ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԿԱԶՄՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«17» հուլիս 2025 թվականի

N 73-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԿԱԶՄՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35․1-ին հոդվածի 5-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1․ Անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության առաջադրանքներ կազմելու նպատակով սահմանել՝

1) մասնագիտական հանձնաժողովների ձևավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) մասնագիտական հանձնաժողովների աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

17.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «17»-ի 

թիվ 73-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության համար տեսական (թեստային), իրավիճակային և գործնական առաջադրանքների (այսուհետ՝ առաջադրանքներ) կազման նպատակով մասնագիտական հանձնաժողովներ (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորելու և դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները։

2. Հանձնաժողովի նախագահը և անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից։

3․ Հանձնաժողովը Լիազոր մարմնի կողմից ձևավորվում է նախապես՝ Լիազոր մարմնի կողմից համապատասխան պաշտոնական հարցումների արդյունքում ներկայացված թեկնածություններից։

4. Հանձնաժողովը կազմված է առնվազն 3 անդամից և վերջինիս կազմը ենթակա է վերանայման յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:

5․ Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք ունեն՝

1) բարձրագույն և հետբուհական բժշկական կրթություն․

2) առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) առնվազն 5 տարվա փորձ կրթության ոլորտում․

4) քննության հարցերի, թեստերի կամ այլ կրթական նյութերի կազման փորձ։

 

Հավելված N 2

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «17»-ի 

թիվ 73-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա տրամադրելու համար կազմակերպվող կենտրոնացված քննության համար առաջադրանքներ կազմող մասնագիտական հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողով) խնդիրները, գործառույթները, աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև հանձնաժողովների գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

2․ Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, ՀՀ այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:

3․ Հանձնաժողովի նախագահը և անդամները պարտավոր են պահպանել գաղտնիություն և չհրապարակել կամ որևէ մեկի հետ քննարկել առաջադրանքները:

4. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) անհատական լիցենզիա տրամադրելու նպատակով ավագ բուժաշխատողների համար նախատեսված կենտրոնացված քննության անցկացման նպատակով առաջադրանքների մշակումը, տեղայնացումը․

2) անցումային անհատական լիցենզիա տրամադրելու նպատակով կլինիկական օրդինատորների կլինիկական ռեզիդենտների, ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց համար նախատեսված կենտրոնացված քննության անցկացման նպատակով առաջադրանքների մշակումը, տեղայնացումը․

3) առկա առաջադրանքների վերանայումը` առնվազն տարին մեկ անգամ․

4) առաջադրանքների մշակված փաթեթը Լիազոր մարմնին ներկայացնելը։

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է հանձնաժողովի ստեղծման պահից` տասնօրյա ժամկետում:

8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի նախագահի կամ անդամներից որևէ մեկի նախաձեռնությամբ։

9. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովը բաղկացած է հանձնաժողովի նախագահից, հանձնաժողովի անդամներից, հանձնաժողովի քարտուղարից:

11. Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի քարտուղար:

12. Հանձնաժողովի նախագահը իրականացնում է աշխատանքի բաշխում՝ Հանձնաժողովի անդամների միջև, հաշվի առնելով վերջիններիս մասնագիտական ուղղվածությունը։

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

14. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:

15. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

16․ Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

17․ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

18. Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

20․Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը։

21. Հանձնաժողովի գործունեության կազմակերպչատեխնիկական աշխատանքներն ապահովում է Լիազոր մարմինը:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը։

23. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) հաստատում է հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.

4) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում է դրանք.

5) պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն աշխատակարգին համապատասխան հանձնաժողովի գործառույթների իրականացման համար․

6) անհրաժեշտությունից ելնելով՝ կարող է դիմել Լիազոր մարմնին՝ հանձնաժողովի կազմում այլ մասնագետ ներգրավելու համար։

25. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:

26. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու կամ դրանք իրականացնելու անհնարինության դեպքում Լիազոր մարմինը նշանակում է հանձնաժողովի նոր նախագահ:

27. Հանձնաժողովի քարտուղարը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝

1) նախապատրաստում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը.

2) հանձնաժողովի նիստի օրակարգը՝ դրանց կից փաստաթղթերով, էլեկտրոնային եղանակով, ուղարկում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեներին.

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

4) իրականացնում է նիստի մասնակիցների հրավիրման, հանձնաժողովի գործունեության ապահովման հետ կապված այլ աշխատանքներ։

28. Հանձնաժողովի անդամները պարտավոր են՝

1) անձամբ մասնակցել հանձնաժողովի նիստերին.

2) իրեն հանձնարարված աշխատանքը կատարել անձամբ և այդ աշխատանքի կատարմանն այլ անձանց չներգրավել․

3) չհրապարակել առաջադրանքների տարբերակները և չքննարկել այլ անձանց հետ, բացառությամբ հանձնաժողովի անդամների.

4) իրեն հանձնարարված առաջադրանքները կազմել ՀՀ-ում գործող պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերը հաշվի առնելով․

5) մասնակցել որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

6) իրականացնել սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

29. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն`

1) մասնակցելու հանձնաժողովի նիստերին և կարծիք հայտնելու քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) ծանոթանալու հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.

3) ներկայացնելու հարցեր հանձնաժողովի քննարկմանը.

4) իրականացնելու սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:

30․ Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարել ՝

1) անձնական դիմումի համաձայն.

2) նրա մահվան դեպքում.

3) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում կամ հարուցվել է քրեական հետապնդում կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքերով.

4) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

5) երեք անգամ անընդմեջ հանձնաժողովի նիստերին առանց հարգելի պատճառի չմասնակցելու դեպքում։

31. Հանձնաժողովի նախագահը և անդամները կարող են դուրս գալ հանձնաժողովի կազմից` այդ մասին առնվազն քսան օր առաջ գրավոր դիմում ներկայացնելով Լիազոր մարմնին:

32․Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք և ավելի նիստից և այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն:

33․ Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են Լիազոր մարմնի պատճառաբանված հրամանով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական: