Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (24.02.2000-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.01.1999
Ստորագրման ամսաթիվ
13.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շինարարության նախագծերի փորձաքննության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,

կարևոր նշանակություն տալով պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ինտեգրացման գործընթացներին,

ելնելով ներդրումային գործունեության բնագավառում համագործակցության մասին 1993 թվականի դեկտեմբերի 24-ի՝ Համաձայնագրի, ներդրողի իրավունքների պաշտպանության մասին 1997 թվականի մարտի 28-ի՝ Կոնվենցիայի, Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության մասին 1994 թվականի սեպտեմբերի 9-ի՝ Համաձայնագրի և 1997թվականի մարտի 28-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական ինտեգրացման զարգացման Հայեցակարգի դրույթներից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են.

պետական փորձաքննություն` ներդրումային գործընթացի պետական կարգավորման փուլ՝ Կողմերի օրենսդրության պահանջներին, քաղաքացիների, իրավաբանական անձանց և պետության՝ օրենքով պահպանվող իրավունքներին և շահերին վնասի հասցման կանխման պայմաններին շինարարության նախագծերի համապատասխանությունը սահմանելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և բնապահպանական քաղաքականության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով,

միջպետական փորձաքննություն` ներդրումային գործընթացի պետական կարգավորման փուլ՝ երկու և ավելի Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների ստեղծման գործում (անկախ օբյեկտների ֆինանսավորման աղբյուրից, սեփականության ձևից և պատկանելությունից) Կողմերի նորմատիվ և իրավական ակտերով նախատեսված պայմաններին և պահանջներին շինարարության նախատեսվող նախագծերի համապատասխանությունը սահմանելու, փորձաքննության օբյեկտի իրագործման դեպքում շահագրգիռ Կողմերի համար հնարավոր վնասի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ բացահայտելու և ձեռնարկելու նպատակով,

շինարարության նախագիծ (փորձաքննության օբյեկտ)` ձեռնարկության, շենքի կամ շինության շինարարության (վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլն) ներդրումային նախագծի ցանկացած տարր, ներառյալ ներդրումների հիմնավորումը, տեխնիկատնտեսական հիմնավորումը, նախագիծը ու երկու և ավելի Կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նախագծման և շինարարության հետ կապված փաստաթղթերի այլ տեսակները,

փորձաքննության մարմին` պետական փորձաքննության մարմին, որին Կողմը լիազորել է իրականացնել շինարարության նախագծի բոլոր մասերի պետական փորձաքննություն (համալիր փորձաքննություն)՝ Կողմերի նորմատիվ և իրավական ակտերին համապատասխան,

բազային փորձաքննության մարմին` փորձաքննության մարմին, որն ապահովում է շահագրգիռ Կողմերի փորձաքննության մարմինների ներկայացուցիչներից և փորձաքննության կատարմանը ներգրավված այլ փորձագետներից կազմված միջպետական փորձագիտական խմբի ստեղծումը և աշխատանքը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Այն Կողմը, որի տարածքում իրագործվում է շինարարության նախագիծը, դրա միջպետական փորձաքննության կատարման մասին որոշումն ընդունում է ինքնուրույն, այդ թվում՝ նման փորձաքննություն կատարելու մասին մյուս Կողմի (Կողմերի) գրավոր դիմումի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ միջպետական փորձաքննության կատարումը նախատեսված է միջազգային պայմանագրով, որի մասնակից է հանդիսանում Կողմը:

Կողմերի տարածքներում շինարարության նախագծերի իրագործման ժամանակ միջպետական փորձաքննության օբյեկտը որոշվում է շահագրգիռ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության կազմակերպումն ու կատարումն ապահովում են իրենց փորձաքննության մարմինների միջոցով, շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության անցկացման մասին Կանոնադրությանը (այսուհետ՝ Կանոնադրություն) համապատասխան, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Շահագրգիռ Կողմերի փորձաքննության մարմինները միջպետական փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտի համար կազմավորում են միջպետական փորձաքննության խումբ: Ընդ որում‚ բազային փորձաքննության մարմին հանդիսանում է այն Կողմի մարմինը, որի տարածքում նախատեսվում է իրագործել Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շինարարության նախագիծը:

Երկու և ավելի Կողմերի տարածքներում շինարարության նախագծի իրագործման դեպքում բազային փորձաքննության մարմինը որոշվում է շահագրգիռ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման նկատմամբ հսկողությունը և համակարգումը դրվում է Կողմերի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինների, ինչպես նաև Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի վրա, որն ամեն տարի Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտե զեկույց է ներկայացնում Համաձայնագրի կատարման ընթացքի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակից են հանդիասանում Կողմերը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ, կարող են լրացումներ և փոփոխություններ կատարվել, որոնք կձևակերպվեն արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինների խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ իրավասու միջազգային դատական ատյաններ:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

 Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում՝ համապատասխան ծանուցումը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից՝ այդ մասին դուրս գալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ ավանդապահին միանալու մասին փաստաթղթերը հանձնելու միջոցով:

 

Կատարված է Սարատով քաղաքում 1999 թվականի հունվարի 13-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հ ա վ ե լ վ ա ծ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից

պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն

ներկայացնող շինարարության նախագծերի

միջպետական փորձաքննության մասին

1999 թվականի հունվարի 13-ի

Համաձայնագրին կից

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության անցկացման կարգի մասին

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կանոնադրությունը հանդիսանում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) անբաժանելի մասը և սահմանում է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների (այսուհետ՝ Կողմեր) տարածքներում օբյեկտների շինարարության նախագծերի՝ Կողմերի փորձաքննության մարմինների կողմից համատեղ իրականացվող միջպետական փորձաքննության անցկացման կարգը:

2. Կանոնադրությունը օբյեկտների շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության անցկացման ժամանակ կարգավորում է Կողմերի փորձաքննության մարմինների փոխհարաբերությունները՝ պահպանելով յուրաքանչյուր պետությունում գործող նախագծերի պետական փորձաքննության գործող կարգը, նրանց նորմատիվ և իրավական ակտերին համապատասխան:

3. Միջպետական փորձաքննության ենթակա են ներդրումների հիմնավորումները, տեխնիկատնտեսական հիմնավորումները, նախագծերը և դրանց մշակման առաջադրանքները, փաստաթղթերի այլ տեսակներ՝ կապված երկու և ավելի Կողմերի շահերը շոշափող հետևյալ օբյեկտների նախագծման և շինարարության հետ.

գծային-ձգված օբյեկտներ` երկու և ավելի Կողմերի տարածքներով անցնող կառույցներ (խողովակաշարեր, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր և այլն),

սահմանամերձ օբյեկտներ` Կողմերից մեկի տարածքում կառուցվող օբյեկտներ, որոնց շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվարկային գոտին հատում է սահմանակից պետությունների սահմանները (մետաղագործական, քիմիական, նավթաքիմիական ձեռնարկություններ, ջրային տնտեսությունների, օդային տրանսպորտի, ռադիոհաղորդակցության օբյեկտներ և այլն),

համատեղ օբյեկտներ` երկու և ավելի Կողմերի ներդրողների միջոցներով կառուցվող օբյեկտներ,

մի Կողմի տարածքում մեկ կամ մի քանի այլ Կողմերի միջոցներով կառուցվող օբյեկտներ:

Շահագրգիռ Կողմերի համաձայնությամբ հնարավոր է միջպետական փորձաքննության անցկացում այնպիսի պայմանագրերի, համաձայնագրերի և գործարքների նախագծերի և դրանց կից համապատասխան հիմնավորումների (փաստաթղթերի) համար, որոնցով նախատեսվում է նշվածից տարբեր նշանակության օբյեկտների շինարարություն, ինչպես նաև շինարարության բնագավառում միջպետական նորարարական ծրագրերի նախագծերի, դրանց կից հիմնավորող նյութերի և սույն կետում նշված նախագծերով այլ փաստաթղթերի համար:

4. Սույն Կանոնադրության 3-րդ կետում նշված փորձաքննության օբյեկտների գծով միջպետական փորձաքննության ներկայացված նյութերի ցանկը որոշվում է Կողմերի՝ փաստաթղթերի համապատասխան տեսակների մշակման համար հաստատված նորմատիվ պահանջներով: Կողմերի օրենսդրություններով նախատեսված դեպքերում ներկայացվում են հասարակական քննարկումների արդյունքների նյութերը:

Օբյեկտների շինարարության նախագծերի համար պարտադիր է նաև.

սահմանված կարգով համաձայնեցնել Կողմերի տարածքներում գործող նախագծման և շինարարության պարտադիր նորմերից և կանոններից կատարվող շեղումները,

սահմանված կարգով կատարել ներմուծվող տեխնոլոգիաների, սարքավորումների, նյութերի, կոնստրուկցիաների և արտադրանքների սերտիֆիկացում և տեխնիկական վկայագրում:

 

2. Շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության կազմակերպումն ու անցկացումը

 

5. Շինարարության նախագծերի միջպետական փորձաքննության համար նյութերը պատվիրատուի (նյութերը միջպետական փորձաքննության ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձ) կողմից ուղարկվում են բազային փորձաքննության մարմին 4 օրինակով:

6. Բազային փորձաքննության մարմինն իրավունք ունի փորձաքննության ընթացքում պահանջել պատվիրատուից լրացուցիչ նյութեր, որոնք անհրաժեշտ են միջպետական փորձաքննության անցկացման մասին եզրակացության պատրաստման համար:

7. Բազային փորձաքննության մարմնին ներկայացված շինարարության նախագծերի նյութերը ենթակա են գրանցման և ստուգման ամբողջականության և համլրության առումով:

8. Բազային փորձաքննության մարմինը նշված նյութերի գրանցման օրվանից 7 օրվա ընթացքում շահագրգիռ Կողմերի փորձաքննության մարմինների հետ համաձայնեցնում է նրանց մասնակցությունը միջպետական փորձաքննության խմբի կազմում և պատվիրատուին է ուղարկում.

Կողմի՝ սահմանված պահանջներին ներկայացված նյութերի համապատասխանության դեպքում՝ շինարարության նախագծի միջպետական փորձաքննության ուղղությամբ աշխատանքների կատարման մասին պայմանագիրը,

Կողմի՝ սահմանված պահանջներին ներկայացված նյութերի անհամապատասխանության դեպքում՝ ծանուցում անհրաժեշտ նյութերը լրիվ ծավալով ներկայացնելու ժամկետների մասին:

Եթե բազային փորձաքննության մարմինը ուղարկման օրվանից 30 օրվա ընթացքում պատվիրատուից չի ստանում վերջինիս կողմից ստորագրված պայմանագիրը և դրանում միջպետական փորձաքննության անցկացման համար նշված վճարը, կամ եթե պատվիրատուն բազային փորձաքննության մարմնի կողմից նշված ժամկետում պահանջվող նյութերը չի ներկայացնում, միջպետական փորձաքննություն չի անցկացվում, և շինարարության նախագծի բոլոր նյութերը 7-օրյա ժամկետում վերադարձվում են պատվիրատուին:

9. Միջպետական փորձաքննության անցկացման սկիզբը և դրա դիմաց վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով: Միջպետական փորձաքննության անցկացման արժեքը որոշվում է համապատասխան նորմատիվների հիման վրա՝ կախված փորձաքննական աշխատանքների աշխատատարությունից՝ հաշվի առնելով փորձաքննության ներկայացված նյութերի ծավալը և փորձաքննության օբյեկտի բարդությունը: Փորձաքննության անցկացման տևողությունը սահմանվում է պայմանագրով, բայց չպետք է գերազանցի երեք ամիսը:

Միջպետական փորձաքննության անցկացման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, կարող են փոփոխվել դրա անցկացման արժեքը և ժամկետները (ընդ որում‚ ձևակերպվում է լրացուցիչ պայմանագիր պատվիրատուի հետ), ինչպես նաև միջպետական փորձաքննության խմբի աշխատանքների մեջ ներգրավված փորձագետների քանակը և մասնագիտացումը:

10. Փորձաքննության վճարումը հաստատող փաստաթղթի ստացումից հետո բազային փորձաքննության մարմինը.

ձևավորում է միջպետական փորձաքննության խումբ և համաձայնեցնում է դրա կազմը շահագրգիռ Կողմերի պետական փորձաքննության մարմինների ղեկավարների հետ,

պատրաստում է միջպետական փորձաքննությանը շահագրգիռ պետական փորձաքննության մարմինների ներկայացուցիչների մասնակցության արձանագրություն՝ ելնելով պատվիրատուի հետ կնքված պայմանագրով նախատեսված փորձաքննության անցկացման աշխատանքների ծավալից և արժեքից:

11. Միջպետական փորձաքննության խմբի կազմը (ղեկավար, քարտուղար և խմբի անդամներ) և դրանում կատարվող փոփոխությունները ձևակերպվում են այն Կողմի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմնի որոշմամբ, որի տարածքում նախատեսվում է օբյեկտի շինարարությունը: Որպես կանոն, միջպետական փորձաքննության խմբի ղեկավար է նշանակվում նշված Կողմի պետական փորձագիտական մարմնի ղեկավարը, իսկ քարտուղար՝ այդ մարմնի հաստիքային աշխատակիցը:

12. Միջպետական փորձաքննության խմբի ղեկավարը և քարտուղարը կազմակերպում և ապահովում են փորձաքննության անցկացումը և միջպետական փորձաքննության խմբի ամփոփիչ եզրակացության պատրաստումը, այդ թվում.

ձևավորում են փորձագետների կազմը՝ ըստ փորձաքննության հիմնական ուղղությունների,

կազմում են խմբի աշխատանքների օրացուցային պլանը,

մշակում են փորձաքննության անցկացման ուղղությամբ փորձագետների առաջադրանքները,

ապահովում են փորձագետներին անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը,

անհրաժեշտության դեպքում, կազմակերպում են փորձագետների մեկնումը շինարարության համար նախատեսվող օբյեկտի տեղակայման վայր,

կազմակերպում են խմբի նիստերի անցկացումը և ձևակերպում են այդ նիստերի արձանագրությունները:

13. Միջպետական փորձաքննության խումբը սահմանում է փորձաքննության օբյեկտների համապատասխանությունը Կողմերի նորմատիվ-իրավական ակտերով նախատեսված պայմաններին, բացահայտում է փորձաքննության օբյեկտի իրագործման դեպքում Կողմերի համար հնարավոր վնասի կանխման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների բավարարությունը:

14. Միջպետական փորձաքննության խումբը անցկացնում է կազմակերպական նիստեր. հաջորդող նիստերում՝

որոշվում են փորձագետների աշխատանքի հիմնական ուղղությունները,

հաստատվում են փորձագետների առաջադրանքները և խմբի աշխատանքի օրացուցային պլանը,

պատրաստվում և քննարկվում են փորձագիտական եզրակացություններն ըստ ուղղությունների,

կազմվում և քննվում է միջպետական փորձաքննության ամփոփիչ եզրակացության նախագիծը:

15. Միջպետական փորձաքննության խմբի նիստերի արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրում են դրա ղեկավարը և քարտուղարը:

16. Միջպետական փորձաքննության խմբի եզրակացության (դրական կամ բացասական) նախագիծը ստորագրում են փորձաքննության խմբի անդամները՝ ամբողջ կազմով, որից հետո այն դառնում է փորձաքննության խմբի ամփոփիչ եզրակացություն:

Պատրաստված եզրակացությանը (կամ դրա առանձին դրույթներին) փորձաքննության խմբի առանձին անդամների անհամաձայնության դեպքում նրանք այն ստորագրում են «հատուկ կարծիք» նշումով: Հատուկ կարծիքը ձևակերպվում է փորձագետի կողմից եզրակացության նախագծին անհամաձայնության պատճառների հիմնավորում պարունակող փաստաթղթի ձևով:

17. Միջպետական փորձաքննության խմբի կողմից պատրաստված ամփոփիչ եզրակացությունը պետք է պարունակի փորձաքննության օբյեկտի իրագործման թույլատրելիության (անթույլատրելիության) մասին հիմնավորված հետևություններ:

Դրական եզրակացությունը պետք է ներառի փորձաքննության օբյեկտի՝ դրա հաստատման (համաձայնեցման) համար ներկայացվող պահանջներին և հանձնարարականներին համապատասխանության մասին հետևություններ:

Բացասական եզրակացությունը կարող է պարունակել երկու հետևություն.

փորձաքննության օբյեկտի լրամշակման մասին՝ ըստ միջպետական փորձաքննության ամփոփիչ եզրակացության մեջ շարադրված դիտողությունների և առաջարկությունների,

փորձաքննության օբյեկտի իրագործման անթույլատրելիության մասին՝ ելնելով ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունից:

18. Միջպետական փորձաքննության խմբի պատրաստած ամփոփիչ եզրակացությունը հաստատվում է այն շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմնի կողմից, որին կից ստեղծված է բազային փորձաքննության մարմինը՝ շահագրգիռ Կողմերի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինների ղեկավարների համաձայնեցմամբ:

19. Ամփոփիչ եզրակացության նախագծի հարցում միջպետական փորձաքննության խմբի անդամների տարաձայնության դեպքում այն շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմնի ղեկավարը, որին կից ստեղծված է բազային փորձաքննության մարմինը, որոշում է կայացնում.

միջպետական փորձաքննության շարունակման մասին՝ խմբում ներառելով լրացուցիչ փորձագետներ,

տարաձայնությունների վերաբերյալ նյութերը Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի Նախագծերի միջպետական փորձաքննության գծով հանձնաժողովին ուղարկելու մասին՝ քննարկելու և այդ կապակցությամբ առաջարկություններ պատրաստելու համար:

20. Միջպետական փորձաքննությունը համարվում է ավարտված միջպետական փորձաքննության խմբի կողմից ամփոփիչ եզրակացությունը հաստատելուց հետո:

21. Բազային փորձաքննության մարմինը միջպետական փորձաքննության խմբի ամփոփիչ եզրակացությունն ուղարկում է պատվիրատուին և Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի Նախագծերի միջպետական փորձաքննության գծով հանձնաժողովին՝ դրա հաստատումից հինգ օրվա ընթացքում:

22. Միջպետական փորձաքննության խմբի բացասական եզրակացության դեպքում պատվիրատուն իրավունք ունի նյութերը ներկայացնել կրկնակի փորձաքննության, հաշվի առնելով այդ եզրակացության մեջ շարադրված դիտողություններն ու առաջարկությունները, դրանք լրամաշկելու պայմանով:

23. Փաստաթղթերի պատվիրատուն, այլ շահագրգիռ անձինք, որոնք համաձայն չեն միջպետական փորձաքննության խմբի եզրակացության հետ, իրավունք ունեն դիմել այն Կողմի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմնի ղեկավարին, որին կից ստեղծվել է բազային փորձաքննության մարմինը և Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի Նախագծերի միջպետական փորձաքննության գծով հանձնաժողովին՝ տարաձայնությունների քննարկման և առաջարկությունների պատրաստման համար՝ ուղղված միաձայնության հիման վրա շահագրգիռ Կողմերի կողմից վերջնական որոշման կայացմանը:

24. Շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի Նախագծերի միջպետական փորձաքննության գծով հանձնաժողովն ապահովում է սույն Համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի փետրվարի 24-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան