Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (27.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2012

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիտվայի Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լիտվայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման անհրաժեշտությունը,

ձգտելով զարգացնել և խորացնել համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կհամագործակցեն կրթության և գիտության բնագավառում՝ սույն համաձայնագրին, իրենց երկրների ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի գործող նորմերին համապատասխան:

 

Հոդված 2

 

Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում կաջակցեն հանրակրթական, բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կխրախուսեն և կաջակցեն հետազոտողների, դասախոսների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրերի իրականացմանը:

Փոխանակման ծրագրերի հստակ ժամկետներն ու պայմանները կկարգավորվեն Կողմերից յուրաքանչյուրի պետության շահագրգիռ հաստատությունների և կազմակերպությունների միջև կնքվող համապատասխան համաձայնագրերով:

 

Հոդված 4

 

Կողմերը կխրախուսեն համատեղ հետազոտական նախագծերի մշակումն ու իրականացումը՝ գիտական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով, ինչպես նաև կփոխանակեն տեղեկատվություն գիտության, հետազոտության և փորձագիտական զարգացման բնագավառներում:

Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծրագրերի հստակ ժամկետներն ու ֆինանսական պայմանները կկարգավորվեն Կողմերից յուրաքանչյուրի պետությունների շահագրգիռ հաստատությունների և կազմակերպությունների միջև կնքվող համապատասխան համաձայնագրերով:

 

Հոդված 5

 

Կողմերը, իրենց ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերի համաձայն փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար:

 

Հոդված 6

 

Կողմերը կհամագործակցեն կրթությանն ու գիտությանը առնչվող հարցերում իրենց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպություններում:

 

Հոդված 7

 

Կողմերը, իրենց հնարավորությունների սահմաններում կխրախուսեն և կաջակցեն երկու երկրների միջնակարգ, բարձրագույն և հետազոտական հաստատություններում իրենց պետական լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, ինչպես նաև կխրախուսեն և կաջակցեն աշակերտների, ուսանողների, հետազոտողների, ինչպես նաև մեթոդաբանական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

 

Հոդված 8

 

Կողմերը, իրենց հնարավորությունների սահմաններում կնպաստեն կրթության և գիտության ոլորտի փորձագետների պատվիրակությունների փոխանակմանը՝ երկկողմ կապերի ամրապնդման նպատակով և կիրականացնեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում, ինչպես նաև կիրականացնեն քննարկումներ համագործակցության զարգացման և սույն Համաձայնագրի իրագործման հարցերի շուրջ:

 

Հոդված 9

 

Կողմերը կիրականացնեն տեղեկատվության փոխանակում՝ իրենց պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքությունը սահմանելու նպատակով և կաջակցեն փոխճանաչմանը:

Կողմերը կխրախուսեն խորհրդակցությունները և ուղղակի համագործակցությունը իրավազոր հաստատությունների միջև` կողմերի պետությունների կրթական համակարգին պատկանող կրթական հաստատությունների կողմից տրված որակավորումների փոխճանաչման գործընթացում:

Անհրաժեշտության դեպքում այդ նպատակով կարող է ստորագրվել առանձին համաձայնագիր:

 

Հոդված 10

 

Կողմերը կաջակցեն համագործակցությանը սույն Համաձայնագրով ամրագրված բնագավառներում՝ չխախտելով այլ Կողմերի հետ ստորագրված համաձայնագրերով և իրենց մասնակցությամբ գործող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից բխող իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 11

 

Փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Նման արձանագրությունները կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի Հոդված 12-ի համաձայն:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանի համար, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամանակաշրջանի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց դեռ չեն ավարտվել համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման առնչությամբ անհամաձայնությունները կկարգավորվեն պայմանավորվող կողմերի միջև՝ բանակցությունների միջոցով:

 

Կատարված է Վիլնյուս քաղաքում 2012 թվականի փետրվարի 22-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. սեպտեմբերի 27-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան