Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (10.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.10.21/3(33)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2012
Ստորագրման ամսաթիվ
08.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

 

նպատակ ունենալով զարգացնելու բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև,

 

ցանկանալով ամրապնդել, պահպանել և զարգացնել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև խորացնել և դիվերսիֆիկացնել իրենց առևտուրը,

 

ղեկավարվելով հավասարության, փոխշահավետության և միջազգային իրավունքի սկզբունքներով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Նպատակները

 

1. Կողմերը, իրենց համապատասխան ազգային օրենսդրությունների շրջանակներում և հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունները, փոխշահավետության հիմունքներով կզարգացնեն, կխորացնեն և կդիվերսիֆիկացնեն տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

 

2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված կլինի.

ա/ Կողմերի միջև տնտեսական կապերի խորացմանը և դիվերսիֆիկացմանը,

բ/ Կողմերի կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև համագործակցության խրախուսմանը բոլոր մակարդակներով` ներառելով փոքր և միջին ձեռնարկությունները, նպատակ հետապնդելով առաջ մղելու ներդրումային գործունեությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև համագործակցության այլ ձևերը:

 

Հոդված 2

 

Գործողության շրջանակը

 

1. Կողմերի միջև սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ոլորտներում.

ա/ ներդրումային քաղաքականություն,

բ/ զբոսաշրջություն,

գ/ արդյունաբերություն,

դ/ գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն,

ե/ տրանսպորտ և տարանցում,

զ/ տեղեկատվություն և հաղորդակցության տեխնոլոգիաներ,

է/ տարածաշրջանային զարգացում,

ը/ գյուղատնտեսություն (ներառյալ բուսաբուծությունը, անասնապահությունը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը),

թ/ շրջակա միջավայրի պահպանություն,

ժ/ տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցությունը խթանող՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

 

2. Կողմերը միմյանց հետ կխորհրդակցեն համագործակցության գերակա ոլորտները, ինչպես նաև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության նոր ուղղություններ սահմանելու նպատակով:

 

Հոդված 3

 

Համագործակցության ձևերը

 

Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Կողմերը, ի թիվս այլ քայլերի, կխթանեն և կաջակցեն`

ա/ կառավարական մարմինների միջև կապերին և համագործակցությանը,

բ/ մասնագիտական կազմակերպությունների, պալատների և ասոցիացիաների միջև կապերին,

գ/ անհատների, պաշտոնյաների և տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության խթանման նպատակով այցերի, կապերի, գործարար շփումների ընդլայնմանը,

դ/ տոնավաճառների և ցուցահանդեսների, ինչպես նաև սեմինարների և գիտաժողովների կազմակերպմանը,

ե/ համատեղ ձեռնարկությունների և համատեղ տնտեսական գործունեության այլ տեսակների ձևավորմանը,

զ/ երկկողմ տնտեսական կապերում փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությանը,

է/ առևտրի և զբոսաշրջության խթանմանն ուղղված գործունեությանը:

 

Հոդված 4

 

Տեղեկատվության փոխանակումը

 

1. Կողմերը կանոնավոր կերպով կփոխանակեն առևտրի, ներդրումների, ֆինանսական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության խթանման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

 

2. Կողմերը գիտակցում են մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը: Կողմերը կանոնավոր կերպով կփոխանակեն տեղեկատվություն իրենց երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարգավորող օրենսդրության և ընթացակարգերի մասին:

 

Հոդված 5

 

Միջկառավարական հանձնաժողովը

 

1. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված դրույթների իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով վիետնամա-հայկական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Միջկառավարական հանձնաժողով):

 

2. Միջկառավարական հանձնաժողովը բաղկացած կլինի համապատասխան Կողմերի պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներից` յուրաքանչյուր Կողմի նախարարության և/կամ նրան համարժեք կառավարման մարմնի ղեկավարի նախագահությամբ:

 

3. Հանձնաժողովի նիստերն անց են կացվում անհրաժեշտությունից ելնելով, սակայն ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում:

 

4. Միջկառավարական Հանձնաժողովն իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել Կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչներին:

 

5. Միջկառավարական հանձնաժողովի հիմնական իրավասություններն են.

ա/ սույն Համաձայնագրի գործողությունը և դրա կիրառման ընթացքում ծագող բոլոր հարցերի վերահսկումն ու դիտարկումը,

բ/ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագրերի քննարկումը,

գ/ Կողմերի միջև տնտեսական համագործակցությանը և առևտրին խոչընդոտող խնդիրների ուսումնասիրությունը:

 

Հոդված 6

 

Վեճերի կարգավորումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման հետ կապված բոլոր վեճերը կլուծվեն Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 7

 

Լրացումները

 

1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

2. Այդ փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին Արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 8

 

Եզրափակիչ դրույթները

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնող վերջին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից:

 

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

 

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դադարեցումն ուժի մեջ կմտնի տվյալ ծանուցումը մյուս Կողմի ստանալուն հաջորդող վեցերորդ ամսվա առաջին օրը:

 

4. Սույն Համաձայնագիրը կփոխարինի 1992 թ. ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագրին:

 

Կատարված է Հանոյ քաղաքում հունիսի 8-ին 2012 թվականին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, վիետնամերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. օգոստոսի 10-ին