Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեվավորման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների (այսուհետ` Կողմեր),
հաշվի առնելով էլեկտրաէներգետիկայի մեծ նշանակությունն իրենց պետությունների տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման համար,
նպատակ ունենալով բարձրացնել ԱՊՀ մասնակից պետությունների էներգետիկ անվտանգությունը,
ելնելով օբյեկտիվ անհրաժեշտությունից` միավորել այն ջանքերը, որոնք ուղղված են ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսության և էլեկտրաէներգետիկ ճյուղերի արդյունավետության և մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծմանը, ԱՊՀ-ում այնպիսի իրավական դաշտի ձևավորմանը, որը թույլ կտա ապահովել բարեխիղճ մրցակցություն,
ձգտելով միջպետական համագործակցության հետագա զարգացման, արտաքին առևտրի ծավալների աճի, էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջազգային փորձի և չափանիշների օգտագործման,
ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի
ապահովման մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Պայմանագրով,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման Հայեցակարգի վրա, որը հաստատվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2005 թվականի Որոշմամբ (այսուհետ` Հայեցակարգ),
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ ձևակերպումները.
ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա - սույն Համաձայնագրի մասնակից պետությունների սուբյեկտների միջև հարաբերությունների համակարգ, որը կապված է էլեկտրաէներգիայի և հարակից ծառայությունների առք ու վաճառքի հետ և գործում է ընդհանուր կանոնների և համապատասխան պայմանագրերի հիման վրա.
էլեկտրական էներգիա - հատուկ տեսակի ապրանք, որը բնութագրվում է իր արտադրման և օգտագործման միաժամանակությամբ և պահանջում է տրված սահմաններում իր պարամետրերի մշտական և անընդհատ պահպանում.
տնտեսվարող սուբյեկտ - իրավաբանական անձ, որը պետության ազգային օրենսդրությանը համապատասխան` իրականացնում է մեկ կամ մի քանի տեսակի գործունեություն` կապված էլեկտրական էներգիայի արտադրության, փոխադրման կամ բաշխման, ինչպես նաև դրա առք ու վաճառքի հետ.
իրավասու մարմին - մարմին, որը նշանակվում է յուրաքանչյուր Կողմի կողմից` սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված աշխատանքների համակարգման համար:
Հոդված 2
Կողմերն էլեկտրաէներգետիկայի բնագավառում միջպետական հարաբերությունների զարգացման առաջնային ուղղություն են համարում ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումը:
Հոդված 3
ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան ստեղծվում է Համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի բնագավառում իրավահավասարության, բարեխիղճ մրցակցության և փոխադարձ շահերի սկզբունքների վրա հիմնված միասնական շուկայական դաշտի ձևավորման նպատակով:
Հոդված 4
Կողմերն ընդունում են, որ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծումն ուղղված է ԱՊՀ մասնակից պետություններում սպառողներին էներգամատակարարման հուսալիության ապահովմանը և սպասարկման որակի բարձրացմանը` էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի տնտեսական, տեխնիկական և տեխնոլոգիական առավելությունների օգտագործման հիման վրա:
Հոդված 5
Կողմերը համաձայնեցին, որ Հայեցակարգը հանդիսանում է հիմնարար փաստաթուղթ ԱՊՀ մասնակից պետությունների` ստեղծվելիք ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման համար:
Հոդված 6
Կողմերն ապահովում են էլեկտրաէներգետիկայի բնագավառում ազգային օրենսդրության ներդաշնակեցումը, ինչպես նաև այլ վերափոխումներ, որոնք անհրաժեշտ են ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման համար` Հայեցակարգին համապատասխան:
Հոդված 7
Կողմերն իրականացնում են ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի փուլ առ փուլ ձևավորում, ինչը ապահովում է զարգացող շուկայի պայմաններին Համագործակցության մասնակից պետությունների տնտեսության հարմարվելու հնարավորություն, ԱՊՀ մասնակից պետություններում կյանքի էկոլոգիական պայմանների բարելավման և սպառողներին էլեկտրամատակարարման հուսալի ապահովման միջոցների պահպանում:
Հոդված 8
Կողմերն օժանդակում են ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի տնտեսվարող սուբյեկտների համար Կողմերի` բնական մենաշնորհի ոլորտին դասվող սուբյեկտների ծառայություններից օգտվելու հնարավորության ոչ խտրական պայմանների ստեղծմանը:
Հոդված 9
Կողմերը ձեռնարկում են համաձայնեցված միջոցներ` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումն ու զարգացումն ապահովող միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը Համագործակցության մասնակից պետություններում:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ, ինչի մասին տեղեկացնում են ԱՊՀ գործադիր կոմիտեին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 11
Կողմերի իրավասու մարմինները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեին են ներկայացնում ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա մուտք գործելուն և նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների սեփական նախագիծ-ժամկետացանկերը: ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեն դրանց հիման վրա նախապատրաստում է ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման ամփոփիչ նախագիծ-ժամկետացանկը և այն ներկայացնում է հաստատման ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդին:
Հոդված 12
ԱՊՀ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ստեղծման աշխատանքների համակարգումը միջկառավարական մարմինների կողմից դրվում է ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի վրա:
ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհուրդն անցկացնում է ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա մուտք գործելուն և դրա նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագրերի` ԱՊՀ մասնակից պետությունների կողմից իրականացման ընթացքի կանոնավոր մոնիտորինգ:
Հոդված 13
Կողմերի իրավասու մարմինները ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդին տեղեկացնում են ազգային օրենսդրության մեջ ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի հետ առնչվող փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք:
Հոդված 16
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման ամսաթվից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը պահպանման համար ավանդապահին հանձնելու ամսաթվից: Այդպիսի ընթացակարգերի անցկացման անհրաժեշտության մասին Կողմերը հայտնում են ավանդապահին սույն Համաձայնագրի ստորագրումից հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ մասնակից պետությունների միանալու համար, ինչպես նաև` դրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող երրորդ պետությունների, այդ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Երրորդ պետությունների միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկը երեք ամսվա ընթացքում հանդես չի գալիս այդ միանալուն դեմ ավանդապահին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով:
Հոդված 18
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 19
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան դուրս գալու ամսաթվից մեկ տարի առաջ, կատարելով բոլոր պարտավորությունները, որոնք առաջացել են ըստ սույն Համաձայնագրի:
Կազմված է Յալթա քաղաքում, 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների կողմից:
Համաձայնագիրը ստորագրած պետությունների համար ուժի մեջ է մտել 2007 թ. մայիսի 25-ից, իսկ Հայաստանի Հանրապետության համար` 2007 թվականի նոյեմբերի 14-ից: