ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2019 թվականի N 808-Ն
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 300-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել hակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել՝
1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
(2.1-ին կետը լրաց. 23.10.19 N 1529-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել 2015 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի N 300-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ (ոլորտը համակարգող)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ոլորտը համակարգող)
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ:
(հավելվածը լրաց. 18.07.19 N 971-Ն, փոփ., լրաց. 23.10.19 N 1529-Ն, փոփ. 19.02.20 N 209-Ն, լրաց. 09.04.24 N 318-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:
3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհուրդը քննարկում է՝
1) հակակոռուպցիոն ռազմավարությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող իրավական ակտերը.
2) հակակոռուպցիոն ռազմավարությունների հիման վրա մշակված ոլորտային ծրագրերը.
3) հակակոռուպցիոն ռազմավարություններից և Հայաստանի Հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների իրականացման գործընթացները.
4) հակակոռուպցիոն ռազմավարությունների և ծրագրերի կատարողականները և մոնիթորինգի արդյունքները.
5) կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտը ներկայացնող կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.
6) կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը.
7) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցեր:
(4-րդ կետը փոփ., լրաց. 18.08.25 N 721-Ն)
III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը (այսուհետ` քարտուղարություն):
(5-րդ կետը փոփ. 02.04.20 N 414-Ա)
6. Խորհրդի կազմում մրցութային կարգով ներգրավվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) նկատմամբ կիրառվում է ռոտացիայի սկզբունքը: Խորհուրդը համարվում է ձևավորված՝ անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:
(6-րդ կետը փոփ. 23.10.19 N 1529-Ն, 18.08.25 N 721-Ն)
7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`
1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.
2) ներկայացրել են տվյալներ հակակոռուպցիոն ոլորտում իրականացրած առնվազն երեք ծրագրերի վերաբերյալ (առկայության դեպքում՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված ծրագրեր): Յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներառի դրա բովանդակության նկարագրությունը, իրականացման կոնկրետ ժամանակահատվածը, ինչպես նաև ստացված արդյունքների համապարփակ նկարագրություն.
3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.
4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.
5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկություն:
(7-րդ կետը փոփ., խմբ. 18.08.25 N 721-Ն)
7.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված չափանիշներին (բացառությամբ 7-րդ կետի 2-րդ ենթակետի) համապատասխանող հասարակական կազմակերպություններից երկուսը խորհրդի կազմում կարող են ընդգրկվել, եթե վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ:
(7.1-ին կետը լրաց. 23.10.19 N 1529-Ն, 19.02.20 N 209-Ն)
8. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ արձանագրությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և հակակոռուպցիոն մոնիթորինգի anti-corruption.gov.am պլատֆորմում՝ սույն հավելվածի 10.3-րդ կետով սահմանված կարգով խորհրդի նախագահի կողմից ստորագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(8-րդ կետը խմբ. 18.08.25 N 721-Ն)
9. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
(9-րդ կետը լրաց. 31.10.19 N 1577-Ն)
10. Խորհրդի նիստի ավարտից հետո խորհրդի նիստերում քննարկված հարցերի վերաբերյալ քարտուղարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն, որը կարծիքի է ներկայացվում խորհրդի անդամներին:
(10-րդ կետը խմբ. 18.08.25 N 721-Ն)
10․1․ Խորհրդի անդամները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են դիտարկումներ կամ առաջարկություններ, եթե այդպիսիք առկա են։
(10.1-ին կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
10․2․ Քարտուղարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված դիտարկումները և առաջարկությունները՝ անհրաժեշտության դեպքում կատարելով համապատասխան փոփոխություններ։
(10.2-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
10․3․ Խորհրդի նիստի արձանագրության վերաբերյալ սահմանված ժամկետում դիտարկում կամ առաջարկություն չներկայացնելու դեպքում, իսկ առկայության դեպքում՝ դիտարկումների կամ առաջարկությունների հիման վրա լրամշակված արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը։
(10.3-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
11. Խորհրդի նախագահը՝
1) համակարգում է խորհրդի աշխատանքը.
2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.
3) հաստատում է նիստի օրակարգը, որը քննարկվելիք այլ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերով խորհրդի անդամներին է հանձնվում որպես կանոն նիստից երեք աշխատանքային օր առաջ.
4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:
(11-րդ կետը փոփ. 18.08.25 N 721-Ն)
12. Խորհրդի անդամը՝
1) մասնակցում է խորհրդի նիստերին.
2) ներկայացնում է առաջարկություն խորհրդի օրակարգում ներառվելիք հարցերի, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի, ինչպես նաև խորհրդի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.
2.1) հանդես է գալիս հայտարարությամբ խորհրդի օրակարգում ներառված հարցերի, հակակոռուպցիոն ռազմավարության և դրանց կատարումն ապահովող գործողությունների ծրագրերի, ինչպես նաև խորհրդի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.
3) իրականացնում է սույն կարգով սահմանված խորհրդի իրավասություններից բխող այլ գործառույթներ:
(12-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
13. Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում խորհրդի անդամը տեղեկացնում է խորհրդի նախագահին: Խորհրդի անդամի խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում վերջինիս փոխարինման հարցը խորհրդի նախագահը ներկայացնում է խորհրդի քննարկմանը:
13.1. Հասարակական կազմակերպության մասնակցությունը խորհրդի կազմում համարվում է դադարած ՀՀ արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ աշխատանքային օրը: ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ՝ այդ մասին խորհրդի առաջիկա նիստում զեկուցելով:
(13.1-ին կետը լրաց. 23.10.19 N 1529-Ն, փոփ. 18.08.25 N 721-Ն)
14. Խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
(14-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
15. Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված բանավոր որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։ Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը:
(հավելվածը փոփ., լրաց. 23.10.19 N 1529-Ն, լրաց. 31.10.19 N 1577-Ն, 19.02.20 N 209-Ն, փոփ. 02.04.20 N 414-Ա, փոփ., խմբ., լրաց. 18.08.25 N 721-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող երկու հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի (այսուհետ՝ նաև ներգրավում) հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
2. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Նախարարությունը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:
(3-րդ կետը փոփ. 18.08.25 N 721-Ն)
4. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.
3) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերը ներկայացնելու 15 աշխատանքային օրվա ժամկետը նախարարության պատճառաբանված որոշման հիման վրա կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով։
(5-րդ կետը փոփ., լրաց. 18.08.25 N 721-Ն)
6. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներին):
7. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք փաստում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներին) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:
8. Հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը խորհրդում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապը հասարակական կազմակերպության հետ, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
(8-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
10. Փաստաթղթերն ընդունելու նպատակով նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:
11. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:
12. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
(12-րդ կետը փոփ. 18.08.25 N 721-Ն)
IV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Ներգրավումն անցկացվում է երկու փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է նախարարությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:
14. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է հինգ աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու մասին հեռախոսով ծանուցվելու դեպքում կազմվում է գրավոր արձանագրություն։
(14-րդ կետը փոփ., լրաց. 18.08.25 N 721-Ն)
14.1. Հինգ աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու անհնարինության դեպքում հայտ ներկայացնողը թերությունները շտկելու ժամկետի ավարտից առնվազն երկու աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստով դիմում է ներկայացնում նախարարություն՝ թերությունները շտկելու ժամկետն առավելագույնը հինգ աշխատանքային օրով երկարացնելու խնդրանքով: Նախարարությունը դիմումը քննարկում և կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում՝ դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշման մասին էլեկտրոնային փոստով ծանուցելով հայտ ներկայացնող անձին:
(14.1-ին կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
15. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում՝ ժամկետը լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կայացնելով համապատասխան որոշում և դրա մասին էլեկտրոնային փոստով ծանուցելով հայտ ներկայացնողին:
(15-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
16. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են ոչ ավել, քան հինգ հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում:
(16-րդ կետը խմբ. 18.08.25 N 721-Ն)
16.1. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են հինգից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա անցկացվում է մրցույթի երկրորդ փուլ, որի ժամանակ նախապատվությունը տրվում է հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն ունեցող (վերջին հինգ տարիների ընթացքում առավել շատ ծրագրեր իրականացրած) հինգ կազմակերպություններին:
(16.1-ին կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
16.2․ Մրցույթի երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտության դեպքում կայացվում է համապատասխան որոշում՝ հայտ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
(16.2-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
16.3. Եթե առաջին փուլի ընթացքում, ներկայացրած փաստաթղթերում առկա թերությունների շտկման անհրաժեշտությամբ պայմանավորված, հայտ ներկայացնողին տրամադրվել է լրացուցիչ ժամկետ՝ սույն կարգի 14-րդ կամ 14․1-ին կետերով սահմանված կարգով, ապա երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը կայացվում է վերոնշյալ ժամկետները հաշվի առնելով:
(16.3-րդ կետը լրաց. 18.08.25 N 721-Ն)
17. Նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկության տեղադրումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:
(17-րդ կետը փոփ. 18.08.25 N 721-Ն)
18. Ռոտացիայի սկզբունքը կիրառելու համար նախարարությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմակերպությունների ներգրավման օրվանից սկսած երկու տարին մեկ անգամ հրապարակում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են հայտ ներկայացնել: Մինչև խորհրդի նոր անդամ հասարակական կազմակերպությունների ներգրավումը խորհրդի գործող անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:
(18-րդ կետը խմբ. 18.08.25 N 721-Ն)
19. Եթե հերթական ներգրավման գործընթացին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպություններից բացի մասնակցում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող այլ հասարակական կազմակերպություններ, ապա խորհրդի կազմում ընդգրկվելու նախապատվության իրավունք են ստանում խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող՝ խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները հինգից ավելի են, ապա այս դեպքում դրանց միջև ընտրությունը կատարվում է սույն կարգի 16.1-ին, 16.2-րդ և 16․3-րդ կետերով սահմանված կարգով: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող՝ խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները հինգից պակաս են, ապա հինգից պակասող թվով տեղերում անդամությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն և առավել շատ ծրագրեր իրականացրած) խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպություններին:
Եթե սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հայտարարությունից հետո սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող որևէ հասարակական կազմակերպություն հայտ չի ներկայացնում, ապա խորհրդի գործող անդամ հասարակական կազմակերպությունները շարունակում են անդամությունը խորհրդի կազմում 2 տարի ժամկետով՝ մինչև սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով նոր անդամների ներգրավումը:
(19-րդ կետը փոփ. 18.08.25 N 721-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 18.08.25 N 721-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.2025, N 721-Ն | 20.08.2025, N 808-Ն | |
09.04.2024, N 318-Ն | 10.04.2024, N 808-Ն | |
02.04.2020, N 414-Ա | 04.04.2020, N 808-Ն | |
19.02.2020, N 209-Ն | 27.02.2020, N 808-Ն | |
31.10.2019, N 1577-Ն | 07.11.2019, N 808-Ն | |
23.10.2019, N 1529-Ն | 29.10.2019, N 808-Ն | |
18.07.2019, N 971-Ն | 25.07.2019, N 808-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|