ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/6308/05/22 |
Վարչական գործ թիվ ՎԴ/6308/05/222025 թ. | ||||||
|
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող |
Հ. Բ եդևյան | |
| զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
|
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
|
ք ․ ՄԿՈՅԱՆ |
2025 թվականի հունիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հուսիկ Միլիտոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հուսիկ Միլիտոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը, տրամադրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հուսիկ Միլիտոսյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 08.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 08.05.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հուսիկ Միլիտոսյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Սարգսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր, և դա հանգեցրել է գործի սխալ լուծման: Նշված որոշումն ամբողջությամբ վերաբերում է օրինական կարգով կառուցապատում իրականացնելու համար թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգին: Այդ որոշմամբ ինքնակամ շինություններին և հատկապես դրանց օրինականացմանը վերաբերող որևէ դրույթ նախատեսված չէ:
Սույն դեպքում վիճելի իրավահարաբերությունը վերաբերում է ք. Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը տրամադրելուն: Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ, որում էլ իր հերթին ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման որևէ նորմի կիրառելիության մասին խոսք չկա:
ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ինքնակամ շինության օրինականացման համար, անկախ դրա ռիսկայնության աստիճանից, համալիր փորձաքննության իրականացում չի պահանջվում: Ինքնակամ շինությունն օրինականացնելիս կարող է առաջանալ քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացության անհրաժեշտություն, որպիսի եզրակացությունն էլ հայցվորը 25.07.2022 թվականի դիմումին կից ներկայացրել է վարչական մարմնին («ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի 25.07.2022 թվականի տեխնիկական եզրակացությունը):
Համալիր փորձաքննության իրականացում նախատեսված է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, սակայն նույնիսկ այդ կարգով ավարտված շինության փաստագրման կամ առհասարակ արդեն իսկ կառուցված շինության համալիր փորձաքննության իրականացում նախատեսված չէ: ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ համալիր փորձաքննության ենթակա են բարձր ռիսկայնության աստիճանի շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը՝ օրինական կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվություն ստանալու համար:
Սույն գործով հայցվորի կողմից վարչական մարմնին ուղղված պահանջը վերաբերել է ինքնակամ կառույցի օրինականացմանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը կամ որոնք կառուցված են ՀՀ հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Նշված հանգամանքների ստուգման համար պահանջվում է օրենքով սահմանված հատուկ ընթացակարգով վարչական ակտի իրավաչափության ստուգում, ուստի իրավաբանական ֆիկցիայի հիմքով հայցվող վարչական ակտով հայցվորին տրամադրվող իրավունքը չի կարող համարվել ակնհայտ, առերևույթ ոչ իրավաչափ:
Նշված հանգամանքները կարող են վկայակոչվել որպես հայցվող բարենպաստ վարչական ակտի ոչ իրավաչափության, սակայն ոչ ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու հիմք, և նշված հանգամանքները կարող են քննարկման առարկա դառնալ այլ, բայց ոչ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում՝ իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանությունները հակասում են թիվ ՎԴ/5353/05/20, թիվ ՎԴ/9652/05/16, թիվ ՎԴ/0528/05/16 և թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար 22.12.2023 թվականի, 22.04.2021 թվականի, 25.04.2017 թվականի և 12.03.2010 թվականի որոշումների մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանություններին։
Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի` օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է դատարանի կողմից ենթակա չլինի գնահատման:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.05.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14072022-01-0324 վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 17-19 հողամասի նկատմամբ 14.07.2022 թվականին գրանցվել է Հուսիկ Միլիտոսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20).
2) Հուսիկ Միլիտոսյանը Երևանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումով, որը Երևանի քաղաքապետարան է մուտքագրվել 25.07.2022 թվականին, խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինությունը, որպիսի դիմումը պարունակում է նշում կից ներկայացվող փաստաթղթերի մասին, ըստ որի՝ դրանք են. անձնագրի պատճեն, լուսանկար, տեղագրական հանույթ, տեղեկանք՝ կառույցն իրականացնող անձի մասին (հատոր 1-ին, գ.թ. 11-12).
3) վերը նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում եզրափակված լինելու և հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված լինելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ (անվիճելի փաստ).
4) Հուսիկ Միլիտոսյանը, Երևանի քաղաքապետին ուղղված 28.09.2022 թվականի դիմումով վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, խնդրել է տրամադրել քաղաք Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում կառուցված շինության օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող որոշմամբ և թիվ ՎԴ/5353/05/20 ու թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար 22.12.2023 թվականի և 22.04.2021 թվականի որոշումների մեջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ իրավաբանական ֆիկցիայի գործողության կիառումը բացառող ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հանգամանքը գնահատելու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի նկատմամբ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման կիրառելիության հարցին։
1) Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն oրենքը uահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախuերի, ինչպեu նաև վարչարարությամբ հաuցված վնաuի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:
Անձի պատշաճ վարչարարության իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված՝ վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախևառաջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը։ Այդ նպատակով օրենսդիրը նաև «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ․ Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ։
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երևակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետևանքները՝ որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է հետևյալը.
ՀՀ նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում ներառվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացման գործնականում ապահովումը (5.4-րդ կետ)։ Մասնավորապես՝ այդ ծրագրի 5.4.1-րդ կետով արձանագրվել է, որ «(...) գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական մի շարք ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկայում նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Օրենքով սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որով անհրաժեշտ է հաստատել 48-րդ հոդվածով ստացված վարչական ակտի իրավաչափությունը: Ուստի պետք է կատարվի համապատասխան ուսումնասիրություն՝ նշված ինստիտուտն այնպես կարգավորելու համար, որ մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարևոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից պաշտպանվի հասարակական շահը» (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը)։
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված կարգադրությունը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նաև 48-րդ հոդվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որին կից ներկայացրել է նաև այդ իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ դրանում նշելով, որ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին` բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որևէ կերպ չի արձագանքում դիմումին: Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր: Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչև վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը: Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը և դրանից բխող հետևանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) և դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): (…) Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2-րդ և 5.4-րդ և միջոցառումների ցանկի 3.2-րդ և 3.4-րդ կետերից»:
Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 25.10.2017 թվականին ընդունել է ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-193-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրվել են նոր՝ ներկայումս գործող հետևյալ խմբագրությամբ.
«1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է»։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրի 5.4-րդ և 5.4.1-րդ կետերը, ու դրանց հիման վրա նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում։ Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն։ Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ։ Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով։ Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման։
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ այն հարցին, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի վարչական մարմնին ներկայացվող դիմումը։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիան գործում է, եթե վարչական մարմնին ներկայացվող դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, և դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին,
2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,
3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,
4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ (տե՛ս, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետևանք: Այսինքն՝ վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված և առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետևանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսևորում է անգործություն և բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հաuցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել ողջամիտ ժամկետում վարչարարության իրականացումը, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը և բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը և դրա վերաբերյալ որևէ վարչական ակտ չի ընդունում (տե՛ս, Արսենիկ Մուշկամբարյանը և Դարիկո Մուշկամբարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշմումը)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
(․․․)
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
(․․․)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները՝ ակտով դրա հասցեատիրոջը (․․․) տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված։ Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանության կանոններին համապատասխան մեկնաբանելով Օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված է համարվում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
1) բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). այս պայմանի օրենսդրական ամրագրումը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում։ Նշված պայմանի սահմանումը նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որից պարզ չէ, թե որոշակիորեն ում է հասցեագրված և (կամ) ինչ հարց է կարգավորում,
2) անձի դիմումը հասցեագրված է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված վարչական մարմնին․ այս պայմանը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը։ Նշված պայմանի սահմանումը ևս նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որն ընդունել է ոչ իրավասու մարմինը,
3) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում դրսևորում է անգործություն՝ չընդունելով դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում,
4) բացակայում է վարչական ակտի՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է օրենքի ուժով ընդունված վարչական ակտի գոյությունը։
Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն» և «ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» եզրույթների բովանդակությունը հարկ է ընկալել և բացահայտել նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն կարգավորումների համատեքստում, որոնք թույլ են տալիս չկատարել առ ոչինչ վարչական ակտը, իսկ կատարելու կամ կիրառելու համար նախատեսում են համապատասխան իրավական հետևանքներ՝ օրենքով սահմանված պատասխանատվության տեսքով (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը)։
Առ ոչինչ վարչական ակտին բնորոշ հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը։ Մասնավորապես, ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու անհրաժեշտության և բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը։ Ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը և դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04․02․2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում հավելել է նաև, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առ ոչինչ վարչական ակտի պարագայում վերջինիս ոչ իրավաչափությունն անվիճելի է այն աստիճանի, որ նման ոչ իրավաչափությունը տեսանելի և ընկալելի է յուրաքանչյուրի ու ցանկացած վարչական մարմնի համար, և վերջիններս պարտավոր են ձեռնպահ մնալ այն կիրառելուց կամ կատարելուց։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»:
Հիմք ընդունելով օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների համակցությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք․
- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ,
- հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվող վարչական ակտով անձին տրամադրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ, եթե նման ոչ իրավաչափությունն անվիճելի է՝ առանց տվյալ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիությունը պարզելու, այդ նպատակով ապացույցների հետազոտման ու գնահատման, կիրառված նորմերի կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման անհրաժեշտության (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը)։
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների համակցությունը հանգում է նրան, որ հայցվող բարենպաստ վարչական ակտը վարչական մարմնի անգործության արդյունքում իրավաբանական ֆիկցիայի ուժով ընդունված համարվելու փաստը դատարանները կարող են հաստատված համարել այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում բացահայտեն, որ
- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, այն է՝ պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ,
- հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ չէ։
2) Անդրադառնալով ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի նկատմամբ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման կիրառելիության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ կառավարությունը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 17-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ ու 26-րդ հոդվածներին համապատասխան 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է՝ Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգ թիվ 1), Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի (այսուհետ՝ Կարգ թիվ 2), քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի (այսուհետ՝ Կարգ թիվ 3), Հայաստանի Հանրապետությունում ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը՝ համաձայն N 4 հավելվածի, կառուցապատման թույլտվությունների ձևաթղթերը՝ համաձայն N 5 հավելվածի, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը` համաձայն N 6 հավելվածի։
Կարգ թիվ 1-ով, Կարգ թիվ 2-ով և Կարգ թիվ 3-ով կարգավորվել են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների ու դրանց համալիրների կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված հարաբերությունները, Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվել է քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ), որը գործում է քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների ստացման գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումերի և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակից մարմինների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով:
ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 4-6 հավելվածներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) օբյեկտները և դրանց դասակարգումը, կառուցապատման թույլտվությունների ձևաթղթերը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը։
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունները վերաբերում են բացառապես օրինական հիմքերով և ընթացակարգերով կառույցների իրականացմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրմանը, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացմանը, քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրմանը, օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգմանը, կառուցապատման թույլտվությունների ձևաթղթերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքին, շինարարության թույլտվություններին, ճարտարապետաշինարարական նախագծերին, շինարարության ավարտի ակտերին և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացմանը։
Ինքնակամ կառույցների օրինականացման առարկան դուրս է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակից, ուստի այդ որոշումն ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ կիրառելի չէ։ Ինքնակամ կառույցների օրինականացման հարցը կարգավորող իրավական ակտ է հանդիսանում ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հուսիկ Միլիտոսյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը։
Դատարանը 08.05.2023 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) տվյալ դեպքում հայցվոր Հուսիկ Միլիտոսյանի դիմումով հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, քանի որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու համար հիմք հանդիսացող պայմանները, որպիսի պայմաններում դիմող Հուսիկ Միլիտոսյանը կարող էր ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Մասնավորապես, Հուսիկ Միլիտոսյանը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտ, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է Հուսիկ Միլիտոսյանի դիմումի հիման վրա, որպիսի դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին. բացակայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը. Երևանի քաղաքապետարանն օժտված է եղել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու իրավասությամբ. Երևանի քաղաքապետարանն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշում: (...)։
(...) Հուսիկ Միլիտոսյանի կողմից վարչական ակտի հայցումն առերևույթ ոչ իրավաչափ չէ, այսինքն՝ առ ոչինչ չէ, մինչդեռ պատասխանող Երևանի քաղաքապետարանի կողմից հայցվոր Հուսիկ Միլիտոսյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում որոշում չի կայացվել, որպիսի պայմաններում վարչական ակտը համարվել է ընդունված և հայցվոր Հուսիկ Միլիտոսյանը ձեռնամուխ է եղել համապատասխան իրավունքի իրականացմանը` պահանջելով օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։ (...)»։
Վերաքննիչ դատարանը 22.10.2024 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ՝ Դատարանի 08.05.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել է՝ հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ Հուսիկ Միլիտոսյանի կողմից 25.07.2022 թվականին Երևանի քաղաքապետին ներկայացված ինքնակամ շինության օրինականացման հայտի հիման վրա ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով բնակելի նշանակության շինությունների օրինականացման կամ մերժման վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսված 30-օրյա ժամկետում որևէ որոշում չի ընդունվել:
Վերոգրյալ փաստական տվյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ հայցվորի 25.07.2022 թվականի դիմումի կապակցությամբ պատասխանողի կողմից ցուցաբերվել է անգործություն:
Հետևաբար տվյալ դեպքում պարզման է ենթակա միայն այն հարցը, թե արդյոք թույլ տրված օրենքի (նորմի) խախտումը՝ սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելը, կարող է հանգեցնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կանոնակարգմամբ սահմանված վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու բարենպաստ հետևանքի, թե՝ ոչ: (...)»:
Վերաքննիչ դատարանը վերլուծության ենթարկելով ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման դրույթները, արձանագրել է հետևյալը. «Սույն գործի տվյալներով հիմնավորվում է, որ հայցվորի կողմից հայցված վարչական ակտը ներառում է բազմաբնակարան շենքի օրինականացման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրումը, որպիսի շինությունը դասակարգվում է 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների շարքին, իսկ այդ տեսակի օբյեկտների իրավական փաստագրումը պահանջում է պետական համալիր փորձաքննության իրականացում, ինչը, իր հերթին, ենթադրում է մի շարք ոլորտներին վերաբերող փորձաքննական եզրակացությունների տրամադրում ու ամբողջականացում, որոնց բացակայությամբ 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտի կառուցումն ու շահագործումն արգելված են վերոգրյալ նորմերի իմպերատիվ ուժով:
Մինչդեռ սույն գործի փաստերից հետևում է, որ հայցվորը Երևանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումին կից ներկայացրել է անձնագրի պատճենը, շենքի լուսանկարը, տեղագրական հանույթը, տեղեկանք՝ կառույցն իրականացնող անձի մասին, իսկ 28.09.2022 թվականի դիմումին կից՝ «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի 25.07.2022 թվականի տեխնիկական եզրակացությունը (հատոր 1, գ.թ. 33-36) (դրա ներկայացման վերավերյալ նշել է պատասխանողը), որոնք սակայն նման ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտի օրինականացման գործընթացում բավարար չեն, չեն կարող փոխարինել քաղաքաշինական նորմերով պարտադիր պահանջվող համալիր փորձաքննության գործընթացին, իսկ նման պահանջն առերևութ և ակնհայտ է 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտի կառուցման ու շահագործման համար՝ հաշվի առնելով դրա ծավալը, նշանակությունը, կարևորությունը և բարդությունը, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը:
Նշված փաստական տվյալների և իրավական պայմանների առկայության դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայցված բարենպաստ վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարելու դեպքում նրան կտրամադրվի նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետով սահմանված ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, այսինքն՝ հայցված վարչական ակտն առ ոչինչ է, ուստի այն չի կարող համարվել օրենքի ուժով ընդունված վարչական ակտ:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ հայցվորը չունի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քաղաք Երևան, Մինսկի փողոց 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը հայցելու որևէ իրավաչափ հիմք և իրավունք»։
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14072022-01-0324 վկայականի համաձայն՝ քաղաք Երևան, Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 17-19 հողամասի նկատմամբ 14.07.2022 թվականին գրանցվել է Հուսիկ Միլիտոսյանի սեփականության իրավունքը։
Հուսիկ Միլիտոսյանը Երևանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումով, որը Երևանի քաղաքապետարան է մուտքագրվել 25.07.2022 թվականին, խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման համաձայն օրինականացնել Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինությունը, որպիսի դիմումը պարունակում է նշում կից ներկայացվող փաստաթղթերի մասին, ըստ որի՝ դրանք են. անձնագրի պատճեն, լուսանկար, տեղագրական հանույթ, տեղեկանք՝ կառույցն իրականացնող անձի մասին։
Վերը նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում եզրափակված լինելու և հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված լինելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ։
Հուսիկ Միլիտոսյանը, Երևանի քաղաքապետին ուղղված 28.09.2022 թվականի դիմումով վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, խնդրել է տրամադրել քաղաք Երևան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում կառուցված շինության օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը։
Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում առկա են Հուսիկ Միլիտոսյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելը փաստելու բավարար հիմքեր։ Մասնավորապես՝
- Հուսիկ Միլիտոսյանը ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, և այդ դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին,
- բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,
- Երևանի քաղաքապետարանն օժտված է հայցվող վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որևէ այլ անհատական իրավական ակտ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հուսիկ Միլիտոսյանի կողմից ներկայացված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին համապատասխանող դիմումի առնչությամբ Երևանի քաղաքապետարանն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված ժամկետում որևէ որոշում չի ընդունել, բացակայել է այնպիսի ակնառու կոպիտ սխալը, որը տեսանելի կլիներ առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու և գնահատելու, ուստի վրա է հասել Օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավական հետևանքը՝ իրավաբանական ֆիկցիայի ուժով հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվել է ընդունված։ Ընդ որում՝ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ, հետևաբար նշված հարցին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է արել այն մասին, որ առկա է Հուսիկ Միլիտոսյանի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված համարելը բացառող իրավական հիմք, այն է՝ հայցվորին տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, ինչով պայմանավորված հայցվող վարչական ակտը գնահատվել է առոչինչ։ Իր վերոգրյալ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման պահանջները հայցվորի կողմից խախտված լինելու հանգամանքով՝ պատճառաբանելով, որ դիմումին կից հայցվորի կողմից Երևանի քաղաքապետարան չեն ներկայացվել, սակայն պետք է ներկայացվեին պետական համալիր փորձաքննությունների իրականացման արդյունքում ստացված փորձաքննական եզրակացություններ։
Այսինքն՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու համար ներկայացված դիմումի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կիրառելի է համարել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշումը՝ իր եզրահանգումները հիմնավորելով այդ որոշման կարգավորումներով, մինչդեռ ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ, ինչպես վերը նշվել է, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշումը կիրառելի չէ։ Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Երևանի քաղաքապետին ուղղված Հուսիկ Միլիտոսյանի 25.07.2022 թվականի դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված համարելը բացառող իրավական հիմքի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը և գտնում է, որ նման պայմաններում հայցվորին չէր կարող վերագրվել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում և դրանով պայմանավորել նրան ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը, ուստիև՝ հայցվող վարչական ակտի առոչինչ լինելը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Դատարանի վճիռը և մերժելով հայցը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Տվյալ դեպքում բողոքաբեր Հուսիկ Միլիտոսյանը պնդել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշման մեջ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի վերաբերյալ մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/5353/05/20 ու թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 22.12.2023 թվականի և 22.04.2021 թվականի որոշումների մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/9652/05/16 և թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործերով համապատասխանաբար 22.04.2021 թվականին և 22.12.2023 թվականին կայացված որոշումներով անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր։
Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերլուծության ենթարկելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ըստ էության, արձանագրել է, որ հայցվորին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը դրսևորվում է նրանով, որ հայցվող ինքնական կառույցն օրինականացնելու վերաբերյալ վարչական ակտը ներառում է բազմաբնակարան շենքի օրինականացման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրումը, որպիսի շինությունը դասակարգվում է 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների շարքին, իսկ այդ տեսակի օբյեկտների իրավական փաստագրումը պահանջում է պետական համալիր փորձաքննության իրականացում, ինչը, իր հերթին, ենթադրում է մի շարք ոլորտներին վերաբերող փորձաքննական եզրակացությունների տրամադրում ու ամբողջականացում, մինչդեռ հայցվորի ներկայացրած փաստաթղթերը բավարար չեն և չեն կարող փոխարինել քաղաքաշինական նորմերով պարտադիր պահանջվող համալիր փորձաքննության գործընթացին, ուստի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով հայցվորի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտը ընդունված համարվելու դեպքում նրա կտրամադրվի նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, այսինքն՝ հայցված վարչական ակտն առ ոչինչ է, ուստի այն չի կարող համարվել օրենքի ուժով ընդունված վարչական ակտ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի վերաբերյալ թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի և թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումների մեջ տրված մեկնաբանություններին հակասող մեկնաբանություններ տալու արդյունքում Վերաքննիչ դատարանը հնարավոր է համարել հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունված համարելու արգելքը պայմանավորել այնպիսի հանգամանքներով, որոնց պարզումը ենթադրում է հատուկ ընթացակարգով վարչական ակտի իրավաչափության ստուգում։
Վճռաբեկ դատարանը, արժևորելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական առաքելությունը, անհրաժեշտ է համարում նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը և 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը ենթակա է կիրառման թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով և թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից համապատասխանաբար 22.12.2023 թվականին և 22.04.2021 թվականին կայացված որոշումներով արտահայտված ու սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից վերահաստատված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա իրավաբանական ֆիկցիայի գործողության կիառումը բացառող ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հանգամանքը գնահատելու վերաբերյալ միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հուսիկ Միլիտոսյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 30.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հուսիկ Միլիտոսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիման վրա, ենթակա է հատուցման Երևանի քաղաքապետարանի կողմից: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատարանում հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումարին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, որով լուծվել է նաև հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցն ու պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձվել է 10․000 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 08.05.2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Հուսիկ Միլիտոսյանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող Ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական: