Գլխավոր տեղեկություն
Համար
N 664-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 664-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 664-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է տնօրինողի որոշմամբ՝ լիազոր պետական մարմնի դրական եզրակացության հիման վրա:

3. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն առարկայացուցակից հանվում է՝

1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական և արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացության հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների).

2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.

4) երբ այն այլևս գոյություն չունի կամ կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը:

 

2. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում թանգարանային առարկան կամ հավաքածուն առարկայացուցակից հանելու նպատակով տարածքային կառավարման պետական մարմնի դեպքում՝ մարմնի ղեկավարը, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում՝ թանգարանի (կազմակերպության) ղեկավարը, իսկ համայնքային թանգարանների դեպքում համայնքի ղեկավարը դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնավորում՝ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն առարկայացուցակից հանելու վերաբերյալ.

2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի վերաբերյալ մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության եզրակացությունը.

3) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրությունը:

5. Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում) և դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե փաստաթղթերն ամբողջական չեն, ապա գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի թերությունները չշտկելու կամ ներկայացված փաստաթղթերը սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմումատուին:

7. Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն:

8. Դիմումը բավարարելու դեպքում «Թանգարանների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջի համաձայն՝ նախարարությունը պետական թանգարանի առարկայի կամ հավաքածուի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, իսկ համայնքային թանգարանային առարկայի կամ հավաքածուի դեպքում դրական եզրակացությունը ներկայացնում է համայնքի ղեկավարին:

9. Հիմք ընդունելով «Թանգարանների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ թանգարանի (կազմակերպության) ղեկավարը առարկայացուցակից թանգարանային առարկայի կամ հավաքածուի հանումը հաստատում է հրամանով և երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր նախարարություն է ներկայացնում գործընթացի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2025 թվական: