Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ՎԴ-02/16

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

 

 

քարտուղարությամբ

Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2017 թվականի ապրիլի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2006 թվականի հունիսի 1-ի որոշման դեմ դիմող Արայիկ Զալյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված` Ա.Զալյանի, Մ.Սերոբյանի և Ռ.Սարգսյանի պաշտպան Զ.Փոստանջյանի հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Ս.Մանուկյանը 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ հայտնել է, որ թիվ 90800104 քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ եղած հայտարարությունների ստուգման ուղղությամբ և 2005 թվականի մայիսի 18-ի դատավճռով փաստել է, որ դրանք անհիմն են ու մեղադրյալների կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում։

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2006 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ` քրեական գործ հարուցելուց դատախազի հրաժարվելու փաստի վերաբերյալ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի պաշտպան Զ.Փոստանջյանի բողոքը համարել է անհիմն և մերժել է։

3. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2006 թվականի մարտի 14-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի փետրվարի 1-ի որոշումը թողել է անփոփոխ, իսկ պաշտպան Զ.Փոստանջյանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման։

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշմամբ պաշտպան Զ.Փոստանջյանի՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։

5. Ա.Զալյանի, Ռ.Սարգսյանի և Մ.Սերոբյանի գանգատների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան) 2016 թվականի մարտի 17-ին Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատներ թիվ 36894/04 և 3521/07) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուների` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը։

Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 17-ի` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` դիմող Ա.Զալյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

6. Դիմող Ա.Զալյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2017 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի՝ 2006 թվականի հունիսի 1-ի որոշման վերանայման վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական Ս.Մանուկյանի` 2005 թվականի դեկտեմբերի 26-ի գրությամբ արձանագրվել է. «(…) [Թ]իվ 90800104 քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ եղած հայտարարությունների ստուգման ուղղությամբ, իսկ ձեռք բերված ապացույցները քննարկվել և գնահատվել են գործով 18.05.05թ. կայացված դատավճռում։ Դատարանը գտել է, որ մեղադրյալների այդ հայտարարությունները անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում (…)» (տե՛ս նյութեր, թերթ 5)։

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(...) ՀՀ գլխավոր դատախազության 26.12.2005թ. պատասխանը կայացված է օրենքին համապատասխան և անձանց իրավունքները կամ ազատությունները խախտված չեն այդ գործողությամբ, նշված պատասխանը բխում է ՀՀ քր. դատ. օր.-ի 17-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներից, (...) Ռազմիկ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ քննիչների կողմից կեղծ հայտարարությունների ստուգման ուղղությամբ, իսկ ձեռք բերված ապացույցները քննարկվել և գնահատվել են գործով կայացված դատավճռում և այժմ էլ գործը գտնվում է ՀՀ Քրեական և Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում, որը համաձայն ՀՀ քր. դատ. օր.-ի 385-րդ հոդվածի կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով և գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով կարող է գործը քննել լրիվ ծավալով (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 29-30)։

9. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, փաստել է. «(...)Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի վերաքննությունը դեռևս ավարտված չէ, դատարանը գտնում է, որ ներկա փուլում պաշտպանի բողոքը բավարարելու հիմքեր չկան (...)» (տե՛ս նյութեր, թերթեր 46-47)։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վկայակոչելով Եվրոպական դատարանի` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճիռը` բողոքաբերն ընդգծել է, որ նշված դատական ակտով հիմնավորվել է իր, Մ.Սերոբյանի և Ռ.Սարգսյանի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտման փաստը։

Այսպես՝ բողոք բերած անձը նշել է, որ քննարկվող գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուների նկատմամբ թույլ են տրվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումներ, մասնավորապես` պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուներին խոշտանգումների ենթարկելու առնչությամբ։

Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ առկա է իրեն, Մ.Սերոբյանին և Ռ.Սարգսյանին բռնության ենթարկած պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նյութաիրավական և դատավարական անհրաժեշտություն։

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է հարուցել դատական ակտի վերանայման վարույթ, Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել՝ Առաջին ատյանի դատարանին ուղղված` 2006 թվականի հունվարի 8-ի բողոքը բավարարել։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտման արձանագրման փաստն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը Ա.Զալյանի մասով վերանայելու հիմք է։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Այդ] նորմի բովանդակությունից հետևում է, որ վճռաբեկ բողոքարկման միջոցով դատական պաշտպանությունը գործադրելի է այն դեպքում, երբ խախտվել կամ կարող են խախտվել անձի (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը։ Հետևաբար անձը վճռաբեկության կարգով կարող է բողոքարկել դատական ակտը միայն իրեն (ներկայացվողին) վերաբերելի մասով և պայմանով, որ այդ ակտով խախտվել են կամ կարող են խախտվել նրա (ներկայացվողի) իրավունքները կամ օրինական շահերը» (տե՛ս «Հաշվողական Տեխնիկայի և Ինֆորմատիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0867/07/14 որոշման 15-րդ կետը)։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։

(…)»։

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշումները)։

15. Այսպես` Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ա.Զալյանի (Առաջին դիմումատու), Ռ.Սարգսյանի (Երկրորդ դիմումատու) և Մ.Սերոբյանի (Երրորդ դիմումատու) նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (ընդ որում, նույն գործով Եվրոպական դատարանը փաստել է նաև, որ Ա.Զալյանի նկատմամբ տեղի են ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի խախտումներ)։

15.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) [Ե]թե անհատը հիմնավոր բողոք է ներկայացնում, կամ, (…) անում է արժանահավատ հայտարարություն այն մասին, որ նրա նկատմամբ ոստիկանության կամ պետական այլ նման ծառայողների կողմից ցուցաբերվել է այնպիսի վերաբերմունք, որը խախտում է 3-րդ հոդվածը, այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է կատարել արդյունավետ պաշտոնական քննություն։ Ինչպես 2-րդ հոդվածով սահմանված քննությունը, այնպես էլ տվյալ քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանը և պատժին (…)։

(…) Քննություն իրականացնելու պարտավորությունը «ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ՝ միջոցների». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քննություն լինի հաջողված կամ ավարտվի այն եզրակացությամբ, որը համապատասխանում է դիմումատուի նշած դեպքերի շարադրանքին, սակայն դրա միջոցով գործնականում պետք է հնարավոր լինի արձանագրել գործի փաստերը, և հայտարարությունների արժանահավատությունը հաստատվելու դեպքում, այն նաև պետք է հանգեցնի հանցանքի համար պատասխանատուների բացահայտմանը, ու հիմնավոր լինելու դեպքում` նրանց պատժելուն։ Այսպիսով, վատ վերաբերմունքի մասին ծանրակշիռ հայտարարությունների քննությունը պետք է լիակատար լինի։ Դա նշանակում է, որ իշխանությունները միշտ պետք է ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա` քննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները` միջադեպի հետ կապված ապացույցներն ապահովելու համար, ինչը ներառում է, inter alia, առերեսումը, դատաբժշկական ապացույցները և այլն։ Քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ դրանց համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (…)։

(…) Ի վերջո, (…) որպեսզի պետական ծառայողների դրսևորած ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ իրականացվող քննությունը լինի արդյունավետ, այն պետք է լինի անկախ։ Քննության անկախությամբ ենթադրվում է ոչ միայն ենթակայության կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաև՝ գործնական իմաստով անկախություն (…)» (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 267-269-րդ կետերը)։

15.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) [Ի]շխանությունները, ամենաուշը 2004 թվականի մայիսի 25-ին, տեղեկացվել են երեք դիմումատուների նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին, երբ առաջին դիմումատուն բողոք է ներկայացրել, inter alia, գլխավոր դատախազին և զինվորական դատախազին (…)։ Այդ բողոքը բավականաչափ մանրամասն էր, պարունակում էր ճշգրիտ ամսաթվեր, վայրեր, ենթադրյալ կատարողների անունները և ցուցաբերված վատ վերաբերմունքի որոշ մեթոդներ, և, Դատարանի կարծիքով, կարող է համարվել« արժանահավատ հայտարարություն։ Անկախ այն հանգամանքից, որ այս բողոքը հիմնավորող բժշկական ապացույց չկա, Դատարանը հետևողական է իր (…) եզրահանգմանն առ այն, որ արժանահավատ բժշկական եզրակացությունները բացակայում են գլխավորապես իշխանությունների կողմից սահմանված ներպետական ընթացակարգերը չպահպանելու պատճառով (…)։ Ճիշտ է, որ առաջին դիմումատուի բողոքը ներկայացվել է ենթադրյալ վատ վերաբերմունքից հետո մեկ ամիս ուշացմամբ։ Այնուամենայնիվ, Դատարանը չի համարում այդ ուշացումն այնքան երկար, որ բողոքը ipso facto (փաստի ուժով) զրկվի իր իրական էությունից և բավարարվելու հեռանկարից։ Բացի այդ` Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ ժամանակահատվածում դիմումատուներն օրենքի խախտմամբ պահվել են իշխանության այն մարմնի համակարգում գործող վայրում, որի աշխատակիցները վատ վերաբերմունք ցուցաբերած ենթադրյալ անձինք էին, և զրկված են եղել արտաքին աշխարհի հետ որևէ կապից, որը, հավանաբար, դիմումատուների մոտ առաջացրել է անօգնականության և վախի զգացողություններ և ծառայել որպես կանխարգելիչ միջոց։ Հետևաբար, զարմանալի չէ, որ առաջին դիմումատուն իր բողոքը ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ նրան թույլ են տվել հանդիպել իր ընտրած պաշտպանին (…)։ Ի վերջո, Դատարանը նշում է, որ առաջին դիմումատուի բողոքին հաջորդել է մեկ այլ բողոք, որը ներկայացվել է պաշտպան Զ.Փ.-ի կողմից 2004 թվականի հունիսի 8-ին, ով նույնպես պնդում էր, որ երեք դիմումատուների նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք (…)։ Վատ վերաբերմունքի մասին երկրորդ և երրորդ դիմումատուները հետագա հայտարարություններ են արել, համապատասխանաբար, 2004 թվականի հունիսի 10-ին և 16-ին (…)։ Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ դիմումատուները ներկայացրել են վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ հիմնավոր բողոք, և իշխանությունները պարտավոր էին այդ հայտարարությունների առնչությամբ իրականացնել արդյունավետ քննություն (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 270-րդ կետը)։

15.3. Անդրադառնալով դիմումատուների նկատմամբ իրականացված քննության արդյունավետությանը` Եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) [Հ]աշվի առնելով այն փաստը, որ բողոքը ներկայացնելու ժամանակահատվածից ի վեր բավական ժամանակ էր անցել, դատախազության մարմինները պետք է արագ արձագանքեին 2004 թվականի մայիսի 25-ի բողոքին և անմիջապես քայլեր ձեռնարկեին արված հայտարարությունները ստուգելու ուղղությամբ։ Ձգձգումները կարող էին պոտենցիալ կերպով հանգեցնել ապացույցների կորստին և անդառնալի վնաս պատճառել քննության արդյունավետությանը։ Սա համապատասխանում է իրականությանը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ դիմումատուներն այդ ժամանակ որևէ արժանահավատ բժշկական զննություն չեն անցել։ Ավելին, դատախազության մարմինները տեղեկացված են եղել այն փաստի մասին, որ դիմումատուները պահվել են ռազմական ոստիկանության քննչական մեկուսարանում բավականին երկար ժամանակ և պետք է անհանգստացած լինեին այդ փաստով։ Նրանք դիմումատուներին, ենթադրյալ կատարողներին և վկաներին հարցաքննելու, բժշկական զննություն նշանակելու և այլ ապացույցներ հավաքելու օրինական լիազորություններ ունեին և պետք է անհապաղ ձեռնարկեին այդպիսի քննչական գործողություններ։ Ավելին, ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 180-րդ հոդվածով, պահանջվում է, որ այդպիսի քննությունն իրականացվի հանցագործության վերաբերյալ բողոքն ստանալուց հետո առնվազն տասն օրվա ընթացքում (…)։

(…) [Փ]ոխարենը, դատախազության մարմինները չեն իրականացրել որևէ քննություն, առավել ևս անհապաղ քննություն։ Գրեթե ոչ ոք, բացառությամբ երկրորդ դիմումատուի, չի հարցաքննվել` ոչ առաջին և երկրորդ դիմումատուները, ոչ էլ վկաները և ենթադրյալ կատարողները, և ջանքեր չեն գործադրվել ապացույցներ հավաքելու համար՝ ներառյալ բժշկական զննություն նշանակելը և հանցագործության վայրը զննելը։ Ինչ վերաբերում է երկրորդ դիմումատուի հարցաքննություններին, ապա Դատարանը նշում է, որ 2004 թվականի մայիսի 18-ի հարցաքննությունն անցկացվել է ենթադրյալ կատարողներ հանդիսացող երկու քննիչների կողմից և, ամեն դեպքում, ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին մանրամասնորեն շարադրված հարցեր չեն տրվել (…), մինչդեռ 2004 թվականի հունիսի 29-ից 30-ի հարցաքննությունն անցկացվել է 2004 թվականի մայիսի 25-ի բողոքից ավելի քան մեկ ամիս անց, և դրան ընթացք չի տրվել (…)։ Հետևաբար, նույնիսկ այս գործողությունները չեն կարող համարվել վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները քննելու լուրջ փորձ։ Ավելին, զինվորական դատախազը ոչ միայն չի նշանակել բժշկական զննություն, այլև այդ գործընթացը դարձրել է պայմանական՝ դիմումատուներից պահանջելով ներկայացնել լրացուցիչ, որոշակի տեսակի պահանջ, չնայած, որ 2004 թվականի մայիսի 25-ի բողոքը պարունակում էր բավարար պատճառներ՝ նման զննություններ նշանակելու համար։ Քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել, և վատ վերաբերմունքի մասին հայտարարությունները մերժվել են զինվորական դատախազի կողմից վերջինիս գրությամբ՝ գրեթե առանց պատճառաբանման (…)։ Մասնավորապես, դրանք մերժելու միակ պատճառն այն էր, որ դիմումատուները վատ վերաբերմունքի մասին հայտարարություններ չեն արել 2004 թվականի ապրիլի 27-ի դատական նիստի ժամանակ, որի ընթացքում որոշվել է նրանց նկատմամբ նախնական կալանք նշանակելու հարցը (…)։

(…) [Ը]ստ երևույթին, վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ որոշակի քննությունն իրականացվել է Սյունիքի մարզի դատարանի ու Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից` դիմումատուների [գործով] դատաքննության ընթացքում, բայց այն Վճռաբեկ դատարանի կողմից անուղղակիորեն համարվել է ոչ պատշաճ, և դատարանը որոշել է բեկանել դիմումատուների մեղադրական դատավճիռը՝ ներառյալ այն հիմքով, որ անհրաժեշտ էր իրականացնել վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների լրացուցիչ քննություն (…) (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 271-273-րդ կետերը)։

15.4. Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Վճռաբեկ դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ հատուկ ցուցումներ է արձանագրել, սակայն քննություն իրականացնող մարմինները չեն ցուցաբերել բավական շահագրգռվածություն՝ այս հարցը պատշաճորեն լուծելու առումով, և ապացուցվել է համակարգի անարդյունավետությունը։ Հետևաբար իշխանության մարմինները վատ վերաբերմունքի մասին դիմումատուների հայտարարությունների առնչությամբ չեն իրականացրել արդյունավետ քննություն՝ ինչպես պահանջում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 276-րդ կետը)։

15.5. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ բոլոր երեք դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի 277-րդ կետը)։

16. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հաշվի առնելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտման արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը՝ Ա.Զալյանի մասով վերանայելու հիմք է։

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը Ա.Զալյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է։

18. Վճռաբեկ դատարանը կրկնում է իր կողմից նախկինում արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում պետությունները Կոնվենցիայի 1-ին հոդվածով ստանձնած իրենց պարտավորությունների շրջանակներում պարտավորվում են իրականացնել արդյունավետ քննություն։ Որպեսզի քննությունը համարվի «արդյունավետ», պետք է ունակ լինի հանգեցնելու վիճելի փաստերի հաստատմանը և, հնարավորության դեպքում` անթույլատրելի վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տե՛ս, mutatis mutandis, Jeronovi֎s v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, կետ 103)։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ 3-րդ հոդվածի խախտումը չի կարող շտկվել սոսկ խախտման զոհին փոխհատուցում տրամադրելու միջոցով։ Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները։ Նման պարագայում խոշտանգման, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի իրավական արգելքը, անկախ իր հիմնարար կարևորությունից, գործնականում արդյունավետ չի գործի (տե՛ս, mutatis mutandis, Jeronovi֎s v. Latvia գործով Եվրոպական դատարանի [ՄՊ]` 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 44898/10, Gafgen v. Germany գործով Եվրոպական դատարանի` 2010 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 22978/05, Krastanov v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2004 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 50222/99) (տե՛ս Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15 որոշման 16.1-րդ կետը)։

19. Հաշվի առնելով Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 15.1.-15.4.-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման բնույթը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի լույսի ներքո հիմք ընդունելով նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը՝ Ա.Զալյանի մասով բեկանելը և գործն այդ մասով նոր քննության ուղարկելն է։

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշման` Ա.Զալյանի մասով վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի ու Վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի մարտի 14-ի որոշումները` Ա.Զալյանի մասով պետք է բեկանել և գործն այդ մասով ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի հունիսի 1-ի որոշումը` Արայիկ Զալյանի մասով վերանայել։

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի փետրվարի 1-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի մարտի 14-ի որոշումները` Արայիկ Զալյանի մասով բեկանել ու գործն այդ մասով ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ`

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան