Basic information
Number
N 1018-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.08.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.07.2025
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.07.2025
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
24.07.2025
Effective date
03.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2025 թվականի N 1018-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 351 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 24-ի N 1018-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը ներառում է շինարարական նորմերը, ներդաշնակեցվող կամ թարգմանության, տեղայնացման ենթակա ԵՄ (Եվրամիության) նորմերը (կոդերը)), տեխնիկական կանոնակարգերը, նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները, շինարարությունում գնագոյացման նորմերը, մեթոդական ուղեցույցները, ձեռնարկները:

2. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, որպես քաղաքաշինության բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մաս հիմք են հանդիսանում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության և վիճահարույց իրավիճակների լուծման համար, պարունակում են հղումներ քաղաքաշինական, շրջակա միջավայրի և առողջապահական անվտանգության չափորոշիչներին ու դրանց առանձնահատկություններին, սահմանում են ոլորտային նորմեր ու կանոններ, պարտադիր կամ խորհրդատվական բնույթի կարգավորումներ, հաշվարկային ցուցանիշներ, ինչպես նաև շինարարական ծրագրերի նախագծման, դրանց իրագործման ու ավարտված քաղաքաշինական օբյեկտների շահագործման պայմաններ` բնակավայրերի կառուցապատման, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների, շենքային (թաղամասային) համալիրների, առանձին շենքերի, շինությունների, կոնստրուկցիաների և շինարարական նյութերի, իսկ մի շարք դեպքերում նաև քաղաքաշինական գործունեության սուբյեկտների նկատմամբ:

3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը մշակելիս հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, բնակավայրերի, վարչական շրջանների քաղաքաշինական, բնակլիմայական (լանդշաֆտային), սոցիալական, ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը պետք է պարունակեն անհրաժեշտ ծավալով և բովանդակությամբ տեխնիկական և տնտեսական, ռազմավարական, գործնական ու կանխարգելիչ, ինչպես նաև խորհրդատվական բնույթի, կամավորության սկզբունքով կիրառելի իրավակարգավորումներ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության տարբեր նպատակային նշանակության (բնակելի, հասարակական, արտադրական) օբյեկտների երկրաշարժադիմացկունության, արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության, սանիտարական նորմերի ապահովության վերաբերյալ:

5. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կարգավորումները մշակվում են ըստ ռազմավարական բնույթի առաջնահերթությունների՝ հիմնականում կարևորագույն և հատուկ նշանակության, բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների կառուցման, վերակառուցման ու շահագործման (սպասարկման) արդի գործընթացներն առավել դյուրին և մրցունակ դարձնելու նպատակով:

6. Բնակչության կենսագործունեությունն ու անվտանգությունն ապահովող՝ կրթական, առողջապահական, սոցիալական ու պաշտպանական նշանակության օբյեկտների նկատմամբ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները պետք է բխեն «Քաղաքաշինության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» (նշված օրենքը 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու՝ համաձայն «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» 2025 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-89-Ն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի), «Հանրակրթության մասին», «Հանրային առողջապահության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, 2011 թվականի մարտի 9-ի Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգով, ՄԱԿ-ի կոնվենցիաներով, ԵԱՏՄ իրավական ակտերով ամրագրված դրույթներից:

7. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված որոշակի դրույթների անհամապատասխանության և կարգավորումների բացակայության դեպքերում, քաղաքաշինական ծրագրերը կարող են նախագծվել և իրականացվել միջազգային փորձի կիրառմամբ՝ գիտական, մասնագիտական ներուժ և գործունեության իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» (ՀՏՊ-ների) համաձայն, որոնք տվյալ ծրագրի նախագծային լուծումների և դրանց իրականացման առանձնահատկությունները սահմանող և համապատասխան նորմը լրացնող իրավակարգավորումներ են:

8. «Հատուկ տեխնիկական պայմանները» համաձայնեցվում են ծրագրի պատվիրատուների, պետական շահագրգիռ մարմինների հետ և հաստատվում են քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից:

9. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի մաս կազմող շինարարությունում գնագոյացման նախահաշվային նորմերը մշակվում են՝ նախապատվությունը տալով ազատականացված շուկայական հարաբերություններին՝ մարդկային և նյութական ռեսուրսների իրական պահանջարկի ու գնահատման հիման վրա կատարված հաշվարկներին, այսինքն՝ ռեսուրսային մեթոդաբանությանը:

 

3. ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ԼՐԱՄՇԱԿՄԱՆ) ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

10. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացը կարող է կազմակերպվել տեղական կամ օտարերկրյա (Եվրամիության և առաջադեմ այլ երկրների) գիտական, գիտափորձարարական, գիտակրթական, արտադրական և հասարակական, նախագծային և ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալած (գիտական ներուժով և գործնական փորձով) կազմակերպությունների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսի ներգրավմամբ՝ մրցութային կամ ոչ մրցութային ընթացակարգերով:

11. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման շրջանակներում կարող են նախատեսվել Եվրամիության և առաջադեմ այլ երկրների նորմերի (շինարարական նորմերին համարժեք իրավակարգավորումների, կոդերի) թարգմանչական աշխատանքներ և դրանց մասնակի տեղայնացում՝ ըստ առանձին ոլորտային (քաղաքաշինական օբյեկտի ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների, հուսալիության և անվտանգության կոնստրուկտիվ առանձին լուծումների, ճարտարապետական և ծավալահատակագծային բարելավումների, ֆիզիկական միջավայրի մատչելիության, էներգաարդյունավետության և էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, ինտերիերի և դիզայնի միջոցառումների, նոր տեխնոլոգիական մեթոդների, սարքերի ու սարքավորումների և այլն) խնդիրների, որոնք չեն հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրութային պահանջներին կամ անհրաժեշտության պարագայում կմոտարկվեն զուգահեռաբար: Ընդ որում, պատվիրատուների և նախագծային կազմակերպությունների կողմից կարող են կիրառելի լինել նորմատիվատեխնիկական փաստաթղթերում (դրանց համարժեք իրավակարգավորումներում, կոդերում) առկա հղումներով ներկայացվող առանձին կարգավորումները կամ դրանց համալիրը:

12. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

13. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների խոշորացված ծախսերի հաշվարկ-կանխատեսումների հիմքում կարող են դիտարկվել նախորդ տարվա համարժեք փաստաթղթերի (անալոգ օբյեկտների) մրցութային գործընթացների արդյունքները, վիճակագրական ծառայության տվյալները և գործող շուկայի իրական պահանջարկը:

14. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մասնակի, ոչ ծավալուն լրամշակումներն ու արդիականացումը կարող է իրականացվել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի մասնագիտական ներուժի ներգրավմամբ, առանց ֆինանսական միջոցների հատկացման՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներով:

15. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ծրագրի նախագիծը և առաջարկությունները ձևավորվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից՝ հաշվի առնելով տնտեսության առաջնահերթություններն ու կարգավորումների պահանջարկը, շահագրգիռ պետական և տարածքային կառավարման մարմինների ու կազմակերպությունների առաջարկությունները:

16. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների շահագրգիռ պետական մարմիններն են՝ քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ներքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտային, ինչպես նաև քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները:

17. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների շահագրգիռ մասնագիտացված կազմակերպություններն են՝ ինժեներական հաղորդակցուղիների մատակարար կազմակերպությունները, նախագծային և շինարարական, գիտական, գիտակրթական, գիտափորձարարական ու հասարակական կազմակերպությունները:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռք բերման համար մշակվում են դրանց տեխնիկական բնութագրերն ու գնման հայտերը: Ելնելով մշակվող փաստաթղթերի առանձնահատկություններից, տեխնիկական բնութագրերը (առաջադրանքները) կարող են նախապես համաձայնեցվել շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների հետ, որից հետո ներառվել գնման հայտում:

19. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը մշակվում են մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կամ ոչ մրցութային ընթացակարգով ընտրված մասնակիցների՝ կազմակերպությունների (այսուհետ՝ կատարող) կողմից՝ դրանց պետական գնման պայմանագրով ամրագրված ժամկետում՝ հետևյալ ընթացակարգով՝

1) կատարողի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում, նորմերի նախագծի առաջին խմբագրության մշակում և ներկայացում պատվիրատու հանդիսացող լիազորված մարմին (այսուհետ՝ պատվիրատու).

2) պատվիրատուի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի առաջին խմբագրության շրջանառում շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտացված կազմակերպություններ, ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հավաքագրում, ամփոփում, ուսումնասիրություն և ներկայացում կատարողին.

3) կատարողի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի առաջին խմբագրության լրամշակում ըստ շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունների, կարծիքների ամփոփաթերթի կազմում, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախագծի երկրորդ խմբագրության մշակում և ներկայացում պատվիրատուին.

4) պատվիրատուի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի երկրորդ խմբագրության շրջանառում շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտացված կազմակերպություններ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի երկրորդ խմբագրության ներկայացում հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am և լիազորված մարմնի պաշտոնական կայքէջերում, ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հավաքագրում, ամփոփում, ուսումնասիրություն և ներկայացում կատարողին.

5) կատարողի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի երկրորդ խմբագրության լրամշակում ըստ շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունների, կարծիքների ամփոփաթերթի լրացում, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախագծի վերջնամշակում և ներկայացում պատվիրատուին.

6) պատվիրատուի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախագծի վերջնամշակված տարբերակի ուսումնասիրություն, ամփոփ փաթեթի պատրաստում և ներկայացում պետական-իրավական փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն.

7) պատվիրատուի կողմից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եզրակացության տրամադրում կատարողին, ըստ եզրակացության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջնամշակված տարբերակում շտկումների ապահովման համար.

8) կատարողի կողմից՝ հրապարակման ենթակա նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջնամշակված և շտկված նախագիծը ներկայացվում է պատվիրատուին էլեկտրոնային տարբերակով՝ պետական լեզվով՝ հայերեն (նորմերի տեքստում անհրաժեշտության դեպքում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կիրառվում են նաև լատիներեն կամ օտարալեզու այլ հապավումներ կամ տերմիններ): Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հրապարակված տարբերակը ներկայացվում է նաև անգլերեն և ռուսերեն՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ.

9) պատվիրատուի կողմից՝ շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտացված կազմակերպություններ շրջանառության ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքների կատարման պայմանագրով սահմանված ժամկետում:

20. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերը հաստատվում են լիազորված մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով և ներկայացվում հրապարակման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի:

21. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան ընդունված և հրապարակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի փոփոխություններն ու լրացումներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից (նախաձեռնությամբ)՝ մրցութային կամ ոչ մրցութային ընթացակարգերով, սույն կարգով սահմանված շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների համաձայնեցումներն ու պետական-իրավական փորձաքննության եզրակացությունը ձեռք բերելու պայմանով:

 

4. ԵՄ ՆՈՐՄԵՐԸ (ԵՎՐԱԿՈԴԵՐԸ, ՀԱՄԱՐԺԵՔ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ), ԴՐԱՆՑ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Թարգմանված կամ մոտարկված/տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում կարող են կիրառվել կամավորության սկզբունքով:

23. Կառուցապատման ծրագրերի համար պատվիրատուների կամ կառուցապատողների կողմից ընտրված՝ տեղայնացված/մոտարկված ԵՄ նորմի պահանջները տվյալ ծրագրի կամ քաղաքաշինական օբյեկտի իրագործման (նախագծումից մինչև շինարարություն և շահագործում) փուլում կրում են պարտադիր բնույթ և կիրառվում են ամբողջական ծավալով:

24. Կառուցապատման ծրագրերի շրջանակներում ՀՀՇՆ համարժեք նորմի փոխարեն մոտարկված կամ տեղայնացված ԵՄ նորմի կիրառման (ընտրության) վերաբերյալ կայացված որոշումն ամրագրվում է պատվիրատուի կամ կառուցապատողի հաստատված տեխնիկական առաջադրանքում որպես նախագծման հիմնավորում ու ՀՀՇՆ նորմին հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող կարգավորում:

25. Մոտարկված/տեղայնացված/ներդաշնակեցված ԵՄ նորմերի կարգավորման շրջանակին համապատասխան գործող շինարարական նորմերի (ՀՀՇՆ) առկայության դեպքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտները, պատվիրատուի համաձայնությամբ կայացնում են ընտրանքային որոշում շինարարական նորմերը (ՀՀՇՆ-ները) կամ համապատասխան մոտարկված/տեղայնացված ԵՄ շինարարական նորմերը կիրառելու վերաբերյալ: Կայացված որոշման հիմքով քաղաքաշինական օբյեկտի նախագծման տեխնիկական առաջադրանքում ներառվում է համապատասխան պահանջ:

26. ԵՄ նորմերի մոտարկման և տեղայնացման աշխատանքները ենթադրում են Եվրամիության տարածքում գործող ու քաղաքաշինության բնագավառին վերաբերող եվրակոդերի, եվրոպական շինարարական նորմերի ուսումնասիրություն, թարգմանություն, մոտարկում, մասնակի կամ ամբողջական փոխատեղում/տեղայնացում` նկարագրական և տեխնիկական բաժինների:

27. Ցանկացած ԵՄ նորմ (Եվրակոդ) ուսումնասիրելու և մոտարկելու համար պետք է առաջնահերթ դիտարկվի ԵՆ1990, Եվրակոդ0-ն, որը սահմանում է շենքերի և շինությունների կոնստրուկցիաների նախագծման (երկրաշարժադիմացկունության, պողպատե, երկաթբետոնե, բետոնե, քարե, փայտե, ալյումինե կոնստրուկցիաների, բեռնվածքների ազդեցության, գեոտեխնիկական նախագծման) պահանջները, դրանց շահագործման հուսալիության հիմնական և ընդհանուր կանոնները, եվրակոդերի կիրառման, որակի վերահսկման պայմանները, նորմատիվ (պարտադիր) և այլընտրանքային բնույթի կարգավորումները, տեխնիկական տերմինաբանությունը, հասկացությունները, հաշվարկները և այլն:

28. Քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետահատակագծային լուծումները, հակահրդեհային անվտանգության (բացառությամբ կրող կոնստրուկտիվ համակարգի), ջեռուցման, օդափոխության և օդորակման, էլեկտրամատակարարման, սանիտարական, ջրամատակարարման, կոյուղու, էներգետիկ կայունության/էներգաարդյունավետության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների շահագործման մատչելիության պահանջները չեն ներառվում Եվրակոդերում, այլ սահմանվում են ԵՄ անդամ պետությունների քաղաքաշինության բնագավառի ազգային օրենսդրությամբ, առանձին շինարարական նորմերով կամ համարժեք իրավակարգավորումներով (օրինակ՝ Ամերիկյան, Բրիտանական, Ֆրանսիական, Գերմանական, Հունական, Բելգիական, Դանիական և այլն):

29. ԵՆ1990, Եվրակոդ0-ի պահանջները կիրառվում են (մշակվում են) ԵՄ նորմերի պահանջների հետ համատեղ և համադրությամբ:

30. ԵՄ նորմերի մոտարկման կամ տեղայնացման գործընթացը կարող է իրականացվել ամբողջական կամ մասնակի սկզբունքով: Նախապատրաստական փուլում նախատեսվում է ընտրված ԵՄ նորմի կամ դրա մի մասի տեխնիկական թարգմանություն:

31. ԵՄ նորմերի պահանջներն իրագործելի դարձնելու համար անհրաժեշտ է մշակել նաև Եվրակոդի բովանդակությանը համարժեք իրավակարգավորումներ: Ստնադարտներ-հավելվածները պարունակում են այն կարգավորումները, որոնք ԵՄ նորմի շրջանակներում չեն նկարագրվում և փաստացի բաց են մնում՝ տվյալ հանձնառու երկրին բնորոշ ազգային դրույթներով, ազգային մակարդակով սահմանված չափորոշիչներով համալրելու համար:

32. ԵՄ նորմի մոտարկման/տեղայնացման/ներդաշնակեցման գործընթացում նախատեսվող հիմնական փուլերն են՝

1) գործող (in force) ԵՄ նորմի տեքստերի ձեռք բերումը (EUR-LEX: EU law կայքով) և ուսումնասիրությունը, տեխնիկական թարգմանությունը.

2) մոտարկման/տեղայնացման/ներդաշնակեցման պատասխանատուների սահմանումը.

3) ԵՄ նորմերում (Եվրակոդերում) ներառված պահանջների, մեկնաբանությունների, հաշվարկների, նախագծման չափորոշիչների և ՀՀՇՆ-երի միջև համեմատական վերլուծությունը՝ ԵՄ նորմերի պահանջների մասնակի (ոչ ամբողջական) տեղայնացման/մոտարկման դեպքում.

4) տեղայնացման ենթակա ԵՄ նորմի (Եվրակոդի) կամ դրա մի մասի կիրառման հնարավորությունների վերլուծությունը.

5) Ազգային օրենսդրության և ԵՄ նորմերի համապատասխանության (այդ թվում CEPA համաձայնագրի պահանջների) աղյուսակի կազմումը՝ առկա հակասությունների ու համադրումների բացահայտումը, այդ աղյուսակում կատարման ենթակա փոփոխությունների, լրացումների արձանագրումը՝ ԵՄ նորմերի պահանջների մասնակի (ոչ ամբողջական) տեղայնացման/մոտարկման դեպքում.

6) ԵՄ նորմերի (Եվրակոդերի) հեղինակների և ՀՀ մասնագետների համատեղ աշխատանքը (համացանցային հեռավար հանդիպումներ, սեմինարներ, աշխատանքային քննարկումներ).

7) ԵՄ նորմերի (Եվրակոդերի) և ազգային մակարդակով մշակված համարժեք իրավակարգավորումների կիրառման համար անցումային դրույթների նախատեսումը.

8) քաղաքաշինական գործունեության սուբյեկտների՝ նախագծողների և շինարարական արտադրությամբ զբաղվողների ուսուցման կազմակերպումը.

9) քաղաքաշինության բնագավառում էներգաարդյունավետության և էներգախնայողության նորմերի մոտարկման/տեղայնացման/ներդաշնակեցման համար REMIT 2011 թվականի հոկտեմբերի 25-ի Մեծածախ էներգետիկ շուկայի ամբողջականության և թափանցիկության մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի (ԵՄ) թիվ 1227/2011 կանոնակարգի (Regulation (eu) No 1227/2011 of the European Parliament and of the Council, on wholesale energy market integrity and transparency) կարգավորման ուսումնասիրությունը.

10) ԵՄ նորմերի մոտարկաման կամ չմոտարկման պատճառների արձանագրումը և հիմնավորումների մշակումը` ԵՄ նորմերի պահանջների մասնակի (ոչ ամբողջական) տեղայնացման/մոտարկման դեպքում.

11) մոտարկված/տեղայնացված/ներդաշնակեցված նորմերի կարգավորման ազդեցության գնահատումը, մոնիթորինգը։

33. ԵՄ նորմերի (Եվրակոդերի) մշակման (մոտարկման/տեղայնացման/ներդաշնակեցման, շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման, փորձաքննության) գործընթացը կարող է կազմակերպվել մրցակցային և ոչ մրցակցային սկզբունքով, միջազգային մրցույթների կազմակերպման միջոցով՝ սույն կարգով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համար սահմանված հիմնական պահանջների շրջանակներում: ԵՄ նորմերին մոտարկված, ԵՄ նորմերի տեղայնացված, ԵՄ նորմերի համաձայն ներդաշնակեցված շինարարական նորմերի փաթեթների հաստատման գործընթացն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հաստատման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:

34. ԵՄ նորմերի մշակման (տեղայնացման/մոտարկման) փուլային աշխատանքների կազմակերպումը որոշվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից՝ «դինամիկ» մոտարկման սկզբունքով՝ կրելով շարունակական բնույթ, ելնելով ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման անհրաժեշտությունից (CEPA 3.7.1):

35. ԵՄ նորմերի հրահանգներում/դիրեկտիվներում Եվրոդատարանի որոշումներին առկա հղումների պարագայում՝ այդ հղումները կարող են կիրառելի լինել նաև մոտարկվող/տեղայնացվող/ներդաշնակեցվող փաստաթղթերում:

36. ԵՄ նորմերի հրահանգները/դիրեկտիվները պարունակում են բացառություններ, որոնց վրա կարելի է կատարել հղումներ:

37. ԵՄ նորմերի մոտարկումը/տեղայնացումը/ներդաշնակեցումը կարող է իրականացվել փոխատեղումով՝ համապատասխան դրույթներին հղումով:

38. ԵՄ նորմերի մոտարկման/տեղայնացման/ներդաշնակեցման գործընթացը կարող է իրականացվել «սելեկտիվ» մոտարկմամբ, այսինքն մասնակի, ինչպես նաև ԵՄ ազգային օրենսդրության փոխադարձ ճանաչմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


24.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation