Գլխավոր տեղեկություն
Համար
N 8
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (13.03.2015-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 փետրվարի 2015 թվականի N 8

 

32. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿԻՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3-րդ կետը`

1. Հավանություն տալ`

1) ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության 2015 թվականի ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության 2015 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին և ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 26-ի նիստի N 8
արձանագրային որոշման

 

2 0 1 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

«ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակություն» ծրագիրը /այսուհետ Ծրագիր/ մշակվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշման հավելվածի 2.1.3. կետի:

Ծրագիրը սահմանում է ԱՊՀ երկրների հայ համայնքների կյանքում առկա մարտահրավերները, կրթամշակութային խնդիրները, դրանց լուծմանը նպատակաուղղված 2015 թվականի միջոցառումների ցանկը:

 

I. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

1. Ռուսաստանի Դաշնություն

 

 Ռուսաստանում հայկական սփյուռքի ձևավորման առավել ակտիվ շրջանը կապված է խորհրդային տարիների հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և Արցախում հայ ազգային զարթոնքին զուգահեռ հայկական հասարակական, ազգային-մշակութային, բարեգործական, երիտասարդական կազմակերպություններ են հիմնադրվել ՌԴ հայաշատ երկրամասերում, մարզերում և քաղաքներում: Միաժամանակ ընթացել են անքակտելի երկու գործընթացներ` հայկական սփյուռքի ինստիտուցիոնալ ձևավորում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր իրավունքների վերականգնում ու հոգևոր կյանքի աշխուժացում: Այսօր իրենց կազմակերպվածությամբ, ակտիվությամբ, հայապահպանության և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ նշանակալի դերակատարությամբ աչքի են ընկնում Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պերմի, Պրիմորիեի, Խաբարովսկի, երկրամասերի, Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի, Կալինինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովոսիբիրսկի, Օրենբուրգի, Օմսկի, Չելյաբինսիկի, Տյումենի, Տուլայի, Կալուգայի, Տվերի, Սարատովի, Սամարայի, Յարոսլավլի, Ուլյանովսկի, Ռյազանի մարզերի, Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների, Հյուսիսային Օսեթիա-Ալանիա, Բաշկորտոստանի, Ադըղեայի, Թաթարստանի հանրապետությունների հայկական հասարարական կազմակերպություններն ու ազգային-մշակութային ինքնավարությունները:

2010 թվականի պաշտոնական տվյալներով ՌԴ-ում բնակվում է շուրջ 1. 2 միլիոն հայ, ոչ պաշտոնական տվյալներով` շուրջ 2.5 միլիոն:

Ռուսաստանի մի շարք շրջաններում` Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր, Ռոստովի մարզ, հայերն իրենց թվով երկրորդ տեղն են զբաղեցնում ռուսներից հետո և, ի տարբերություն շատ այլ ազգերի, համահավաք բնակվում են առանձին բնակավայրերում:

Ռուսաստանի դաշնային վարչական տարածքների մեծ մասում գործում են հայկական ազգային-մշակութային ինքնավարություններ, համայնքային հասարարական, գործարարների, երիտասարդական, կանանց, ուսանողական կազմակերպություններ և միություններ:

Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, ազգային երգի ու պարի համույթներ: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի էլեկտրոնային կայքէջեր և թերթեր: Հայ ազգային ու Հայաստանի Հանրապետության պետական տոների, պատմամշակութային նշանակալից տարեթվերի առթիվ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, իրականացվում են տարբեր ծրագրեր։

Ռուսաստանի հայ համայնքը մեծ ակտիվություն է ցուցաբերում հայկական եկեղեցաշինության, կիրակնօրյա դպրոցների բացման, մարզական համահայկական խաղերի մասնակցության, ռուսական կենտրոնական և տարածաշրջանային հեռուստաալիքներով հայկական հաղորդումների հեռաձարկման գործում:

Ռուսաստանի Դաշնության տարածքում գործում է շուրջ 40 հայկական եկեղեցի: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ՌԴ-ում ունի երկու թեմ` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի (թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյան), Հարավային Ռուսաստանի (թեմի առաջնորդ Եզնիկ եպիսկոպոս Մովսիսյան):

Ռուսաստանի հայ համայնքը հիմնականում համախմբված է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության շուրջ:

Չնայած այդ ամենին՝ համայնքների շուրջ համախմբվում է հայության փոքր մասը, իսկ ճնշող մեծամասնությունը, զբաղված լինելով ընտանիքի գոյության համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելով, բավարարվում է տոների առիթով եկեղեցի այցելելով՝ այսպիսով կամաց-կամաց նահանջելով ազգային արմատներից։

 

2. Ուկրաինայի հայ համայնք

 

Համաձայն պատմագիտական տվյալների` Ուկրաինայում հայերի ներկայությունն արձանագրվել է դեռևս 2200 տարի առաջ: Այդ մասին է վկայում հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը, որի անքակտելի մասն են կազմում բազմաթիվ հայկական եկեղեցիներն ու հուշարձանները:

Ոչ պաշտոնական տվյալներով Ուկրաինայում ապրում է շուրջ 500-600 հազար հայ: Միայն Կիևում բնակվում է շուրջ 40 հազար հայ: Հայ համայնքի 70% այժմ կազմում են հետխորհրդային շրջանում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից և այլ երկրներից Ուկրաինա մշտական բնակության մեկնած մեր հայրենակիցները:

 Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձություններով պայմանավորված հայերի թիվը նվազել է:

Սկսած 1988 թվականից ուկրաինական գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում հիմնվել են հայկական հասարակական կազմակերպություններ: Ուկրաինայում գործում է հայ համայնքին վերադարձված, վերանորոգված և նոր կառուցված ավելի քան քսան հայկական եկեղեցի:

2001թվականին Ուկրաինայում հիմնադրվել է համաուկրաինական կառույց` «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը (ՈւՀՄ), որն իր բնույթով առավելապես համայնքային հասարակական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին է: Ուկրաինայում գործում է 30 կազմակերպված տարածաշրջանային համայնք: Միությունը համագործակցում է Ուկրաինայի բոլոր պետական կառույցների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, այլ կառույցների ուժերի հետ:

Իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում Կիևի Խարկովի, Օդեսայի, Ժիտոմիրի, Լվովի հայ համայնքները։ Ակտիվ գործունեություն է ծավալում ՈՒՀՄ-ին կից գործող ՈՒկրաինայի հայ երիտասարդների միությունը:

ՈւՀՄ-ի հովանավորությամբ գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ, տպագրվում են թերթեր: Հրատարակվում է միության ռուսալեզու «Հայկական լրատու», «Վերնատուն» և «Արագած» եռալեզու թերթերը:

 

3. Բելառուսի հայ համայնք

 

Բելառուսի հայ համայնքը հիմնվել է 1990 թվականին (գրանցվել է 04.01.1992թ.)` հայ մտավորականների և խոշոր գործարարների նախաձեռնությամբ:

1999 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` Բելառուսում բնակվել է 10 191 հայ, որից 2 800-ը՝ Մինսկում: 2003թվականի ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվը հասնում է շուրջ 30 հազարի: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը` բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո:

Բելառուսի հայ համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն ունի ավելի քան 300 անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, ով միաժամանակ Բելառուսի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:

Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002 թվականին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուի էջերում հիշատակվում է տասը հայի անուն: Մինսկի հինգ փողոց կրում է հայորդիներ Մյասնիկյանի, Գայի, Ալիբեգովի, Ավագյանի, Այվազովսկու անունները։

1991թվականին հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և 1988թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Բելառուսում գործում է հայկական ևս չորս հասարակական կազմակերպություն` Մոգիլյովի «Մասիս» մարզային բարեգործական հայկական հասարակական միավորում (ունի բաժանմունք նաև Բոբրույսկ քաղաքում), Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» տարածաշրջանային հասարակական միավորում, Բրեստում, Վիտեբսկում, Գոմելում և «Ս.Գրիգոր Լուսավորիչ» կրոնական համայնքի ղեկավար՝ Անդրոնիկ Համբարձումյան:

Բելառուսում գործում են «Էրեբունի» երգի-պարի ազգագրական, «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, Մորֆե Աքուսթիք Բանդ” ( Mօrfe Acօսstic Baոd”) ջազային խումբը: 1991թվականից Մինսկում գործում է կիրակնօրյա դպրոց, որի աշակերտների թիվը վերջին 2 տարում հասել է 150-ի:

Բելառուսում հրատարակվում է «Միասին» թերթ և գործում է «Miasiո. By» կայքը:

 

4. Մոլդովայի հայ համայնք

 

 Ներկայումս Մոլդովայի տարածքում բնակվում է շուրջ 12 հազար հայ՝ հիմնականում Քիշնև, Բելց, Հնչեշտ, Նոր Անենի, Կամրատ, Ունգենի և Բենդեր ու Գրիգորիուպոլ (վերջին երկուսը չճանաչված Մերձդնեստրովյան Հանրապետությունում) քաղաքներում: Մոլդովայի հայ համայնքում գործում է չորս հայկական հասարակական կազմակերպություն՝ «Մոլդովայի հայ համայնք» (1992թ.), «Մոլդովայի Հանրապետության Հայկական Սփյուռք» (2000թ.) և Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» կազմակերպություն (1998թ.), որոնք միավորվել են «Մոլդովայի Հանրապետության` Հայկական կազմակերպությունների միության» մեջ։

Կազմակերպության ղեկավարի ջանքերով ամեն տարի մեծ շուքով նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները:

Մոլդովայում գործում են հայկական 3 եկեցիներ, որից երկուսը Քիշնևում` Սուրբ Աստվածածին (կառուցված 1804թ.) և Սուրբ Հարություն (կառուցված 1904թ.), երրորդ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին` Բելց քաղաքում։

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը շուրջ 60 տարի գտնվել է լեհական կաթոլիկ եկեղեցու տրամադրության տակ և չի ծառայել հայությանը, 1992 թվականից իր հարակից տարածքով և շինություններով 25 տարվա անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Մոլդովայի հայ համայնք» կազմակերպությանը: «Մոլդովայի Հանրապետության հայկական սփյուռք» կազմակերպության ջանքերով եկեղեցին վերանորոգվել է, իսկ նրա հարակից տարածքում բացվել է կիրակնօրյա դպրոց և «Արմենիա» հայկական մշակույթի կենտրոն:

 

5. Թուրքմենստանի հայ համայնք

 

Թուրքմենստանի հայ բնակչությունն ինքնակազմակերպման սակավ հնարավորություններ ունի, քանի որ երկրում հասարակական կազմակերպությունների, առավել ևս՝ ազգային կառույցների գրանցումը և գործունեությունը լուրջ խոչընդոտների է հանդիպում: Աշգաբադի հայ համայնքը փորձել է գրանցվել 1992 թվականին, սակայն մերժվել է իշխանությունների կողմից:

 1995 թվականի մարդահամարի տվյալներով Թուրքմենստանում բնակվում էր 33.6 հազար հայ։ 2003 թվականի պաշտոնական տվյալներով հայերի թիվը նվազել էր շուրջ 10 հազարով և կազմում էր 20-25 հազար, որից 20,6 հազարն ապրում էր Աշգաբադում, 910-ը՝ Ախալում, 5260-ը՝ Բալկանում, 177-ը՝ Դաշխովուզում, 1553-ը՝ Լեբապում, 5132-ը՝ Մառիում:

 Նրանցից տնտեսապես ակտիվ է շուրջ 15 800 մարդ, սակայն շատ հարուստ կամ բարձրաստիճան անձինք չկան: Թուրքմենստանում առկա սոցիալ-տնտեսական բարդ իրադրության հետևանքով հայերի մի ստվար զանգված այժմ էլ ունի երկիրը լքելու տրամադրվածություն: Հայության արտահոսքը Թուրքմենստանից պայմանավորված է երկրի տնտեսական և հասարակական կյանքի սահմանափակ հնարավորություններով:

 

6. Ղազախստանի հայ համայնք

 

2009 թվականի պաշտոնական տվյալներով՝ Ղազախստանում բնակվում է շուրջ 25 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներով` շուրջ 80.000: Նրանք հիմնականում բնակվում են Ալմաթի, Կուստանայ, Ակտյուբինսկ, Կարագանդա, Ակտաու քաղաքներում:

Ղազախստանում գործում են 18 հայկական համայնքային կազմակերպություններ, որոնց մի մասը միավորված է հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» միության կազմում, իսկ մյուս մասը համախմբվել է Ղազախստանի հայերի միության «Մասիս» ընկերակցության շուրջը։ Ղազախստանի հայկական սփյուռքը, ի դեմս «Նաիրի» միության, ներկայացված է Ղազախստանի ժողովրդի վեհաժողովում (ասամբլեա): 2014թվականին հիմնված երկու համայնքային կառույցներ՝ «Ղազախստանի հայերի միություն» հանրապետական հասարակական կազմակերպությունը և «Մասիս» միությունը նույնպես քայլեր են ձեռնարկել այդ ասամբլեայի կազմում ընդգրկվելու ուղղությամբ։ 2013 թվականից սկսած՝ ակտիվ գործունեություն է ծավալում Ղազախստանի հայկական երիտասարդական կազմակերպությունը։

Համայնքային կազմակերպություններին կից գործում են 9 կիրակնօրյա դպրոցներ, որտեղ դասավանդվում են հայոց լեզու, հայկական մշակույթ, հայոց պատմություն: Ղազախստանի գրեթե բոլոր քաղաքներում հայկական մշակութային կենտրոններին կից գործում են պարային և երաժշտական համույթներ:

 

7. Տաջիկստանի հայ համայնք

 

1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երկրում ստեղծված անկայուն քաղաքական վիճակի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթը Տաջիկստանից: 1994 թվականին Տաջիկստանում բնակվում էր 6000 հայ, որոնց մեծ մասը կենտրոնացած էր մայրաքաղաք Դուշանբեում: 2003 թվականի տվյալներով հայերի թիվը երկրում կազմում էր շուրջ 3 000: 1989 թվականից Դուշանբեում գործում է «Մեսրոպ Մաշտոց» հայկական մշակութային ընկերությունը: Համայնքում կարևորվում է Տաջիկստանի հայերի զբաղվածության խնդիրը, հայերենի և հայոց պատմության ուսուցման կազմակերպումը, բացվել է կիրակնօրյա դպրոց, որտեղ հայերեն են սովորում նաև երեխաների ծնողները:

 

8. Ուզբեկստանի հայ համայնք

 

2005 թվականի պաշտոնական տվյալներով Ուզբեկստանում բնակվում էր շուրջ 80 հազար հայ, որից 50 հազարն ունի Ուզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (30 000) և Սամարղանդ (32 000) քաղաքներում: Սակավամարդ հայկական համայնք կա նաև Անդիժանում:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ուզբեկստանի հայերը հնարավորություն են ստացել դրսևորելու իրենց ավանդական ձեռներեցությունը և նախաձեռնությունը: Տաշքենդում, Սամարղանդում, Անդիժանում, Ֆերգանայում և այլ քաղաքներում նրանք հիմնել են առևտրական տարբեր ձեռնարկություններ, բացել սրճարաններ, պանդոկներ, դարձել սեփականաշնորհված գործարանների և ֆաբրիկաների տերեր: Դրա հետ մեկտեղ՝ համայնքում սկսվել է ազգային ինքնագիտակցության զարթոնքը:

Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո (1991թ.) հիմնվել են Տաշքենդի Հայ մշակույթի կենտրոնը և Սամարղանդի «Լույս» մշակութային կենտրոնը, որոնք միավորված են Ուզբեկստանի հայ ազգամշակութային կենտրոնի ներքո: Տաշքենդում և Սամարղանդում գործում են հայկական եկեղեցիներ: Համայնքն ունի երկլեզու ամսագիր՝ «Դեպի ապագա», և կիրակնօրյա 2 դպրոց։

 

9. Ղրղզստանի հայ համայնք

 

2003թվականի պաշտոնական տվյալներով Ղրղզստանում բնակվում է 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 հազար հայ, որոնք կենտրոնացած են գլխավորապես մայրաքաղաք Բիշկեքում: Հայերը բնակվում են նաև Չույսի, Օշի և Ջալալ Աբադի մարզերում:

2004 թվականին Ղրղզստանի հայ համայնքը համալրվել է Թուրքմենստանից գաղթած հայերի հաշվին:

Հայերի թվում շատ են միջին և մանր ձեռներեցները, արհեստավորները, պետական համակարգի աշխատակիցները (բժիշկներ, դասախոսներ, ուսուցիչներ): Նրանց 50% տիրապետում է մայրենի լեզվին, պարբերաբար այցելում է Հայաստան և մշտական կապ պահպանում Հայաստանում բնակվող իրենց բարեկամների հետ:

1996թվականին Ղրղզստանում ստեղծվել է «Ղրղզստանում հայերի «Քարավան» հասարակական միավորումը», որը 2009 թվականին վերանվանվել է «Նաիրի»: Համայնքին կից գործում է պարային համույթ և կիրակնօրյա դպրոց, որն ունի որակյալ կադրերի կարիք: Հայերը մասնակցում են Ղրղզստանում կազմակերպված մշակութային միջոցառումներին: Համայնքը Ղրղզստանի ազգերի վեհաժողովի հովանու ներքո մասնակցել է համահանրապետական մշակութային միջոցառումներին և մրցույթներին: Միավորումն իրականացնում է հայապահպան գործունեություն` ուղղված երիտասարդ սերնդի դաստիարակությանը և հայ մշակույթի ու կրթության հանրամատչելիացմանը:

 

II. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Տարածաշրջանում տարբեր գնահատականներով բնակվում է շուրջ երեք միլիոն հարյուր երեսուն հազար հայ, որից Ռուսաստանում` 2.5 միլիոն, Ուկրաինայում` 400 հազար, Բելառուսում` 30 հազար, Մոլդովայում` 12 հազար, Թուրքմենստանում՝ 22 հազար, Ղազախստանում՝ 80 հազար, Տաջիկստանում՝ 3 հազար, Ուզբեկստանում՝ 80 հազար.

2. գաղթօջախների աշխարհագրական դիրքը (ռուսաց լեզվի ազդեցության ոլորտի առկայությունը) և մեծ հեռավորությունը հայաշատ, կայուն գաղթօջախներից հանգեցնում են հայկական սփյուռքի ազգային դիմագծի աղավաղումների ու կորստի.

3. երիտասարդ սերունդը հիմնականում չի տիրապետում մայրենի լեզվին կամ տիրապետում է միայն խոսակցական լեզվին, որն էլ, գործածության ոլորտ չունենալով, աստիճանաբար մոռացվում է.

4. մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները (մոտավորապես 60 տոկոս).

5. առանձին երկրներում (Մոլդովա, Տաջիկստան, Ղրղզստան, ՌԴ հեռավոր դաշնային օկրուգներ և այլն) թույլ է համայնքի կապը Հայաստանի Հանրապետության և այլ հայաշատ գաղութների հետ.

6. հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն օրավուր նվազում է, որն ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները (հայերեն սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, մյուսներին մայրենի լեզուն սովորելն անհեռանկարային է թվում), գաղթօջախներում մեծ է ռուսական կրթություն ունեցող հայերի տեսակարար կշիռը (հիմնականում Ադրբեջանից գաղթած հայերը), երեխաներն ու երիտասարդները խուսափում են հայկական կիրակնօրյա դպրոցներից, դա դիտում են՝ որպես իրենց հանգստի օրվա կորուստ կամ ավելորդ զբաղվածություն, Միջինասիական տարածաշրջանի երկրներում բնակվող հայերի համար հայերենը դառնում է երրորդ լեզու, որովհետև նրանք պարտադրված են սովորել իրենց բնակության երկրի լեզուն և ռուսերենը։

7. դպրոցական գրադարաններում, գրախանութներում և մշակութային կենտրոններում չկան հայատառ գրքեր (գեղարվեստական, պատմամշակութային, քաղաքական և այլն), ինչը բարդացնում է լեզվի ուսուցումը.

8. բացակայում են հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության առարկաների ուսումնական միասնական ծրագրերը, հարցի նկատմամբ ուսուցիչները հաճախ դրսևորում են կամայական (ոչ արհեստավարժ) մոտեցում.

9. սակավադեպ են տարածաշրջանի երկրների երիտասարդների, պատանիների ու աղջիկների այցելությունները մայր հայրենիք (այս առումով վիճակը, թերևս, բարվոք է միայն ՌԴ-ում).

10. համայնքների անդամների գերակշիռ մասը ընդգրկված չէ բարեսիրական, մշակութային, կրթական, կանանց միություններում:

11. ներկայում հայկական համայնքներում հայապահպանությունը դարձել է տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական և այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:

 

III. ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

 

1. Գնալով մեծանում է հայկական սփյուռքի ուծացման և հայության լեզվամշակութային ինքնության կորստի վտանգը: Երիտասարդ սերունդը ընդհանրապես չի տիրապետում մայրենիին (հատկապես՝ գրավոր լեզվին) կամ կարողանում է միայն բանավոր հաղորդակցվել։ Հայերենի վատ կամ սահմանափակ իմացությունը հաճախ խոչընդոտում է հայ մարդու` գաղթօջախի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում ներգրավվելուն և հետագայում դառնում է նրա առավել մեկուսացման ու օտարացման պատճառ:

2. ԱՊՀ երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային ինքնության թուլացումը դարձել է սպառնալիք տարածաշրջանում հայ համայնքների համար, ուստի հայության համար արդիական և հրատապ է մտավոր և հոգևոր արժեքների և ներուժի պահպանման, հայության համար վճռորոշ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գործուն մասնակցությունը։

3. Համայնքներում խիստ զգացվում է բոլոր կառույցներին ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական հոգածության և աջակցության կարիքը:

4. Ընդհանուր առմամբ համայնքներում մշակութային կյանքը թույլ է, անկազմակերպ ու մեկուսացված, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս յուրացնելու այլ մշակութային արժեքներ` ստորադասելով հայկականը: Առանձնապես զգացվում է Հայաստանի Հանրապետությունում կրթություն ստացած կամ վերապատրաստված մասնագետների կարիք: Տարածաշրջանում գործող մշակութային միությունների և հայաստանյան նմանատիպ կառույցների միջև կապը թույլ է և չհամակարգված:

5. Հրամայական է դարձել ծագումով հայ երիտասարդներին հայադարձության նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզվի ուսուցումը, երիտասարդական կապերի ընդլայնումը, հնարավորության շրջանակներում նրանց մասնագիտական կրթության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության բուհերում:

6. Շատ քիչ են հայկական բաղադրիչով դպրոցները, ընդ որում նրանցում հայոց լեզվի դասավանդման վիճակը հեռու է բավարար լինելուց, չկան հայոց լեզվի և պատմության միասնական դասագրքեր, ուսումնական ծրագրեր վերանայման և համակարգման խիստ կարիք ունեն:

7. հայերեն թերթերի և ամսագրերի, ռադիո և հեռուստահաղորդումների պակասն ու ցածր որակն իրենց հերթին բացասաբար են անդրադառնում համայնքներում ազգային նկարագրի պահպանման և զարգացման վրա:

 Նշված հիմնախնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի աշխատանքներ` հայ համայնքների հետ հուսալի և արդյունավետ կամուրջներ ստեղծելու, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խթանելու, կրթական, մշակութային և հայագիտական օջախների արդյունավետ գործունեությանը, համայնքներում առկա ներուժի հաշվառմանը, համախմբմանը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցելու համար:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակներն են`

1. ԱՊՀ հայ համայնքներում ազգային ինքնության ամրապնդում և պահպանում.

2. հայեցի կրթության համակարգի ընդլայնում և արդյունավետության շեշտակի բարձրացում, այդ թվում` տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հրատարակում.

3. աջակցություն ԱՊՀ երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը.

4. ԱՊՀ երկրներում հայկական ներուժի հայտնաբերում, համախմբում, համակարգող մարմինների ստեղծում.

5. աջակցություն համահայկական տեղեկատվական բազայի ձևավորմանն ու զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և հայկական աշխարհի մասին տեղեկատվության հասանելիությանն ու մատչելիությանը, Հայաստանի Հանրապետության և ԱՊՀ երկրների հայ համայնքների փոխադարձ կապի միջոցների զարգացման խթանում, հայ համայնքների մասին տեղեկատվության տարածում.

6. նպաստել հանրային հեռուստատեսության` սփյուռքի համար նախատեսված ծրագրերի բովանդակության և որակի բարելավմանը, դրանք նպատակաուղղել տարածաշրջանի կրթամշակութային և հայապահպանության խնդիրների լուծմանը.

7. նպաստել ԱՊՀ հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մշակութային կյանքի փոխադարձ ներկայացմանն ու միջհամայնքային մշակութային կապերի ամրապնդմանը, խրախուսել ու աջակցել Հայաստանից և հայաշատ գաղութներից տարբեր ստեղծագործական խմբերի, համույթների և անհատ արտիստների փոխադարձ այցելությունների, ելույթների կազմակերպմանը.

8. օժանդակել գաղթօջախներում նոր կրթական համակարգերի ներդրմանը, ուսուցիչների պատրաստմանն ու վերապատրաստմանը, համապատասխան դասագրքերով, ձեռնարկներով, մեթոդական նյութերով, մանկական հանրագիտարաններով, գրքերով, քարտեզներով ապահովմանը.

9. սփյուռքահայ կազմակերպությունների հետ մեկտեղ հայերենի, հայ դպրոցի և հայ ընտանիքի քարոզչություն.

10. կրթօջախներին տարբեր բնույթի օգնություն ցուցաբերելու նպատակով ԱՊՀ երկրների գաղթօջախների և Հայաստանի դպրոցների միջև «քույր» դպրոցների ցանցի ընդլայնում.

11. օժանդակել կիրակնօրյա դպրոցների բացմանը, դրանցում սովորողների թվի ավելացման, դասագրքերով, հայագիտական բովանդակությամբ էլեկտրոնային նյութերով ապահովելու գործին.

12. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայագիտական կենտրոնների, մասնավորապես, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի համալսարանների հայագիտական ամբիոնների հետ համագործակցության խորացմանը.

13. նպաստել հեռավար ուսուցման միջոցով հայ համայնքներում հայեցի կրթական ծրագրերի ներդրմանը և իրականացմանը.

14. նպաստել նոր կրթական ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը, դասագրքերի մշակման ու հրատարակման, հայ գրականության արժեքների ամբողջական ժողովածուների ստեղծման աշխատանքներում ընդգրկել ԱՊՀ երկրներում բնակվող հայ մասնագետներին.

15. Հայաստանը` որպես հայի օջախ կառուցելու գործին ԱՊՀ երկրների հայ համայնքների մասնակցության խթանում, համայնքի ավելի մեծ թվով երիտասարդների ընդգրկում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» խորագրով` սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան և այլ ծրագրերում.

16. համահայկական մասնագիտական խմբերում և գիտաժողովներում ԱՊՀ երկրներում բնակվող հայ գիտնականների, մասնագետների և վերլուծաբանների մասնակցության ապահովում.

17. Հայաստանի մտավորականների մասնակցության ապահովում ԱՊՀ երկրներում կազմակերպվող համահամայնքային միջոցառումներին, գիտաժողովներին և այլն.

18. ԱՊՀ երկրներում բնակվող հայ արվեստագետների ներգրավում Հայաստանի մշակութային կյանքում, մշակութային համահայկական ծրագրեր (փառատոններ, ցուցահանդեսներ, հյուրախաղեր և այլն) իրականացնելու գործում.

19. նպաստել ԱՊՀ երկրներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների հաշվառմանը` հնարավորություն ստեղծելով դրանց համար ապահովելու պետական հոգածություն:

20. գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի և արտերկրի հայկական պատմամշակութային արժեքների մասին հայերեն, ռուսերեն կամ անգլերեն նյութերի հրատարակման ու տարածման ուղղությամբ.

21.տարածաշրջանում ապրող այլալեզու հայերի վերաինտեգրման գործընթացների խթանում` ուղիներ գտնելով նրանց իրենց ազգային արմատներին վերադարձնելու համար:

 

V. ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվերով իրականացնելու է «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի (բաժին 08, խումբ 02, դաս 05). «03.Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «ԱՊՀ հայ համայնքների կրթամշակութային զարգացում» միջոցառման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 26-ի նիստի N 8
արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ  Ե Վ  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

 ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը

Իրականացման ուղիները

Ակնկալվող արդյունքը

ժամանակացույց

Պատասխանատու մարմիններ

1.

ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում տեղերում և / կամ ՀՀ-ում

Օժանդակություն հայեցի կրթության և դաստիա- րակության, հայոց լեզվի, հայ գրականության, հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմության դասավանդման որակի բարձրացման գործին

ԱՊՀ երկրների հայկա կան համայնքների դպրոցների ուսուցիչների մասնակցությունը «Սփյուռք» ամառային դպրոցի վերապատ- րաստման դասընթացներին:

Տարեկան մինչև 50 ուսուցչի վերապատրաստում

2015 թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2.

Հայրենագիտական առարկաների գծով աշակերտական օլիմպիադաների և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայով շարադրությունների մրցույթների կազմակերպում

Դպրոցականների շրջանում մայրենի լեզվի, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքության ձևավորում, հայագիտական առար-կաների և մայրենի լեզվի ուսումնասիրման խթանում

Ամենամյա համահայ- կական մրցանակաբաշխության շրջանակներում շարադրությունների մրցույթներին ԱՊՀ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների ընդգրկուն մասնակցություն

Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքության ձևավորում, գիտելիքների զարգացում

2015 թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

3.

Աջակցություն տարածաշրջանի հայկական համայնքներին (ՀՀ խորհրդանշանների տրամադրում)

Սփյուռքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին հայկական շունչ հաղորդելու համար

ՀՀ դրոշակների և քարտեզների ձեռքբերում և տրամադրում տարածաշրջանի հայկական համայնքներին

տարեկան մինչև 10 համայնքի
ՀՀ դրոշակների և քարտեզների տրամադրում

2015 թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

4.

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մշակութային համույթների, ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների համերգների, ներկայացումների և դասախոսությունների և հանդիպումների կազմակերպում համայնքներում

Հայ ոգու և մշակութային արժեքների քարոզում, ազգային ինքնության զորացում, հաայնքների մշակութային կյանքի աշխուժացում, լեզվամշակութային ուծացման դիմակայում

Այցերի և համերգ-ներկայացումների ծրագրերի և ժամանակացույցերի կազմում, տեղական կառույցների հետ համաձայնեցում, ստեղծագործական խմբերի գործուղումներ համայնքներ, հայաշատ համայնքներում միջոցառումների անցկացում

Լեզվամշակութային ուծացման դիմակայում, համայնքների մշակութային կյանքի աշխուժացում

2015 թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

5.

Երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումների, կլոր սեղանների կազմակերպում տարածաշրջանում և /կամ ՀՀ-ում

Երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացում, միմյանց և հայրենիքի հետ կապերի ամրապնդում, մատաղ սերնդի հայեցի դաստիարակություն

օժանդակել համահայ- կական երիտասարդա -կան համաժողովներին, հավաք-հանդիպումներին, կլոր սեղաններին ԱՊՀ երկրների հայկական համայնքների երիտասարդական կազմակեր- պությունների ներկայա- ցուցիչների առավել ընդգրկուն մասնակցությանը

Ցանցային կառույցների ստեղծում, համակարգող մարմնի ձևավորում հավաք հանդիպումներ տարածաշրջանում

2015 թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

6.

Աջակցություն հայկական համայնքների մշակութային խմբերի ձեռնարկումներին ՀՀ-ում և Սփյուռքում

Աջակցություն հայ ինքնության պահպան- մանը,հայադարձությանը, մշակութային կյանքի ակտիվացմանը, Հայաստանի հետ կապերի սերտացում

«Իմ Հայաստան» և «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոններին և այլ մշակութային միջոցառումներին տարածաշրջանի ինքնագործ համույթների մասնակցություն

տարածաշրջանից տարեկան 3 ինքնագործ խմբի մասնակցություն համահայկական փառատոններին

2015թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

7.

Տարածաշրջանի հայկական համայնքների ստեղծման և գործունեության վերաբերյալ ճանաչողական ֆիլմերի նկարահանում

Սփյուռքի հայկական համայնքների մասին պատմող ճանաչողական ֆիլմաշարի ստեղծում, գործող համայնքային կառույցների միջև կապերի խորացում,

հայկական հոգևոր և մշակութային արժեքների քարոզում

Համայնքի մասին ճանաչողական ֆիլմ նկարահանելու նպատակով նկարահանող խմբի գործուղում ընտրված համայնք

 Տարածաշրջանի հայկական համայնքների ստեղծման և գործունեության, այնտեղ բնակվող հայտնի հայ գործիչ- ների վերաբերյալ տարեկան մեկ ֆիլմի ստեղծում ու տարածում ՀՀ-ում և սփյուռքի հայկական համայնքներում

2015թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն

8.

Ծրագրի իրականացման պատասխանատու անձանց գործուղումներ տարածաշրջանի հայկական համայնքներ

Գործընթացի պլանավորում և վերահսկում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, համայնքային կազմակերպությունների գործունեության և միջհամայնքային կապերի աշխուժացում

Գործընթացի կարգավորում և վերահսկում, հավաք-հանդիպումների ժամանակացույցի և ծրագրի կազմում, համայնքների հետ համատեղ կազմակերպական հարցերի լուծում

Հայաստան-Սփյուռք կապերի ամրա- պնդում, համագործակցության արդյունավետության բարձրացում, տարածաշրջանի հայ համայնքների խնդիրների լուծման համակարգում

2015թ.

ՀՀ սփյուռքի նախարարություն