Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (15.05.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.05.1992
Ստորագրման ամսաթիվ
15.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի զինծառայողների կենսաթոշակային ապահովման և Սահմանապահ զորքերի զինծառայողների պետական ապահովագրման կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Համագործակցության մասնակից պետություններ,

հիմնվելով 1992 թվականի փետրվարի 14-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին և 1992 թվականի մարտի 13-ի՝ Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին Համաձայնագրերի վրա,

ցանկություն արտահայտելով համագործակցելու զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության բնագավառում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Անկախ Պետությունների Համագործակցության Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը ու պարտադիր պետական ապահովագրությունը իրականացվում է այն պայմաններով, նորմերով և կարգով, որոնք սահմանվում են Համագործակցության մասնակից պետությունների օրենսդրությամբ, որոնց տարածքներում բնակվում են նշված զինծառայողները և նրանց ընտանիքները: Նախքան տվյալ հարցերով այդ պետությունների կողմից օրենսդրական ակտերի ընդունումը, գործում է նախկին ԽՍՀՄ օրենսդրությունը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համագործակցության Սահմանապահ զորքերի և պետությունների սեփական Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության գոյություն ունեցող համակարգի միջոցով: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության վրա կատարվող ծախսերը իրականացվում են մասնակից պետությունների կողմից իրենց բյուջեների հաշվին` առանց փոխադարձ հաշվարկների:

Սույն Համաձայնագրով նախատեսված կենսաթոշակային ապահովության պայմանները, նորմերը և կարգը տարածվում են նախկին ԽՍՀՄ սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սահմանապահ զորքերի զինծառայողների կենսաթոշակների նշանակման տարիների վաստակին հաշվառվում է Զինված ուժերում և այլ զինված կազմավորումներում ծառայությունը (այդ թվում՝ արտոնյալ պայմաններով) Համագործակցության այն մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, որոնց տարածքում զինծառայողները անցել են ծառայությունը:

Սահմանապահ զորքերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակների նշանակման համար դրամական դրույքաչափերը սահմանվում են Համագործակցության այն մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, որոնց տարածքներում բնակվում են զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համագործակցության մասնակից պետությունները փոխանակում են տեղեկություն իրենց պետությունում գործող օրենսդրության, Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների թոշակային ապահովության և զինծառայողների պետական պարտադիր ապահովագրության մասին, ինչպես նաև տեղեկության փոխանակում են իրականացնում կենսաթոշակային ապահովության և պետական պարտադիր ապահովագրության հարցերի ժամանակին և ճիշտ լուծման համար:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից: