Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսրայելի Պետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
առաջնորդվելով հավասարության, ազգային ինքնուրույնության և փոխադարձ շահավետության սկզբունքներով,
համոզված լինելով, որ գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը կնպաստի Կողմերի պետությունների ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կնպաստեն գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ սույն Համաձայնագրի դրույթներին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 2
Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ոլորտներում.
- անասնաբուծություն,
- թռչնաբուծություն,
- ձկնաբուծություն,
- ջերմոցային տնտեսություն,
- պարենային ապահովություն,
- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկողության փորձի փոխանակում,
- փորձագետների և գիտնականների փոխանակում՝ այգեգործության հետազոտական աշխատանքների զարգացումն ուսումնասիրելու համար,
- գյուղատնտեսական մեխանիզացիայի և գյուղատնտեսական մեքենաների տեխնոլոգիաների և փորձի փոխանակում (ներառյալ ուսումնասիրությունները, նախագծումը, արտադրությունը և շահագործումը),
- գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համակարգերի և ջրի խնայողության տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակում,
- կոոպերատիվների ստեղծման, հողերի ամրապնդման ոլորտում փորձի փոխանակում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։
Հոդված 3
Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն Կողմերի միջև փոխանակված ցանկացած տեղեկատվություն կարող է տրամադրվել երրորդ կողմին` Կողմերի նախնական համաձայնության և գրավոր հաստատման դեպքում: Տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմին պետք է իրականացվի Կողմերի ներպետական օրենսդրության և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն:
Հոդված 4
Կողմերը համագործակցությունը կիրականացնեն հետևյալ ուղղություններով.
- գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
- գիտաշխատողների, փորձնակների և փորձագետների փոխանակում,
- համատեղ սեմինարների և դասընթացների կազմակերպում,
- ցուցահանդեսների կազմակերպում,
- համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը խրախուսում:
Հոդված 5
1. Կողմերը կստեղծեն իրենց իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված՝ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ: Երկու երկրների գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության վարչությունները, համապատասխանաբար, կգործեն որպես տվյալ երկրի աշխատանքային խմբի ղեկավարներ: Համատեղ աշխատանքային խումբը կբացահայտի համագործակցության ծրագրերն ու եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:
2. Համատեղ աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Իսրայելի Պետությունում՝ հաջորդաբար:
3. Կողմերից յուրաքանչյուրը կհոգա իր ծախսերը, որոնք կառաջանան համատեղ աշխատանքային խմբի կողմից հաստատված ծրագրերի իրականացման ընթացքում, եթե որևէ նախնական պայմանավորվածություն Կողմերի միջև ձեռք չի բերվել:
4. Համատեղ աշխատանքային խումբը կբանակցի տվյալ ոլորտին բնորոշ համաձայնագրերի շուրջ՝ համագործակցության ծրագրերն իրականացնելու նպատակով:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման ընթացքում վեճ ծագելու դեպքում Կողմերը այն կլուծեն բարեկամաբար` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն ցանկացած գործողություն կիրականացվի Կողմերի պետությունների ներպետական օրենսդրությանը և միջազգային այլ համաձայնագրերին համապատասխան, որոնց Կողմեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և Իսրայելի Պետությունը:
Հոդված 8
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց դեռ չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին, եթե Կողմերն այլ համաձայնություն ձեռք չեն բերել։
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Դրանք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի սույն հոդվածով նախատեսված կարգով:
Կատարված է Երուսաղեմ քաղաքում 2012 թ. մայիսի 16-ին, համապատասխանաբար` 5772թ. __________________ -ին` հայերենով, եբրայերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. հունվարի 21-ին