Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (07.07.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1992
Ստորագրման ամսաթիվ
06.07.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կարգավիճակի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` մասնակից պետություններ,

1992 թվականի մայիսի 15-ի` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների տնտեսվարող կազմակերպությունների միջև հաշվարկների բարելավման ապահովման համար միջոցների մասին Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան ստեղծված Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կարգավիճակի հաստատման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Հաստատել Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի մասին Կանոնադրությունը, որպես սույն Համաձայնագրի անբաժանելի մաս:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սահմանել մասնակից պետություններից Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի կազմում ընտրվող (նշանակվող) դատավորների քանակի քվոտան` 2 մարդ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի ֆինանսավորումը իրականացվում է մասնակից պետությունների հավասար բաժիններով՝ ռուբլուն համարժեք: Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի տեղակայման վայրը Մինսկ քաղաքն է:

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի պահման ծախսերը և նրա աշխատակազմի քանակը հաստատում է Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների առաջարկությամբ պետությունների ղեկավարների Խորհուրդը` բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների կողմից ստորագրման համար: Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն մասնակից պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է նման համաձայնագրերի վավերացում` նրանց կողմից ավանդապահին վավերագրերի հանձնման օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի հուլիսի 6-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանի մասին

 

1. Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարանը (այսուհետ` Տնտեսական դատարան) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրերի միատեսակ կիրառման և դրանց վրա հիմնված տնտեսական պարտավորությունների և պայմանագրերի ապահովման նպատակով` տնտեսական հարաբերություններից բխող վեճերի լուծման միջոցով:

2. Տնտեսական դատարանի կազմակերպումը, գործունեության կարգը, իրավասությունը սահմանվում են միջպետական համաձայնագրերով և սույն Կանոնադրությամբ: Վեճերի լուծման ընթացակարգը սահմանվում է Համագործակցության Տնտեսական դատարանի լիագումար նիստի հաստատած Կանոնակարգով:

3. Տնտեսական դատարանի վարույթին է վերաբերում միջպետական տնտեսական վեճերի լուծումը.

որոնք ծագում են Համաձայնագրերով, Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի, Կառավարությունների ղեկավարների Խորհրդի և նրա այլ մարմինների որոշումներով (այսուհետ` Համագործակցության ակտեր) նախատեսված տնտեսական պարտավորությունների կատարման դեպքում,

Համագործակցության Համաձայնագրերին և այլ ակտերին տնտեսական հարցերով ընդունված Համագործակցության մասնակից պետությունների նորմատիվ և այլ ակտերի համապատասխանության մասին:

Համագործակցության մասնակից պետությունների համաձայնագրերով Տնտեսական դատարանի վարույթին կարող են փոխանցվել համաձայնագրերի կատարման և դրանց հիման վրա ընդունված Համագործակցության այլ ակտերի հետ կապված մյուս վեճերը:

Տնտեսական դատարանը շահագրգիռ պետությունների հայտարարությամբ քննության է առնում վեճերը՝ ի դեմս Համագործակցության կառույցների լիազոր մարմինների:

Տնտեսական դատարանը չի կարող հրաժարվել վեճի լուծումից` կիրառման ենթակա իրավական նորմի բացակայության կամ ոչ պարզության պատճառով:

4. Վեճի քննարկման արդյունքներով Տնտեսական դատարանը որոշում է ընդունում, որտեղ սահմանվում է մասնակից պետությունների կողմից Համաձայնագրերի, Համագործակցության և նրա կառույցների այլ ակտերի խախտման փաստը (կամ խախտման բացակայությունը) և սահմանվում են միջոցներ, որոնք երաշխավորվում են ընդունելու համապատասխան պետության կողմից` խախտման և դրա հետևանքների վերացման նպատակով: Պետությունը, որի վերաբերյալ Դատարանը որոշում է ընդունել, ապահովում է դրա կատարումը:

Դատարանի որոշումը պետք է համապատասխանի Անկախ Պետությունների Համագործակցության Համաձայնագրերի և այլ ակտերի, ինչպես նաև կիրառելի նորմատիվ ակտերի դրույթներին:

5. Տնտեսական դատարանը մեկնաբանում է.

Համագործակցության և նրա կառույցների Համաձայնագրերի, այլ ակտերի դրույթների կիրառումները,

նախկին ԽՍՀՄ օրենսդրության ակտերը, դրանց փոխհամաձայնեցված կիրառման ժամանակաշրջանում, այդ թվում՝ տվյալ ակտերի կիրառման թույլատրելիության մասին, որոնք չեն հակասում Համաձայնագրերին և դրանց հիման վրա ընդունված Համագործակցության այլ ակտերին:

Մեկնաբանումը իրականացվում է կոնկրետ գործերով որոշումների ընդունման ժամանակ, ինչպես նաև պետությունների իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների, Համագործակցության կառույցների, պետություններում տնտեսական վեճեր լուծող բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների և այլ բարձրագույն մարմինների հարցումներով:

6. Տնտեսական դատարանը կազմավորվում է յուրաքանչյուր մասնակից պետությունից՝ դատավորների հավասար թվից:

7. Տնտեսական դատարանի դատավորները ընտրվում (նշանակվում) են Համագործակցության մասնակից պետությունների բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների դատավորների ընտրության (նշանակման) համար մասնակից պետություններում սահմանված կարգով, 10 տարի ժամկետով, խիստ մասնագիտական հիմքով` բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, տնտեսական իրավահարաբերությունների բնագավառում բարձր որակավորման մասնագետներ հանդիսացող տնտեսական, արբիտրաժային դատարանների դատավորներից և այլ անձանցից:

Տնտեսական դատարանի նախագահը և նրա տեղակալները ընտրվում են այդ Դատարանի դատավորների կողմից ձայների մեծամասնությամբ և հաստատվում են Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից` 5 տարի ժամկետով:

Տնտեսական դատարանի նախագահը, նրա տեղակալները և դատավորները չեն կարող վաղաժամկետ հետ կանչվել, ինչպես նաև պաշտոնից հեռացվել ցանկացած այլ ձևով, բացառությամբ, երբ հետ են կանչում նրանց ընտրած (նշանակած) մարմինները` պաշտոնական դիրքի չարաշահման, հանցագործության կատարման, հիվանդության դեպքերում:

Տնտեսական դատարանի դատավորների վրա` նրանց լիազորությունների ավարտի, պաշտոնաթողության, այդ թվում՝ հիվանդության պատճառով, տարածվում են մասնակից պետությունների օրենսդրություններով այդ պետություններում դատավորների համար նախատեսված երաշխիքները:

8. Տնտեսական դատարանի դատավորները անկախ և անձեռնմխելի են, ենթակա չեն նստավայր պետության իրավասությանը, առանց Տնտեսական դատարանի համաձայնության չեն կարող դատական կարգով քրեական և վարչական պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, բերման ենթարկվել:

Տնտեսական դատարանի նախագահը, նրա տեղակալները և դատավորները չեն կարող ներկայացնել որևէ պետական կամ միջպետական մարմինների և կազմակերպությունների, առևտրային կառույցների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև տարածքների, ազգերի, ազգությունների, սոցիալական և կրոնական խմբերի և առանձին անհատների շահերը: Նրանք իրավունք չունեն զբաղվել ցանկացած եկատմաբեր գործունեությամբ` բացի գիտական և մանկավարժական գործունեությունից:

9. Տնտեսական դատարանը իրավունք ունի գործերի քննության համար մասնակից պետությունների մարմիններից, տնտեսվարման սուբյեկտներից և պաշտոնատար անձանցից նյութեր խնդրել: Տնտեսական դատարանի իրավասության շրջանակներում ներկայացվող պահանջները պարտադիր են:

10. Տնտեսական դատարանի բարձրագույն կոլեգիալ մարմինն է Լիագումար նիստը:

Լիագումար նիստը բաղկացած է Տնտեսական դատարանի նախագահից, նրա տեղակալներից և այդ Դատարանի դատավորներից, ինչպես նաև մասնակից պետություններում տնտեսական վեճեր լուծող բարձրագույն տնտեսական, արբիտրաժային դատարանների և այլ բարձրագույն պետական մարմինների նախագահներից:

Լիագումար նիստը.

Կանոնակարգով սահմանված կարգով քննության է առնում Տնտեսական դատարանի որոշումների բողոքները: Լիագումար նիստը անցկացնում է իր նիստերը՝ եռամսյակը առնվազն մեկ անգամ: Լիագումար նիստի որոշումները ընդունվում են Լիագումար նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ և հանդիսանում են վերջնական,

երաշխավորություններ է ընդունում տնտեսական վեճերի լուծման դեպքում Համագործակցության և նրա կառույցների Համաձայնագրերի, այլ ակտերի կիրառման միատեսակ պրակտիկայի ապահովման նպատակով,

մշակում և մասնակից պետությունների և Համագործակցության կառույցների քննարկմանն է ներկայացնում մասնակից պետությունների օրենսդրություններում կոլիզիաների վերացման վերաբերյալ առաջարկություններ:

11. Դատավարությունը Տնտեսական դատարանում իրականացվում է Համագործակցությունում ընդունված միջպետական հաղորդակցության լեզվով:

12. Տնտեսական դատարան դիմելը տուրքի վճարում չի պահանջում: Դատարանի կողմից սահմանված դատական ծախսերը դրվում են խախտում թույլ տված կամ անհիմն վեճ հարուցած կողմի վրա:

13. Տնտեսական դատարանի աշխատակազմի քանակը, նրա պահման համար հատկացումների չափը և դատավորների աշխատավարձի վճարման պայմանները սահմանում է Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհուրդը:

14. Տնտեսական դատարանի նախագահը կազմակերպում է Դատարանի աշխատակազմի աշխատանքը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքները, նշանակում է պաշտոնի և ազատում է պաշտոնից նրա անդամներին, սահմանում է նրանց աշխատավարձի վճարման պայմանները, իր իրավասության շրջանակներում իրականացնում է այլ լիազորություններ:

Տնտեսական դատարանի ֆինանսավորումը, կենցաղային և այլ ապահովումը իրականացվում է մասնակից պետությունների համաձայնեցված որոշմամբ հատկացվող միջոցների հաշվին: Տնտեսական դատարանի տեղակայման վայրում բնակելի տարածքով դատավորների ապահովումը իրականացվում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցների համար սահմանված կարգով:

15. Տնտեսական դատարանը իրավաբանական անձ է, ունի իր անվանմամբ կնիք:

16. Տնտեսական դատարանի և նրա Լիագումար նիստի որոշումները պետք է պարտադիր կերպով հրապարակվեն Համագործակցության տեղեկագրերում և մասնակից պետությունների զանգվածային լրատվության միջոցներում:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հուլիսի 7-ից: