ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2025 թվականի N 825-Լ

 

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետին՝ ապահովել սույն որոշման հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերով պահանջվող տեղեկատվության առցանց եղանակով տրամադրումը։

3. Սույն ծրագրի շրջանակներում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից և նրանց հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.

2) մինչև 2026 թվականի հունիսի 1-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում՝ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թվականի հունիսի 1-ը կնքված պայմանագրերի համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 20-ի N 825-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։

2. Սույն ծրագրի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝

1) քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.

2) սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը.

3) գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները.

4) մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.

5) կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։

3. Ծրագրում կարող են ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ այն անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ՝ տարածքային կենտրոն) աջակցությամբ ընդգրկված չեն զբաղվածության պետական այլ ծրագրերում (այսուհետ՝ աշխատանք փնտրող)։

4. Ծրագրի տևողությունը 3-12 ամիս է։

5. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում (այսուհետ՝ հարթակ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։ Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է ծրագրին մասնակցելու դիմում՝ նշելով, թե սույն ծրագրի 2-րդ կետով նախատեսված որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Աշխատանք փնտրողը նշում է կատարում նաև ծրագրի շրջանակներում շահառու դառնալու համար հարթակում առկա իր տվյալները մշակելու, օգտագործելու և գործատուին փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:

7. Դիմումը լրացնելուց հետո տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 3-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում դիմումը հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին, որտեղ ցուցադրվում է աշխատանք փնտրողի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից անձի անունը, ազգանունը և հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը կամ այն չունենալու վերաբերյալ տեղեկանքը, սեռը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման հասցեն.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից անձի աշխատանքային տվյալները՝ պաշտոնը, կազմակերպության անվանումը և պաշտոնավարման ժամանակահատվածը.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների շտեմարանից անձի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը, որը ստուգվում է նաև ծրագրի ամբողջ ընթացքում։

8. Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված ոլորտներում առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության, համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի (այսուհետ՝ գործատու) կողմից հարթակում լրացվում է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրային առաջարկություն, որտեղ նշվում են`

1) ծրագրի իրականացման նպատակը և ոլորտը.

2) կատարման ենթակա աշխատանքները և համապատասխան ժամկետները.

3) նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատողների ընդհանուր թիվը.

4) ծրագրում ընդգրկվողների կողմից իրականացման ենթակա աշխատանքների բնույթը, այդ աշխատանքների կատարման համար պահանջվող հմտությունները և կատարվող աշխատանքների ծավալը (մարդ/օրերի թիվ).

5) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների տեսանելի արդյունքները, որոնք պետք է լինեն հստակ նկարագրված և չափելի:

9. Գործատուի լրացրած ծրագրային առաջարկը հարթակի միջոցով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին, որին հասանելի է դառնում նաև գործատուի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական հասցեն, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն։

10. Ծրագրային առաջարկն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից այն հաստատվելու դեպքում համակարգն ինքնաշխատ եղանակով համադրում է սույն ծրագրի 8-րդ կետի 4-րդ ենթակետով նշված պահանջները և աշխատանք փնտրողի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը, որի արդյունքում գործատուի օգտահաշվում ցուցադրվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում)։

11. Գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը գործատուի հետ կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որի վերաբերյալ տեղեկատվությունը (պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) տարածքային կենտրոնի մասնագետի կողմից մուտքագրվում է հարթակում։ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

12. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է սույն ծրագրի 8-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված թվով անձանց և նրանց հետ կնքում նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը՝ այն կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, առցանց ներկայացնում է տարածքային կենտրոն: Տարածքային կենտրոնի մասնագետն աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկատվությունը (աշխատանքային պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը) ստանալուն պես մուտքագրում է հարթակ։

13. Ծրագրային առաջարկով սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում հարթակում և տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին:

14. Ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրվում է գումար 3500 դրամի չափով՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։

15. Տարածքային կենտրոնի մասնագետը հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարի չափի վերաբերյալ, և վեց աշխատանքային օրվա ընթացքում սույն ծրագրի 14-րդ կետում նշված աջակցությունը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։

16. Գործատուն ծրագրային առաջարկով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարթակ է մուտքագրում տեղեկատվություն համապատասխան կատարված աշխատանքների արդյունքների մասին:

17.Տարածքային կենտրոնի մասնագետն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում տարածքային կենտրոնի տնօրենին։

18. Ծրագիրը դադարեցվում է և այդ մասին տարածքային կենտրոնի մասնագետի կողմից տեղեկատվությունը նշվում է հարթակում՝

1) սույն ծրագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում աշխատանքները չսկսվելու դեպքում.

2) սույն ծրագրի 15-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում, երբ պարզվում է, որ գործատուի կողմից նախորդ ամսվա ընթացքում չի վճարվել աշխատանքային պայմանագրով սահմանված չափով աշխատավարձը, եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը.

3) եթե ծրագրի մոնիթորինգի արդյունքում պարզվում է, որ նախորդ ամսվա համար նախատեսված աշխատանքները չեն իրականացվել.

4) եթե լուծվել է ծրագրում ընդգրկված անձի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։

19. Ծրագրի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով ծրագրի դադարեցման դեպքում ևս գործատուին տրամադրվում է պայմանագրով նախատեսված աջակցությունը 15-րդ կետով սահմանված ընթացակարգով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

23.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան