Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (26.06.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.27/22(435).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1992
Ստորագրման ամսաթիվ
26.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, բանվորների և ծառայողների բժշկական ապահովության կազմակերպման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

ղեկավարվելով 1992 թվականի մարտի 20-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության Սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների Համաձայնագրով,

հաշվի առնելով Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, բանվորների և ծառայողների բժշկական ապահովության, ինչպես նաև նրանց առողջության պահպանման առանձնահատկությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սահմանապահ զորքերի զինծառայողները, բժշկական ցուցանիշների առկայության դեպքում, ուղարկվում են Սահմանապահ զորքերի ռազմաբժշկական հաստատություններ և այդտեղ բժշկական օգնություն են ստանում: Ծառայության կամ բնակության վայրում Սահմանապահ զորքերի ռազմաբժշկական հաստատությունների , ինչպես նաև մասնագիտական բժշկական օգնության որոշ տեսակների ցուցաբերման հնարավորության բացակայության դեպքում և, անհետաձգելի դեպքերում, բժշկական օգնությունը ցուցաբերվում է մասնակից պետությունների առողջապահության բոլոր հաստատություններում, ներառյալ` անձնակազմի առողջության պահպանման նպատակով լաբորատոր և գործիքային հետազոտությունների անցկացումը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սահմանապահ զորքերի զինծառայողների, բանվորների և ծառայողների ընտանիքների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերվում է համապատասխան մասնակից պետությունների օրենսդրությունների հիման վրա, իրենց քաղաքացիների հետ նույն պայմաններով:

Սահմանապահ զորքերի զինծառայողների ընտանիքների անդամները, բանվորները և ծառայողները կարող են բժշկական օգնություն ստանալ Սահմանապահ զորքերի բուժհաստատություններում:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, բանվորների և ծառայողների սանատորաառողջարանային բուժումը և կազմակերպված հանգիստը իրականացվում է Սահմանապահ զորքերի առողջարաններում և հանգստյան տներում մասնակից պետությունների այլ գերատեսչություններում պայմանագրային հիմունքներով` հաշվի առնելով Համագործակցության մասնակից պետությունների նորմատիվ ակտերով և համաձայնագրերով սահմանված արտոնությունները:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մանկական նախադպրոցական հաստատություններում Սահմանապահ զորքերի զինծառայողների, բանվորների և ծառայողների երեխաներին պահելու ծախսերը կատարվում են այն մասնակից պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով, որի տարածքում գտնվում է մանկական հաստատությունը:

Վերոհիշյալ դասի անձանց ծառայության կամ բնակության վայրում Սահմանապահ զորքերի մանկական հաստատությունների և առողջարանային ճամբարների բացակայության դեպքում իշխանության տեղական մարմինները և Համագործակցության մասնակից պետությունների գերատեսչությունները Սահմանապահ զորքերի զինծառայողների, բանվորների և ծառայողների երեխաներին տեղեր են հատկացնում նախադպրոցական հաստատություններում և առողջարանային ճամբարներում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սահմանապահ զորքերում առողջարանահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են մասնակից պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սահմանապահ զորքերի բժշկական անձնակազմի որակավորման բարձրացումը իրականացվում է Համագործակցության մասնակից պետությունների բժշկական և միջին բժշկական անձնակազմի որակավորման բարձրացման հաստատություններում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Բժշկական գույքի և դեղորայքի մատակարարումը իրականացվում է անմիջականորեն Համագործակցության պետություններում պատվերի հայտարարման, ինչպես նաև Սահմանապահ զորքերի միջպետական կոմիտեի միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի հունիսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հունիսի 26-ից: