ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 155 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 12-րդ հոդվածն իրագործելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների ազգային օրենսդրության՝ «Արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրին համապատասխանության մասով դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու կարգի վերաբերյալ» հիմնադրույթի մասին» թիվ 132 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 155 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 93-րդ հոդվածով և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 12-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունների կատարումն ապահովելու նպատակով և սահմանում է Պայմանագրի 93-րդ հոդվածի և «Արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման միասնական կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 28 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) դրույթներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համապատասխանության մասով դրանց դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, դիտանցում, համեմատական-իրավական վերլուծություն) ընթացակարգը։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են սուբսիդիաներ տրամադրելու մասով Պայմանագրով և Համաձայնագրով սահմանված իմաստներով։
II. Դիտանցման և համեմատական-իրավական վերլուծության առարկան
3. Դիտանցման առարկա են սուբսիդիաների տրամադրում նախատեսող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը։
4. Համեմատական-իրավական վերլուծության առարկա են սուբսիդիաների տրամադրում նախատեսող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերն ու նորմատիվ իրավական ակտերի նախագծերը։
III. Դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու կարգը
5. Դիտանցումն ու համեմատական-իրավական վերլուծությունը կատարվում են Հանձնաժողովի այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ դեպարտամենտ) կողմից, որն ապահովում է Հանձնաժողովի գործունեությունը Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում:
6. Դիտանցումը ներառում է սուբսիդիաների տրամադրում նախատեսող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվության հավաքում և ամփոփում։
7. Համեմատական-իրավական վերլուծությունը կատարվում է դեպարտամենտի կողմից՝
ա) մշտական հիմունքներով՝ սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկատվության մասով.
բ) անդամ պետության՝ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝ համեմատական-իրավական վերլուծություն կատարելու մասին առաջարկներով դիմումի հիման վրա։
8. Համեմատական-իրավական վերլուծություն կատարելու ընթացքում իրականացվում է անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Պայմանագրի 93-րդ հոդվածի և Արձանագրության դրույթներին համապատասխանության գնահատում։
9. Համեմատական-իրավական վերլուծության ընթացքում սուբսիդիաների դասակարգումն իրականացվում է Պայմանագրի 93-րդ հոդվածի և Արձանագրության դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով սուբսիդիաների դասակարգման հարցերով Հանձնաժողովի կոլեգիայի ակտերի դրույթները՝ Պայմանագրի և Արձանագրության դրույթներին համապատասխան։
10. Համեմատական-իրավական վերլուծություն կատարելիս օգտագործվում է՝
ա) Համաձայնագրի 12-րդ հոդվածին և Արձանագրության IX բաժնին համապատասխան անդամ պետությունների լիազորված մարմիններից Հանձնաժողովում ստացված տեղեկատվությունը.
բ) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը.
գ) Հանձնաժողովի կողմից կատարվող դիտանցման արդյունքներով ստացված տեղեկատվությունը։
IV. Համեմատական-իրավական վերլուծություն կատարելու նպատակով հարցումներ ուղարկելու և տեղեկատվություն ստանալու կարգը
11. Համաձայնագրի 12-րդ հոդվածով և Արձանագրության IX բաժնով նախատեսված տեղեկատվության՝ սահմանված ժամկետներում անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը հետևյալ ժամկետներում անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումներ է ուղարկում՝
ա) հաշվետու տարում տրամադրված բոլոր սուբսիդիաների մասին՝ յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ.
բ) հաշվետու տարում տրամադրված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված հատուկ սուբսիդիաների մասին՝ յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ից ոչ ուշ.
գ) հաշվետու եռամսյակում տրամադրված սուբսիդիաների մասին՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամիսն ավարտվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում.
դ) հաշվետու եռամսյակում ընդունված՝ հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի մասին՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում.
ե) Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան զգայուն ապրանքների շարքին դասված ապրանքներն արտադրողներին (այսուհետ՝ զգայուն ապրանքներ արտադրողներ) հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մասին։
12. Հանձնաժողովը կարող է պահանջել դիտանցում իրականացնելու և համեմատական-իրավական վերլուծություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ անդամ պետության՝ սուբսիդիայի տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտը զարգացնելու նպատակով ընդունված և սուբսիդիայի տրամադրման մեխանիզմը, կարգը և պայմանները սահմանող ակտեր։
V. Համեմատական-իրավական վերլուծության արդյունքները
13. Համեմատական-իրավական վերլուծություն կատարելու արդյունքներով Հանձնաժողովը՝
ա) սուբսիդիաներ տրամադրելու մասով Պայմանագրի դրույթներն անդամ պետությունների կողմից պահպանելու մասին ամենամյա հաշվետվություններ պատրաստելիս ապահովում է ստացված տեղեկատվության հաշվառումը.
բ) անդամ պետություններին ծանուցում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված հատուկ սուբսիդիան անդամ պետության կողմից հաշվետու ժամանակահատվածում չտրամադրելու փաստի մասին.
գ) կազմում և յուրաքանչյուր եռամսյակ արդիականացնում է անդամ պետությունների այն նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիրը, որոնց համապատասխան անդամ պետություններում տրամադրվում են սուբսիդիաներ, և անդամ պետությունների լիազորված մարմինների համար ապահովում է հասանելիություն նշված տեղեկագրին.
դ) յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում է անդամ պետությունների՝ զգայուն ապրանքներ արտադրողներին (նշելով դրանց վավերապայմաններն ու համառոտ նկարագրությունը) հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող՝ ընդունված նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությունը և անդամ պետությունների լիազորված մարմինների համար ապահովում է հասանելիություն նշված տեղեկատվությանը.
ե) պատրաստում է զգայուն ապրանքներ արտադրողներին հատուկ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի՝ Պայմանագրի դրույթներին համապատասխանության մասին եզրակացություն.
զ) անդամ պետություններին ծանուցում է սուբսիդիաների տրամադրման մասով Պայմանագրի և Համաձայնագրի դրույթների կատարման անհրաժեշտության մասին.
է) աջակցում է անդամ պետություններին սուբսիդիաների տրամադրման ոլորտում դրանց օրենսդրությունները ներդաշնակեցնելու և միասնականացնելու հարցերով խորհրդակցություններ կազմակերպելու գործում։
VI. Անդամ պետության դիմումի հիման վրա համեմատական-իրավական վերլուծության կատարումը
14. Անդամ պետությունն իրավունք ունի նորմատիվ իրավական ակտերի կամ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Պայմանագրի 93-րդ հոդվածի և Արձանագրության դրույթներին համապատասխանելու մասով այդ անդամ պետությունում ընդունվող՝ սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի կամ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համեմատական-իրավական վերլուծություն կատարելու մասին առաջարկով համապատասխան դիմում ուղարկելու միջոցով դիմելու Հանձնաժողով՝ կից ներկայացնելով նշված նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև պետական աջակցության միջոցներ ձեռնարկելու մեխանիզմը, կարգը և պայմանները սահմանող նորմատիվ իրավական ակտեր։
15. Սուբսիդիաների տրամադրում նախատեսող նորմատիվ իրավական ակտերի կամ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի համեմատական-իրավական վերլուծությունը կատարվում է դեպարտամենտի կողմից սույն կարգի 14-րդ կետում նշված դիմումը Հանձնաժողովում գրանցելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում (նշված ժամկետը 15 օրացուցային օրվանից ոչ ավելի երկարաձգելու հնարավորությամբ)։
16. Համեմատական-իրավական վերլուծության արդյունքներով դեպարտամենտը պատրաստում է դիմում ուղարկած անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի (նորմատիվ իրավական ակտերի նախագծերի)՝ Պայմանագրի 93-րդ հոդվածի և Արձանագրության դրույթներին համապատասխանության մասին եզրակացություն, որը ստորագրվում է դեպարտամենտի տնօրենի (տնօրենի տեղակալի) կողմից, հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ արդյունաբերական սուբսիդիաների ոլորտում Հանձնաժողովի գործառույթների իրագործումն ապահովող անդամի կողմից և այն հաստատելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է այդ անդամ պետության հասցեով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: