ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՖԻՑԵՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 28597/14)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 հունիսի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Աֆիցերյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1972 թվականին ծնված և Վանաձորում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Կամո Աֆիցերյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մարտի 26-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 28597/14), որին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը, որին ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ, միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի մայիսի 31-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի կալանքի երկու ժամանակահատվածների օրինականությանը՝ ա) 2013 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածը, և բ) դատական քննության ընթացքում 2013 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2015 թվականի հունվարի 19-ին նրան դատապարտելն ընկած ժամանակահատվածը։ Դրանով բարձրացվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի առնչությամբ հարցեր։
2. Դիմումատուն եղել է քրեական գործով մեղադրյալ։ 2013 թվականի ապրիլին Լոռու մարզի դատարանը որոշում է կայացրել և հետագայում երկարաձգել դիմումատուի կալանքը մինչև 2013 թվականի հոկտեմբեր ամիսը: 2013 թվականի հոկտեմբերի 22-ին Մարզային դատարանը երկարաձգել է նրա կալանքը ևս մեկ ամսով՝ մինչև 2013 թվականի նոյեմբերի 25-ը։ Այդ որոշման դեմ որևէ բողոք չի ներկայացվել։ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին դիմումատուն դիմել է գրավի դիմաց ազատվելու համար, ինչը Մարզային դատարանը բավարարել է 2013 թվականի նոյեմբերի 7-ին: 2013 թվականի նոյեմբերի 8-ին դիմումատուն գրավի դիմաց ազատ է արձակվել։ 2013 թվականի նոյեմբերի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի բողոքի հիման վրա բեկանել է 2013 թվականի նոյեմբերի 7-ի որոշումը և հաստատել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը։ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին դիմումատուն այդ որոշման արդյունքում կալանքի տակ է վերցվել։ Միևնույն ժամանակ նրա քրեական գործով քննությունն ավարտվել է, և գործը քննության համար ուղարկվել է Մարզային դատարան։ 2013 թվականի դեկտեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանը, ի պատասխան իր որոշումը պարզաբանելու համար ներկայացված պահանջի, տեղեկացրել է դիմումատուին, որ 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել է մինչև 2013 թվականի նոյեմբերի 25-ը։ Քանի որ նա կալանքից ազատ է արձակվել 2013 թվականի նոյեմբերի 8-ին, ուստի պետք է մնար կալանքի տակ 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ կալանքի սահմանված ժամկետի չկրած մասին համարժեք ժամկետով (17 օր):
3. 2013 թվականի դեկտեմբերի 20-ին Մարզային դատարանը գործը նշանակել է դատական քննության՝ իր որոշման մեջ նշելով, որ դիմումատուի կալանքը «մնա անփոփոխ», քանի որ դրա պատճառները չեն դադարել գոյություն ունենալ։ Դիմումատուն բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, որը 2014 թվականի հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է առանց քննության այն հիմքով, որ որոշումը, համաձայն ներպետական իրավունքի, ենթակա չէր բողոքարկման։ 2015 թվականի հունվարի 19-ին Մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքին համապատասխան։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը
4. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները կալանքի երկու ժամկետների մասով՝ պնդելով, որ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 25-ի և 2014 թվականի հունվարի 29-ի որոշումների դեմ նրա վճռաբեկ բողոքները թերի են եղել։ Դատարանը, սակայն, նշում է, որ արդեն գտել է, որ վճռաբեկ բողոքը կալանքի գործերով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէ (տե՛ս Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia], թիվ 13610/12, § 41, 2021 թվականի հունիսի 15, հաջորդող հղումներով): Սույն գործում որևէ նոր տարր չի ներկայացվել՝ այդ եզրահանգումից շեղվելու համար: Հետևաբար Կառավարության առարկությունը պետք է մերժվի:
Բ. 2013 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածը
5. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
6. 5-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Դենիսը և Իրվայնն ընդդեմ Բելգիայի [Denis and Irvine v. Belgium] գործում ([ՄՊ] [GC], թիվ 62819/17 և 63921/17, §§ 123‑133, 2021 թվականի հունիսի 1):
7. Դատարանը նշում է, որ դիմումատուն գրավի դիմաց ազատ է արձակվել Մարզային դատարանի կողմից 2013 թվականի նոյեմբերի 8-ին։ Այնուամենայնիվ, 2013 թվականի նոյեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և հաստատել է Մարզային դատարանի կողմից ավելի վաղ՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին կայացված որոշումը, որով դիմումատուի կալանքը երկարաձգվել էր մինչև 2013 թվականի նոյեմբերի 25-ը։ Դիմումատուն կալանքի տակ է մնացել դեկտեմբերի 3-ից 20-ը՝ Վերաքննիչ դատարանի որոշման հիման վրա, երբ նրա կալանքի վերաբերյալ նոր որոշումը կայացվել է գործը քննող դատարանի կողմից։ Վերաքննիչ դատարանը կալանքի այդ ժամկետի օրինականությունը հիմնավորել է այն փաստով, որ դիմումատուն, ազատ արձակվելով 2013 թվականի նոյեմբերի 8-ին, չի կրել 17 օր ժամկետով կալանքը (2013 թվականի նոյեմբերի 8-ից 25-ը), ինչպես կարգադրվել էր 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը):
8. Դատարանը նախ և առաջ նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ներպետական դրույթ, որը լիազորում էր Վերաքննիչ դատարանին հաստատել կալանքը երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, որը, ավելին, նախկինում չէր վիճարկվել, երբ քննվում էր գրավի դիմաց ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Իսկապես, ներպետական իրավունքով նման հնարավորություն չէր նախատեսվում։ Այսպիսով, դիմումատուի կալանքը դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ո՛չ կարգադրվել էր ներպետական իրավունքի համաձայն, ո՛չ էլ հիմնված էր դատարանի վավեր որոշման վրա, ինչպես պահանջվում էր ներպետական իրավունքով։
9. Երկրորդ, նույնիսկ եթե ենթադրենք, որ Վերաքննիչ դատարանն ուներ նման իրավասություն, 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ հստակորեն թույլատրվել է դիմումատուի կալանքը միայն մինչև նոյեմբերի 25-ը։ Այսպիսով, այն չէր կարող համարվել որպես վավեր հիմք ավելի ուշ ժամանակահատվածում՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքի համար։ Վերաքննիչ դատարանն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ Մարզային դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ նշանակված մեկամսյա կալանքի 17 օր ժամկետը դիմումատուն «չի կրել» 2013 թվականի նոյեմբերի 8-ին նրան գրավի դիմաց ազատ արձակելու պատճառով։ Այնուամենայնիվ, բացի այն, որ նման հիմնավորումը հիմնված չէր ներպետական որևէ դրույթի վրա, այն մոտեցումն ու ձևակերպումները, որոնք կիրառվել են Վերաքննիչ դատարանի կողմից, տպավորություն են ստեղծում, որ նա կալանքը դիտարկում էր ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժին համանման մի բան, որը դիմումատուն պետք է «կրեր», ինչը, Դատարանի կարծիքով, հերքում է ազատության իրավունքի բուն էությունը: Սրանից հետևում է, որ կալանքի այդ ժամանակահատվածը չէր համապատասխանում ներպետական իրավունքին, հիմնված չէր դատարանի վավեր որոշման վրա և կամայական էր։
10. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված 2013 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածի հետ։
Գ. 2013 թվականի դեկտեմբերի 20-ից 2015 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածը
11. Դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոք է ներկայացրել նաև դատական քննության ընթացքում իր կալանքի ժամանակահատվածի առնչությամբ։ Դատարանը նշել է, որ սույն բողոքի վրա տարածվում է իր հաստատված նախադեպային իրավունքը։
12. Կառավարությունը, հղում կատարելով Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Martirosyan v. Armenia] գործին (թիվ 23341/06, §§ 44-49, 2013 թվականի փետրվարի 5), պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ դատական քննության ժամանակ նրա կալանքի ընթացքում ազատ արձակվելու մասին դիմումներ չներկայացնելով։ Այնուամենայնիվ, սույն գործը, ի տարբերություն Մարտիրոսյանի գործի, որը վերաբերում էր դիմումատուի կալանքի տևողությանը, վերաբերում է դիմումատուի կալանքի որոշակի ժամանակահատվածի օրինականությանը, որը թույլատրվել էր Մարզային դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ, որով ներկայացվել էին այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում դիմումատուի շարունակական կալանքի համար իրավական հիմքերը, և որը ենթակա չէր բողոքարկման (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը): Այսպիսով, այդ որոշման դեմ չեն եղել իրավական պաշտպանության ներպետական միջոցներ, և Կառավարության առարկությունը պետք է մերժվի։
13. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի: Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ առկա բոլոր նյութերը, եզրակացնում է, որ դրանցով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Վարդան Մարտիրոսյանի գործով վճռում կատարված եզրահանգումների լույսի ներքո (վերևում հիշատակված, §§ 46-50):
14. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված 2013 թվականի դեկտեմբերի 20-ից 2015 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածի հետ։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
15. Դիմումատուն պահանջել է 1 400 եվրո (ԵՎՐՈ)՝ որպես նյութական վնասի հատուցում, 21 000 ԵՎՐՈ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1 200 000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։
16. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի նյութական պահանջները հիմնավորված չեն, իսկ ոչ նյութական վնասի մասով պահանջները՝ չափազանցված։ Նա նաև չի ներկայացրել բավարար տեղեկություններ՝ իր իրավաբանի կատարած աշխատանքի, այն է՝ ժամերի քանակի և ժամավճարի դրույքաչափի մասին։
17. Դատարանը նշում է, որ դիմումատուն որևէ ապացույցով չի հիմնավորել նյութական վնասի մասով իր պահանջը, ուստի այն մերժում է այդ պահանջը: Այն, այնուամենայնիվ, դիմումատուին շնորհում է 6 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
18. Հաշվի առնելով իր տրամադրության ներքո գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 500 եվրո՝ Դատարանում վարույթի դիմաց՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված դիմումատուի 2013 թվականի դեկտեմբերի 3-ից 20-ը կալանքի օրինականության հետ.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված դիմումատուի 2013 թվականի դեկտեմբերի 20-ից 2015 թվականի հունվարի 19-ը կալանքի օրինականության հետ.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6 600 եվրո (վեց հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ Քարտուղարի տեղակալի |
Յոլիեն Շուկինգ՝ |