Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (24.03.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.04.22/1(31)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2013
Ստորագրման ամսաթիվ
06.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Իրաքի Հանրապետության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին

 

Իրաքի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

 

նպատակ ունենալով զարգացնել, ամրապնդել և բազմազանեցնել տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցությունը` փոխշահավետության հիման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, իրենց ազգային օրենսդրության շրջանակներում և հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները,

 

խրախուսելով համագործակցությունը իրենց փոքր և միջին ձեռնարկությունների միջև,

 

հաշվի առնելով ներդրումների, համատեղ ձեռնարկությունների և համագործակցության այլ ձևերի խրախուսումը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Համագործակցության ոլորտները

 

1. Պայմանավորվող կողմերի միջև համագործակցությունը կիրականացվի հետևյալ ոլորտներում.

 

ա) ներդրումներ,

բ) զբոսաշրջություն,

գ) գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն,

դ) տրանսպորտ և փոխադրում (տարանցում),

ե) տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ,

զ) տարածաշրջանային զարգացում,

է) գյուղատնտեսություն,

ը) շրջակա միջավայրի պահպանություն,

թ) կրթություն և մշակույթ,

ժ) տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը նպաստող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

 

2. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ կխորհրդակցեն` իրենց համագործակցության առաջնահերթ ոլորտները, ինչպես նաև տնտեսական, առևտրային, գիտական, տեխնիկական համագործակցության նոր ոլորտներ որոշելու համար:

 

Հոդված 2

Համագործակցության սահմանները

 

Համաձայնագրի նպատակներն իրականացնելու համար Պայմանավորվող կողմերը միջոցներ կձեռնարկեն խրախուսելու և դյուրացնելու համագործակցությունը հետևյալ միջոցներով`

 

1. հաղորդակցություն և համագործակցություն պետական հաստատությունների միջև,

 

2. համագործակցություն մասնագիտական հաստատությունների, առևտրի ու արդյունաբերության պալատների և ասոցիացիաների միջև,

 

3. այցելությունների, կապերի և միջոցառումների փոխանակում` ամրապնդելու անհատների, պաշտոնատար անձանց և տնտեսական կազմակերպությունների միջև համագործակցությունը,

 

4. տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում,

 

5. համատեղ ձեռնարկությունների հիմնում և համատեղ տնտեսական համագործակցության այլ ձևերի իրականացում,

 

6. փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավում` երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով,

 

7. առևտրային գործունեության խթանում և փոխանակում,

 

8. առևտրի, ներդրումների, ֆինանսական ծառայությունների և այլ անհրաժեշտ տեղեկությունների պարբերական փոխանակում` տնտեսական համագործակցությունը խրախուսելու և դյուրացնելու նպատակով,

 

9. մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարգավորող օրենսդրության և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակում:

 

Հոդված 3

Համատեղ Միջկառավարական հանձնաժողովի հիմնումը

 

1. Պայմանավորվող կողմերը կհիմնեն տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան Միջկառավարական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)` սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար:

 

2. Հանձնաժողովը բաղկացած կլինի Պայմանավորվող կողմերի իրավասու կառավարական մարմինների ներկայացուցիչներից:

 

3. Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն տարին մեկ անգամ կամ, ըստ անհրաժեշտության, հաջորդականության սկզբունքով` երկու երկրների մայրաքաղաքներում, և յուրաքանչյուր նիստի ավարտին երկու կողմերի ղեկավարները կստորագրեն փոխհամաձայնեցված Արձանագրություն:

 

4. Հանձնաժողովն իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել Պայմանավորվող կողմերի` մասնավոր հատվածի և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

 

Հոդված 4

Հանձնաժողովի գործառույթները

 

Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.

 

ա) Համաձայնագրի գործողության ընթացքի նկատմամբ հսկողությունն ու մշտադիտարկումը,

բ) տնտեսական, առևտրային, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության քննարկումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում,

գ) Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական և առևտրային համագործակցության հնարավոր խոչընդոտների ուսումնասիրությունը և հարաբերությունների զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

 

Հոդված 5

Վեճերի կարգավորումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի միջև` բարեկամորեն և դիվանագիտական ուղիներով:

 

Հոդված 6

Փոփոխությունները

 

1. Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ դիվանագիտական ուղիներով:

 

2. Փոփոխությունները, հավելվածներն ու լրացուցիչ արձանագրությունները կհամարվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մաս և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն:

 

Հոդված 7

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են, որ վերջինիս ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական իրավական ընթացակարգերն ավարտված են:

 

2. Սույն Համաձայնագիրը կգործի երեք (3) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ (1) տարվա ժամկետով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ժամկետը լրանալուց առնվազն վեց (6) ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի սույն Համաձայնագրի գործողության դադարեցման իր մտադրության մասին՝ երկու երկրներում ընդունված դիվանագիտական ընթացակարգերին համապատասխան:

 

Կատարված և ստորագրված է Երևան քաղաքում 2013 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` արաբերեն, հայերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Վերջինիս դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մարտի 24-ին