Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (01.03.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2008

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍԾՏՀ մասնակից պետությունների Կառավարությունների միջԵՎ բնական ու տեխնածին աղետների կանխարգելման ԵՎ դրանց հետԵՎանքների վերացման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի

 

Ներածություն

 

ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների Կառավարությունները, որոնք հանդիսանում են սույն Լրացուցիչ արձանագրության Կողմեր, այսուհետ` Կողմեր,

համաձայն բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության վերաբերյալ ՍԾՏՀ անդամ պետությունների Կառավարությունների միջև 1998 թվականի ապրիլի 15-ին Սոչիում կնքված համաձայնագրի, այսուհետ` ՍԾՏՀ Համաձայնագիր, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթների,

գիտակցելով արդյունավետ կանխարգելման ռազմավարության աճող դերը և կարևորությունը` կապված արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու բնագավառում համագործակցության հետ,

ընդգծելով աղետներին առավել արդյունավետ արձագանքելու քաղաքականության կարևորությունը և խոշոր աղետների նվազեցման ու կանխարգելման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում գործողությունների զարգացման գործնական պահանջները,

բազմիցս նշելով իրենց վճռականությունը` միասնական ուժերով հասնել ՍԾՏՀ Համաձայնագրի դրույթների իրականացման կայուն բարելավմանը,

նպատակ ունենալով ապահովել Կողմերի իշխանությունների միջև համագործակցության համակարգման պատշաճ մակարդակը,

համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Կապի սպաների Ցանցի հիմնում

 

Կողմերը պետք է հիմնեն Աղետների ժամանակ աջակցության կապի սպաների ՍԾՏՀ Ցանց, այսուհետ` Ցանց, կազմված Կողմերի կողմից նշանակված կապի սպաներից` որպես իրենց ներկայացուցիչներ:

 

Հոդված 2

 

Նպատակները

 

Ցանցի նպատակները հետևյալն են.

 

1. Աղետների ժամանակ աջակցության ցուցաբերման բնագավառում համագործակցության ամրապնդում և Կողմերի իրավասու մարմինների միջև փոխգործակցության համակարգման ապահովում:

2. Կողմերի համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ցանցի ստեղծում` ՍԾՏՀ Համաձայնագրի համաձայն` աղետների ժամանակ օգնության ցուցաբերման և դրանց արձագանքման բնագավառում արդյունավետ համագործակցելու համար:

 

Հոդված 3

 

Խնդիրները և գործառույթները

 

Ցանցի կապի սպաներն ունեն հետևյալ խնդիրները և գործառույթները.

 

1. Ուղարկել այլ կապի սպաների կողմից ներկայացված խնդրանքներն իրենց համապատասխան պետություններին անհապաղ դեպքերում 1 օրվա ընթացքում, իսկ մյուս դեպքերում` 3 օրվա ընթացքում` ՍԾՏՀ Համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթների համաձայն:

2. Ուղարկել անհրաժեշտ տեղեկատվությունը Կողմերին վերջիններիս պահանջի դեպքում` ՍԾՏՀ Համաձայնագրի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն:

3. Պարբերաբար հանդիպել տարածաշրջանում աղետների ժամանակ օգնության ցուցաբերման և դրանց արձագանքման նոր միտումները քննարկելու համար` ՍԾՏՀ անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև համագործակցության նոր ձևեր գտնելու նպատակով:

4. Համապատասխան մարմիններին զեկուցել և առաջարկել համագործակցության հետագա զարգացման ուղիները:

5. Դյուրացնել աղետների ժամանակ օգնության ցուցաբերման և դրանց արձագանքման բնագավառում գործնական փորձի փոխանակումը Կողմերի համապատասխան մարմինների միջև:

 

Հոդված 4

 

Ցանցի կարգավիճակը ՍԾՏՀ շրջանակներում

 

Ցանցը համագործակցության մի խումբ է աղետների ժամանակ օգնության ցուցաբերման բնագավառում` հաստատված ՍԾՏՀ Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հոդված 5

 

Ցանցի հանդիպումների վայրը

 

Ցանցը պետք է իր հանդիպումներն անցկացնի ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարության շենքում, եթե այլ որոշում չի կայացվում ՍԾՏՀ նախագահի նախաձեռնությամբ կամ արտաքին գործերի նախարարության խորհրդի որոշմամբ:

 

Հոդված 6

 

Կազմակերպում և գործունեություն

 

1. Ցանցը կգործի ՍԾՏՀ Կանոնադրության և Ընթացակարգի կանոնների, ինչպես նաև ՍԾՏՀ Համաձայնագրի դրույթների համաձայն:

2. Սույն Լրացուցիչ արձանագրության յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի կապի սպա և Ցանցում նրան փոխարինող:

3. Ցանցում կապի սպաներ նշանակելիս կամ Ցանցից նրանց հետ կանչելու մասին Կողմերը պետք է ծանուցեն ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությանը` բոլոր անդամ պետություններին տեղյակ պահելու նպատակով:

4. Ցանցը պետք է հանդիպի պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:

5. Ցանցը պետք է իր խնդիրներն իրականացնի Աղետների ժամանակ օգնության ցուցաբերման աշխատանքային խմբի վերահսկողության ներքո և զեկուցի նրան:

 

Հոդված 7

 

Ծախսեր

 

Սույն Լրացուցիչ արձանագրության դրույթների իրականացման հետ կապված` կապի սպաների բոլոր ծախսերը կհոգա ուղարկող Կողմը:

 

Հոդված 8

 

Ազգային կապի կետ

 

Կողմերը կնշանակեն ազգային կապի կետեր իրավասու մարմինների կառուցվածքում, որոնք գերադասելի է, որ զբաղվեն միջազգային համագործակցության հարցերով:

 

Հոդված 9

 

Դիտորդներ և հյուրեր

 

1. ՍԾՏՀ դիտորդ պետությունների ներկայացուցիչները կարող են ներկա լինել Ցանցի աշխատանքներին` ՍԾՏՀ Կանոնադրության և Ընթացակարգի կանոնների համաձայն:

2. Միջազգային համապատասխան գործակալությունները և հաստատությունները կարող են հրավիրվել Ցանցի հանդիպումներին:

 

Հոդված 10

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Լրացուցիչ արձանագրությունը պետք է բաց լինի ՍԾՏՀ յուրաքանչյուր անդամ պետության ստորագրման համար:

2. Սույն Լրացուցիչ արձանագրության Ավանդապահ պետք է հանդիսանա ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությունը: Սույն Լրացուցիչ արձանագրության բնօրինակը` մեկ պատճենով, անգլերեն լեզվով, պետք է ի պահ հանձնվի միջազգային մշտական քարտուղարությանը, որը պետք է փոխանցի հաստատված պատճենը յուրաքանչյուր Կողմին:

3. Սույն Լրացուցիչ արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի երրորդ վավերագիրը կամ հաստատման մասին փաստաթուղթը ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS) ի պահ հանձնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:

4. Յուրաքանչյուր Կողմի համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է սույն Լրացուցիչ արձանագրությանը երրորդ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Լրացուցիչ արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի այդ Կողմի վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:

5. Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Լրացուցիչ արձանագրությունից` գրավոր ծանուցելով ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությանը: Դուրս գալը պետք է ուժի մեջ մտնի հեռացման մասին ծանուցումը միջազգային մշտական քարտուղարության ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում:

6. Ցանկացած Կողմ կարող է փոփոխություններ առաջարկել սույն Լրացուցիչ արձանագրության մեջ: Փոփոխությունները պետք է ընդունվեն բոլոր Կողմերի համաձայնության դեպքում և պետք է ուժի մեջ մտնեն սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:

7. Սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելուց 2 տարի հետո Կողմերը պետք է ձեռնարկեն սույն Լրացուցիչ արձանագրության դրույթների իրականացումից բխող արդյունքների միջանկյալ վերանայում: Վերջնական գնահատական կտրվի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո` նպատակ ունենալով համաձայնության գալ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

 

Սույն Լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության, Ռումինիայի և Ուկրաինայի Կառավարությունների կողմից:

Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրել է վերապահումով:

 

Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը

 

«ՍԾՏՀ մասնակից պետությունների Կառավարությունների միջև բնական ու տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի»

 

 

Լրացուցիչ արձանագրության վերաբերյալ

 

Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն Արձանագրությամբ նախատեսված իրավունքներից, պարտավորություններից և դրույթներից ոչ մեկը չեն կիրառվի Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

 

Լրացուցիչ արձանագրությունը ուժի մեջ է մտել 01.03.2008 թ.: