Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններն‚ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
անհանգստություն արտահայտելով հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի զարգացման ծավալներով և տենդենցներով,
ելնելով մարդու կյանքը և առողջությունը, իրավունքները և ազատությունները, պատիվը և արժանապատվությունը, հասարակության և պետության շահերը ոտնձգություններից վստահելի պաշտպանություն ապահովելու ձգտումից,
կարևոր նշանակություն տալով մարդու հանրաճանաչ իրավունքների և ազատությունների պահպանման բնագավառում միջազգային համագործակցությանը,
ելնելով իրավահավասարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներից,
նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության և Անկախ Պետությունների Համագործակցության հանցավորության կանխման և քրեական արդարադատության իրականացման բնագավառում ընդունված փաստաթղթերի դրույթները,
հիմնվելով քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի հունվարի 22-ի՝ Կոնվենցիայի, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1996 թվականի մայիսի 17-ի Որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համատեղ միջոցառումների Ծրագրով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
1. Կողմերն իրենց իրավասու մարմինների միջոցով իրականացնում են համագործակցություն հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան և իր օրենսդրության ու միջազգային պարտավորությունների պահպանմամբ:
2. Կողմերի իրավասու մարմինները թվարկված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Կողմերից յուրաքանչյուրը ավանդապահի միջոցով ծանուցում է մյուս Կողմերին իր իրավասու մարմինների ցանկում կատարած փոփոխությունների մասին:
3. Կողմերի իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կատարման նպատակով միմյանց հետ հարաբերվում են անմիջականորեն:
Կողմերի իրավասու մարմինների տարածքային ստորաբաժանումները սույն Համաձայնագրի կատարման նպատակով կարող են անմիջական շփումներ հաստատել Կողմերի իրավասու մարմինների սահմանած կարգով:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը համագործակցում են հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման և քննության գործում, հատկապես հետևյալ արարքների.
1) անձի կյանքի և առողջության, ազատության, պատվի և արժանապատվության դեմ հանցագործություններ,
2) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի ու պայթուցիկ սարքերի, ինչպես նաև միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառության, միջազգային ահաբեկչության, բանդիտիզմի, պատանդների վերցման,
3) թմրամիջոցների, պրեկուրսորների և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության,
4) տնտեսական գործունեության ոլորտում հանցագործությունների, այդ թվում՝ հարկման, հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների օրինականացման (լվացման), մաքսանենգության, դրամի և արժեթղթերի կեղծման,
5) սեփականության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման և դրա հետ կապված անօրինական գործողությունների,
6) մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից պոռնկության շահագործման,
7) մշակութային և պատմական արժեքների անօրինական շրջանառության,
8) էկոլոգիական հանցագործությունների,
9) անօրինական միգրացիայի:
Հ ո դ վ ա ծ 3
Սույն Համաձայնագրի 2-րդ Հոդվածի դրույթների իրագործման նպատակով Կողմերի իրավասու մարմինները համագործակցում են հետևյալ ձևերով.
1) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների անցկացման մասին հարցումների կատարում,
2) քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց թաքնվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,
3) համարներ և առանձնահատուկ տարբերանշաններ ունեցող առարկաների, այդ թվում՝ ավտոտրանսպորտի և հրազենի, ինչպես նաև համարային արժեթղթերի և անձնագրերի (անձը հաստատող վկայականների) հետախուզում և սահմանված կարգով վերադարձ,
4) պատրաստվող կամ կատարված հանցագործությունների և դրանց մասնակից ֆիզիկական ու իրավաբանական անձանց մասին տեղեկությունների փոխանակում,
5) անօրինական շրջանառության մեջ հայտնված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի նոր տեսակների, դրանց պատրաստման տեխնոլոգիաների և դրա ժամանակ օգտագործվող նյութերի, ինչպես նաև թմրամիջոցների, պրեկուրսորների ու հոգեներգործուն նյութերի ուսումնասիրման և նույնացման նոր մեթոդների մասին տեղեկությունների փոխանակում,
6) հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների օրինականացման (լվացման) համար օգտագործվող իրավաբանական անձանց և սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների փոխանակում,
7) աշխատանքի փորձի փոխանակում, այդ թվում՝ ստաժավորումների, խորհրդակցությունների, սեմինարների և ուսումնական դասընթացների անցկացում, ինչպես նաև հանցագործությունների կատարման նոր ձևերի և միջոցների մասին տեղեկությունների և դրանց քննության փորձի փոխանակում,
8) Կողմերի օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի փոխանակում, օժանդակություն ուսումնական և մեթոդական գրականության ձեռքբերմանը,
9) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
10) փոխշահավետ հիմունքներով գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում,
11) հանցագործությունների և հանցագործություն կատարած կամ դրանց կատարմանը պատրաստվող անձանց գործունեության խափանման համար գործողությունների համաձայնեցում:
Հ ո դ վ ա ծ 4
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը իրականացվում է օժանդակության ցուցաբերման մասին Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա:
Մյուս Կողմին տեղեկությունը կարող է տրամադրվել առանց հարցման, եթե հիմք կա ենթադրելու, որ այն հետաքրքրություն է ներկայացնում այդ Կողմի համար:
2. Օժանդակության ցուցաբերման մասին հարցումը ուղարկվում է գրավոր ձևով: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են փոխանցվել բանավոր, սակայն դրանից հետո դրանք 72 ժամվա ընթացքում պետք է հաստատվեն գրավոր ձևով կամ կապի էլեկտրոնային միջոցներով:
3. Օժանդակության ցուցաբերման մասին հարցման իսկության և բովանդակության վերաբերյալ կասկածների ծագման դեպքում, կարող է հարցվել դրա հաստատումը:
4. Օժանդակության ցուցաբերման մասին հարցումը պետք է պարունակի.
ա) հարցում անող Կողմի իրավասու մարմնի և հարցվող Կողմի իրավասու մարմնի անվանումները,
բ) գործի էության շարադրումը,
գ) նպատակի նշումը և հարցման հիմնավորումը,
դ) հարցվող օժանդակության բովանդակությունը,
ե) հարցման կատարման ցանկալի ժամկետները:
5. Այն չափով, որ չափով դա անհրաժեշտ է և հնարավոր, օժանդակության ցուցաբերման մասին հարցումը պետք է նաև պարունակի.
ա) գործին առնչություն ունեցող անձանց անունները և ազգանունները, մականունները (անհրաժեշտ դեպքերում` հատուկ նշանները), նրանց ծննդյան տարեթվերը և վայրերը, զբաղմունքները, բնակվելու և գտնվելու վայրերը,
բ) գործին առնչություն ունեցող իրավաբանական անձանց անվանումները և գտնվելու վայրերը,
գ) արարքի կամ իրադարձության նկարագրումը, իսկ քրեական գործերով` հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան արարքի որակումը և օրենքի կիրառվող դրույթի տեքստը,
դ) հարցերի ցանկը, որոնց համար անհրաժեշտ է պատասխան ստանալ,
ե) հատուկ կարգի նկարագրումը, որին հարցման կատարման դեպքում անհրաժեշտ է հետևել և այդ անհրաժեշտության հիմնավորումը,
զ) ցանկացած այլ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել հարցում կատարելու համար, ներառյալ համապատասխան փաստաթղթերը:
6. Գրավոր փոխանցված կամ հաստատված օժանդակության ցուցաբերման մասին հարցումը ստորագրվում է սահմանված կարգով և դրոշմակնքվում:
7. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինները որոշում են հաղորդակցության կարգը և դրանք իրագործելու լիազորված անձանց ցուցակը, որի մասին ծանուցում են մյուս Կողմերին:
Հ ո դ վ ա ծ 5
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում օժանդակության ցուցաբերումը կարող է մերժվել ամբողջապես կամ մասնակիորեն, եթե հարցվող Կողմը ենթադրում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել նրա շահերին կամ հակասում է նրա օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, կամ եթե արարքը, որի հետ կապված ստացվել է հարցում, հանցագործություն չի հանդիսանում հարցում անող Կողմի օրենսդրությամբ:
2. Հարցման կատարումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հարցում անող Կողմը գրավոր տեղեկացվում է այդ մասին` նշելով մերժման պատճառները:
Հ ո դ վ ա ծ 6
1. Եթե օժանդակության ցուցաբերման մասին հարցման կատարումը չի մտնում հարցումը ստացած մարմնի իրավասության մեջ, տվյալ մարմինը անհապաղ փոխանցում է այն հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և ծանուցում այդ մասին հարցում անող Կողմին:
2. Անհրաժեշտության դեպքում հարցվող Կողմի իրավասու մարմինը իրավունք ունի խնդրել լրացուցիչ տեղեկություններ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են հարցումը կատարելու համար:
3. Հարցվող Կողմի իրավասու մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ, լրիվ և որակյալ կատարումը ապահովելու նպատակով:
Հարցման կատարմանը խոչընդոտող կամ էապես ուշացնող հանգամանքների առկայության դեպքում, դրա մասին անհապաղ ծանուցվում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը:
4. Հարցումը կատարելու դեպքում կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը, սակայն հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով կարող է կիրառվել նրա օրենսդրությունը, եթե դա չի հակասում հարցվող Կողմի օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
5. Եթե հարցվող Կողմի իրավասու մարմինը համարում է, որ հարցման կատարումը կարող է խանգարել հարցվող Կողմի տարածքում քրեական հետապնդմանը կամ այլ գործողությանը, ապա նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը պայմանավորել որպես անհրաժեշտ որոշված պայմանների պահպանմամբ հարցում անող Կողմի իրավասու մարմնի հետ խորհրդակցություններից հետո: Եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը ընդունում է հարցվող Կողմի օժանդակությունը նման պայմաններով, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները:
6. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հարցոմ անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքի առկայության դեպքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման և նրա բովանդակության գաղտնիության պահպանման համար: Հարցվող Կողմի իրավասու մարմինը հարցման կատարման անհնարինության դեպքում դրա գաղտնիության պահպանման պայմանով տեղեկացնում է դրա մասին հարցոմ անող Կողմի իրավասու մարմնին, որը որոշում է՝ արդյոք հարկ է կատարել հարցումը նման պայմաններով:
7. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հարցում անող Կողմի իրավասու մարմնի խնդրանքի առկայության դեպքում տեղեկացնում է նրան հարցումը կատարելու ընթացքի մասին:
8. Հարցվող Կողմի իրավասու մարմինը, հնարավորին սեղմ ժամկետներում, տեղեկացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմնին հարցումը կատարելու արդյունքների մասին:
Հ ո դ վ ա ծ 7
1. Հարցում անող Կողմը կարող է օգտագործել սույն Համաձայնագրին համապատասխան ստացված հարցման կատարման արդյունքները այլ նպատակներով, քան հարցման մեջ նշված նպատակները` միայն հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնությամբ: Նման դեպքերում հարցում անող Կողմը պահպանում է հարցվող Կողմի իրավասու մարմնի սահմանած հարցման արդյունքների օգտագործման սահմանափակումները:
2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը կարող է դիմել հարցում անող Կողմի իրավասու մարմնին խնդրանքով, որպեսզի սույն Համաձայնագրին համապատասխան ստացված հարցման կատարման արդյունքները չհրապարակվեն կամ օգտագործվեն միայն պայմաններով, որոնք կարող են վերապահվել նրա կողմից: Եթե հարցում անող Կողմի իրավասու մարմինը ընդունում է հարցման կատարման արդյունքները նման պայմաններով, ապա նա պետք է պահպանի այդ պայմանները:
3. Սույն Հոդվածի դրույթները չեն բացառում հարցման կատարման արդյունքների այլ նպատակներով օգտագործումը կամ արդյունքների հրապարակումը, եթե հարցում անող Կողմի օրենսդրությամբ նախատեսված է նման ձևով գործելու պարտավորություն: Այդ դեպքում հարցում անող Կողմի իրավասու մարմինը նախօրոք պարտադիր կերպով ծանուցում է հարցվող Կողմի իրավասու մարմնին հարցման կատարման արդյունքների հնարավոր կամ ենթադրվող նման օգտագործման կամ հրապարակման մասին:
Հ ո դ վ ա ծ 8
1. Կողմերն իրենց օրենսդրությունների և իրենց հնարավորությունների շրջանակներում ընդունում են անհրաժեշտ միջոցներ, որոնք նախատեսում են փոխընդունելի պայմանավորվածությունների հիման վրա առարկաների, միջոցների և նյութերի, որոնց շրջանառությունը կարգավորվում է հատուկ կանոններով, մատակարարման վերահսկվող մեթոդի պատշաճ օգտագործումը` նման առարկաների, միջոցների և նյութերի անօրինական շրջանառությանը մասնակցող անձանց հայտնաբերման և նրանց քրեական հետապնդման նպատակով:
2. Մատակարարման վերահսկվող մեթոդի օգտագործման մասին որոշումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ընդունում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինները` հաշվի առնելով հասարակական անվտանգության և ֆինանսական պայմանավորվածությունների համար ռիսկը, ինչպես նաև ընդդատության վերաբերյալ Կողմերի ձեռք բերած փոխըմբռնումը:
3. Առարկաները, նյութերը և միջոցները, որոնց վերահսկվող մատակարարումները իրականացվում են Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, այդ թվում՝ ցանկացած երրորդ կողմի մասնակցությամբ, կարող են ձեռքից առնվել և օգտագործվել հետագա փոխադրման համար` պահպանելով դրանք ամբողջապես, բռնագրավելով կամ մասնակիորեն փոխարինելով, նման գործողություններ իրականացնող Կողմի օրենսդրության պահպանմամբ:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը, հաշվի առնելով իրենց օրենսդրությունները, փոխադարձության հիման վրա, համապատասխան դեպքերում, կիրականացնեն համաձայնեցված միջոցառումներ այն անձանց, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև նրանց մերձավոր ազգականների, անվտանգությունը ապահովելու համար, որոնց ցուցմունքները կամ գործողությունները կարևոր նշանակություն ունեն կամ կարող են ունենալ քրեական գործերի քննության կամ դատաքննության համար:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերի շահագրգիռ իրավասու մարմինները, անհրաժեշտության դեպքում, կնքում են միջգերատեսչական բնույթի համաձայնագրեր:
Հ ո դ վ ա ծ 11
1. Կողմերը ինքնուրույն հոգում են ծախսերը, որոնք կծագեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չի համաձայնեցվի այլ կարգ:
2. Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կարող են միմյանց անհատույց օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ հանցավորության դեմ պայքարի կոնկրետ խնդիրների լուծման համար անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով:
Հ ո դ վ ա ծ 12
Կողմերի իրավասու մարմինները համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը:
Հ ո դ վ ա ծ 13
1. Կողմերի կամ նրանց իրավասու մարմինների ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում, կանցկացնեն աշխատանքային հանդիպումներ և խորհրդակցություններ` սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցության արդյունավետության ամրապնդման և բարձրացման քննարկման նպատակով:
2. Կողմերը և նրանց իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կարգավորում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում, բխող Կողմերի իրավունքները և պարտավորությունները:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 16
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 17
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:
Հ ո դ վ ա ծ 18
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից այդ մասին դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 19
Բոլոր Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերի հանձնման միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միացման համաձայնության վերաբերյալ վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
Հ ա վ ե լ վ ա ծ
Հանցավորության դեմ պայքարում Անկախ
Պետությունների Համագործակցության մասնակից
պետությունների համագործակցության մասին
Համաձայնագրին կից
Ց Ա Ն Կ
Հանցավորության դեմ պայքարում համագործակցություն իրականացնող Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների
Ադրբեջանի Հանրապետություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության նախարարություն, ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի գլխավոր վարչություն, մաքսային պետական կոմիտե, գլխավոր հարկային պետական տեսչություն |
Հայաստանի Հանրապետություն` |
դատախազություն, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն, մաքսային վարչություն, հարկային տեսչություն |
Բելառուսի Հանրապետություն` |
դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության կոմիտե, սահմանապահ զորքերի պետական կոմիտե, մաքսային պետական կոմիտե, ֆինանսական հետաքննությունների պետական կոմիտե |
Վրաստան` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության նախարարություն, պետական սահմանի պահպանության պետական վարչություն, մաքսային վարչություն, հարկային պետական տեսչություն |
Ղազախստանի Հանրապետություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության կոմիտե, մաքսային պետական կոմիտե, ֆինանսների նախարարության հարկային ոստիկանության վարչություն, պաշտպանության նախարարության պետական սահմանի պահպանության կոմիտե |
Ղրղզստանի Հանրապետություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, մաքսային պետական կոմիտե, ազգային անվտանգության նախարարություն, հարկային պետական տեսչության հարկային ոստիկանության վարչություն |
Մոլդովայի Հանրապետություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, ազգային անվտանգության նախարարություն, մաքսային հսկողության վարչություն |
Ռուսաստանի Դաշնություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, մաքսային պետական կոմիտե, անվտանգության դաշնային ծառայություն, հարկային ոստիկանության դաշնային ծառայություն, դաշնային սահմանապահ ծառայություն |
Տաջիկստանի Հանրապետություն` |
գլխավոր դատախազություն, ներքին գործերի նախարարություն, Կառավարությանն առընթեր հարկային կոմիտե, Կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե, Կառավարությանն առընթեր պետական սահմանի պահպանության կոմիտե, անվտանգության նախարարություն |
Ուկրաինա` |
ներքին գործերի նախարարություն, անվտանգության ծառայություն, գլխավոր դատախազություն, մաքսային պետական ծառայություն, պետական սահմանի պահպանության պետական կոմիտե, հարկային պետական վարչակազմ, հետաքննությունների ազգային բյուրո |
*Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագիրը ստորագրել է վերապահումով. «16-րդ Հոդվածը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են Արձանագրության անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 15-րդ Հոդվածով նախատեսված կարգով»»:
**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի ապրիլի 19-ից: