Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (04.03.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1997
Ստորագրման ամսաթիվ
27.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.1999

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրի և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների և ճյուղերի արտադրական կոոպերացիայի օժանդակության ընդհանուր պայմանների և մեխանիզմի մասին 1993 թվականի դեկտեմբերի 23-ի՝ Համաձայնագրի դրույթներով,

ելնելով տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցության զարգացման, գիտական, արտադրական և տնտեսական կապերի մեխանիզմի կատարելագործման նպատակահարմարությունից,

մեծ նշանակություն տալով հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և բանական օգտագործման, գեոէկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Կողմերը նպաստում են հետևյալ խնդիրների լուծմանը.

հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցության համակարգմանը և զարգացմանը,

Կողմերի ժողովրդական տնտեսությունը և սպառման շուկան հանքային հումքով, ինչպես նաև դրա մշակումից ստացված արտադրանքով ապահովելուն,

լեռնահանքարդյունահանող և լեռնամշակող արտադրության կայունացմանը և հետագա զարգացմանը, հանքային հումքի բանական օգտագործման ապահովմանը` հաշվի առնելով Կողմերի ձեռնարկությունների միջև արտադրատեխնոլոգիական ձևավորված կապերը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան, ջանքեր են գործադրում հանքային հումքի պակասուրդային և ռազմավարական տեսակների հանքատեղերի և դրանց մշակման հզորությունների օգտագործման, հանքային հումքի և դրա մշակումից ստացված արտադրանքի արտահանման ներուժի ավելացման, ներմուծումից կախվածության նվազեցման ծրագրերի իրականացման, օգտակար հանածոների պակասուրդային և ռազմավարական տեսակներով Կողմերի տնտեսությունների ապահովման հանքահումքային համակարգի պահպանման, հիմնարար և կիրառական խնդիրներով համալիր ներդրումային ծրագրերի իրականացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը միջոցառումներ են ձեռնարկում երկրահետախուզական, արդյունահանող և մշակող ճյուղերի զարգացման, դրանցում ներդրումներ կատարելու համար պայմանների ստեղծման, միջազգայնորեն ճանաչված պահանջների հիման վրա հանքային հումքի և դրա մշակումից ստացված արտադրանքի ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության ձևավորման համար:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը միջոցառումներ են ձեռնարկում երկրահետախուզական և լեռնաարդյունահանող ձեռնարկությունների համար համալիր սարքավորումներ և տեխնիկա մշակելու, պատրաստելու և ապահովելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը փոխգործակցում են գիտատեխնիկական և տեղեկատվական ապահովման, երկրաբանական միջավայրի մոնիտորինգի համակարգի, երկրաբանական գործընթացների երկրադինամիկ և աղետների կանխատեսումների պատրաստման, երկրատեղեկատվական վերլուծական համակարգերի և գիտական, ինժեներական և աշխատանքային կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման համար պայմանների ձևավորման համար աշխատանքների համակարգման բնագավառներում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում հանքահումքային ռեսուրսների հետախուզման, արդյունահանման և օգտագործման հետ կապված շրջաններում էկոլոգիական վիճակի բարելավման հիմնախնդիրների լուծման, ռեսուրս խնայող տեխնոլոգիաների և տեխնիկային ստեղծման և ներդրման, ինչպես նաև միջպետական մակարդակով սահմանամերձ տարածքների երկրաբանական միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի համակարգի զարգացման, ներառյալ համատեղ հետազոտությունների կատարման համար:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Հանքահումքային համալիրի զարգացման ոլորտում համագործակցության համակարգման համար Կողմերը ստեղծում են ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության գծով Միջկառավարական խորհուրդ, որը գործում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրության հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրի իրագործումը իրականացվում է Կողմերի համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և այլ տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի, պայմանագրերի (կոնտրակտների) հիման վրա, այլ փոխհամաձայնեցված ձևերով:

Համագործակցության կոնկրետ ուղղությունների աջակցության ձևերի ընտրության և որոշման դեպքում Կողմերը ղեկավարվում են փոխադարձ շահերով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը պայմանավորվում են հանքահումքային ռեսուրսների հետախուզման և օգտագործման ժամանակ կիրառվող հասկացությունների միասնականացման վերաբերյալ` միջազգային պահանջների հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը իրականացնում են ընդերքի ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում օրենսդրական ակտերի և նորմատիվ-իրավական փաստաթղթերի փոխանակում և միջոցներ են ձեռնարկում դրանց մերձեցման համար:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից կարող են նրանք հանդիսանալ, բխող իրավունքները և պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Պետական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման հետ կապված հարցերի լուծման դեպքում, Կողմերը ղեկավարվում են իրենց ազգային օրենսդրություններով և միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են նրանք հանդիսանում:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով կամ օգտագործելով այլ միջազգային իրավունքի նորմերին չհակասող ընթացակարգեր:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Ներպետական ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար, այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 ամիս հետո Կողմերը համապատասխան ազգային մարմինների խորհրդակցություն կանցկացնեն Համաձայնագրի իրագործման առաջնահերթ միջոցների որոշման համար:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց առնվազն 12 ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` նման միացման մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով: Միանալը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միանալու համաձայնության մասին Կողմերի վերջին հաղորդումը ստանալու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 27-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

Հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման,

հետախուզման և օգտագործման բնագավառում

համագործակցության մասին 1997 թվականի

մարտի 27-ի Համաձայնագրին կից

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության գծով Միջկառավարական խորհրդի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության գծով Միջկառավարական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդերքի ուսումնասիրման, հետախուզման, օգտագործման և պահպանության ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով, նպաստում է Համագործակցության մասնակից պետությունների արդյունավետ գործունեության ձևավորման և ապահովմանն ուղղված քաղաքականության պրակտիկ իրականացմանը:

Խորհրդի գլխավոր նշանակությունը կայանում է հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի և Անկախ Պետությունների Համագործակցության Լեռնային խարտիայի նպատակների և խնդիրների իրականացման մեջ, այդ թվում հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակից պետությունների (այսուհետ` Համաձայնագրի մասնակից պետություններ) կողմից ձեռնարկվող համաձայնեցված գործողությունների միջոցով:

1. Խորհուրդը իր գործունեությունում ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրով և սույն Կանոնադրությամբ:

2. Խորհուրդը իր գործունեությունը իրականացնում է սերտ փոխգործակցելով Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական մարմինների հետ:

3. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներից` լիազոր ներկայացուցիչներից, Խորհրդի անդամներից:

Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:

4. Խորհրդի կազմի մեջ մտնում է Տնտեսական միության միջպետական տնտեսական կոմիտեի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

2. Խորհրդի խնդիրները և գործառույթները

 

Խորհրդի հիմնական խնդիրները և գործառույթներն են.

1. Համագործակցության առաջնային ուղղությունների որոշումը, հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում Համաձայնագրի մասնակից պետությունների համաձայնեցված քաղաքականության համակարգում և անցկացում:

2. Համագործակցության շրջանակներում հանքահումքային ռեսուրսների և դրանց մշակումից (վերափոխումից) ստացված արտադրանքի շուկայի կայացում և զարգացում, այդ թվում Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների փոխշահավետ կոոպերացիոն կապերի վերստեղծման միջոցով, հաշվի առնելով իրավական և տնտեսական նոր պայմանները:

3. Օժանդակություն ընդերքի, դրա հետախուզման և արդյունահանման մատչելիությանը` Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, հանքահումքային հիմքի վերարտադրության և որակական բարելավման բնագավառում համատեղ ծրագրերի և աշխատանքների մշակման և իրագործման կազմակերպում:

5. Լեռնաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման և տեղակայման քաղաքականության ներդաշնակեցում:

6. Օժանդակություն առևտրային պայմաններով հանքահումքային ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման (փոխակերպման) և օգտագործման բնագավառում կիրառվող նոր տեխնոլոգիաների մատչելիությանը:

7. Օգտակար հանածոների հանքատեղերի պաշարների բանական և համալիր օգտագործումն ապահովող պայմանների ստեղծում:

8. Անվտանգության բարձր մակարդակների ձեռքբերմանը և/կամ պահպանմանն ուղղված անվտանգության տեխնիկայի բնագավառում համատեղ ծրագրերի և աշխատանքների մշակման և իրագործման կազմակերպում, համագործակցություն հանքահումքային ռեսուրսների արդյունահանման և մշակման (փոխակերպման) ձեռնարկություններում խոշոր վթարների կանխման և հետևանքների վերացման բնագավառում:

9. Շրջակա բնական միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծմանը փոխհամաձայնեցված մոտեցումների մշակման և իրականացման և տվյալ բնագավառում աշխատանքների կոնկրետ համատեղ ծրագրերի կազմակերպում:

10. Օժանդակություն Համաձայնագրի մասնակից պետությունների լեռնաարդյունաբերական համալիրներում ներդրումների և վարկերի ներգրավմանը, այդ թվում երրորդ երկրներից, Համաձայնագրի մասնակից պետությունների արտաբյուջետային աղբյուրներից միջոցների ներգրավման մեխանիզմների և պայմանների ստեղծում:

11. Գիտական հետազոտությունների առաջնային ուղղությունների, հեռանկարային նախագծային և փորձակոնստրուկտորական մշակումների ի հայտ բերում, նշված հետազոտությունների և մշակումների համակարգում, բաժնեմասային հիման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների, նախագծերի և ծրագրերի ֆինանսավորում:

12. Գործող չափանիշների և տեխնիկական պայմանների միասնականացման, օգտակար հանածոների հանքատեղերի հետախուզման և արդյունահանման բնագավառում նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի կատարելագործման, ներառյալ օգտակար հանածոների պաշարների և այլ երկրաբանական տեղեկատվության դասակարգման և բալանսների համար միջոցների իրականացում:

13. Համաձայնագրի մասնակից պետությունների լեռնաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների համագործակցության օժանդակությունը, այդ թվում ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ, որոնք պատրաստ են կատարել լեռնային սարքավորումների արդիականացման, վերանորոգման և պատրաստման, տեխնոլոգիաների մշակման և օգտակար հանածոների երկրահետախուզման, արդյունահանման, մշակման (փոխակերպման), դրանց տեղափոխման և օգտագործման հետ կապված ծառայությունների կատարման պատվերներ` շրջակա բնական միջավայրի պահպանության ապահովման պայմանով:

14. Օժանդակություն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համար համակարգված միջոցառումների իրականացման, այդ թվում՝ երրորդ երկրների ուսումնական հաստատություններում, բիզնեսի, մարքեթինգի, կառավարման դպրոցների և դասընթացների կազմակերպման բնագավառում:

15. Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով Համագործակցության մյուս միջպետական և միջկառավարական մարմինների հետ փոխգործակցություն:

 

3. Խորհրդի իրավունքները

 

Իր խնդիրների և գործառույթների իրականացման համար Խորհուրդը իրավունք ունի.

1. Համաձայնագրի մասնակից պետությունների համապատասխան գերատեսչություններից տեղեկություններ հարցնել, որոնք անհրաժեշտ են իր գործառույթների կատարման համար, ինչպես նաև՝ տեղեկություններ Խորհրդի որոշումների կատարման մասին:

2. Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, Համագործակցության մյուս մարմինների քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծերը:

3. Ստեղծել Խորհրդի մշտական կամ ժամանակավոր աշխատանքային և այլ մարմիններ, այդ թվում իրավաբանական անձի իրավունքներով օժտված, հաստատել դրանց մասին կանոնադրությունները, որոշել դրանց գտնվելու վայրը, գործունեության և ֆինանսավորման կարգը, հաստատել հաստիքների թիվը և ծախսերի նախահաշվարկը, նշանակել այդ մարմինների ղեկավարներին և հսկողություն իրականացնել դրանց գործունեության նկատմամբ:

4. Մասնակցել միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների սահմանմանը:

5. Հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման, հետախուզման և օգտագործման բնագավառում համագործակցել սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ:

6. Մշակել և հաստատել իր աշխատանքի Կանոնակարգը, ինչպես նաև փոփոխություններ կատարել դրանում:

 

4. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը

 

1. Խորհրդի աշխատանքը, որպես կանոն, իրականացվում է Համաձայնագրի մասնակից պետություններում՝ Խորհրդի նիստերի անցկացման միջոցով:

2. Խորհրդի նիստերը անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Համաձայնագրի ցանկացած մասնակից պետության նախաձեռնությամբ և Խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ:

Խորհրդի նիստը իրավասու է, եթե այդտեղ ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին:

3. Նիստում նախագահողի գործառույթները կատարում է Խորհրդի անդամը, որը ներկայացնում է այն պետությանը, որի տարածքում անցկացվում է նիստը: Նա էլ կատարում է Խորհրդի նախագահի պարտականությունները՝ մինչև հերթական նիստը:

4. Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը կրում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը: Խորհրդի անդամների գործուղման հետ կապված ծախսերը կրում է ուղարկող պետությունը:

5. Խորհրդի անդամը իրավունք ունի անհրաժեշտ տեղեկություններ ստանալ Խորհրդի աշխատանքային և այլ մարմինների գործունեության, ընդունված որոշումների մասին, ինչպես նաև Խորհրդի իրավասության շրջանակներում քննարկման հանել ցանկացած հարց:

6. Խորհրդի նիստին, որպես դիտորդներ կամ փորձագետներ, կարող են հրավիրվել Համաձայնագրի մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների ու ձեռնարկությունների, Համագործակցության կանոնադրական և ճյուղային մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

7. Խորհրդի յուրաքանչյուր հաջորդ նիստի անցկացման վայրը, ժամկետը և նախնական օրակարգը որոշվում են Խորհրդի հերթական նիստի ժամանակ:

8. Խորհրդի որոշումները ընդունվում են Խորհրդի ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ծրագրերի և նախագծերի հաստատման, սույն Կանոնադրությունում փոփոխությունների մասին առաջարկությունների, ինչպես նաև ֆինանսական հարցերով Խորհրդի որոշումները ընդունվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

9. Խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը որոշման ընդունման համար չպետք է դիտվի որպես խոչընդոտ:

10. Համաձայնագրի որևէ մասնակից պետության շահերը անմիջական շոշափող Խորհրդի որոշումները չեն կարող ընդունվել նրա լիազոր ներկայացուցչի բացակայությամբ:

11. Խորհրդի աշխատանքային մարմնի գործառույթները դրվում են ՄՏԿ աշխատակազմի վրա:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 4-ից: