ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1150-Ն
ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1150-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին (այսուհետ` հաստատություն) բարձր կատարողականի արդյունքի գնահատման համար ձևաչափով նախատեսված անհրաժեշտ տվյալներին համապատասխան բարձր կատարողական արդյունք ունեցող հաստատություններին խրախուսելու, և ըստ համապատասխան փուլերի՝ ցածր կատարողականի արդյունքի գնահատման չափանիշներին համապատասխան ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատություններին աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
2. Լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել զարգացնելու և կատարելագործելու համար, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել կրթական գործընթացներում առաջընթաց ապահովելու հարցում՝
1) բարձր կատարողականի, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում չեն կարող ընդգրկվել այն հաստատությունները, որոնցում սովորողների թիվը 50-ից պակաս է:
3. Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր՝
1) նորարարական ծրագիրը հաստատությունում կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է ներդնել նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ, մոտեցումներ կամ բովանդակություն՝ սովորողների կրթության որակը բարձրացնելու, նրանց ստեղծագործականությունն ու քննադատական մտածողությունը խթանելու, ուսուցման գործընթացն առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար.
2) բարելավման ծրագիրը նպատակային ծրագիր է, որն ուղղված է հաստատության կրթական որակի, կառավարման, ուսումնական միջավայրի կամ ընդհանուր արդյունավետության բարձրացմանը՝ հիմնվելով գնահատված թերությունների, մարտահրավերների կամ զարգացման հնարավորությունների վրա:
4. Հաստատության՝
1) բարձր կատարողականի արդյունքը որոշվում է սույն կարգի 23-րդ կետով սահմանված՝ հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքում սույն կարգի 2-րդ գլխում սահմանված՝ հաստատության գործունեության բարձր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից կազմակերպված մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա՝
ա. մրցույթին դիմող հաստատությունները չպետք է ընդգրկված լինեն սույն կարգի 23-րդ կետում սահմանված՝ ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունների ցանկում.
2) ցածր կատարողականի արդյունքը որոշվում է սույն կարգի 4-րդ գլխում սահմանված՝ հաստատության գործունեության ցածր կատարողականի արդյունքների գնահատման չափանիշներով:
5. Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից՝ հաշվի առնելով սույն կարգի 20-րդ կետում սահմանված պահանջները և սույն կարգի 23-րդ կետում սահմանված՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԿԿՏՀ) իրականացված հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքները:
6. Հանձնաժողովը նախագահում է նախարարության հանրակրթության ոլորտը համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչներ՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից, «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ ԳԹԿ), 2-ական ներկայացուցիչներ նախարարության Հանրակրթության և Ֆինանսաբյուջետային վարչություններից և կրթության ոլորտի 2 փորձագետ:
7. Հանձնաժողովն ունենում է քարտուղար (այսուհետ՝ քարտուղար), որը նշանակվում է հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները համակարգում է քարտուղարը, որը հանձնաժողովի անդամ չէ:
8. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք ձայնագրվում և արձանագրվում են քարտուղարի կողմից: Արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը։
9. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն 8 անդամ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի անդամներից առնվազն 6 անդամի կողմ քվեարկելու դեպքում:
10. Ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատություններին աջակցելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթության որակի փոփոխությանն ուղղված մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և դպրոցը՝ որպես սոցիալական դրական միջավայր ձևավորելու աշխատանքների իրականացմանն աջակցելու համար նախարարի հրամանով 2 տարի ժամկետով վերջիններիս կցվում են մենթոր հաստատություններ, որոնք նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցներն են կամ հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցներ:
11. Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը ձևավորվում է հանձնաժողովի որոշման հիման վրա, յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը, և հաստատվում է նախարարի հրամանով:
12. Յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը:
13. Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերում և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերում ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի ուղղություններով և չեն կարող ուղղված լինել կապիտալ ծախսերին:
14. Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող հաստատություններին հանձնաժողովի որոշմամբ կարող է տրվել նաև միջազգային կամ տեղական համաժողովներում փորձի ներկայացման, հաստատության ձեռքբերումների հանրայնացման, առկա ռեսուրսները տարբեր ծրագրերում ընդգրկելու հնարավորություն:
15. Ցածր կատարողականի արդյունքով ֆինանսական աջակցություն ստացող հաստատություններին հանձնաժողովի որոշմամբ կարող է տրվել նաև տեղական համաժողովներում այլոց փորձի ուսումնասիրման հնարավորություն:
16. Նորարարական կամ բարելավման ծրագրի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին, բայց ոչ ուշ, քան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ հաստատությունները նորարարական կամ բարելավման ծրագրերում նշված գործողությունների պլանի ժամանակացույցին համապատասխան նկարագրողական հաշվետվություն են ներկայացնում լիազոր մարմնին: Լիազոր մարմինը նկարագրողական հաշվետվություններն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ստացված բոլոր հաշվետվությունները գրությամբ ներկայացնում է հանձնաժողովին:
17. Հաստատությունները նորարարական կամ բարելավման ծրագրով սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովին ներկայացնում են իրականացված ծրագրերի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
18. Բարձր կատարողականի արդյունք ցուցաբերած հաստատություններին ֆինանսական խրախուսում տրամադրելու նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 30-ը ներառյալ, նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է հայտարարություն մրցույթին մասնակցելու համար, որտեղ հստակ նշվում է մրցույթի նպատակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դիմումների ներկայացման եղանակը, ժամկետները, գնահատման չափորոշիչները, ինչպես նաև բողոքարկման ընթացակարգը:
19. Հաստատությունները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով՝
1) տվյալներ հաստատության վերաբերյալ՝ համաձայն N 1 ձևի.
2) հաստատության զարգացմանն ուղղված իրենց նորարարական ծրագիրը.
3) նորարարական ծրագրի իրականացմանն ուղղված ծախսերի նախահաշիվը՝ 1 տարվա համար:
20. Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝
1) մանկավարժական աշխատողների առնվազն 50%-ն ունի կամավոր ատեստավորման դրական արդյունք.
2) մանկավարժական աշխատողների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ.
3) սովորողների առնվազն 5%-ը նախորդ ուսումնական տարում մասնակցել է առարկայական օլիմպիադաների մարզային (համայնքային) փուլին, հաստատությունն ունեցել է հանրապետական փուլի մասնակից.
4) «Ամսվա լավագույնները» մրցույթին վերջին մեկ տարվա ընթացքում ներկայացվել է առնվազն 3 հայտ:
21. Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողովը, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, որին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դեկտեմբերի 25-ը, ընտրում է բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատություն, որոնցից յուրաքանչյուրի համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին:
22. Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մրցույթին:
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
23. Յուրաքանչյուր տարի սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետներում ԿԿՏՀ-ում իրականացվում է հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատում՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, որից հետո առանձնացվում են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները:
24. Հաստատությունների կատարողականի գնահատումն իրականացվում է յուրաքանչյուր տարի հետևյալ 3 փուլերով՝
1) 1-ին փուլ՝ հայտորոշում, որն իրականացվում է հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հիման վրա ձևավորված ինքնաշխատ հաշվետվությամբ՝ համաձայն սույն կարգի 4-րդ գլխում սահմանված գնահատման չափանիշների, որով առանձնացվում են ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունները.
2) 2-րդ փուլ՝ իրականացվում է նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս փուլում ընտրված հաստատություններում անցկացվում է ԳԹԿ-ի կողմից արտաքին գնահատում՝ սովորողների առաջադիմության կամ գիտելիքների ստուգման եղանակով.
3) 3-րդ փուլ՝ հանձնաժողովի կողմից՝ ըստ արտաքին գնահատման արդյունքների և ցածր կատարողականի արդյունք ունեցող դպրոցների գնահատման սանդղակի կիրառման, ընտրվում են ցածր կատարողականի արդյունք ունեցող առավելագույնը 30 հաստատություններ (50 և ավելի սովորող ունեցող), որոնց տրամադրվելու են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
25. Գնահատումներն իրականացվում են՝ համաձայն 4-րդ գլխով սահմանված հետևյալ բաղադրիչների՝
1) հաստատության կառավարում, ուսումնական և մասնագիտական միջավայր.
2) հաստատության մանկավարժական համակազմի մասնագիտական կարողություններ.
3) սովորողների ակադեմիական առաջընթաց ու կրթության որակ՝ յուրաքանչյուր տարի նախարարի հրամանով հաստատված և ԳԹԿ-ի կողմից իրականացվող արտաքին գնահատման ուղղություններով և ըստ դասարանների.
4) կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ համագործակցության միջոցով իրականացված աշխատանքներ, հաստատության խորհրդակցական մարմինների ներգրավվածություն:
26. Նախարարի հրամանով ցանկում ընդգրկվելուց հետո հաստատություններն իրենց կցված մենթոր դպրոցների աջակցությամբ մեկամսյա ժամկետում ներկայացնում են հաստատության բարելավման ծրագիր, որը կարող է լինել առավելագույնը երկու տարի տևողությամբ՝ համաձայն նախարարի հրամանով հաստատված ձևաչափի:
27. Հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար:
28. Բարելավման ծրագրի կատարման առաջին տարվա հաշվետվության արդյունքում հանձնաժողովն առաջարկ է ներկայացնում հաջորդ տարի աջակցության տրամադրման վերաբերյալ: Երկրորդ տարվա ավարտին կրկին կատարողականի ցածր արդյունք գրանցելու դեպքում հանձնաժողովը տնօրենի (կամ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կամ պարտականությունները կատարողի) պաշտոնավարումը շարունակելու նպատակահարմարությունը քննարկելու մասին եզրակացությունն ուղարկում է լիազոր մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար:
4. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱԾՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Փուլ 1-ին․ վերջին ուսումնական տարվա դրությամբ հաստատության կառավարումը, ուսումնական և մասնագիտական միջավայրը՝
1) ուսումնական պլանի ձևավորման ժամկետը և փոփոխությունները.
2) ուսումնական պլանի և դասաբաշխումների համապատասխանությունը.
3) թեմատիկ պլանների ձևավորման ժամկետները.
4) երկարօրյա խմբերի կազմակերպումը.
5) նախագծային աշխատանքների քանակը.
6) անվճար խմբակների թիվը.
7) նախագծային աշխատանքները՝ Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ում լրացված լինելը.
8) սովորողների փոխադրումների և ավարտական փաստաթղթերի ձևավորման ժամկետները.
9) հերթական ատեստավորման համար ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման ժամկետները և գնահատման փոփոխությունները.
10) հաստատությունում գործող կրթական, մշակութային, սպորտային անվճար խմբակներում ընդգրկված սովորողների թիվը.
11) պետական ավարտական քննություններին 1-7 միավոր ստացածների թիվը.
12) միասնական քննություններին անբավարար ստացածների թիվը:
2. Վերջին 5 տարվա ընթացքում հաստատության մանկավարժական համակազմի մասնագիտական կարողությունները՝
1) կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների թիվը և տոկոսը՝ ըստ շեմերի.
2) հերթական ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների թիվը.
3) տարակարգ ունեցող մանկավարժական աշխատողների թիվը.
4) գիտական աստիճան ունեցող մանկավարժական աշխատողների թիվը:
3. Փուլ 2-րդ․ յուրաքանչյուր տարի նախարարի հրամանով հաստատված արտաքին գնահատման ուղղություններով և ըստ դասարանների՝ ԳԹԿ-ի կողմից իրականացվող արտաքին գնահատման արդյունքում կգնահատվեն սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը:
4. Փուլ 3-րդ․ վերջին ուսումնական տարվա դրությամբ հաստատության կառավարումը, ուսումնական և մասնագիտական միջավայրը՝
1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհատական ուսուցման պլանով նախատեսված կրթության պատշաճ կազմակերպում՝ ապահովելով բոլոր սովորողների ներգրավվածությունը կրթական գործընթացում.
2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար մատչելի ուսումնական և ֆիզիկական միջավայրի ապահովում և խելամիտ հարմարեցումների տրամադրում.
3) հաստատությունում բռնության և բուլինգի դեպքերի առկայություն:
5. Վերջին ուսումնական տարվա դրությամբ սովորողների ակադեմիական առաջընթացն ու կրթության որակը՝
1) արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններ ընդունված շրջանավարտների թիվը.
2) բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ բուհ) ընդունված շրջանավարտների թիվը.
3) առարկայական միջին գնահատականներ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Պատմություն», բնագիտական առարկաներից.
4) մարզային, հանրապետական, միջազգային օլիմպիադաների մասնակիցների թիվը.
5) մարզային, հանրապետական, միջազգային օլիմպիադաներում մրցանակ ստացածների թիվը.
6) պետական ավարտական փաստաթուղթ ստացած շրջանավարտների թիվը:
6. Վերջին 5 տարվա ընթացքում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ համագործակցության միջոցով իրականացված աշխատանքներ, հաստատության խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը՝
1) հաստատությունում իրականացվող դրամաշնորհային ծրագրերի թիվը.
2) հաստատության գործընկեր հայկական և արտասահմանյան կազմակերպությունների թիվը.
3) հաստատության և բուհերի հետ համագործակցության պայմանագրերի թիվը.
4) հաստատության կառավարման և խորհրդակցական մարմինների ներգրավվածությունը և մասնակցայնությունը.
5) բոլոր շահառուների համար դրական և ապահով մթնոլորտի ապահովումը:
Ձև N 1
ՁԵՎԱՉԱՓ
ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Հաստատության անվանումը ______________________________
Գտնվելու վայրը _________________________________________
մարզը, համայնքը
Բնութագրիչ |
Ցուցանիշ |
1.Մանկավարժական աշխատողների թիվը (վերջին ուսումնական տարվա դրությամբ) |
|
Սովորողների թիվը (վերջին ուսումնական տարվա դրությամբ) |
|
2.Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թիվը/տոկոսը (վերջին 5 տարվա դրությամբ) |
|
3. Տարակարգ ստացած ուսուցիչների թիվը/տոկոսը (վերջին 5 տարվա դրությամբ) |
|
4.Նախորդ ուսումնական տարում առարկայական օլիմպիադաների մարզային կամ համայնքային փուլերի մասնակիցների թիվը/տոկոսը, հանրապետական փուլ անցած մասնակիցների թիվը/տոկոսը |
|
5. «Ամսվա լավագույնները» մրցույթին վերջին ուսումնական տարվա ընթացքում ներկայացված հայտերի քանակը |
|
6. Գիտամանկավարժական պարբերականներում հրապարակումներ ունեցող մանկավարժական աշխատողների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ) |
|
7. «Տարվա լավագույններ» անվանակարգերում մրցանակակիրների թիվը (վերջին 2 տարվա դրությամբ) |
|
8.Գիտամանկավարժական փառատոներում, համաժողովներում ներկայացված զեկույցների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ) |
|
9. Հանրապետական, միջազգային օլիմպիադաներում մրցանակ ստացած սովորողների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ) |
|
10. Հանրապետական և միջազգային սպորտային մրցումներում մրցանակ ստացած սովորողների թիվը (վերջին 5 տարվա դրությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
15.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2025 թվական: