Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (11.01.1993-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.1993
Ստորագրման ամսաթիվ
11.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասար համագործակցության մեջ փոխադարձ շահագրգռվածությունը,

միմյանց փոխհարաբերությունների և իրականացվող կրթական քաղաքականության մեջ ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում նշված համամարդկային արժեքների գերակայությունը,

ստեղծված պետական համակարգերը դիտելով որպես երկու պետությունների ժողովուրդների ազգային-մշակութային լիարժեք զարգացման անհրաժեշտ պայման,

մարդասիրության և մշակութային երկխոսության հիմքի վրա ձգտելով դեպի կրթության ազգային համակարգերի բովանդակության նորացումը,

դրսևորելով գիտական, կազմակերպամեթոդական, արտադրական և այլ համագործակցության պատրաստակամություն,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. Կողմերն ընդունում են պետություններից յուրաքանչյուրի քաղաքականության անկախությունը բարձրագույն կրթության և գիտության բնագավառում` իրենց տարածքներում գտնվող բոլոր ուսումնական հաստատությունների, գիտական կազմակերպությունների և հիմնարկների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Կողմերը հաստատում են իրենց կրթության ազգային համակարգերի մեջ մտնող բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունների իրավահավասարությունը, անկախ ուսուցման լեզվից, և նրանց նկատմամբ ցուցաբերում են պետական, կազմակերպական, մանկավարժական, ուսումնամեթոդական և նյութաֆինանսական աջակցություն` Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված ընդհանուր հիմունքներով:

ՀՈԴՎԱԾ 3. Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող և մյուս Կողմի քաղաքացիությունն ունեցող անձինք իրավունք ունեն այդ տարածքում ստանալու բարձրագույն կրթություն բոլոր մակարդակներում, ինչպես նաև գիտական աստիճաններ և կոչումներ` այն պետության քաղաքացիների համար սահմանված պայմաններով, որի տարածքում իրենք մշտապես բնակվում են:

 

ՀՈԴՎԱԾ 4. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է պահպանել մյուս Կողմի պետության այն քաղաքացիների ուսուցումը շարունակելու հնարավորությունը (մինչև ավարտելը), որոնք ուսուցման են ընդունվել մինչև 1992 թվականի հունվարի 1-ը և սովորում են բարձրագույն դպրոցի և հետբուհական կրթության ուսումնական հաստատություններում` ընդունող Կողմի քաղաքացիների վերաբերմամբ գործող պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 5. 1. Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է մյուս Կողմի քաղաքացիներին իր բարձրագույն ուսումնական հաստատություններն ընդունել` ըստ նրա ուղեգրի: ՈՒսումնառության գործուղված անձանց թվաքանակը, նրանց ընդունման և ֆինանսավորման կարգը որոշվում են բարձրագույն դպրոցի կառավարման համապատասխան մարմինների միջև` երկկողմ համաձայնագրով:

2. Կողմերը չեն խոչընդոտում մյուս Կողմի պետության քաղաքացիների` իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններն անհատապես ընդունվելուն` համապատասխան ուսումնական հաստատության կանոններով` մրցույթի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 6. Կողմերն իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում պայմաններ են ապահովում այն կրթական հաստատությունների համար մանկավարժական և գիտամանկավարժական կադրեր պատրաստելու նպատակով, որոնցում դասավանդումը կատարվում է մյուս Կողմի լեզուներով: Կողմերից յուրաքանչյուրը աջակցում է գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը, մյուս Կողմի այն ուսումնական հաստատությունները ուսումնամեթոդական գրականությամբ ապահովելուն, որոնցում դասավանդումը կատարվում է իր պետության լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 7. 1. Կողմերն աջակցում են բարձրագույն ուսումնական հաստատությունների և բարձրագույն դպրոցի գիտական կազմակերպությունների միջև ուղղակի կապերի հաստատմանը և զարգացմանը, գիտական տեղեկության ստացմանը և փոխանակմանը, բարձրագույն կրթության բնագավառում համատեղ գիտական ծրագրերի մշակմանը, ուսանողների արտադրական պրակտիկայի կազմակերպման ոլորտում հարաբերությունների հաստատմանը և ծավալմանը, ուսանողների և մանկավարժների զբոսաշրջային-էքսկուրսիոն գործունեությունը, դասախոսություններ կարդալու և գիտական աշխատանք ղեկավարելու համար մասնագետներ հրավիրելուն:

2. Կողմերը զարգացնելու են ուսումնամեթոդական և գիտական փորձի փոխանակումը, գործուն են դարձնելու համագործակցությունը կրթության որակի կառավարման բնագավառում:

3. Կողմերը միմյանց իրազեկելու են իրենց կրթական համակարգերում փոփոխությունների, կադրերի պատրաստման մակարդակին ներկայացվող պետական չափանիշների և պահանջների փոփոխությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8. Կողմերը փոխանակում են միջազգային համագործակցության վերաբերյալ տեղեկություն, որը կարող է հետաքրքրել մյուս Կողմին, նպաստում են միջազգային ծրագրերի ու նախագծերի մշակմանը և իրականացմանը համատեղ մասնակցելու համար մասնագետների խմբերի ստեղծմանը:

Այդ փոխհարաբերությունները սահմանվում են լրացուցիչ բազմակողմ արձանագրություններով կամ համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Կողմերը գիտամանկավարժական կադրերի պետական վկայագրման իրենց մարմիններին թույլատրում են կատարել վկայագրման աշխատանք մյուս Կողմի քաղաքացիների գործերով` փոխհատուցման հիմքի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրից: Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի դադարեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը` վեց ամիս առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին:

Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունվարի 11-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 11-ից: