Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (10.04.1996-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ստորագրող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ստորագրման ամսաթիվ
26.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ավտոտրանսպորտային միջոցների համար, որպես շարժիչի վառելիք, խտացրած բնական գազի օգտագործման բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

կարևոր նշանակություն տալով ավտոտրանսպորտային միջոցների համար որպես շարժիչի վառելիք խտացրած բնական գազի օգտագործման հիմնախնդրի համատեղ լուծմանը, այդ վառելիքով Համաձայնագրի մասնակից պետությունների շուկաների բավարարման ավելի բարձր մակարդակի ձեռքբերմանը, դրա հիմքի վրա շարժիչների օգտագործած գազերի թունավորության էական նվազեցմանը և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը,

հաշվի առնելով, որ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ստեղծված է ավտոմոբիլային գազալցնող կոմպրեսորային կայանների ցանց (այսուհետ` ԱԳԿԿ), որը թույլ է տալիս խտացրած բնական գազով ավտոմոբիլային տրանսպորտով կատարել միջպետական և միջքաղաքային փոխադրումներ,

հիմնվելով բազմակողմ համաձայնագրերի վրա` 1992 թվականի մարտի 13-ի՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի օժանդակության ընդհանուր պայմանների և մեխանիզմի մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի՝ «Ներդրումային գործունեության բնագավառում համագործակցության մասին»,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը կմիավորեն ջանքերը գիտատեխնիկական, արտադրական, ներդրումային և համագործակցության բազմակողմ ու երկկողմ այլ ձևերի ապահովման գործում մեքենաներ և սարքավորումներ, շարժիչներ ու տրանսպորտային միջոցներ ստեղծելու, ԱԳԿԿ ցանցի զարգացման համար, որոնք անհրաժեշտ են ավտոտրանսպորտային միջոցների համար, որպես շարժիչի վառելիք, խտացրած բնական գազի արտադրության, պահպանման, տեղափոխման և օգտագործման նպատակով:

Կողմերը համաձայնեցված ձևով կլուծեն համագործակցության իրավական, տնտեսական և կազմակերպչական հարցերը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի իրագործման ժամանակ` Կողմերը, որպես իրենց առաջնահերթ խնդիրներ, ճանաչում են հեղուկ նավթային շարժիչի վառելիքի խտացրած բնական գազով փոխարինման ծավալների մեծացումը և ԱԳԿԿ գոյություն ունեցող ցանցի ավելի լրիվ բեռնվածությունը գազի հիման վրա աշխատող ավտոմեքենաների համակազմի հաշվին, ինչպես նաև ԱԳԿԿ ցանցի և ավտոճանապարհների վրա լցակայանների կետերի համաձայնեցված զարգացումը, որոնցով իրականացվում են միջպետական փոխադրումներ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի ավտոտրանսպորտային միջոցների համար, որպես շարժիչի վառելիք, խտացրած բնական գազի օգտագործման բնագավառում համագործակցության Ծրագրի հիման վրա, այսուհետ` Ծրագիր:

Ծրագրում նախատեսված աշխատանքները կկատարվեն երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի, Կողմերի համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից կնքվող պայմանագրերի (կոնտրակտների), ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների համատեղ ֆինանսավորման հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը կնպաստեն սարքավորումներ, կոմպլեկտային և բազմավառելիքային ԱԳԿԿ, լցակայանների և շարժական ավտոգազալցման կետերի մշակման և արտադրության բնագավառում կոոպերացիայի պահպանմանը և զարգացմանը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը կնպաստեն գազալցակայանային և գազաօգտագործող տեխնիկայի, սարքավորման և շինարարական օբյեկտների մշակման, արտադրության և կառուցման ժամանակ նորմատիվային և տեխնիկական միասնական համաձայնեցված քաղաքականության անցկացմանը` կիրառելով շինարարության, շահագործման, տեխնոլոգիական ղեկավարման և անվտանգության նորմերի ու կանոնների միասնականությունը ապահովող չափանիշներ և տեխնիկական պայմաններ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը պարտավորվում են կազմակերպել սույն Համաձայնագրի և սույն Համաձայնագրի զարգացման համար ստորագրած առանձին բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի իրագործման ընթացքի մասին տեղեկության օպերատիվ փոխանակում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ իր մտադրության մասին ավանդապահին նախապես գրավոր ծանուցելու միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող ցանկացած պետության կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի ապրիլի 10-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան