնց արդյունքները դժվար գնահատելի են, և որ իրազեկումը սովորաբար երկարաժամկետ գործընթաց է։
7.4 Անհետաձգելի գործողություններ
Գործող օրենսդրությանը համապատասխան պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ պետք է ձեռնարկվեն սահմանային և ներքին շուկային վերաբերող որոշ անհապաղ գործողություններ, որոնց արդյունքները պետք է լուսաբանվեն՝ իրազեկման մակարդակի բարձրացման և ՄՍ իրավատերերին ու իրավախախտներին ծանուցելու նպատակով։
7.5 Ձեռնարկվելիք հիմնական գործողությունները
Անհրաժեշտ է բարելավել և կիրարկել ՄՍ իրավունքների մասին օրենսդրությունը, մասնավորապես՝ հենության և կեղծարարության դեմ պայքարի առումով։ Այդ նպատակով իրականացնել հետևյալ գործողությունները.
● ավարտել ՄՍ իրավունքներին վերաբերող օրենսդրության բարելավումը,
● հզորացնել իրավակիրարկման համար պատասխանատու մարմինների կարողությունները,
● երաշխավորել իրավատերերի միջև արդյունավետ երկխոսություն, ինչպես նախատեսված է ԵՆՀ Գործողությունների ծրագրով։
7.6 Բարեփոխումների մոնիտորինգ
ՄՍ իրավունքների բարեփոխումների մոնիտորինգը կիրականացվի Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի և ԽՀԱԱՀ բանակցային աշխատանքային խմբի կողմից։
8. Բարեփոխումների գործողությունների ծրագիր
8.1. Ուղղությունները
Վերը նշվածի համաձայն, Հայաստանի ՄՍ իրավունքների համակարգի բարեփոխումը կընթանա հետևյալ երեք ուղղություններով.
Ուղղություն 1՝ Օրենսդրական բարեփոխում
Ուղղություն 2՝ Ինստիտուցիոնալ բարեփոխում (ներառյալ ՄՍ իրավակիրարկման գործողություններ)
Ուղղություն 3՝ ՄՍ իրավակիրարկման վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում (ներառյալ շահագրգիռ կողմերի աշխատողների կամ մասնագետների վերապատրաստում)։
8.2. Ուղղությունների փուլերը և նպատակակետերը
Ուղղություն 1
1–ին ուղղության բարեփոխումը բաղկացած է հետևյալ երեք փուլերից.
Փուլ 1՝ Եվրահանձնաժողովի կողմից ընդունված օրենսդրությանը մոտարկված օրենսդրության ընդունում (2011-2012թթ.)
Նպատակակետ 1՝ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների, գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների պահպանության ոլորտներում լիովին մոտարկված օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունում։
Նպատակակետ 2՝ Շահագրգիռ կողմերի տեղեկացվածության ապահովում այդ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին։
Փուլ 2՝ Օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և դրանց կիրառման գործընթացի կատարելագործում։
Ուղղություն 2
2-րդ ուղղության բարեփոխումը բաղկացած է չորս փուլերից (1-ին և 2-րդ փուլերը կարող են համընկնել).
Փուլ 1՝ Կարճաժամկետ գործողություններ գործող օրենսդրության առնչությամբ (2011-2012)։
Նպատակակետ 1՝ Պետական հատվածի կողմից լիցենզիոն ծրագրային արտադրանքի օգտագործման ապահովում։
Նպատակակետ 2՝ Մաքսային ծառայությունը և ոստիկանությունը համագործակցելով ՄՍ իրավատերերի հետ պետք է առգրավեն ապօրինի ծրագրային արտադրանքը և ՄՍ այլ օբյեկտները թե՛ սահմանի վրա և թե՛ ներքին շուկայում։ Արդյունքները պետք է ԶԼՄ–ների միջոցով հրապարակվեն հանրության և գործարար հատվածի իրազեկման համար։
Փուլ 2՝ Իրավակիրարկման օրենսդրության արմատական բարեփոխում (2011-2012)
Նպատակակետ 1՝ ԵՄ–Հայաստան ԽՀԱԱՀ հենքային փաստաթղթի յուրաքանչյուր պահանջին համապատասխանող իրավակիրարկման օրենսդրության առկայություն։
Նպատակակետ 2՝ Եվրահանձնաժողովի կողմից ընդունված օրենսդրությանը մոտարկված օրենսդրության ընդունում և շահագրգիռ կողմերի տեղեկացվածություն այդ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մասին։
Փուլ 3՝ Իրավակիրարկման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումներ (2011-2012).
Նպատակակետ 1՝ Եվրահանձնաժողովի կողմից ընդունված անհրաժեշտ կառուցվածքային նոր միավորների ստեղծում։
Փուլ 4՝ Դատավորների, ոստիկանության, մաքսային ծառայության աշխատակիցների, պետական հատվածի իրավաբանների համար ուղեցույցների և վերապատրաստման փաստաթղթերի մշակում (որպես կարողությունների հզորացման գործունեության մի մաս) և սեմինարների ու աշխատաժողովների կազմակերպում պոտենցիալ շահագրգիռ կողմերի համար (2011թ.–ից սկսած և ՄՍ իրավակիրարկման Թվինինգ ծրագրից օգտվելով)։
Նպատակակետ 1՝ ՄՍ իրավախախտումների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում, վիճակագրության վարում և տարեկան հաշվետվությունների հրատարակում (2012-2015)։ Սա, այսպես կոչված «Արդյունավետ կիրառման» փուլն է, որը կզարգանա 2012թ.՝ ՄՍ իրավակիրարկման Թվինինգ ծրագրի իրականացման ընթացքում։
Ուղղություն 3
3-րդ ուղղության բարեփոխումը, ի թիվս այլոց, բաղկացած է նաև հետևյալ փուլերից.
Փուլ 1՝ Վերապատրաստումների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպում և անցկացում պոտենցիալ շահագրգիռ կողմերի համար (2011թ.–ից սկսած)։
Փուլ 2՝ Իրազեկման մակարդակի բարձրացման սեմինարներ ՄՍ շահագրգիռ կողմերի և հանրության համար (2011թ.-ից սկսած),
Փուլ 3՝ Մասնավոր և պետական հատվածների շահագրգիռ կողմերի վերապատրաստում (2011 թ.-ից սկսած),
Փուլ 4՝ Վերապատրաստողների վերապատրաստում (2011 թ.-ից սկսած),
Փուլ 5՝ ՄՍ տեղեկատվական կենտրոնի ստեղծում (2012-2013թթ.)։
9. Ռիսկերը, ներգրավվածությունը և հաջողության ցուցանիշները
Առաջարկվող ռազմավարությունը հիմնված է հետևյալի վրա.
● ՀՀ կառավարությունը կիրառման ամբողջ ժամանակահատվածում կպահպանի քաղաքական աջակցության սկզբունքը։
● ՀՀ կառավարությունը դոնորների աջակցությամբ կձևավորի անհրաժեշտ ռեսուրսներ։ ՄՍ իրավատերերը պետք է համագործակցեն այդ գործընթացում։
● Ռազմավարության հաջողությունը, ի թիվս այլոց, կախված է նաև հետևյալ հանգամանքներից՝
1. սույն բարեփոխմանը հակասող խոչընդոտների վերացում,
2. իրավակիրարկման համար պատասխանատու բոլոր մարմինների մասնակցություն գործընթացին,
3. ՄՍ իրավունքների վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում հասարակության մեջ,
4. մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավում,
5. կեղծարարության և հենության գործունեության՝ հանրության առողջությանը, անվտանգությանը և երկրի վարկին վնասող ռիսկերի ըմբռնում և տեղեկատվության տարածում։
10. Բարեփոխման համար կատարվելիք ծախսերը
Վերը նշված բարեփոխումների արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է ռեսուրսների տեղաբաշխում, մասնավորապես անհրաժեշտ է ընդլայնել իրավակիրարկման որոշ մարմինների կարողությունները։ Ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերման նպատակով պետական բյուջեում անհրաժեշտ է նախատեսել համապատասխան գումար։ Մասնավոր հատվածում օրինական ծրագրերի օգտագործման մակարդակի բարձրացումը կհանգեցնի հարկերի հավաքագրման մակարդակի բարձրացմանը և դրանով կփոխհատուցի օրինական ծրագրային ապահովման համար կատարվող պետական ծախսերը (այս գործընթացի համար պետական հատվածի կազմակերպությունները և խոշոր կազմակերպությունները պետք է առաջնորդեն այս գործընթացը)։ Այնուամենայնիվ, այս հարցում չեն պահաջվի այնքան մեծ ներդրումներ, որքան այլ բարեփոխումների համար, որոնք պահանջում են սարքավորումներ և հատուկ շինություններ։ Ծախսերի մի մասը կարող է կրճատվել ՄՍ իրավատերերի հետ համագործակցության միջոցով։
11. Բարեփոխումների ղեկավարումը, մոնիտորինգը և գնահատումը
Բարեփոխումների գործընթացի բոլոր ուղղությունները պետք է ղեկավարվեն, ենթարկվեն մոնիտորինգի և գնահատվեն Էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի, ԽՀԱԱՀ բանակցային աշխատանքային խմբի և Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից։ Բարեփոխումը պետք է գնահատվի կիսամյակային կտրվածքով, սկսած 2011 թվականից։
12. Եզրակացություն
Սույն ռազմավարությունը Հայաստանում ՄՍ իրավունքների գնահատման մի քանի տարվա աշխատանքի արդյունքն է։ Հաշվի են առնված նաև կատարված աշխատանքները, օրինական գործարարությունը, տուրքերի հավաքագրումը, բարեխիղճ մրցակցության խաթարումը և քաղաքացիների առողջությանն ու անվտանգությանը հասցվող վնասները՝ հանցավոր կազմակերպություններին ու դրանց գործունեությունը սնող կեղծարարության և հենության շուրջ աճող միջազգային անհանգստության պարագայում։
Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակված է իրականացնելու այս բարեփոխումները, որպեսզի կատարի ԽՀԱԱՀ բանակցությունները սկսելու համար ԵՄ հիմնական պահանջներից մեկին համապատասխանեցումը։ Այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է ընձեռում խթանելու ժամանակակից շուկայական տնտեսության գլոբալ տնտեսության մեջ մրցունակ լինելու համար պահանջվող բարեփոխումները։ Սա կօգնի Հայաստանին ՄՍ դիտարկումների միջազգային ցուցակի ցածր վարկանիշ ունեցող երկրների շարքից դուրս գալուն և դրանով բարձրացնելու իր վարկանիշը։ Կձեռնարկվեն կարճաժամկետ գործողություններ անհապաղ և պայմանական շոշափելի արդյունքերի հասնելու համար։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ և հուսալի գործողությունները, ինչպիսիք իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերն են, չեն կարող անտեսվել։ Այս գործունեությունը կարող են իրականացնել պետական և հասարակական հատվածների շահագրգիռ կողմերը միջազգային դոնորների միջոցով։ Հասարակության կողմից մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորմանը հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրային որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Սույն փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարության» գործողությունների ծրագիրն է։ Գործողությունների ծրագիրը կենթարկվի մոնիտորինգի և կիրականացվի Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Մտավոր սեփականության գործակալության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության և այլ մարմիններ կողմից։
Nօ |
Գործողություններ |
Նպատակները և համառոտ նկարագրությունը |
Նախա-պայմաններ |
Ակնկալվող արդյունքները |
Պատասխանատու |
Վերջնա-ժամկետ |
1. |
ՄՍ իրավունքների գրանցման, պաշտպանության և կիրարկման օրենսդրության համապատասխանեցում | |||||
1.1 |
Ապրանքային նշան-ների նոր համակարգի ներդրում |
Կիրառելի չէ |
Ապրանքային նշանների համակարգի համապատասխանեցում միջազգային ստանդարտներին |
ՄՍԳ |
2010–2011 | |
1.2 |
Աշխարհագրական նշումների և Ծագման տեղանունների նոր համակարգի ստեղծում |
Աշխարհագրական նշումների և Ծագման տեղա-նունների նոր օրենքի համարժեք կիրառում |
Աշխարհագրական նշումների և Ծագման տեղանունների համա-պատասխանեցում ԵՄ օրենսդրությանը |
ԷՆ, ԳՆ |
2011–2012 | |
1.3 |
Աշխարհագրական նշումների և Ծագման տեղանունների |
Կիրառելի չէ |
Աշխարհագրական նշումների և Ծագման տեղանունների համա-պատասխանեցում ԵՄ ստանդարտներին |
ԷՆ, ԳՆ |
Շարունա-կական | |
1.4 |
Գյուտերի և օգտակար մոդելների |
Կիրառելի չէ |
Ներառել հետևյալ ասպեկտները՝ Կենսատեխնոլոգիական գյուտերի պահպանության դրույթները ԵՄ 98/44 դիրեկտիվի համաձայն, |
ԷՆ և ՄՍԳ |
2011 | |
1.5 |
Գյուտերի և օգտակար մոդելների մասին ժամանակակից օրենքի դրույթների նախագծում |
1.4 |
Գյուտերի և օգտակար մոդելների գրանցում միջազգային ստան-դարտներին համապատասխան |
ԷՆ և ՄՍԳ |
2011-2012 | |
1.6 |
Արդյունաբերական նմուշների ժամանակակից օրենսդրության կիրառման ենթաօրենսդրական ակտերի մշակում |
1.6 |
Ներառյալ չգրանցված նմուշների պահպանությունը |
ԷՆ և ՄՍԳ |
2011–2012 | |
1.7 |
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օրենսդրության կատարելագործում |
Կիրառելի չէ |
Մի շարք հարցերի հստակեցում, ներառյալ ԵՄ 93/83/EEC դիրեկտիվին համապատասխա-նությունը (Արբանյակային և մալուխային)։ Կոլեկտիվ կազմակերպությունների առումով, բարեփոխումը պետք է լուծի հավատարմագրման հարցը։ |
ԷՆ և ՄՍԳ |
2011–2012 | |
1.8 |
Դեղորայքի և բույսերի սանիտարիայի տվյալ-ների նկատմամբ բացառիկ իրավունքների մասին համարժեք օրենսդրության մշակում՝ ապահովելով չբացահայտելու և վստահության սկզբունքները։ |
Տվյալների նկատմամբ բացառիկ իրավունքներին համարժեք և հավասա-րակշռված պաշտպա-նության տրամադրում՝ գաղտնիության և չբացահայտելու առումով |
Կիրառելի չէ |
Պահպանության բարելավում ԵՄ օրենսդրությանը համապատասխան, ջեներիկ անվանումների օպտիմալ մուտքագրում |
ԱՆ և ԳՆ |
2012 |
2. |
ՄՍ իրավունքների կիրարկման կարճաժամկետ գործողություններ | |||||
2.1 |
Պետական կազմակերպությունների կողմից ծրագրային ապահովման լիցենզիաների |
Պետական կազմակերպությունների կողմից բարեխիղճ պրակտիկայի խորացում |
Կառավարության կողմից պարտավորու-թյունների հանձնառություն և համապատասխան բյուջեի ձևավորում |
Հայաստանի վարկանիշի բարձրացում, այդ թվում միջազգային կազմակերպությունների առջև, օրինակ ծառայելով հասարակությանը ոչ պետական հատվածի կազմակերպություններին |
Պետական կազմակերպություններ |
2011-2012 |
3. |
ՄՍ իրավակիրարկման գործողություններ՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ | |||||
3.1 |
ՄՍ իրավունքների օրենսդրության կիրարկում, մասնավորապես համապատասխան պետական մարմիններին |
ԵՄ ստանդարտների վրա հիմնված նոր կառուցվածքներ, ինչպես նաև ԵՄ 2004/48 կիրարկման դիրեկտիվի դրույթներին համապատասխան՝ ՄՍ իրավունքների և 1383/2003 կանոնա-կարգին համա-պատասխան մաքսային ծառայությունների գործողություններն ընդդեմ ապօրինի գործունեության և կեղծարարության։ |
Կիրառելի չէ |
ԵՄ ստանդարտներին համապա-տասխանեցված ՄՍ իրավունքների ամբողջական օրենսդրության ընդունում։ |
Հանձնաժողով, |
2012–2013 |
3.2 |
Մտավոր սեփա-կանության գոր-ծակալություն |
Էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման բարելավում |
Կիրառելի չէ |
Էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների աճ |
ՄՍԳ |
Շարունա-կական |
3.3 |
Մտավոր սեփա-կանության գործակալություն |
ՏՏ ծառայությունների բարելավում |
Կիրառելի չէ |
ՄՍԳ ՏՏ համակարգի համապատասխանեցում եվրոպական մտավոր սեփականության կազմակերպությունների ստանդարտներին |
ՄՍԳ |
2011- 2013 |
3.4 |
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպություններ |
Հեղինակային իրավունքի ոլորտում |
Կիրառելի չէ |
Հոնորարների հավաքման ապահովում։ |
Հանձնաժողով, ԷՆ, ՄՆ, |
Շարունակական |
3.5 |
Մաքսային ծառայություններ |
Սահմանի վրա ապա-հովել ՄՍ իրավունքների ամբողջական և համարժեք կիրարկում |
3.1 |
ՄՍ իրավատերերի համար արդյունավետ մաքսային գործընթացների ներդրում։ |
Հանձնաժողով, |
2012 Շարունա-կական |
3.6 |
Ոստիկանություն |
ՄՍ իրավունքների ամբողջական և պատշաճ կիրարկման ապահովում |
3.1 |
Ի պաշտոնե գործողություններ իրականացնելու լիազորությունների կիրառում։ |
Հանձնաժողով, |
2012-2013 |
3.7 |
Դատարաններ |
Դատավորների մասնագիտական գիտելիքների խորացում ՄՍ իրավունքների հարցում, ՄՍ իրավունքներին վերաբերող գործերի կենտրոնացում որոշակի դատարաններում |
Կիրառելի չէ |
Որոշ դատարաններում ՄՍ իրավունքների մասնագիտական որոշակի աստիճանի ապահովում։ |
Հանձնաժողով |
2012-2013 |
3.8 |
Վիճակագրություն |
ՄՍ իրավախախտման վերաբերյալ վիճակագրության վարում |
Տվյալների բազայի ստեղծում և վարում |
Գրանցումների, իրավախախտման դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքում, վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում։ |
ՄՍԳ, Ոստիկա-նություն, ՊԵԿ |
2012 Շարունա-կական |
4 |
ՄՍ իրավունքների մասին իրազեկության մակարդակի բարձրացում | |||||
4.1 |
Հանրության իրազեկում |
ՄՍ իրավունքների կարևորության մասին իրազեկում և հարգալից վերաբերմունք ՄՍ իրավունքների նկատմամբ |
Կիրառելի չէ |
Կեղծ և հենական ապրանքների սպառման մակարդակի նվազում։ |
ԷՆ, ՄՍԳ |
Շարունա-կական |
4.2 |
Վերապատրաս-տողների վերապատրաստում |
ՄՍ իրավունքների մասնագետների թիմի ստեղծում |
Կիրառելի չէ |
Իրազեկ մասնագետների քանակական աճ |
Հանձնաժողով, |
2012 Շարունա-կական |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրային որոշման |
ՀԵՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. ԵՄ–Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագիր (ԳՀՀ)
Նկարագրություն. ԳՀՀ –ն ուժի մեջ է մտել 1999թ–ին, որի 6-րդ գլուխը վերաբերում է ՄՍ իրավունքների պաշտպանության այն դրույթներին, որոնք կոչված են պաշտպանելու գործարարությունը և ներդրումները։ ԳՀՀ – ի առաջին մանդատը Հայաստանի համար ներառում է Հայաստանի անդամակցումը ՄՍ իրավունքների հիմնական բազմակողմանի կոնվենցիաներին։ Այս գործընթացն իրականացված է։ ՄՍ իրավունքներին վերաբերող երկրորդ մանդատը ապահովում է ԵՄ -ին համարժեք պահպանության մակարդակ, ներառյալ այն օրենքների խիստ պահպանությունը, որոնք ներկայումս ընդունված են։
2. 2006թ. ընդունված ԵՀՔ գործողություննների ծրագիրը և 2009-2011թթ. գործողությունների ցանկը
Նկարագրություն. ԵՄ – Հայաստան ԵՀՔ Գործողությունների ծրագիրն այս գործընթացում Հայաստանի առաջին քայլն է և ԵՄ -ն ավելի ու ավելի զարգացնում է քաղաքական համագործակցությունը և տնտեսական ինտեգրումը։ Գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որը պլանավորում է համագործակցության ռազմավարական նպատակները Հայաստանի և ԵՄ–ի միջև հինգ տարի ժամանակահատվածում։ Դրա իրագործումը կօգնի իրականացնել Գործընկերության և Համագործակցության համաձայնագրի դրույթները, կապեր կստեղծի նոր բնագավառներում, և կօժանդակի ու նեցուկ կհանդիսանա Հայաստանին եվրոպական տնտեսության և հասարակական կառուցվածքներին հետագա ինտեգրման համար։
Գործողությունների ծրագրի իրագործումը նպատակ ունի նշանակալի կերպով մոտարկելու Հայաստանի օրենսդրությունը, նորմերը և ստանդարտները ԵՄ օրենսդրությանը, նորմերին և ստանդարտներին։ Այս ենթատեքստում այն ամուր հիմքեր կստեղծի հետագա տնտեսական ինտեգրման համար, որը հիմնված է տնտեսությանը և առևտրին վերաբերող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունման և իրագործման վրա, ներառյալ ՄՍ իրավունքների օրենքները և ենթաօրենսդրական ակտերը՝ առևտրի բարելավման հնարավորությունները, ներդրումները և զարգացումը խթանելու պոտենցիալով։
Առևտրային հարաբերություններին, շուկային և օրենսդրական բարեփոխումներին վերաբերող ծրագրի գործողություններից մեկը նպատակաուղղված է ՄՍ իրավունքներին1, ներառյալ մաքսային ծառայությունների վերահսկողությունը հենական կամ կեղծված ապրանքների ներմուծման և արտահանման նկատմամբ։
__________________
1 Մասնավորապես՝
● Երաշխավորել ՄՍ իրավունքների համապատասխանությունը ԳՀՀ պարտավորություններին և ԹՐԻՓՍ(TRIPS) համաձայնագրի պահանջներին, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրարկումը.
● Երաշխավորել դատական համակարգի պատշաճ գործունեությունը՝ ապահովելու համար արդարադատության հասանելիությունը իրավատերերին, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետ կիրառումը.
● Համախմբել համապատասխան ինստիտուցիոնալ կառուցվածքները, այդ թվում՝ արդյունաբերական սեփականության, հեղինակային իրավունքի պահպանության կազմակերպությունները և կոլեկտիվ հիմունքներով կառավարման կազմակերպությունները։ Ընդլայնել երրորդ երկրների համապատասխան կազմակերպությունների և արդյունաբերական ընկերությունների հետ համագործակցության շրջանակները,
● Ընդլայնել իրավակիրարկման մարմինների ռեսուրսները, ներառյալ դատական համակարգը,
● Բարելավել ԳՀՀ 42.2 հոդվածով սահմանված համապատասխան կոնվենցիաների կիրարկումը,
Զարգացնել ՄՍ բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի ՀՀ և ԵՄ իրավակիրարկման մարմինների միջև համագործակցությունը։
3. Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության հայեցակարգ (ՀՀ կառավարության արձանագրային որոշում հ. 14, ապրիլի 2, 2009թ.)
Նկարագրություն. Որպես ՀՀ կառավարության կողմից ՄՍ իրավունքների համակարգի զարգացման կարևորության ճանաչման գործընթացի և կառավարության կողմից բարեփոխումների կատարման հանձնառության մի մաս, 2009թ. ապրիլի 2-ին ընդունվեց Մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պահպանության հայեցակարգը և այդ փաստաթղթի դրույթների կատարման նպատակով 2009թ. օգոստոսին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանում կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողով, որը բաղկացած է պետական մարմինների (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՄՍ գործակալություն, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, դատական համակարգ) և մասնավոր հատվածի ու ՀԿ–ների ներկայացուցիչներից։
Ավելին, 2010թ. Կառավարությունն ստեղծել է ՄՍ իրավունքների աշխատանքային խումբ՝ ԵՄ–ի հետ ԽՀԱԱՀ բանակցությունների աջակցության նպատակով։ Կառավարությունը արժևորում է ԵՄ Խորհրդատվական խմբի հատուկ մշակած քաղաքականության խորհրդատվությունը, որը ստեղծվել է 2009թ. ապրիլին՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։
4. ՄՍ իրավունքների կիրարկման թվինինգ ծրագիր, հունիս, 2010
Նախատեսվել է ունենալ ՄՍ իրավունքների կիրարկման համակարգի թվինինգ ծրագիր, որը մշակվում է որպես ինստիտուցիոնալ կարողությունների գործնական հզորացման գործիք՝ պետական կառավարման համարժեք կառույցների (նախարարություններ, պետական կազմակերպություններ, և այլն) հետ համագործակցությամբ՝ ԵՄ ստանդարտներին մոտարկման գործընթացի հեշտացման նպատակով։
Նմանատիպ ԵՄ օժանդակության գործիքի գործարկումը կսկսվի 2012թ., այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունն արդեն նախաձեռնած կլինի ՄՍ իրավունքների պաշտպանության իրավական համակարգը միջազգային դրույթներին համապատասխանեցնելու գործընթացը՝ վերը նշված ԵՀՔ գործողությունների ծրագրին և ԳՀՀ դրույթներին համապատասխան։ Գլխավոր նպատակն է՝ Հայաստանի ՄՍ իրավակիրարկման համար պատասխանատու մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով ԵՄ ՄՍ իրավունքների պաշտպանությանը համարժեք պաշտպանություն ունենալը։
5. Հայաստանի ներքին շուկայում կեղծարարության և հենության մակարդակի ուսումնասիրություն, AEPLAC-ICHD, 2010թ.
6. 2009թ. Հայաստանի առաջընթացի հաշվետվություն. ԵՀՔ իրականացման համար պատասխանատու Եվրոպական պառլամենտի և Խորհրդի հաղորդագրություն, Բրյուսել, 12/05/2010, SEC(2010) 516
7. Եվրոպական հանձնաժողովի առևտրի ոլորտի փաստահավաք առաքելություն (2009թ. փետրվար)
8. Հայաստանի առևտրային քաղաքականության առաջին ստուգում ԱՀԿ– քարտուղարության կողմից, 2010թ.
9. Մտավոր սեփականության գործակալության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը ՄՍ իրավունքների հարցերով. Առևտրի, տնտեսության և հարակից հարցերով ԵՄ–Հայաստան ենթահանձնաժողով (Երևան, 16–ը հունիսի 2010թ.)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.06.2013, N 25 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|