Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (12.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.4
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2009
Ստորագրման ամսաթիվ
23.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Իտալիայի Հանրապետության Կառավարության միջԵՎ տնտեսական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

 

ցանկանալով Պայմանավորվող կողմերի պետությունների միջև զարգացնել տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` հավասարության և փոխշահավետության հիման վրա,

 

գիտակցելով տարբեր և, մասնավորապես, իրենց տնտեսվարող սուբյեկտների մակարդակով երկարատև միջոցառումների կարևորությունը համագործակցության բարեհաջող զարգացման և Պայմանավորվող կողմերի պետությունների միջև կապերի ամրապնդման համար,

 

նկատի ունենալով Արևելյան Գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրոպական Միության միջև տնտեսական ինտեգրման ամրապնդումը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության շրջանակներում և հաշվի առնելով իրենց պետությունների միջազգային պարտավորությունները, ամեն կերպ նպաստում են փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

 

2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված է.

 

ա) Պայմանավորվող կողմերի պետությունների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմազան դարձնելուն,

 

բ) Պայմանավորվող կողմերի պետությունների միջև տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գործարար շփումների ընդլայնումը և նոր կապերի ստեղծումը խթանելուն, ներառյալ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը, նպատակ ունենալով նպաստելու ներդրումային գործունեությանը, ստեղծելու համատեղ ձեռնարկություններ և իրականացնելու այլ համատեղ ծրագրեր,

գ) իրենց միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող վիճելի հարցերի կանխումը խթանելուն և (կամ) այդ հարցերի լուծմանն ուղղված առաջարկներ նախապատրաստելուն,

դ) Պայմանավորվող կողմերի պետությունների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը խթանելուն՝ տնտեսական համագործակցության տարբեր եղանակներ իրականացնելու և ակտիվացնելու նպատակով,

ե) շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բարելավմանը:

 

Հոդված 2

 

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի, մասնավորապես, բայց ոչ բացառապես, հետևյալ ոլորտներում.

 

ա) արդյունաբերություն, ներառյալ գյուղատնտեսական մեքենաշինություն,

բ) էներգետիկա,

գ) զբոսաշրջություն,

դ) տրանսպորտ և ենթակառուցվածքներ,

ե) գյուղատնտեսություն,

զ) բանկային, ապահովագրական և այլ ֆինանսական ծառայություններ,

է) կապ,

ը) մասնագիտական ուսուցում,

թ) ներդրումային գործունեություն,

ժ) տեխնոլոգիաներ և նորամուծություն:

 

2. Պայմանավորվող կողմերը և նրանց համապատասխան մարմինները միմյանց հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ իրենց համագործակցության առաջնային ոլորտները և տնտեսական համագործակցության նոր ուղղությունները նախանշելու նպատակով:

 

Հոդված 3

 

1. Սույն Համաձայնագրով սահմանվող տնտեսական համագործակցությունն իրականացվում է հիմնականում իտալական և հայկական տնտեսվարող սուբյեկտների միջև գոյություն ունեցող համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա՝ Պայմանավորվող կողմերի պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

2. Պայմանավորվող կողմերը գործադրում են բոլոր ջանքերը՝ հայկական և իտալական տնտեսվարող սուբյեկտների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, մասնավորապես.

 

ա) ստեղծելով բարենպաստ ներդրումային միջավայր,

բ) խթանելով տնտեսական բնույթի տեղեկատվության փոխանակումը,

գ) աջակցելով իրենց տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի ստեղծմանը,

դ) աջակցելով, նաև` էլեկտրոնային միջոցներով, տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից և փորձագետներից կազմված աշխատանքային խմբերի ստեղծմանն ու նրանց հանդիպումների կազմակերպմանը՝ սույն Համաձայնագրի նպատակների իրականացումը դյուրացնելու համար,

ե) խթանելով Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքում տոնավաճառների, ցուցահանդեսների և գիտաժողովների կազմակերպումը:

 

Հոդված 4

 

Տնտեսական համագործակցության զարգացումը բարելավելու նպատակով Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները ջանքեր են գործադրում այնպիսի տեղեկատվության փոխանակում իրականացնելու համար, որը վերաբերում է.

 

ա) տնտեսական գործունեությունը, ներառյալ ներդրումների, հանրային պայմանագրերի և մրցույթների, ստանդարտացման, սերտիֆիկացման, լիցենզավորման, մտավոր և արտադրական սեփականության, հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները կարգավորող օրենսդրությանը,

բ) միջազգային տնտեսական կազմակերպություններին և միավորումներին մասնակցությանը, ինչպես նաև միջազգային տնտեսական կազմակերպություններին և միավորումներին անդամակցելու նպատակով իրականացվող գործընթացին,

գ) ապրանքների և ծառայությունների գովազդին վերաբերող միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են գործարարների միջև գործարար կապերի հնարավոր հաստատմանը, ներառյալ ցուցահանդեսների, տոնավաճառների և տնտեսական առաքելությունների կազմակերպման ժամանակ արտոնությունների և տնտեսական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագրի կիրարկումը վերահսկելու նպատակով Պայմանավորվող կողմերն ստեղծում են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

 

2. Հանձնաժողովի խնդիրներն են, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

 

ա) տնտեսական համագործակցության վիճակի և հեռանկարների պարբերական վերանայում և վերլուծություն,

բ) տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակում,

գ) տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող կամ խնդիրների կամ սույն Համաձայնագրի կիրարկումից բխող վիճելի հարցերի շուրջ քննարկում, դրանց լուծմանն ուղղված առաջարկների նախապատրաստում, ինչպես նաև այդպիսի դեպքում հնարավոր վեճերը կարգավորելու նպատակով կանխարգելիչ միջոցների ձեռնարկում,

դ) ներդրումային հնարավորությունների մասին Պայմանավորվող կողմերի գործարար շրջանակներին տեղեկացում և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող կամ դրա վրա ազդեցություն ունեցող գործող օրենքների և կանոնակարգերի մասին տեղեկատվության փոխանակում,

ե) մասնավոր և պետական հատվածների տնտեսական և արդյունաբերական համագործակցության խթանում և ընդլայնում:

 

3. Հանձնաժողովի համանախագահներ են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի Կառավարության անդամները: Հանձնաժողովը կազմված կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից, գործարար շրջանակների ներկայացուցիչներից և Պայմանավորվող կողմերի ընտրած փորձագետներից:

 

4. Հանձնաժողովի նիստերն անց են կացվում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով, դիվանագիտական ուղիներով փոխհամաձայնեցված վայրում և ժամանակ: Նշված բանակցությունների արդյունքները կարող են ամրագրված լինել եզրափակիչ փաստաթղթում:

 

5. Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային խմբեր՝ սույն Համաձայնագրի նպատակների իրագործումը դյուրացնելու, մասնավորապես իրենց տնտեսական համագործակցությանը վերաբերող վիճելի հարցերի կանխմանը և այդ հարցերի լուծմանն ուղղված առաջարկների նախապատրաստմանը նպաստելու համար:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Պայմանավորվող կողմերի միջազգային պարտավորությունների վրա: Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Իտալիայի Հանրապետության` ԵՄ անդամակցությունից բխող պարտավորությունների վրա:

Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող մեկնաբանվել կամ վկայակոչվել այնպես, որ չեղյալ համարվեն ԵՄ-ի կամ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև կնքված որևէ համաձայնագրից բխող պարտավորությունները կամ այլ կերպով վնաս հասցվի դրանց:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված ցանկացած վեճի, ինչպես նաև Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից իր պարտավորությունների խախտման դեպքում Պայմանավորվող կողմերը կկարգավորեն խնդիրները բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Դրանք ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո առաջին օրը, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են, որ սույն Համաձայնագրի մասով իրենց ազգային օրենսդրության և ընթացակարգերի համապատասխան պահանջները կատարվել են:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին տրված գրավոր ծանուցման միջոցով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Պայմանավորվող կողմի ստանալու օրվան հաջորդող վեցերորդ ամսի առաջին օրը:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի վավերականության ժամանակահատվածում կնքված նախագծերի կամ պայմանագրերի վրա, եթե Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվում:

 

Կատարված է Հռոմ քաղաքում 2009 թվականի նոյեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ իտալերեն, հայերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. մայիսի 12-ին: