ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՍԼԱՖԻ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական գործ թիվ ՎԴ/3302/05/11
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
11.10.2012 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
նախագահությամբ` քարտուղարությամբ` մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ` |
դատավոր` |
Արման Թովմասյանի Իլոնա Դանիելյանի
Շուշանիկ Ղուկասյանի |
Դռնբաց դատական նիստում քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընդդեմ «Սլաֆի Ֆարմ» ՍՊ ընկերության՝ դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
I
Նկարագրական մաս.
15.07.2011 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ Հայցվոր) ՀՀ վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան) ներկայացրած հայցադիմումով, խնդրել է դադարեցնել «Սլաֆի Ֆարմ» ՍՊ ընկերության դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը։
Դիմելով Դատարան Հայցվորը հայտնել է, որ «Սլաֆի-Ֆարմ» ՍՊԸ-ն դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացրել համապատասխան հայտ և 2009 թվականի նոյեմբերի 25-ին ստացել է դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001304 լիցենզիան՝ ք.Երևան, Չարենցի փողոց 1 բ, շենք 23 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար։
ՀՀ առողջապահության նախարարություն է դիմել ք.Երևան, Չարենցի փողոց 1բ, շենք 23 հասցեում գտնվող տարածքի սեփականատեր Ռուբեն Գասպարյանը՝ (Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, անձնագիր 64N396639, 26.10.2010, ԴՆՎԾԲ 390-ից), լիազոր անձ Արմեն Սարգսյանի միջոցով, հայտնելով, որ դեռևս 2009 թ. նոյեմբերի 9-ին հիշյալ տարածքի նկատմամբ «Սլաֆի-Ֆարմ» ՍՊԸ-ի անհատույց օգտագործման իրավունքը դադարել է՝ կցելով նշված փաստը հաստատող ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման ղեկավարի 2011 թվականի մայիսի 4-ի N 4046 ա գրության պատճենը։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ բաժնի 2-րդ կետի համաձայն դեղատնային գործունեության իրականացման համար սահմանված է վայրի պարտադիր պահանջ (այդ պահանջը սահմանված է աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառը նշելու միջոցով)։ Համաձայն նույն հոդվածի 11-րդ մասի. «Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում» «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով ... տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները»։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորման կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում»։
Փաստորեն, դեղատնային գործունեություն իրականացնելիս «Սլաֆի-Ֆարմ» ՍՊԸ-ն չի պահպանել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված դեղատնային գործունեության իրականացման վայրի պահանջը, այն է՝ դադարեցրել է դեղատնային գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը, օրենսդրությամբ սահմանված կարգով չի փոփոխել դեղատնային գործունեության իրականացման վայրը, միաժամանակ սեփական դիմումով չդադարեցնելով 2009 թվականի նոյեմբերի 25-ին դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001304 լիցենզիայի գործողությունը։
Հայցվորը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե՝ ...գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել։ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն «Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝ ...9) օրենքով նախատեսված այլ դեպքերում»։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի առաջին մասի ... 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի հիման վրա»։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 895 որոշման 1-ին կետի «գ» ենթակետի՝ դեղատնային գործունեության լիցենզավորող մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ելնելով վերը նշվածից՝ Հայցվորը խնդրել է դադարեցնել «Սլաֆի-ֆարմ» ՍՊԸ-ին 2009 թվականի նոյեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեության թիվ Կ-XX-001304 լիցենզիայի գործողությունը՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելով։
26.07.2011 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
03.04.2012 թվականի նախնական դատական նիստի ժամանակ Դատարանը, սույն վարչական գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացրել վարչական գործը դատաքննության նշանակելու մասին։
02.07.2012 թվականի դատական նիստի ժամանակ հայցվորը միջնորդեց Դատարանին պատասխանողին դատական նիստի տեղի և ժամանակի մասին ծանուցել նրա վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի և ինտերնետային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով։
02.07.2012 թվականի դատական նիստի ժամանակ Դատարանը որոշեց բավարարել հայցվորի միջնորդությունը և ծանուցագիրը ուղարկել պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին, ինչպես նաև ծանուցագիրը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
27.09.2012 թվականի դատաքննության տեղի և ժամանակի մասին ծանուցված պատասխանողը դատական նիստին չի ներկայացել, Դատարանը որոշում է կայացրել դատական նիստը կողմի բացակայությամբ անցկացնելու վերաբերյալ։
27.09.2012 թվականի դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցն ամբողջությամբ և խնդրեց այն բավարարել։
27.09.2012 թվականի դատաքննության ժամանակ Դատարանը, դատաքննությունը համարելով ավարտված, դատական նիստը հետաձգեց մինչև 11.10.2012 թվականը վճռի հրապարակման համար։
||
Պատճառաբանական մաս.
Գնահատելով սույն գործով Դատարանին ներկայացված վերաբերելի և թույլատրելի ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված ներքին համոզմամբ, Դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն վարչական գործի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ առողջապահության նախարարի կողմից 25.11.2009 թվականին «Սլաֆի-ֆարմ» ՍՊԸ-ին տրվել է թիվ Կ-XX-001304 լիցենզիան ք.Երևան, Չարենցի փող., 1բ շ., թիվ 23 հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար։
2) Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման 04.05.2011 թվականի պատասխան գրության հայտնվել է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն Չարենցի 1բ. շենքի թիվ 23 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ պետ. նոտարի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է։
3) ՀՀ առողջապահության նախարարին ուղղված Չարենցի 1բ թիվ 23 տարածքի սեփականատեր Սերգեյ Գասպարյանի լիազորված անձ Ա. Սարգսյանի 06.05.2011 թվականի դիմումի համաձայն՝ վերջինս խնդրել է անվավեր ճանաչել առողջոպահության նախարարության կողմից տրված լիցենզիան (Կ-XX-001304) «Ալֆա Ֆարմ» ՍՊԸ ք.Երևան, Չարենցի 1բշ. թիվ 23 տարածքի նկատմամբ 09.11.2009թ. N 3498 պետ. նոտարի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է։
Դատարանի իրավական վերլուծությունները.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանվում է Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը։ Մասնավորապես հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝ «Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում։»։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ, որի 3-րդ բաժնի 2-րդ կետի համաձայն՝ դեղագործական գործունեության իրականացման համար նախատեսվում է վայրի պահանջ «Վ» նշումով։
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ «Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում։»։
Տվյալ դեպքում ՀՀ առողջապահության նախարարի կողմից 25.11.2009 թվականին «Սլաֆի-Ֆարմ» ՍՊԸ-ին տրվել է թիվ Կ-XX-001304 լիցենզիան դեղատնային գործունեություն իրականացնելու համար ք.Երևան, Չարենցի փող., 1բ շ., թիվ 23 հասցեում։
Սույն գործով համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Մարաշ տարածքային ստորաբաժանման 04.05.2011 թվականի պատասխան գրության հայտնվել է, որ կադաստրային գործի տվյալների համաձայն Չարենցի 1բ. շենքի թիվ 23 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ պետ. նոտարի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է։
Նշվածից պարզ է դառնում, որ 25.11.2009 թվականին «Սլաֆի-Ֆարմ» ՍՊԸ-ին տրված թիվ Կ-XX-001304 լիցենզիայում նշված հասցեում, Չարենցի 1բ. շենքի թիվ 23 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի լուծման պայմաններում, այլևս այդ հասցեում դեղագործական գործունեություն չի իրականացվում։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն»։ Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բարդ լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար։»։
Ավելին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում։
Սույն մասի պահանջների խախտմամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում։»։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է լիցենզիայի գործողության դադարեցումը, որ, ի թիվ այլոց, սահմանում է, որ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` օրենքով նախատեսված այլ դեպքերում /հոդված 37, մաս 1, կետ 9/։
Նույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն։»։
Այսպիսով, վերը նշված իրավական նորմերը համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Դատարանը գտնում է, որ Պատասխանողի կողմից խախտվել է լիցենզիայով նախատեսված վայրում գործունեության իրականացումը, որից ելնելով 25.11.2009 թվականին «Սլաֆի-ֆարմ» ՍՊԸ-ին տրված թիվ Կ-XX-001304 լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի կարգով լուծելով դատական ծախսերի բաշխման հարցը՝ Դատարանը գտնում է, որ «Սլաֆի-ֆարմ» ՍՊ ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել նաև պետական տուրքի գումարը՝ 4.000 ՀՀ դրամի չափով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով՝ դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հայցն ընդդեմ «Սլաֆի Ֆարմ» ՍՊ ընկերության՝ դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին, բավարարել։
1. Դադարեցնել «Սլաֆի-ֆարմ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 25.11.2009 թվականին տրված թիվ Կ-XX-001304 լիցենզիան։
2. «Սլաֆի-ֆարմ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ։
3. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտապանի հաշվին։
Դատավոր |
Ա. Թովմասյան |