Basic information
Number
N 62-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.07.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2025
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
03.07.2025
Signing organisation
Պարտականությունները կատարող
Signing date
03.07.2025
Effective date
10.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«03» հուլիս 2025 թվականի

N 62-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել հոգեբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Պարտականությունները կատարող`

 

03.07.2025

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիսի «03»-ի

թիվ 62-Ն հրամանի

 

ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Հոգեբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն հոգեբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային, հիվանդությունների կանխարգելման և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Հոգեբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն` հոգեբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Հոգեբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4. Հոգեբույժն առողջապահության ոլորտում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության հոգեբույժ.

2) Առոջության առաջնային պահպանման ծառայության հոգեբույժ.

3) Բաժանմունքի վարիչ.

4) Հոգեբուժական ծառայության ղեկավար.

5) Խորհրդատու (բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում).

6) Փորձագետ.

7) Ցերեկային ստացիոնարի հոգեբույժ.

8) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն).

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5. Բժշկական գիտելիքներ. hոգեբույժը պետք է.

1) ունենա արդիական գիտելիքներ հոգեկան խանգարումների կանխարգելման, ախտորոշման, բուժման և ռեաբիլիտացիայի ոլորտում.

2) կարողանա կատարել սրտի և թոքերի պերկուսիա.

3) կարողանա կատարել սրտի և թոքերի աուսկուլտացիա.

4) կարողանա կատարել պիկֆլոումետրիա.

5) տիրապետի ախտորոշիչ, այդ թվում, հոգեախտորոշիչ մեթոդներին (գլյուկոմետրիա, հոգեախտորոշիչ թեստեր, այլ մեթոդներ).

6) տիրապետի ավտոմատ արյան ընդհանուր հետազոտության և կիսաավտոմատ կենսաքիմիական արյան հետազոտության վերլուծիչների աշխատանքային սկզբունքներին.

7) կարողանա կատարել որովայնի մակերեսային և խորանիստ շոշափում.

8) կարողանա կատարել վերքերի մշակում (այդ թվում, այրվածքային կամ ցրտահարված), բուժում, վիրակապում, կարերի հեռացում.

9) կարողանա կատարել ԷՍԳ մեկնաբանում և վերլուծություն.

10) կարողանա կատարել ներերակային կաթետերի տեղադրում, դեղերի և արյան փոխարինիչների կաթիլային և շիթային ներարկում, միջմկանային և ենթամաշկային ներարկումների կատարում.

11) կարողանա կատարել արտաքին արնահոսության ժամանակավոր դադարեցում.

12) կարողանա կատարել վերին շնչուղիների մաքրում` հեղուկի ասպիրացիայի ժամանակ.

13) կարողանա կատարել տարբեր տիպի կոտրվածքների ժամանակ անշարժացում (Կրամերի կամ այլ շինաների կիրառում).

14) կարողանա իրականացնել անաֆիլակտիկ շոկի, սուր շնչառական անբավարարության, սուր սրտանոթային անբավարարության (ուշագնացություն, կոլապս), վնասվածքների, թունավորումների, սուր և քրոնիկական հիվանդությունների սրացման և այլ արտակարգ իրավիճակների դեպքում առաջին օգնության և անհետաձգելի բժշկական օգնության տրամադրում (ըստ ալգորիթմի).

15) կարողանա կատարել սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ):

16) տիրապետի ընդհանուր բժշկության հիմունքներին, այդ թվում.

ա. նյարդաբանություն, ներզատաբանություն, ընդհանուր թերապիա և այլն.

բ. բժշկական գենետիկայի հիմունքներին` գենետիկ համախտանիշներ, ժառանգական գենետիկ հիվանդություններ.

գ. կենսաբանական, հոգեթերապևտիկ և ինտերվենցիոն բուժման մեթոդներ.

դ. դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկա և ֆարմակոկինետիկա, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդությունների շտկման մեթոդներ.

17) տիրապետի հոգեկան խանգարումների ախտորոշման, բուժման և ռեաբիլիտացիային ուղղված ընդունված դասակարգիչներին, գործելակարգերին, ուղեցույցներին և այլ գործիքներին։

6. Բժշկական հատուկ գիտելիքներ․ հոգեբույժը պետք է կարողանա իրականացնել՝

1) պացիենտների նույնականացում և գրանցում, ընդունում և դուրս գրում.

2) պացիենտի իրազեկում՝ օրենքով սահմանված կարգով.

3) պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.

4) պացիենտի զննում.

5) ախտորոշում, հոգեկան վիճակի գնահատում.

6) լաբորատոր և գործիքային հետազոտությունների նշանակում կամ կատարում. ուղեգրում, հետազոտության տվյալների գնահատում, հոգեախտորոշիչ հմտությունների տիրապետում.

7) պացիենտի բուժման պլանի կազմում.

8) նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրում, հիվանդության համատեղ վարում՝ օրենքով նախատեսված կարգով.

9) պացիենտին առաջին և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում` ըստ գործելակարգի, և շտապօգնության միջոցով հիվանդանոց տեղափոխման կազմակերպում.

10) դեղերի դուրս գրում (նաև էլեկտրոնային դեղատոմսով).

11) պացիենտի ժամանակավոր անաշխատունակության, բժշկազինվորական և դատահոգեբուժական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատում.

12) պացիենտի շարունակական հսկողություն և բուժում.

13) բնակչության թիրախային խմբերի սքրինինգային և կանխարգելիչ հետազոտություններ.

14) ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում և կանխարգելում.

15) առողջ ապրելակերպի խորհդատվություն, կրթում և քարոզում.

16) պացիենտների ռեաբիլիտացիա, աջակցություն՝ պացիենտի սոցիալականացում.

17) պացիենտի ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով.

18) պալիատիվ բուժօգնության կազմակերպում (ամբուլատոր/տնային).

19) տնային պատրոնաժ այցերի իրականացում` համաձայն ընդունված գործելակարգի.

20) խորհրդատվություն և շարունակական հսկողության սահմանում հեռաբժշկության մեթոդով` ըստ գործելակարգի.

21) բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի նորմերի պահպանում.

22) բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

23) վիճակագրական տվյալների հավաքագրում:

 

4. Այլ հմտություններ

 

7. Հոգեբույժը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. Ընդհանուր ունակություններ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. Հոգեբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. հոգեբույժը պետք է կարողանա.

1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․

4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

5) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

10. Հոգեբույժը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Հոգեբույժի իրավունքները և պարտականությունները

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են հոգեբույժի վրա։

 

8․ Կոմպետենտությունների մակարդակները հոգեբուժություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. բացի 1-ին մակարդակից, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության

մակարդակ

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ, կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation