Գլխավոր տեղեկություն
Համար
N 1023-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2025 թվականի N 1023-Ա

 

«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 138-Լ որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Հիմնադրամը ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետով սահմանված՝ տեքստիլ ոլորտի արդյունավետ և համակարգված զարգացմանը, նոր ռազմավարությունների և ծրագրերի իրականացմանը նպաստող տեքստիլ ոլորտի օպերատոր։

3. Սահմանել, որ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

4. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

5. Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Էրիկ Մինասյանին (նույնականացման քարտ՝ 015176696, տրված՝ 28.09.2023 թ., 069-ի կողմից)՝ առավելագույնը 1 տարի ժամկետով՝ մինչև սահմանված կարգով գործադիր տնօրենի ընտրության արդյունքներով ընտրված տնօրենի նշանակումը և պաշտոնի ստանձնումը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի՝ օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ հիմնադրամին հատկացվող գույքի և տարածքի վերաբերյալ:

7. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն ապահովում է հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթի հայտարարումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 24-ի N 1023-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏԻ ՕՊԵՐԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` նաև օրենք), սույն կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան օրինականության, ինքնակառավարման և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՏՈՕՀ.

3) անգլերեն լրիվ` «Textile Industry Operator» Foundation.

4) անգլերեն կրճատ` TIOF.

5) ռուսերեն լրիվ` Фонд «Оператор текстильной промышленности».

6) ռուսերեն կրճատ` ФОТП:

3. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

5. Հիմնադրամի գտնվելու վայրի հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, 0010, Մհեր Մկրտչյան 5:

6. Հիմնադրամի շահառուներն են տեքստիլ արդյունաբերության և դրան առնչվող ոլորտներում գործող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, ֆիզիկական անձինք:

7. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ:

8. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր ստեղծած հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

 

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով): Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ ու բլանկներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ ռեկվիզիտներ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով:

12. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

 

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`

1) զարգացնել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտը՝ ապահովելով ավելացված արժեքի ստեղծումը և բարձր որակը.

2) Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել պետական և մասնավոր ամուր գործընկերություն.

3) նպաստել սեփական ապրանքային նշանների (բրենդերի) ստեղծմանը և զարգացմանը` հիմնված նորաձևության ու ստեղծագործական արդյունաբերության վրա.

4) նպաստել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացմանը և ամրապնդել սեփական ապրանքանիշերի հեղինակությունը.

5) ամրապնդել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի կայուն զարգացումը` համաշխարհային միտումներին և էկո ստանդարտներին համապատասխան.

6) ապահովել Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի աշխատակիցների արժանապատիվ աշխատանքի իրավունքը և նպաստել գենդերային հավասարությանը.

7) աջակցել Հայաստանում արտադրված լինելու մասին (Made in Armenia) վկայող ապրանքային նշանների ձևավորմանը և դրանց առաջմղմանը.

8) նպաստել արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացմանը.

9) ընդլայնել արտահանման աշխարհագրական հասանելիությունը և մուտք գործել նոր շուկաներ:

14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) տեքստիլ արդյունաբերության զարգացման, որակի բարելավման ծրագրերի մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

2) տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռիսկերը գնահատելը և ռիսկերի կանխարգելման ու կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

3) ըստ անհրաժեշտության` տեքստիլ արդյունաբերության ոլորտի օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը և դրանց մասնակցելը` ապահովելով օրենսդրական դաշտի ամբողջականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.

4) տեքստիլ արդյունաբերության և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների միջև անհրաժեշտ փոխհարաբերությունների, մասնավորապես, երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերությունների ձևավորմանն աջակցելը.

5) տեքստիլ արդյունաբերության ընկերությունների տեխնիկական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանն աջակցելը.

6) արտահանման թիրախային շուկաները հետազոտելը, գործարար շրջանակների հետ կապեր հաստատելը.

7) հայկական տեքստիլ արդյունաբերության մասին իրազեկմանն ուղղված մարքեթինգային և գովազդային գործունեություն իրականացնելը.

8) տեքստիլ արդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերություններ հաստատելը, համատեղ ծրագրեր իրականացնելը.

9) ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումներին տեքստիլ արդյունաբերության ոլորտի տնտեսավարողների մասնակցությանն աջակցելը, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպելը.

10) տեքստիլ արդյունաբերության ոլորտին պետական աջակցություն ցուցաբերող այլ կառույցների հետ համագործակցելը.

11) տեքստիլ ոլորտի արդյունավետ և համակարգված զարգացմանը, նոր ռազմավարությունների և ծրագրերի իրականացմանը նպաստելը:

 

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

17. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով՝ հիմնադրամի գործունեության սկզբնական փուլում պետական մասնակցության աստիճանական նվազման և մասնավոր հատվածի մասնակցության ընդլայնման միջոցով։ Հիմնադրամի ֆինանսավորման համամասնությունները սահմանվում են հետևյալ կերպ՝

1) առաջին տարում՝ պետական միջոցներ՝ 70 տոկոս, մասնավոր ներդրումներ՝ 30 տոկոս.

2) երկրորդ տարում՝ պետական միջոցներ՝ 50 տոկոս, մասնավոր ներդրումներ՝ 50 տոկոս.

3) երրորդ տարում՝ պետական միջոցներ՝ 30 տոկոս, մասնավոր ներդրումներ՝ 70 տոկոս.

4) չորրորդ տարուց սկսած հիմնադրամի գործունեությունը ֆինանսավորվում է ոչ պետական միջոցներից՝ մասնավոր ներդրումների և սույն կանոնադրությամբ սահմանված այլ աղբյուրների հաշվին:

20. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձերի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի:

 

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

22. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

23. Հիմնադրամը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) կրթական գործունեություն.

2) գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.

3) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում:

24. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

25. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

26. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) հիմնադրամի գործադիր տնօրենը:

27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է: Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունները սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից, որոնցից 3-ը էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ են` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, թեթև արդյունաբերության վարչության պետը և արդյունաբերության քաղաքականության վարչության պետը, 1-ը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ, 1-ը՝ Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) ներկայացուցիչ, իսկ 2-ը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի մարտի 28-ի N 912-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից ներկայացված՝ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ովքեր նշանակվում են ռոտացիոն սկզբունքով` երկու տարի ժամկետով: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: Հիմնադրամի տնօրենը խորհրդի քարտուղարն է: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:

28. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։

29. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

30. Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահ է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը:

31. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

32. Խորհրդի իրավասություններն են`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) հոգաբարձուների խորհրդի նախագահի, գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

11) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

14) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

19) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

33. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի (եռամսյակային, տարեկան և արտահերթ) միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

34. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ։

35. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

36. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ.

5) խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

37. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

38. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, խորհրդատուներ, այդ թվում` տվյալ ծրագրային ոլորտի աշխատանքները համակարգող նախարարները կամ նախարարության ներկայացուցիչները: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման` խորհրդի նախագահի և տվյալ նիստի քարտուղարի կողմից:

39. Հիմնադրամի գործադիր տնօրենը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

40. Հիմնադրամի գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, եռամսյակային պարբերականությամբ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:

41. Հիմնադրամի գործադիր տնօրենը մրցույթով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից: Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

42. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, ծրագրերի իրականացման խմբերի գործունեության կարգերը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ:

43. Խորհուրդն իրավունք ունի լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

44․ Տնօրենի բացակայության կամ տնօրենի պաշտոնը թափուր մնալու դեպքում տնօրենի պարտականությունների կատարումը վերապահվում է տնօրենի տեղակալին, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ խորհրդի որոշմամբ այլ աշխատակցի։

45. Տնօրենի պաշտոնը թափուր մնալուց հետո մեկամսյա ժամկետում հայտարարվում է հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության մրցույթը։

 

7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

47. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

48. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

50. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

51. Հիմնադրամը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

52. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս՝ դրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

53. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

54. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում՝ վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

55. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

56. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և փոփոխել այդ նպատակները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս՝ հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

57. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

58. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

59. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

60. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

61. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հttp://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն հիմնադրամը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

62. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է հիմնադրամի լուծարման մասին:

63. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

64. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

65. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի խորհուրդը:

66. Լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է հիմնադրամի գույքը:

67. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

68. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

69. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհրդին՝ հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան՝ հաստատման:

70. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռը՝ օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

71. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ լուծարման պետական գրանցման պահից:

72. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 58-րդ, 65-րդ և 69-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


25.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ