Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (22.12.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2002
Ստորագրման ամսաթիվ
03.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկություն ունենալով հաստատել առավել սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում և կարևորելով զբոսաշրջությունը որպես երկու երկրների պատմությունը, մշակութային ժառանգությունը ժողովուրդների կենցաղն ու ապրելակերպը ճանաչելու գործուն միջոց և որպես ժողովուրդների միջև բարի կամքի դրսևորման ձև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

- երկկողմ զբոսաշրջության զարգացում, մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև շփումների վերականգնում,

- երկու երկրների զբոսաշրջային ոլորտում մասնագիտացված ընկերությունների միջև կապերի ստեղծում,

- երիտասարդության մասնակցության ընդլայնում, ներառյալ երիտասարդների այցելությունները,

- զբոսաշրջության ոլորտում ներդրումային քաղաքականության աջակցում,

- տեղեկության փոխանակում, ներառյալ՝ զբոսաշրջային օրենսդրության, վիճակագրության և շուկայագիտության ոլորտներում:

 

Հոդված 2

 

Կողմերը իրենց պետական իրավասու մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության բնագավառում ներդրումներ իրականացնող, ինչպես նաև զբոսաշրջիկներին սպասարկելու նպատակով համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպող զբոսաշրջային կազմակերպություններին, միություններին և ընկերություններին՝ նրանց միջև համագործակցության հաստատման և զարգացման համար:

 

Հոդված 3

 

Կողմերը կուսումնասիրեն երկու երկրներում առկա՝ զբոսաշրջության զարգացման համար առաջնային հնարավորությունները, մասնավորապես, հյուրանոցային շինարարության, շուկայագիտության և այլ բնագավառներում: Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, կնպաստեն այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Հոդված 4

 

Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, կձգտեն պարզեցնել երկու երկրների միջև զբոսաշրջիկների փոխանակման ընթացակարգերը:

 

Հոդված 5

 

Կողմերը կփոխանակեն փորձագիտական խմբեր, որոնք կմասնակցեն մարզական, երաժշտական, թատերական միջոցառումներին և ազգային փառատոներին, զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին, սիմպոզիումներին և համաժողովներին:

 

Հոդված 6

 

Կողմերը կնպաստեն և կաջակցեն երկու պետությունների զբոսաշրջությանը վերաբերող պաշտոնական վիճակագրական տեղեկության փոխանակմանը, այդ թվում՝

- զբոսաշրջության ոլորտի օրենսդրական կարգավորման վերաբերյալ,

- զբոսաշրջային ռեսուրսների վերաբերյալ,

- տեղեկատվական, ուսումնական և գովազդային նյութեր:

 

Հոդված 7

 

Կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի մասնագետ-կադրերի պատրաստման հարցում և կխրախուսեն զբոսաշրջության բնագավառում մասնագիտացած գիտնականների, փորձագետների և լրագրողների փոխանակումը:

 

Հոդված 8

 

Կողմերը զբոսաշրջային ուղևորության մեկնող իրենց երկրների քաղաքացիներին կաջակցեն մյուս Կողմի պետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու հետ կապված՝ գործող օրենսդրությանը ծանոթանալուն:

 

Հոդված 9

 

Կողմերը սույն Համաձայնագրի կիրառումը կհանձնարարեն իրենց զբոսաշրջության ոլորտը կառավարող պետական լիազոր մարմիններին:

 

Հոդված 10

 

Կողմերը սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով անհրաժեշտության դեպքում հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն Համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի նիստերը տարին մեկ անգամ հաջորդաբար կգումարվեն Երևանում կամ Բուենոս Այրեսում: Համատեղ հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում Կողմերը դրանք կլուծեն դիվանագիտական ուղիներով:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտը հավաստող վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 2002 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն: Մեկնաբանության տարակարծությունների դեպքում անգլերեն տարբերակը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 22.12.2004թ.