Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 դեկտեմբերի 2014 թվականի N 51
2. ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ՝
1) երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի նիստի N 51 |
ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը /այսուհետ հայեցակարգ/ մշակվել է հիմք ընդունելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի դրույթները: Հայեցակարգը նպատակաուղղված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» ԱՄԿ-ի կոնվենցիաների, Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
2. Երեխայի հանդեպ բռնությունը համընդհանուր խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում: Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածը երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից: Երեխայի պաշտպանության ապահովումը համարվում է պետության հիմնական պարտականություններից մեկը:
3. Կարևորելով բռնության բոլոր ձևերից երեխայի պաշտպանված լինելու իրավունքը և երեխայի հանդեպ բռնության, անտեսման երևույթի կանխարգելումը, հայեցակարգը սահմանում է երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելմանը, վերացմանը և վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Պետության կողմից դեռևս սահմանված չեն բռնության երևույթի գնահատման չափանիշները, դրսևորման ձևերի, տարածվածության մասին տեղեկատվությունը, շահագրգիռ մարմինների համաձայնեցված արձագանքման և գործունեության մեխանիզմները: Բացակայում են բռնության ենթարկված երեխաների վերականգնողական ծառայությունները և երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ձևավորված չէ նաև հասարակության կողմից երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը:
4. Հասարակության մեջ բռնության երևույթի առկայության մասին են վկայում մասնակի հետազոտությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացված պաշտոնական տեղեկությունները, ինչպես նաև տարբեր ծառայություններից, խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ստացված տեղեկությունները:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Հայեցակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) Երեխայի հանդեպ բռնություն` նրա իրավունքների և ազատությունների սահմանափակում, անվտանգության խախտում և անձի արժանապատվության ոտնահարում, ցանկացած վարքագիծ, որի կիրառումը կարող է վնաս հասցնել երեխայի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը և զարգացմանը.
2) Երեխայի հանդեպ սեռական բռնություն` հանցագործություն երեխայի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ.
3) Երեխայի հանդեպ ֆիզիկական բռնություն` երեխային ծեծելը, կամ այլ բռնի գործողություններ կատարելը, խոշտանգելը, մարմնական վնասվածք հասցնելը կամ մարմնական պատժի ենթարկելը.
4) Երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն` երեխայի հանդեպ հուզական և հոգեբանական դիտավորյալ ներգործությունն է, իր զարգացման համար անհրաժեշտ կապվածությունից և հուզական կապերից զրկելը, որը կարող է խոչընդոտել կամ խաթարել երեխայի հոգեկան, մտավոր և վարքային զարգացմանը.
5) Երեխայի անտեսում` երեխայի կենսապահովման համար հիմնական պահանջմունքներից դիտավորությամբ կամ անփութությամբ զրկելը, որի հետևանքով երեխան հայտնվում է կյանքի և զարգացման համար վտանգավոր ու անպաշտպան իրավիճակում:
III. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
6. Երեխայի հանդեպ բռնությունը տեղի է ունենում ինչպես ընտանիքում, այնպես էլ կրթական, խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում, փողոցում:
7. Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տեղի է ունենում բռնություն, որը կարող է ունենալ մի շարք պատճառներ` սթրեսային իրավիճակ ընտանիքում, ոչ բավարար եկամուտներ, բնակարանային վատ պայմաններ, աշխատանքի բացակայություն, սերունդների արժեքային համակարգերի բախումներ, ալկոհոլի չարաշահում և թմրանյութերի օգտագործում, երեխային ոչ բավարար ուշադրության և ժամանակի տրամադրում:
8. Բռնությունը ընտանիքում նրա բոլոր անդամների վրա թողնում է բացասական ազդեցություն: Երևույթը հոգեբանների կողմից գնահատվում է ծայրահեղ բացասական, քանի որ ընտանիքի առավել խոցելի անդամների մոտ առաջացնում է մշտական վախի զգացում: Այն ընտանիքները, որտեղ հարաբերությունները կառուցվում են բռնության վրա, համարվում են ռիսկային: Բռնության երևույթի հանդեպ առավել խոցելի են սոցիալապես անապահով ընտանիքները, միայնակ մայրերի, միակողմանի ծնողազուրկ երեխաներով, ծնողավարության ոչ բավարար հմտություններ ունեցող ընտանիքները: Բռնությունը ընտանիքում հաճախ հանգեցնում է ընտանիքի քայքայման, երեխաների դաստիարակության անտեսման, որի հետևանքով երեխաները հայտնվում են բարձիթողի վիճակում, ինչն էլ նպաստում է անչափահասների կողմից իրավախախտումների դրսևորմանը: Հիմնականում նման ընտանիքներում մեծացած երեխաներն իրենք են դառնում կամ բռնության զոհ, կամ բռնություն իրականացնողներ: Սոցիալապես անապահով ընտանիքներում, առավել հաճախ գյուղական բնակավայրերում տարածված է երեխաների աշխատանքային շահագործումը, որը բացասական ազդեցություն ունի նրանց ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման վրա: Հաճախ անտեսվում են երեխաների ֆիզիկական և հոգևոր կարիքները, որոնք կարող են դառնալ բռնությանը նպաստող հանգամանքներ: Այն կարող է դրսևորվել տարբեր ճանապարհներով` օրինակ երեխայի ֆիզիկական անտեսումը ենթադրում է նրա սննդի, հագուստի, հիգիենայի, առողջության նկատմամբ անտարբերությունը, երեխաների լքումը երկար ժամանակով և այլն: Կրթական անտեսումը ենթադրում է երեխաների հանրակրթությունից դուրս մնալը, մեծ թվով բացակայությունները: Այսօր մեր հասարակությունում առկա են երեխաների հանդեպ բռնության նոր դրսևորումներ` հեռուստատեսային էրոտիկ, բռնության և սարսափի տարրեր պարունակող ֆիլմերը, հաղորդումները, ինտերնետային հատուկ կայքերը, թերթերը և ամսագրերը:
9. ՀՀ Պետական վիճակագրական տվյալների բացակայության պատճառով դժվար է ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում երեխաների հանդեպ կիրառվող բռնության չափերի և ձևերի մասին: Սակայն մի շարք կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները հաստատում են հանրապետությունում երևույթի առկայությունը և արձանագրում բռնությունների ընկալման գրեթե նույն` միջազգային մոդելը: Այսպես, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2006թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) և ՀՀ ազգային վիճակագրության ծառայության կողմից իրականացված «Ընտանիք» ինստիտուտի հետազոտության արդյունքների համաձայն հայ իրականությունում կա բռնությունների որոշակի կայուն ընկալում, ըստ որի և ֆիզիկական, և հոգեբանական բռնություններն անընդունելի են համարվում ընտանիքի բոլոր անդամների հանդեպ: Սակայն գրանցվել են նաև որոշակի առանձնահատկություններ. օրինակ` հարցման մասնակիցների մի մասի կողմից հոգեբանական բռնությունները չեն կարևորվում այնպես, ինչպես ֆիզիկական բռնությունները: Պատահական չէ, որ երեխային անտեսելը, ծանր ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելը, ընտանիքին վերաբերող կարևոր հարցերում երեխայի կարծիքն անտեսելը որպես բռնություն դիտարկում է հարցման ենթարկված յուրանքանչյուր հինգերորդը միայն: Ըստ Երևանի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի տվյալների ներկա դրությամբ կենտրոն տեղափոխված երեխաներից 75-%-ը ընտանիքում ենթարկվել է անտեսման, 53%-ը` ֆիզիկական, 8%-ը սեռական, 61%-ը` հոգեբանական բռնության: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում և համայնքային ցերեկային 2 կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այստեղ խնամվող շուրջ 1650 երեխաներից 470 երեխա ընտանիքում ենթարկվել է բռնության, որից շուրջ 15.4%-ը ֆիզիկական բռնության, 33%-ը հոգեբանական, 1,5%-ը` սեռական, 50%-ը անտեսման: Ուշագրավ է, որ ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների, հարցման մասնակիցները հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների թվին դասվող շատ գործողություններ իրականում բռնություն չեն համարում: Կարևոր է նկատի ունենալ, որ ընտանեկան բռնությունները բացահայտելն ու տիպերը գնահատելը բավականին բարդ խնդիր է նույնիսկ բռնությունների առկայության դեպքում. հարցման մասնակիցները գերադասում են կամ չխոսել դրա մասին կամ պարզապես արձանագրել ընտանիքում բռնությունների բացակայությունը:
10. Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների` 2013 թվականի 12 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 224 դեպք: Հիշյալ դեպքերով տուժող հանդիսացող անչափահասներից 114-ը աղջիկ, իսկ 110-ը` տղա: 2014թ. 4 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 52 դեպք: Հիշյալ դեպքերով տուժող հանդիսացող անչափահասներից 27-ը իգական սեռի են, 25-ը` արական սեռի:
11. Երեխայի ներդաշնակ զարգացման համար, բացի ընտանիքից, կարևոր դեր ունի նրա սոցիալական միջավայրը: Հարկ է նշել նախադպրոցական հաստատությունների, հատկապես դպրոցի դերը: Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված հետազոտության երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը ավելի բարձր տոկոս է կազմում դպրոցում: Ընտանիքից դուրս հանրակրթական, հատկապես, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվում են տարբեր տեսակի չարաշահումներ, որոնց մեջ գերակշռում են հոգեբանական և ֆիզիկական բռնության ձևերը:
12. ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները, ըստ որի վերոհիշյալ հաստատությունները սահմանված կարգով ապահովում են երեխայի պաշտպանությունը հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, սեռական շահագործումից և այլասերումից, դաժան վերաբերմունքից, անուշադրությունից ու անարդարությունից, առողջությանը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից: Սակայն, կիրառման մեխանիզմների բացակայության պատճառով դեռևս կան չլուծված խնդիրներ: Այսպիսով, ինչպես ընտանիքներում, այնպես էլ կրթական, խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում կիրառվում են երեխայի հանդեպ բռնության տարբեր տիպեր: ՀՀ քրեական օրենսգիրքը (Գլուխ 20) և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը (հոդված 178) նախատեսում են պատասխանատվության միջոցներ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների (իրավախախտումների) համար, սակայն սահմանված պատասխանատվության միջոցները համարժեք չեն կատարված արարքներին և անհրաժեշտ է երեխայի հանդեպ կատարված բռնության դեպքերում նախատեսել առավել խիստ պատժամիջոցներ:
13. Վերջին տարիների դիտարկումները ցույց տվեցին, որ առկա սոցիալ-տնտեսական պայմաններում աճել է անչափահասների խոցելիությունը տարբեր վտանգների, հատկապես շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկվելու վտանգի նկատմամբ: Ըստ էության սա նոր երևույթ էր մեր իրականության մեջ, որը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում: Իսկ 2009 թվականից պարբերաբար հավաքագրվող տեղեկատվությունը շահագործման ենթարկված անձանց մասին փաստեց, որ անչափահասները ոչ միայն խոցելի են, այլև հաճախ դառնում են շահագործման զոհ` ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս: 2009-2013 թվականներին թրաֆիքինգի է ենթարկվել 14–ից մինչև 18 տարեկան 16 անչափահաս, այդ թվում 5-ը` տղա: Հատկանշական է, որ 16 անչափահասներից միայն երկուսն են հաճախել միջնակարգ դպրոց, իսկ մյուսները` հատուկ դպրոցի սաներ էին կամ ունեին թերի միջնակարգ կրթություն, բոլորը` աղքատ ընտանիքներից: Տղաները ներգրավվել են մուրացկանության մեջ, ընդ որում տղաներից մեկը նաև մանկապղծության զոհ է դարձել: Աղջիկները հիմնականում ենթարկվել էին սեռական շահագործման: Միևնույն ժամանակ հաշվի առնելով հանցատեսակի թաքնված լինելը, հարկ է նշել, որ վերոհիշյալ թիվը վերջնական չէ: Բացի այդ, եթե անցած տարիների ընթացքում ուշադրության կենտրոնում էին հիմնականում սեռական շահագործման դեպքերը, ապա վերջին երկու տարիներին հաճախ խոսվում է հանրապետությունում երեխայի աշխատանքային շահագործման դեպքերի, երեխային աշխատանքի վատթարագույն ձևերի մասին: Այս խնդրի շուրջ իրավիճակը գնահատելու համար անհրաժեշտ են հետազոտություններ, որոնք հիմք կծառայեն ոլորտում համահունչ քաղաքականության մշակման համար:
14. 2010-2012 թվականներին իրականացվել է «Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը, որի նպատակն էր աջակցել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային կառույցներին` կանխարգելելու, հայտնաբերելու և համարժեք լուծում տալու հաստատություններում գտնվող երեխաների պաշտպանության խնդիրներին: Ծրագրի շրջանակներում ստեղծվել են երեխաների պաշտպանության թիմեր` ծրագրում ներգրավված համայնքներում կատարվել է երեխայի պաշտպանության իրավիճակի գնահատում: Մշակվել են «Երեխաների պաշտպանության ուղղորդման ընթացակարգը», «Երեխայի պաշտպանությունը բռնությունից», «Դրական ծնողավարություն» ձեռնարկները:
15. Սույն խնդրի առնչությամբ վերջին հետազոտությունը 2014թ հունվար-հուլիս ամիսներին իրականացված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտությունն է, որի նպատակն էր վերլուծել ՀՀ-ում երեխաների նկատմամբ կիրառվող բռնության տարածվածության աստիճանը, տեսակները, դրանց պատճառներն ու հետևանքները: Հետազոտությունն անցկացվել է բոլոր մարզերում` պահպանելով գյուղ-քաղաք համամասնությունը, առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող 1215 ընտանիքներում: Հետազոտության մասնակիցների 44%-ը համարում է, որ մեր հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունն այն խնդիրներից է, որը հրատապ լուծում է պահանջում: Հարցվածների 59%-ը համարում է, որ ընտանիքներում առավել տարածված է ֆիզիկական բռնությունը և/կամ ֆիզիկական պատիժը, 43%-ը նշել է հոգեբանական բռնությունը, 30%-ը` անտեսումը, 4%-ը` սեռական բռնությունը և միայն 11%-ը ասել է, որ ոչ մի բռնության տեսակ էլ տարածված չէ: Հետազոտության մասնակիցները, որպես երեխայի նկատմամբ բռնություն, նշել են` ծեծելը, տարբեր առարկաներով հարվածելը (83%), մութ սենյակում փակելը (73%), քաղցած թողնելը կամ չկերակրելը (71%), սպառնալը կամ ահաբեկելը (64%), երեխային անտեսելը (առանց ուշադրության և խնամքի թողնելը) և երեխային աշխատել ստիպելը (59%), մյուս ծնողի հետ շփումը արգելելը (58%), երեխային ծաղրելը և/կամ վիրավորելը (56%), երեխային ապտակելը, հրմշտելը (43%), հարազատի կամ ընկերների հետ շփումը արգելելը (45%), երեխայի արտաքին տեսքը, պահվածքը, մտավոր ունակությունները անընդհատ քննադատելը (46%):Հարցվածների 36%–ը փաստել են նաև, որ իրենց երեխաներն ընտանիքում երբեմն ենթարկվում են բռնության, հիմնականում` ֆիզիկական բռնության և/կամ ֆիզիկական պատժի (59%), հոգեբանական բռնության (58%), անտեսման (6%): Ի դեպ, 82 %-ը մոր կողմից, 50%-ը` հոր կողմից: Որպես բռնության հիմնական պատճառներ հարցվողները առաջին հերթին նշել են. ընտանիքում վատ սովորույթների առկայությունը (հարբեցողություն, թմրամոլություն, խաղամոլություն)` 84%, ընտանիքում ճգնաժամային իրավիճակի առկայությունը (ծնողների ամուսնալուծություն, մարդկային կորուստ, ընտանիքում մշտապես կոնֆլիկտային մթնոլորտի առկայություն)` 50%, բռնություն կիրառողի հոգեկան կամ մտավոր հիվադությունների առկայությունը` 48%: Կարևորվել է նաև ԶԼՄ-ների կամ համացանցի միջոցով ներկայացվող (բռնության տեսարաններ պարունակող) նյութերը` 16%: Վերը նշված «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության համաձայն` երեխաների 27%-ը շրջապատի կողմից ենթարկվում է բռնության, որոնցից 68%-ը` ֆիզիկական բնույթի, 48%-ը` հոգեբանական: Երեխաներն ընտանիքից դուրս շրջապատում բռնության են ենթարկվել հիմնականում հասակակիցների կողմից (82%), ուսուցիչների կողմից (17%), դայակների ու դաստիարկների կողմից (15%): «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության մասնակիցները որպես բռնության երևույթի կանխարգելման արդյունավետ միջոցներ նշել են` տևական (մասնագիտական) աշխատանք ընտանիքների հետ (60%), տևական (մասնագիտական) աշխատանք դպրոցներում (45%), հասարակության մոտեցումների և հասարակական կարծրատիպերի փոփոխություն (27%), օրենսդրական փոփոխություններ (24%): «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ հետազոտություն» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների, առողջապահական հիմնարկների և տարբեր տիպի կրթական ու խնամքի հաստատությունների ներկայացուցիչների հետ անցկացվել են փորձագիտական հարցազրույցներ և ֆոկուս խմբեր: Ըստ փորձագիտական հարցազրույցների և ֆոկուս խմբերի քննարկումների տվյալների` երեխայի հանդեպ բռնության երևույթը հատկապես տարածված է երեխայի զարգացման առումով անբարենպաստ ընտանիքներում և այն առավել հրատապ է կանխարգելման իմաստով: Որպես կանխարգելման միջոցառումներ մասնակիցների մեծ մասը առաջարկում է. հանրամատչելի գրականության տրամադրումը ծնողներին, պարտադիր մասնագիտական աշխատանք անբարենպաստ ընտանիքների, մանկավարժների, դաստիարակների, դայակների և երեխայի հետ աշխատող բոլոր աշխատակիցների հետ:
16. Երեխաների հանդեպ բռնության խնդիրը անհրաժեշտ է դիտարկել որպես համալիր սոցիալական խնդիր և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ոչ միայն դրա հետևանքների վերացման, այլ նաև կանխարգելման ուղղությամբ: ՀՀ մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը) ի դեմս ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և համայնքներում խնամակալության և հոգաբարձության մարմինների, օրենքով լիազորված մարմիններ են, որոնք իրականացնում են երեխայի բռնության և անտեսման վերաբերյալ ուսումնասիրություններ և տրամադրում վերականգնողական ծառայություններ այն ընտանիքներին, որտեղ առկա է բռնությունը կամ դրա վտանգը: Պետության կողմից երեխայի նկատմամբ իրականացվող քաղաքականության ուղղություններից է երեխաներին մանկատներից, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններից ընտանիք ուղղորդելը: Այդ նպատակով 2006 թվականից ՀՀ Լոռու մարզում իրականացվում է հաստատություների բեռնաթափման ծրագիր, իսկ 2014թվականից նմանատիպ ծրագիր է իրականացվում նաև ՀՀ Շիրակի մարզում: Ծրագրի նպատակն է հաստատության երեխաների խնամքի և դաստիարակության իրականացումն ապահովել նրանց կենսաբանական ընտանիքներում` ստեղծելով լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ: Մանկատներից երեխաների դուրս բերման խնդրի լուծմանը մեծապես նպաստում է նաև խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը: Նմանատիպ ծրագրերը ուղղված են նաև երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելմանը:
Ներկայում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում ներդրված դեպք վարողների, ինչպես նաև որոշ համայնքներում առկա համայնքային սոցիալական աշխատողների առկայությունը կնպաստի բռնությունների վաղ կանխարգելման, ինչպես նաև դեպքերի բացահայտման և համապատասխան ուղղորդման հարցում: Իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են խնդրի կարգավորմանը:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
17. Հայեցակարգի նպատակն է սահմանել երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանը, կանխարգելմանը և բռնության ենթարկված երեխայի, ինչպես նաև բռնություն գործադրող անձի վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:
18. Հայեցակարգի խնդիրներն են.
1) մշակել բռնության ենթարկված երեխաների իրավական, կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության բնագավառում պետական գործունեության հիմնական ուղղությունները.
2) մշակել երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանն ուղղված շահագրգիռ մարմինների համաձայնեցված գործունեության կառուցակարգեր (մեխանիզմներ).
3) մշակել երեխայի հանդեպ բռնության դեպքերում ուղղորդման ընթացակարգեր
4) մշակել երեխայի հանդեպ բռնության երևույթի մասին տեղեկատվության հավաքագրման կառուցակարգեր.
5) մշակել երեխայի հանդեպ բռնության երևույթի մասին հասարակության տեղեկացվածությունն ապահովող կառուցակարգեր:
V. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
19. Հայեցակարգը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
1) պետության իրազեկվածությունը և պատասխանատվությունը երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելման և վերացման գործընթացում.
2) բռնության ենթարկված երեխային և նրա ընտանիքին սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելիության և հասցեականության ապահովումը.
3) բռնության ենթարկված երեխային և նրա ընտանիքին մատուցվող ծառայությունների ապակենտրոնացումը.
4) պետական մարմինների և հասարակության համագործակցությունը երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելման և վերացման գործում.
5) երեխայի պաշտպանության հարցում բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցում և փոխհամագործակցության ապահովում:
VI . ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելման ու վերացման հիմնական ուղղություններն են.
1) երեխայի կյանքի անվտանգությանը, նրա ազատության և արժանապատվության պաշտպանությանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործումը.
2) երեխայի հանդեպ բռնության դեպքերի, իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման կառուցակարգերի ստեղծումը.
3) ընտանիքում երեխայի հանդեպ բռնության և անտեսման երևույթի կանխարգելմանը, բռնության ենթարկված երեխայի, ինչպես նաև բռնություն գործադրող անձի սոցիալական վերականգնմանն ուղղված սոցիալական աջակցության համակարգի ներդրումը.
4) երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելմանը և վերացմանն ուղղված կրթական ծրագրերի ներդրումը.
5) երեխայի հանդեպ բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված երեխայի վերականգնումն իրականացնող մարմինների միջև համագործակցության կառուցակարգերի ստեղծումը.
6) երեխայի հանդեպ բռնության երևույթի կանխարգելմանը և վերացմանը, բռնության ենթարկված երեխաների, ինչպես նաև բռնություն գործադրող անձի վերականգնմանն ուղղված պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության ապահովումը.
7) զանգվածային լրատվության միջոցով երեխայի հանդեպ բռնության երևույթի նկատմամբ հասարակության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի նիստի N 51 |
ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ
N |
Միջոցառումները |
Ակնկալվող արդյունքը |
ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի, այլ երկրների հաջողված փորձի ուսումնասիրում` ՀՀ օրենսդրությունը միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով |
ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցված է միջազգային նորմերին |
2015թ. առաջին եռամսյակ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
«Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների հանդեպ կամ նրանց միջև բռնության կասկածելի դեպքերի հայտնաբերման ընթացակարգերի մշակման և հաստատված դեպքերի գրանցման մատյանների ձևերի հաստատման մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանի նախագծի մշակում և հաստատում |
Երեխաների հանդեպ կամ նրանց միջև բռնության կասկածելի դեպքերի հայտնաբերման ընթացակարգերի և հաստատված դեպքերի գրանցման մատյանների ներդրում՝ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնելու նպատակով |
2015-2016թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտմանն ու դրանց պատճառների պարզաբանմանն ուղղված հետազոտությունների իրականացում |
Առկա են ՀՀ-ում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ հետազոտության արդյունքները և վերլուծական զեկույցը |
2015-2016թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. |
Հանրապետության քաղաքների և մարզերի համապատասխան հաստատություններում (պոլիկլինիկա, ոստիկանություն, սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ) բռնությունների ահազանգման և կանխարգելման մասնագիտական ծառայությունների (թեժ գծերով) ստեղծում |
Հանրապետության քաղաքների և մարզերի համապատասխան հաստատություններում գործում է թեժ գիծը և տրամադրվում են բռնությունների ահազանգման և կանխարգելման մասնագիտական ծառայություններ |
2015-2017թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Ուսումնական հաստատություններում երեխաների համար «Երեխայի բռնության և անտեսման կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերի» մշակում և հաստատում ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով |
Հաստատված ծրագրերի հիման վրա ուսումնական հաստատություններում իրականացվում են երեխայի բռնության և անտեսման կանխարգելմանն ուղղված կրթական դասընթացներ |
2015-2018 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
6. |
Ուսումնական հաստատություններում, համայնքային տարբեր կառույցներում, մանկական հաստատություններում հոգեբանական խորհրդատվության տրամադրում |
Ուսումնական հաստատություններում, համայնքային տարբեր կառույցներում, մանկական հաստատություններում հոգեբանական խորհրդատվության տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքների անդամներին |
2015-2018 թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
7. |
Հանրային իրազեկում |
Երեխայի հանդեպ բռնության երևույթի նկատմամբ հասարակության կողմից անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ուղղված հանրային իրազեկման նյութերի մշակում և հրատարակում, սեմինարների, կլոր-սեղանների, գիտաժողովների և կոնֆերանսների իրականացում, հեռուստառադիոհաղորդումների կազմակերպում |
2015-2018 թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
8. |
Բռնության ենթարկված երեխայի պաշտպանությանն ուղղված ուղղորդման մեխանիզմի (ընթացակարգի) մշակում և հաստատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով |
Առկա է բռնության ենթարկված երեխայի պաշտպանությունն ապահովող ուղղորդման ընթացակարգը |
2016թ. երկրորդ եռամյսակ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
Ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող ցուցանիշների ցանկի մշակում և տեղեկատվության հավաքագրման համակարգի ստեղծում |
Երեխայի հանդեպ բռնության երևույթը բնութագրող տեղեկատվության համակարգը մշակված է և ներկայացված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն՝ վիճակագրական հաշվետվություններում ներդնելու նպատակով |
2016թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10. |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագիտացված ծառայությունների ստեղծում |
ՀՀ-ի տարածքում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագիտացված ծառայություններ |
2016-2018 թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
11. |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական վերականգնմանն ուղղված կենտրոնների` ժամանակավոր կացարանների, ապաստարանների ստեղծում |
Կստեղծվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մայրերի և/կամ երեխաների սոցիալական վերականգնմանն ուղղված կենտրոններ` ժամանակավոր կացարաններ, ապաստարաններ |
2016-2018 թթ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
12. |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծառայություններ տրամադրող մասնագետների համար ուսումնամեթոդական նյութերի մշակում և հաստատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով |
Հաստատված ուսումնամեթոդական նյութերի հիման վրա իրականացվում են վերապատրաստման դասընթացներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ծառայություններ տրամադրող մասնագետների՝ սոցիալական աշխատողների, բժիշկների, ոստիկանների, մանկավարժների և այլոց համար |
2016-2018թ թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|