Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (18.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1990.06.15/11(967)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 53

 

27. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությանը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի նիստի N 53 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ

 

I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1.Տնտեսության կայուն զարգացման գործընթացը նախատեսում է տարբեր բնագավառներում ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում ռադիոակտիվ նյութերի օգտագործում նախատեսող լայնածավալ ներդրումներ: Ներկայումս աշխարհում շահագործվում են ավելի քան 400 միջուկային էներգաբլոկներ, իսկ բժշկության, արդյունաբերության, գիտության և այլ բնագավառներում ռադիոակտիվ նյութեր օգտագործող օբյեկտների թիվը կազմում է տասնյակ հազարներ: Քաղաքաշինության զարգացմանը զուգահեռ կարևոր նշանակություն է ստանում մարդկանց կենսագործունեության պայմաններում բնական ճառագայթման աղբյուրների (հատկապես երկրի ընդերքից արտազատվող ռադոն գազի) ազդեցության հսկողությունը: Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում այլ մարտահրավերների թվում նշվում է նաև ահաբեկչական նպատակներով միջուկային և ռադիոակտիվ նյութերի օգտագործումը: Այս ամենը թելադրում է ունենալ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի արդիական համակարգ:

2.Սույն ռազմավարության նպատակն է նախանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն, ապահովելու ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխանող շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության կարողությունների ստեղծումն ու զարգացումը:

3.Սույն ռազմավարության շրջանակներում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգը բնորոշվում է որպես անընդհատ և (կամ) պարբերական ռեժիմով սահմանված կարգով նմուշառումների, դիտարկումների և անալիզների միջոցով շրջակա միջավայրում ճառագայթային իրավիճակի գնահատման, բնական և անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների ազդեցության հետևանքով ճառագայթային իրավիճակի իրական ու կանխատեսվող փոփոխությունների, այդ փոփոխությունների հետևանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքման, դրանց վերլուծության, գնահատման և շահագրգիռ մարմիններին ու հասարակությանը արդյունքների ներկայացման մշտապես իրականացվող գործընթաց:

 

II.ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

4.Հայաստանում շրջակա միջավայրի ամբողջական ճառագայթային մոնիթորինգ չի իրականացվել մինչև 1974թվականը, երբ նախկին ԽՍՀՄ առողջապահության նախարարության «Բիոֆիզիկայի ինստիտուտ» (Մոսկվա) և միջին մեքենաշինության նախարարության «Օրգգրես» (Մոսկվա) կազմակերպությունների կողմից կատարվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (այսուհետև՝ ՀԱԷԿ) նախագծով սահմանված 30-կմ շառավղով դիտարկման գոտում «զրոյական ֆոնի» հետազոտություն: 1976թ. սկսեց աշխատել ՀԱԷԿ-ի արտաքին ճառագայթային հսկողության լաբորատորիան (ներկայումս՝ էկոլոգիական լաբորատորիան), որն էլ մինչ այսօր ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում (նախկինում՝ 30 կմ, իսկ ներկայում՝ շուրջ 10 կմ շառավղով) շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ համապատասխան տեխնիկական միջոցներ և մասնագիտական անձնակազմ ունեցող միակ մասնագիտացված կազմակերպությունն է:

5.Շրջակա միջավայրի առանձին օբյեկտներում (գետերում, լճերում, հողի վերին շերտերում, բույսերում, օդում, մթնոլորտային տեղումներում և այլն) ռադիոակտիվ նյութերի պարունակության առանձին, չհամակարգված հետազոտություններ Հայաստանում սկսվել են 50-ական թվականներին, որոնց նպատակն է եղել գնահատել միջուկային զենքի վերգետնյա փորձարկումների հետևանքով շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածությունը:

6.Հայհիդրոմետը, որպես նախկին ԽՍՀՄ հիդրոմետեորոլոգիական ծառայության ստորաբաժանում, մասնակի ճառագայթային չափումներ անցկացրել է Չեռնոբիլյան վթարից (1986թվականից) հետո: Հիմնականում փորձ է արվել չափել գամմա ճառագայթման դոզայի հզորությունը ստացիոնար մետեորոլեգիական կայանների տեղադրման վայրերում, սակայն սարքերի ցածր զգայնության պատճառով գրանցումներ չեն եղել: Միաժամանակ, Երևանում (Հաղթանակի զբոսայգուն հարող լանջի վրա տեղադրված կայանում), վերցվել են մթնոլորտային տեղումների սեդիմենտացիոն փորձանմուշներ, որոնք մշակվել ու հետազոտվել են նախկին ԽՍՀՄ Հիդրոօդերևութաբանական տեղեկատվության գիտահետազոտական ինստիտուտի տվյալների համաշխարհային կենտրոնում (Ռուսաստանի Դաշնություն, ք. Օբնինսկ):

7.ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման հետ կապված, ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) օժանդակությամբ, 1996 թվականին ՀԱԷԿ-ում տեղադրվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ավտոմատ համակարգ, որը թույլ էր տալիս անմիջական կապի ռեժիմում ստանալ ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում գամմա ճառագայթման դոզայի հզորության վերաբերյալ տվյալներ: Համակարգը ներկայումս տեխնիկական պատճառներով չի աշխատում և վերանորոգման կարիք ունի:

8.Անցյալ դարի 60-ական թվականների վերջում նախկին ՀՍՍՀ առողջապահության նախարարության սանիտարական և հակահամաճարակային հսկողության ծառայության կազմում ստեղծվել է ռադիոլոգիական խումբ, որի կազմում կար ռադիոմետրիկ լաբորատորիա: Լաբորատորիայում պետք է ընտրողաբար որոշվեր տեղական արտադրության սննդամթերքում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը: Սակայն լաբորատորիան լրիվ հզորությամբ (լիածավալ) չի աշխատել, որովհետև նրա կազմում չի եղել ռադիոքիմիական խումբ և բացակայել են անհրաժեշտ սարքավորումները: 1976թ. նման լաբորատորիա է ստեղծվել նաև նախկին ԽՍՀՄ առողջապահության նախարարության 3-րդ վարչության Մեծամոր բանավանում տեղակայված թիվ 131 բուժա-սանիտարական մասի հակահամաճարակային հսկողության կայանում, որը սակայն մասնագետների և անհրաժեշտ տեխնիկայի ոչ բավարար ապահովման պատճառով ևս չի գործել:

9.ՀԱԷԿ-ի գործարկման հետ կապված, 1976թ. նախկին ՀՍՍՀ գյուղատնտեսության նախարարության Հոկտեմբերյանի շրջանային անասնաբուժական լաբորատորիայում ևս տեղադրվել էր սարքավորում տեղական գյուղատնտեսական արտադրանքում (բանջարաբոստանային բույսեր, մրգեր, միս, ձուկ, պահածոներ) ռադիոակտիվ նյութերի առկայության ստուգման նպատակով, սակայն չի գործել սարքավորումների անկատարելիության և համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայության պատճառով:

10.Անցյալ դարի 60-ական և 70-ական թվականներին որոշ ռադիոմետրիկ (հիմնականում` ռադիոկենսաբանական) հետազոտություններ են անցկացվել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կազմում գործող բիոֆիզիկայի լաբորատորիայի կողմից:

11.1998-2005 թվականներին ՆԱՏՈ-ի հետ գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության որոշ ջրային ավազանների ճառագայթային հետազոտություններ են անցկացվել ՀՀ ԳԱԱ նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից:

12.Ռադոնի և դրա դուստր իզոտոպների հետազոտում, իրականացվել են 60-ական թվականներին: Սակայն դրանք կրել են ոչ պարբերական բնույթ և նպատակաուղղված են եղել սեյսմիկ ու այլ բնական երևույթներով պայմանավորված ռադոն գազի ելքի փոփոխության ուսումնասիրությանը:

13.50-ական թվականներին նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը որպես քաղաքացիական պաշտպանության գործառույթ կատարել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ճառագայթային վթարային իրավիճակներում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար պատասխանատու են ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունները:

15.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման գործառույթներ ունեն նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ–ը, (գամմա ճառագայթման դոզայի հզորության չափումներ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (խմելու ջրի ընդհանուր ակտիվության չափումներ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (վթարային մոնիթորինգ) և «Հայկական ատոմային էլեկտրակայանը» ՓԲԸ-ն (ՀԱԷԿ-ի դիտարկման գոտում ընթացիկ մոնիթորինգ):

16.«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքով շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման և վերահսկման պատասխանատվությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին:

 

III. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17.Հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձը և ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտների պահանջները, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգը պետք է ընդգրկի.

1) շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի իրականացման և վերահսկման համար լիազորված պետական կառավարման մարմինը.

2) շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունները.

3) շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման լաբորատոր կարողությունները:

18.Համադրելով այլ պետություններում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի կազմակերպման փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համար նախատեսված սարքավորումներն ու այլ տեխնիկական միջոցները բարոյապես ու ֆիզիկապես հնացած են, կարելի է փաստել, որ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է ձեռք բերել բազմաթիվ ժամանակակից ռադիոմետրիկ, դոզիմետրիկ և սպեկտրոմետրիկ սարքեր, փորձանմուշների, պատրաստման և ռադիոքիմիական անալիզների իրականացման համար նախատեսված սարքավորումներ, փորձանմուշների վերցման ու տեղային դոզիմետրիկ և սպեկտրոմետրիկ չափումների համար նախատեսված շարժական լաբորատորիաներ (ավտոմեքենաներ):

 

IV. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

19.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության հարցերով առկա են հետևյալ հիմնախնդիրները`

1) չկա շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ազգային ծրագիր, որը թույլ կտա, ըստ առաջնահերթության, սահմանել ճառագայթային մոնիթորինգի համակարգի բաղկացուցիչ տարրերը, մոնիթորինգի իրականացման ֆինանսավորման աղբյուրները, պատասխանատուներին, նրանց իրավասությունները.

2) շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններն անհրաժեշտ ժամանակակից սարքերի ու սարքավորումների, ռադիոքիմիական անալիտիկ լաբորատորիաների բացակայության և մասնագիտական կադրերի ոչ բավարար քանակության պատճառով չեն կարողանում անցկացնել շրջակա միջավայրի ամբողջական (լիածավալ) ճառագայթային մոնիթորինգ.

3) ոչ բավարար են իրականացվում ռադիոմետրիկ, դոզիմետրիկ և սպեկտրոմետրիկ սարքերի ստուգաչափման աշխատանքները, որի պատճառով ճշգրիտ չեն շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի տվյալները.

4) չկա շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ամբողջական տվյալների բազա, թերի է բազայի (հատկապես էլեկտրոնային) ստեղծման և զարգացման գործընթացը.

5) չկա շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ժամանակակից երկրատեղեկատվական համակարգ.

6) Հայաստանի Հանրապետության տարածքում չկա գամմա ճառագայթման դոզայի հզորության մոնիթորինգի ավտոմատ համակարգ, որը թույլ կտա ուղիղ կապի ռեժիմում ստանալ գամմա ճառագայթման դոզայի հզորության վերաբերյալ տվյալներ, որը կնպաստեր ճառագայթային վթարների (այդ թվում` այլ պետություններում տեղի ունեցած) արագ արձագանքմանը:

 

V. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

20.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության բարելավման համար պետք է իրականացվեն հետևյալ քայլերը.

1) մշակել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարության ներդրման աշխատանքների ժամանակացանկ.

2) մշակել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգը կանոնակարգող իրավական ակտեր.

3) կազմակերպել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի և վերահսկողության ուժեղացման ուղղված առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի մշակում, որոնք կնախատեսեն չափումների, տվյալների ստացման, հաղորդման ու մշակման ժամանակակից համակարգերի ներդնում.

4) մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունները հագեցնել ժամանակակից սարքավորումներով,

5) ապահովել գործող ռադիոմետրիկ, դոզիմետրիկ և սպեկտրոմետրիկ սարքերի ստուգաչափման և ստուգաճշտման աշխատանքների իրականացումը.

6) ստեղծել և զարգացնել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի տվյալների բազան (այդ թվում՝ էլեկտրոնային).

7) ապահովել շահագրգիռ մարմինների կողմից շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի տեղեկատվության լիարժեք օգտագործումը.

8) մշակել պետական կառավարման մարմինների միջև մոնիթորինգի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգ.

9) ապահովել մոնիթորինգի արդյունքների գնահատման համար անհրաժեշտ մոդելների և հաշվարկային ծրագրերի մշակումն ու ներդնումը.

10) հզորացնել շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի աշխատանքները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ կադրային ռեսուրսները.

11) ապահովել շրջակա միջավայրի ճառագայթային իրավիճակի մասին մարդկանց իրազեկության բարձրացումը` այդ թվում պետական զեկույցների պատրաստման և տարածման միջոցով:

 

VI. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

21.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի տվյալների բազան պետք է ընդգրկի շրջակա միջավայրում ճառագայթային իրավիճակի գնահատման համար անհրաժեշտ բոլոր տվյալները: Տվյալների բազայում պետք է ներկայացվեն.

1) Շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսակետից հետևյալ նշանակալի ռիսկի օբյեկտները.

ա) միջուկային տեղակայանքները (ատոմային կայան, աշխատած միջուկային վառելիքի պահեստարան).

բ) ռադիոակտիվ թափոնների վերամշակման տեղակայանքները, պահեստարանները և գերեզմանոցները.

գ) բաց ռադիոակտիվ նյութերի հետ աշխատանքներ իրականացնող այլ օբյեկտները.

դ) ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված ազատման մակարդակներից բարձր քանակությամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքանյութեր արդյունահանող և վերամշակող օբյեկտները:

2) Բնական ռադիոակտիվ նյութերի (ռադոն, ռադոնի դուստր իզոտոպներ) նշանակալի արտազատմամբ տեղանքները (տարածքները).

3) Բնական ճառագայթման բարձր մակարդակ ունեցող տեղանքներ (տարածքներ).

4) Շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսակետից ճառագայթային անվտանգության կանոններով սահմանված բարձր ռիսկի օբյեկտներից ռադիոակտիվ արտանետումների և արտահոսքերի քանակը և իզոտոպային կազմը.

5) Շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսակետից ճառագայթային անվտանգության կանոններով սահմանված բարձր ռիսկի օբյեկտների դիտարկման գոտիներում ճառագայթային իրավիճակը բնութագրող հետևյալ տվյալները.

ա)գամմա ճառագայթման դոզայի հզորությունը գոտու տարբեր կետերում.

բ) մթնոլորտային օդի ռադիոակտիվ աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը).

գ) մթնոլորտային տեղումներով պայմանավորված գոտու տարածքների ռադիոակտիվ աղտոտվածությունը (մակերեսային ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը).

դ) հողում, բուսականության մեջ, մակերևութային ջրերում (լճեր, գետեր, ջրամբարներ և այլն) ռադիոակտիվ աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը).

ե) խմելու և ոռոգման ջրերի ռադիոակտիվ աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը).

զ) մակերևութային և ոռոգման ջրերի ամբարների և ջրատարների հատակի նստվածքների և ջրիմուռների աղտոտվածությունը.

է) ստորգետնյա ջրերի ռադիոակտիվ աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը).

ը) տեղական արտադրության սննդամթերքի ռադիոակտիվ աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը):

6) ռադոնի նշանակալի արտազատմամբ տարածքներում եղած բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների սենքերում ռադոնի տեսակարար ծավալային ակտիվությունը.

7) բնական ճառագայթման բարձր մակարդակ ունեցող տեղանքներում գամմա ճառագայթման դոզայի հզորությունը.

8) արդյունահանվող շինանյութի (քար, ավազ և այլն) բնական ռադիոակտիվ նյութերով (կալիում-40, ուրան-235, ուրան-238-, թորիում-232 և այլն) աղտոտվածությունը (տեսակարար ընդհանուր ակտիվությունը, ռադիոիզոտոպային կազմը):

22.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի տվյալների բազայի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ պահանջները սահմանվելու են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

 

VII. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

23.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) պետական բյուջեն.

2) շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման տեսակետից նշանակալի ռիսկի օբյեկտների բյուջեները.

3) դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական հատկացումները.

4) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

 

VIII. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

24.Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի վերահսկողությունը պետք է նախատեսի.

1) մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունների մոնիթորինգային ծրագրերի կատարման ստուգում.

2) մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումների ու սարքերի գործունակության և ճշգրտության ստուգում.

3) մոնիթորինգի իրականացման որակի ապահովման ստուգում.

4) մոնիթորինգ իրականացնող անձնակազմի որակավորման ստուգում:

 

IX. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

25.Սույն ռազմավարության և դրանից բխող միջոցառումների իրագործումը կբերի Հայաստանի Հանրապետության բնակչության ճառագայթային անվտանգության բարձրացմանը և կնպաստի միջուկային ու ճառագայթային անվտանգության հարցերով միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը: