Գլխավոր տեղեկություն
Համար
N 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.06.2025
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
13.06.2025
Ստորագրման ամսաթիվ
13.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիս 2025 թ.
    ք. Երևան

 N 01

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն գրությամբ դիմել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Ղլեչյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) որոշ կարգավորումների կիրառության ժամանակ ի հայտ եկած տարընկալումների հետևանքով առաջացած հարցի մասով պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել Որոշման հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետի վերաբերյալ, մասնավորապես՝ «մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող առևտրային իրավաբանական անձը, ում հիմնադիրը (մասնակիցը) հանդիսանում է նաև նույն իրավաբանական անձի տնօրենը, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձի համար սահմանված տարիքը (18-35 տարեկանը չլրացած)» դրույթը կիրառելի է արդյո՞ք ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձի նկատմամբ:

Դիմումատուն ներկայացնում է, որ թեկուզ մեջբերված իրավական ակտի տեքստը տարաբնույթ ընկալման տեղիք չի տալիս, սակայն այնուամենայնիվ, դրա կիրառման բնագավառում առկա են տարաբնույթ ընկալումներ, մասնավորապես՝ վարկային պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող բանկը (աշխատակիցները) պարզաբանում է, որ ըստ ձևավորված գործառույթային աշխատակարգի, այդ արտոնությունը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացի հիմնադիր և տնօրեն ունեցող իրավաբանական անձին։ Նշված խնդրով, բանկի դիրքորոշման հետ կապված, դիմումատուին են դիմել վստահորդներ։

Դիմումատուն տարընկալումներից խուսափելու համար ցանկանում է ստանալ նախարարության պաշտոնական պարզաբանումը։

 

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) 23-րդ կետի 11-րդ ենթակետի՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Սույն ենթակետը գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման 14 տոկոսային կետի վերաբերյալ, տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։

 

ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

 

Ծրագրի 6-րդ կետի համաձայն՝ ծրագրի մասնակիցներն են ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման դեպքում), անհատ ձեռնարկատերերը։

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական ակտերի դրույթները պարզաբանում ենք․

Ներմուծեք նկարագրությունը_19954 ՀՀ-ում հիմնադրված առևտրային իրավաբանական անձը կարող է դառնալ ծրագրի շահառու և ստանալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով, եթե այդ առևտրային իրավաբանական անձը ունի մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին 18-35 տարեկանը չլրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձ է և միաժամանակ հանդիսանում է նաև նույն առևտրային իրավաբանական անձի տնօրեն:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2025 թվական: