Գլխավոր տեղեկություն
Համար
N 853-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 853-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» կետը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական բյուջեից ֆինանսավորվող մարմինների աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակում, Հայաստանի Հանրապետության տարածքում մարմինները կարող են օգտվել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ծառայություններից, պետական բյուջեի՝ այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով կատարվող ծախսերի համար նախատեսված գումարները շրջանառվում են համապատասխան մարմնի բանկային վճարային քարտերի միջոցով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով մատուցվող ծառայությունների պայմանները սահմանվում են համապատասխան մարմնի և էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միջև կնքված պայմանագրով՝ համաձայն գործող օրենսդրության: Ծառայությունից օգտվելու պայմանների վերաբերյալ կարգը, ինչպես նաև ծառայությունից օգտվելու իրավունք ունեցող մարմնի աշխատողների ցանկը հաստատվում և փոփոխվում է մարմնի գլխավոր քարտուղարի կամ աշխատակազմի ղեկավարի կամ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով: Նշված ծառայությունների համար վճարումները կատարվում են համաձայն տվյալ պահին գործող սակագների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգը, հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերը, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերությամբ. «Առանձին դեպքերում, գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային ծառայությունների փոխարեն, գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ գործուղվողը կարող է օգտվել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություններից:»:

5. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի կատարման պահանջով, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների՝ սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով կատարվող ծախսերի, 2025 թվականի համար բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան առավելագույն չափաքանակ է սահմանվում մարմինների կողմից կրճատված ավտոմեքենաների մասով առաջացած և «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» տնտեսագիտական հոդվածին վերաբաշխված գումարները:

6. Սույն որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում՝ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում սույն որոշման 5-րդ կետով նշված չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2025 թվական: