ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11500/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11500/05/24

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11500/05/24

 

Նախագահող դատավոր՝

 Կ. Գևորգյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

 

2025 թվականի հուլիսի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով երրորդ անձ Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ կադաստրի կոմիտեին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ իր գրավի իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցել իր գրավի իրավունքը: Միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 09102024 թվականի որոշմամբ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30122024 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09102024 թվականի «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ արգելել երրորդ անձ Նունե Վարդանյանին օտարել, գրավադրել կամ այլ կերպ տնօրինել ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքը՝ մինչև սույն վարչական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ մնացած մասով, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Նունե Վարդանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Բանկն անշարժ գույքի նկատմամբ իր գրավի իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջ է ներկայացրել այն պայմաններում, երբ նախադատելի ակտով նույն գույքի նկատմամբ գրավի իրավունքի իրացման հետևանքով ծագած սեփականության իրավունքն անվավեր է ճանաչվել։ Ավելին՝ որպես հայցի և հայցի ապահովման միջնորդության հիմնավորում Բանկը ներկայացրել է այն փաստը, որ անշարժ գույքի նկատմամբ Նունե Վարդանյանի սեփականության իրավունքը գրանցվել է առանց Բանկի գրավի իրավունքի պետական գրանցման, և առկա է հիմնավոր կասկած առ այն, որ գույքի օտարման արդյունքում Բանկը կկրի էական վնաս՝ կորցնելով իր հանդեպ ունեցած պարտավորության ապահովման միջոցը։

Սույն գործով բողոք բերած անձը, որպես իր սեփականության իրավունքի պաշտպանության առավել արդյունավետ միջոց, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ընտրել է դատական պաշտպանության միջոցը, որը եզրափակվել է թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործով իր խախտված իրավունքները վերականգնող և երաշխավորող նախադատելի ակտով։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից Բանկի վերաքննիչ բողոքը բավարարելը և բողոք բերած անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տնօրինելու համար խոչընդոտներ առաջացնելը ոչ այլ ինչ է, քան՝ վերջինիս սեփականության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքների առարկայազրկում։

Սույն գործով ներկայացված հայցն ակնհայտ անհիմն է, և գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, այդ թվում՝ նախադատելի փաստերի ուսումնասիրության արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտով Բանկի հայցն անփուսափելիորեն մերժվելու է։ Հետևաբար՝ օբյեկտիվորեն բացակայում է հայցվորի համար բարենպաստ դատական ակտի կայացման հնարավորությունը, որի կատարումը հնարավոր կլիներ ապահովել ձեռնարկված հայցի ապահովման միջոցով։

Մինչդեռ բողոքարկվող որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով բացակայում է հայցի ապահովման միջոցի ձեռնարկման հիմնական նախադրյալներից մեկը՝ հայցվորի համար բարենպաստ դատական ակտի կայացման իրական հնարավորությունը, քանի որ սույն գործով Բանկը պահանջում է անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում այն պայմաններում, երբ նախադատելի ակտերով հաստատվել է անշարժ գույքի՝ բանկի գրավի իրավունքով ծանրաբեռնված չլինելու փաստը։

Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս հաշվի չի առել Բանկի կողմից ներկայացված պահանջի բովանդակության առանձնահատկությունը, այն հանգամանքը, որ հայցի ապահովման միջոց չի կարող կիրառվել այն դեպքում, երբ ներկայացված հայցապահանջի բավարարման հնարավորությունն օբյեկտիվորեն բացառվում է։ Սույն գործով Բանկը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին կատարել անշարժ գույքի նկատմամբ իր գրավի իրավունքի պետական գրանցում, մինչդեռ նախադատելի ակտերով հստակ արձանագրվել է, որ կոոպերատիվին պատկանող հիփոթեքի առարկա գույքից անշարժ գույքի առանձնացումից հետո բանկի գրավի իրավունքը դադարել է՝ չծանրաբեռնելով անշարժ գույքը։

Վերոգրյալից հետևում է, որ դատական ակտի կատարումն ապահովելու համար հայցի ապահովման միջոց ձեռնարկելը չպետք է դատարանի համար ինքնանպատակ լինի, և առաջին հերթին պետք է քննարկվի դատական ակտի կատարումն ապահովելու անհրաժշտությունը, հատկապես ակնհայտ անհիմն հայց ներկայացվելու դեպքում։ Յուրաքանչյուր դեպքում, երբ հաստատվում է դրա անհրաժեշտության բացակայությունը, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդության բավարարման՝ օրենսգրքով սահմանված նախադրյալների քննարկումը դառնում է իմաստազուրկ, և նման պայմաններում ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ ամբողջությամբ մերժելով Բանկի ներկայացրած հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման համատեքստում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով ամրագրված՝ հայցի ապահովում կիրառելու իրավակարգավորման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմերի ուժով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորվում է յուրաքանչյուրի համար, ինչը նշանակում է, որ այդ իրավունքը երաշխավորված է դատավարության բոլոր կողմերի համար։ Ընդ որում՝ վերջիններս պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից, որպիսի կանոնը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան, ծավալը, հիմքը և այլն (տե՛ս, «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ6/0311/05/23 վարչական գործով 25.04.2024 թվականի որոշումը):

Կարևորելով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, սակայն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես յուրաքանչյուր իրավունքի, այնպես էլ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի չարաշահումն անթույլատրելի է։

ՀՀ սահմանադրական դատարանը 12.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1576 որոշմամբ բացահայտել է այն չափորոշիչները որոնց առկայությամբ արարքը կարող է գնահատվել որպես իրավունքի չարաշահում: Մասնավորապես, նշված որոշմամբ հիմք ընդունելով իրավունքի տեսության մեջ առկա մոտեցումները, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է հետևյալը. իրավունքի տեսության մեջ իրավունքի չարաշահումն արձանագրվում է, երբ առկա է, որպես կանոն, հետևյալ պայմանների համակցությունը՝

1. անձը պետք է ունենա համապատասխան իրավունքը,

2. իրավունքի չարաշահումը տեղի է ունենում սուբյեկտիվ իրավունքի իրացման ընթացքում, անձն առերևույթ գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան,

3. անձի` առերևույթ իրավաչափ գործողությունները հանգեցնում են պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերի խախտմանը, իսկ անձը ձգտում է հասնել իր համար ցանկալի արդյունքին կամ նպատակին,

4. իրավունքի չարաշահումը կամային գործընթաց է, այսինքն՝ անձը գիտակցում է, որ ինքն իր սուբյեկտիվ իրավունքը չարաշահում է, հետևաբար՝ պետք է կանխատեսի, որ կարող է վնաս պատճառել պետության, հանրության կամ այլ անձանց օրինական շահերին:

ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ իրավունքի չարաշահման առանձնահատկությունն այն է, որ իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խեղաթյուրում է իրավունքի նշանակությունը՝ գործելով տվյալ իրավանորմի նպատակային նշանակությանը հակառակ, ինչի արդյունքում վնաս է հասցվում այլ անձին, պետությանը, հասարակությանը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման պայմաններում օրենքում «իրավունքի չարաշահում» հասկացության և հատկանիշների բացահայտված չլինելն ինքնին չի կարող գնահատվել իբրև խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադարձել է իրավունքի չարաշահմանը՝ արձանագրելով, որ «չարաշահել» եզրույթն իր մեջ ընդգրկում է ոչ միայն դիտավորություն, այլև որոշակի ուղղվածություն՝ հստակ նպատակի, ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այսինքն՝ իրավունքի չարաշահման դեպքում սուբյեկտիվ իրավունքի կրողը դիտավորությամբ միտում ունի իր գործողություններով հասնել ինչ-որ նպատակի, ինչն իր համար կարող է ունենալ որոշակի դրական հետևանքներ։

Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ որպես իրավունքի չարաշահման իրավական հետևանք՝ պետք է գործի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության մերժման հնարավորությունը։ Այլ կերպ ասած, իրավունքի չարաշահման պարագայում այդ իրավունքը ենթակա չէ պաշտպանության (տե՛ս, Արթուր Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով 18.01.2024 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակիցներից մեկի դատական պաշտպանության իրավունքի իրականացումը, ըստ այդմ՝ իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա՝ օրենքով տրված հնարավորությունը չի կարող խեղաթյուրվել այն աստիճան, որ դրա արդյունքում վնաս հասցվի դատավարության մյուս կողմին կամ կողմերին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը՝ անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված՝ ի վնաս մի կողմի: Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել Կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս, Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 01.03.2010 թվականի վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40):

Անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է դատավարական օրենսգրքերով սահմանված հայցի ապահովման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով ապահովվում է արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ վերջնական դատական ակտերի կատարելիության սկզբունքի արդյունավետ իրացումը։

Այս ինստիտուտի գործառույթն ու բովանդակությունը բացահայտված են ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներում։

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ` հայցի ապահովման ինստիտուտը հանդես է գալիս որպես օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության երաշխիքներից մեկը, որով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Քննարկվող դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Դրանով իսկ այն ուղղված է անձանց խախտված իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն (տե՛ս, Մհեր Ավետիսյանը և այլոք ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը հետապնդում է կայացվելիք վերջնական դատական ակտի կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ ապահովելու նպատակ: Այլ կերպ՝ հայցի ապահովման միջոցի կիրառման նպատակն անձանց ենթադրյալ խախտված իրավունքների իրական և ամբողջ ծավալով վերականգնումը երաշխավորելն է: Ըստ այդմ, հայցի ապահովման միջոց ձեռնարկելով՝ դատարանն ըստ էության կանխում է հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքի անվերականգնելի դառնալու հավանականությունը (տե՛ս, Ուստր Մամիկոն ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3731/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27122022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք և բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն` հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը (տե՛ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում՝ անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն՝ օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու՝ օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն՝ նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե՛ս, «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե՛ս, «Բի լայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.04.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հայցի ապահովման ինստիտուտի կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այն ոչ միայն հանդիսանում է դատավարության մասնակցի իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներից մեկն այն պարագայում, երբ մյուս կողմի գործողությունները վնասակար են հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի համար, այլև այն դատավարական հարկադրանք կիրառելու «գործիք» է դատարանի համար, որը կոչված է ապահովելու կայացվելիք դատական ակտի կատարման կայուն երաշխիքներ։

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հայցի ապահովման հիմքերը» վերտառությունը կրող 91-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ հայցի ապահովման ինստիտուտի կենսագործումը հնարավոր է, եթե ա) վարչական գործը հարուցվել է պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հիման վրա և բ) դատավարության մասնակիցը դատարան է ներկայացրել համապատասխան միջնորդություն։ Միևնույն ժամանակ, նշված պայմանների առկայության դեպքում դատարանը, իր հերթին, պարտավոր է հայցի ապահովման միջոցներ կիրառել միայն եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է ա) անհնարին դարձնել դատական ակտի կատարումը կամ բ) դժվարացնել դատական ակտի կատարումը։

Նշվածի հաշվառմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի ապահովման միջոցի ձեռնարկման իրավական հնարավորությունը պայմանավորված է դատարանի առջև բարձրացված հետևյալ հարցադրումների դրական պատասխաններով, այն է՝

- արդյո՞ք գործը հարուցվել է պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հիման վրա,

- արդյո՞ք ներկայացված միջնորդությունը պարունակում է նշում հայցի ապահովման կոնկրետ միջոցի մասին,

- արդյո՞ք միջնորդությունը բովանդակում է բավարար հիմնավորումներ նման միջոցի կիրառման անհրաժեշտության մասին։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրորեն սահմանված հայցատեսակի հիման վրա հարուցված գործերով հայցի ապահովում ձեռնարկելու մասին միջնորդությունը քննարկելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում միջնորդության մեջ շարադրված փաստերի ուսումնասիրության արդյունքում պետք է համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի պատշաճ կատարումը: Այլ կերպ՝ հայցի ապահովման որևէ կոնկրետ միջոցի ձեռնարկման համար առաջնային նախապայմանը դատավարության մասնակցի կողմից ներկայացված միջնորդությամբ նշված փաստերի առկայությունն է, որի հիման վրա է միայն դատարանը «կառուցում» իր դիրքորոշումը՝ տվյալ միջոցի չձեռնարկման հետևանքով դատական ակտի կատարման անհնարին դառնալու կամ դժվարանալու հարցի վերաբերյալ։ Ընդ որում, դատարանը խնդրարկվող հայցի ապահովման միջոցի հիմնավորվածության հարցը քննարկելիս պետք է պատշաճ գնահատի նաև վերջինիս համաչափության հարցը, քանի որ այն համարվում է միջնորդության հիմնավորվածության պահանջի անհրաժեշտ տարրերից մեկը: Այսինքն՝ դատարանի եզրահանգումը նույնպես պետք է լինի պատճառաբանված, որոշակի և փաստարկված։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նկատել է, որ քննարկվող հոդվածով նախասահմանված են նաև հայցի ապահովման միջոցների սպառիչ ցանկը, դատավարության այն փուլերը, որոնց ընթացքում կարող է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ինչպես նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննության կարգը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական փուլը, որի ընթացքում ներկայացվում է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, գործի բարդությունը, վեճի և իրավահարաբերության բնույթը, ինչպես նաև միջնորդությամբ ներկայացված փաստարկները և տվյալ դատավարական փուլում դատարանին հասու տեղեկատվությունը հանդիսանում է հիմնական չափանիշ հայցի ապահովման կիրառման անհրաժեշտությունն ընդհանրապես և կիրառվելիք կոնկրետ միջոցի արդյունավետությունը մասնավորապես գնահատելու համար։

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովումը կարելի է բնորոշել իբրև դատական պաշտպանություն հայցած անձի իրավունքների և շահերի պաշտպանության նախնական եղանակ, որը հնարավորություն է տալիս վիճելի իրավահարաբերության մասնակցի վրա ժամանակավոր ներգործության միջոցների կիրառմամբ բացառել անվերականգնելի վնասի պատճառման հավանականությունը (տե՛ս, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/6321/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25092024 թվականի որոշումը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են` (...) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը (...)։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախկինում գործող խմբագրությամբ 91-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր դատավարության մասնակցի միջնորդությամբ հայցի ապահովում կիրառելու համար հնարավոր այն դեպքը միայն, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, ապա այժմ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ներկայումս գործող խմբագրությամբ 91-րդ հոդվածի 1-ին մասը հայցի ապահովում կիրառելու համար հնարավոր դեպքերի շարքում նախատեսում է նաև այն դեպքերը, երբ նման միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը որպես կանոն ենթադրում է դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) իրավունքների սահմանափակում, արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ հայցվորից պահանջվում է բավարար, համարժեք և ամբողջական փաստարկների համակցությամբ հիմնավորել հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը, իսկ դատարանի իմպերատիվ պարտականությունն է միջնորդությամբ ներկայացված փաստարկների բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության ու գնահատման արդյունքում հաստատել կամ հերքել նման անհրաժեշտության առկայությունը: Հայցի ապահովման միջոց կիրառելու համար դատարանից պահանջվում է բավարար և համարժեք փաստարկների համակցությամբ հիմնավորել, որ հայցի ապահովման տվյալ միջոցը չկիրառելու դեպքում՝

- կամ անհնարին կդառնա դատական ակտի կատարումը կամ կդժվարանա դրա կատարումը,

- կամ կհանգեցնի վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության,

- կամ էական վնաս կհասցնի միջնորդություն ներկայացնող անձին։

Ընդ որում՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու ընթացքում վերոգրյալ հանգամանքները գնահատելիս անհրաժեշտ է յուրաքանչյուր գործի առանձնահատկություններով պայմանավորված հաշվի առնել նաև միջնորդություն հարուցած անձի՝ իր դատավարական իրավունքներից բարեխղճորեն օգտվելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ ներկայացված յուրաքանչյուր միջնորդության հիմնավորվածությունը դատարանները պետք է ստուգեն նաև այն համատեքստում, թե արդյոք միջնորդությունը հարուցած անձի նպատակն իրականում ուղղված է իր համար բարենպաստ դատական ակտի կատարումն ապահովելուն, վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի հնարավոր փոփոխությունը կամ էական վնաս հասցնելը կանխելուն, որպիսի պարագայում միայն հնարավոր կլինի բացառել միջնորդություն ներկայացրած անձի կողմից տվյալ գործով դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործը հարուցվել է Բանկի կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցել իր գրավի իրավունքը՝ միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ այն պատճառաբանությամբ, որ՝ «(․․․) Տվյալ դեպքում, Բանկի կողմից ներկայացվել է վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցման պարտավորեցման հայց։ Հայցադիմումի ներկայացման պահի դրությամբ նշված գույքի նկատմամբ գրանցված է Նունե Վարդանյանի սեփականության իրավունքն առանց Բանկի գրավի իրավունքով ծանրաբեռնվածության:

Տվյալ դեպքում, առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Նունե Վարդանյանը կարող է օտարել, գրավադրել կամ այլ կերպ փոխել վեճի առարկա հանդիսացող գույքի իրավական վիճակը, որի արդյունքում Բանկը կկրի էական վնաս՝ կորցնելով իր հանդեպ ունեցած պարտավորության ապահովման միջոցը, ուստի Դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

(․․․

Արդյունքում՝ Բանկի գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես «գույք»՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, և այդ գույքի պահպանմանն ուղղված միջոցները պետք է լինեն արդարացի և հավասարակշռված, (․․․)։ Մինչդեռ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու պարագայում Բանկը կկրի անհամաչափ, ավելորդ և չափազանց ծանր հետևանքներ, եթե վեճի առարկան օտարվի կամ գրավադրվի այլ անձի մոտ (…)» (հավելվածի գ.թ. 3-14

Դատարանը 09102024 թվականի որոշմամբ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) հայցի ապահովման միջոցի կիրառումը չի կարող լինել ինքնանպատակ, և որպեսզի ՀՀ վարչական դատարանը բավարարի հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը, միջնորդությամբ և դրան կից ներկայացրած ապացույցներով, կամ գործում առկա այլ ապացույցներով պետք է հիմնավորվի, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։ (…)։

Մինչդեռ Դատարանի գնահատմամբ հայցվորի փաստարկները՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, անհիմն են, քանի որ, չեն ներկայացվել ապացույցներ, առ այն, որ առկա է իրական (ռեալ) վտանգ առ այն, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Այսպիսով` Դատարանի գնահատմամբ հայցվորի միջնորդությամբ որևէ կերպ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ սույն գործով հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել հետագայում ընդունվելիք դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։ (…)» (հավելվածի գ.թ. 24-25

 Վերաքննիչ դատարանը 30122024 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09102024 թվականի «Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացրել է և կայացրել է նոր դատական ակտ՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ որոշվել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ արգելել երրորդ անձ Նունե Վարդանյանին օտարել, գրավադրել կամ այլ կերպ տնօրինել ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքը՝ մինչև սույն վարչական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Վերաքննիչ դատարանը նշված որոշման հիմքում դրել է հետևյալ պատճառաբանությունը «(․․․) հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ հիմնավորումները պետք է կապված լինեն հայցի հնարավոր բավարարման դեպքում վերջնական դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարացման կամ վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու հետ և, ըստ այդմ, հենց այս տեսակետից գնահատվեն դատարանի կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը և կրկին փաստելով, որ հայցվորը՝ Բանկը, հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ խնդրել է արգելել ՀՀ կադաստրի կոմիտեին և երրորդ անձանց ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարել որևէ գործողություն, այդ թվում՝ օտարել, գրավադրել կամ այլ կերպ տնօրինել այն՝ Վերաքննիչ դատարանը, նախ և առաջ, նկատում է, որ հայցի ապահովման կիրառման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է հստակ նշել այն կոնկրետ գործողությունը, որի կատարումն արգելելու նպատակ է հետապնդում, քանի որ հայցի ապահովման տվյալ միջոցի պարագայում Դատարանը կարող է քննարկման առարկա դարձնել միայն որոշակի գործողություն կատարելն արգելելու հարցը, այլ ոչ թե հայցի ապահովման միջոցի կիրառման վերացական պահանջ. Վերաքննիչ դատարանի համոզմամբ այն դեպքում, երբ այս կամ այն գործողությունը հստակեցված ու կոնկրետացված չէ, անհնարին է գնահատել դրա չարգելելու հետևանքները դատական ակտի կատարումը երաշխավորելու տեսանկյունից:

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Բանկը ներկայացված միջնորդությամբ խնդրել է նաև արգելել պատասխանողին և երրորդ անձին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ որևէ գործողություն կատարելը՝ չնշելով այն կոնկրետ (որոշակի) և հստակ գործողությունը, որն արգելելու նպատակ է հետապնդում, գտնում է, որ դատական ակտի կատարումը երաշխավորելու տեսանկյունից անհնարին է գնահատել տվյալ գործողությունը չարգելելու հետևանքները, ուստի հայցվորի միջնորդությունը՝ վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ որևէ գործողություն կատարելն արգելելու մասով, ենթակա է մերժման:

Հաջորդիվ, սույն գործի փաստերից հետևում է, որ Բանկը, դիմելով Դատարան, խնդրել է պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցել իր գրավի իրավունքը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երրորդ անձ Նունե Վարդանյանի կողմից իրեն պատկանող՝ վեճի առարկա անշարժ գույքի օտարումը, գրավադրումը կամ այլ կերպ տնօրինումը կհանգեցնի դրա փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, հետևապես դրա օտարումը, գրավադրումը կամ այլ կերպ տնօրինումն արգելելն անհրաժեշտ երաշխիք է հայցի հնարավոր բավարարման դեպքում վերջնական դատական ակտի կատարումն ապահովելու համար:

Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ երրորդ անձ Նունե Վարդանյանին ՀՀ, ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 ոչ բնակելի տարածքի օտարումը, գրավադրումը կամ այլ կերպ տնօրինումն արգելելու մասով, ենթակա է բավարարման: (…)» (հավելվածի գ.թ. 128-138

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Սույն գործով Բանկը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ կետը և պատճառաբանելով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Նունե Վարդանյանը կարող է օտարել, գրավադրել կամ այլ կերպ փոխել վեճի առարկա հանդիսացող գույքի իրավական վիճակը, որի արդյունքում Բանկը կկրի էական վնաս, և հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին, միջնորդել է կիրառել հայցի ապահովում, այն է՝ նաև Նունե Վարդանյանին արգելել ՀՀ ք. Երևան, Ռիգայի փողոց 126/4 շենքի 56 տարածքի (ոչ բնակելի տարածքի) նկատմամբ կատարել որևէ գործողություն, այդ թվում՝ օտարել, գրավադրել կամ այլ կերպ տնօրինել այն։

Անդրադառնալով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ Բանկի միջնորդությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդությունը չի պարունակում բավարար, համարժեք և ամբողջական փաստարկների համակցությամբ հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումներ, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին միջնորդությամբ ներկայացված փաստարկները բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծության ու գնահատման չի ենթարկել և չի հաստատել նման անհրաժեշտության առկայությունը: Ի վերջո Վերաքննիչ դատարանը բավարար և համարժեք փաստարկների համակցությամբ չի հիմնավորել, որ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս կհասցնի միջնորդություն ներկայացրած հայցվորին։

Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում երրորդ անձ Նունե Վարդանյանի կողմից Վերաքննիչ դատարան են ներկայացվել սույն գործով վեճի առարկա հասցեի գույքի առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտեր, որոնցով հաստատվել է այդ գույքը Բանկի գրավի իրավունքով ծանրաբեռնված չլինելու հանգամանքը, ինչպես նաև իրավաչափ է համարվել այդ գործերով Բանկի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարող որոշումը և կիրառված հայցի ապահովումը վերացնելը։

Այսպես ՀՀ վճռաբեկ դատարանը 01022023 թվականի որոշմամբ մերժել է ՀՀ կադաստրի կոմիտեի և «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքները թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործով ըստ հայցի Նունե Վարդանյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հասմիկ Ավդալյան՝ ՀՀ, քաղաք Երևան, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի 56-րդ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ արձանագրելով, որ «ք. Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ սեփականության իրավունքը հայցվորը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, այն է՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք, որը սակայն չի հանդիսանում ո՛չ հատուցմամբ կամ անհատույց օտարում, ո՛չ էլ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում, հետևաբար երրորդ անձի նախկին գրավի իրավունքը խնդրո առարկա անշարժ գույքի՝ ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 շինության նկատմամբ պահպանվել չէր կարող, (․․․)։ Կադաստրի կողմից թիվ 56 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը ոչ իրավաչափորեն կատարվել է՝ հիմք ընդունելով ք. Երևան, Արաբկիր, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի նկատմամբ կնքված գրավի իրավունքի պայմանագիրը, այսինքն՝ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը կատարվել է առանց այդ բնակարանի նկատմամբ կնքված գրավի պայմանագրի, փաստորեն առանց համապատասխան իրավահաստատող փաստաթղթի առկայության, հետևաբար Կադաստրի կողմից Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի գրանցումը եղել է ոչ իրավաչափ։ (․․․Մասնավորապես, Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքը գրանցվել է տվյալ բնակարանի վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում, ուստի (․․․) Կադաստրն իրավասու չէր նշված հասցեի բնակարանի նկատմամբ 01022012 թվականին կատարել Բանկի գրավի իրավունքի պետական գրանցում, հետևաբար Կադաստրի կողմից Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի թիվ 56 բնակարանի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի պետական գրանցումը եղել է ոչ իրավաչափ»։

 ՀՀ վճռաբեկ դատարանը 25092024 թվականի որոշմամբ բավարարել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Նունե Վարդանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը թիվ ՎԴ/1239/05/24 վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31012024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ արձանագրելով, որ «(․․․) տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ «իրավունքի պետական գրանցման կատարումը չկասեցվելու պայմաններում, հաշվի առնելով վիճահարույց գույքի տնօրինման տիտղոսային սեփականատեր երրորդ անձի իրավունքի իրացման հնարավորության առկայությունը, այլևս անհնարին կդառնա ներկայացված և քննության համար պահպանված հայցով հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունը» անհիմն է՝ նկատի ունենալով միասնական տեղեկանքի «պիտանիության» հարցը։ (․․․) Ընկերության կողմից միջնորդության մեջ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, (․․․):

ՀՀ վճռաբեկ դատարանը 25092024 թվականի որոշմամբ բավարարել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Նունե Վարդանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը թիվ ՎԴ/6321/05/23 վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի թիվ 56 տարածքի (ոչ բնակելի) նկատմամբ Բանկի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցման իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին՝ արձանագրելով, որ «(․․․) երրորդ անձ Նունե Վարդանյանի կողմից 04032024 թվականին ներկայացրած հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությամբ վկայակոչվել է նոր փաստ, այն է՝ թիվ ՎԴ/12483/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 01022023 թվականին կայացված դատական ակտը։ Ըստ այդմ՝ Դատարանը 18032024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ քննարկման առարկա է դարձրել նշված փաստը, դրա լույսի ներքո գնահատելով ձեռնարկված հայցի ապահովման միջոցի պահպանման նպատակահարմարությունը և առաջնահերթությունը։

(․․․) Դատարանն իրականացրել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշումից հետո ի հայտ եկած նոր փաստական տվյալի բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծություն, որպիսի պարագայում հանգել է այն իրավաչափ եզրահանգման, որ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը նոր հանգամանքների բացահայտման բերումով այլևս անհրաժեշտ չէ, որպիսի փաստը, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է։

(․․․) Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման՝ հաշվի չառնելով ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդության բավարարման և ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության բավարարման մասին որոշումների կայացման ժամանակ ՀՀ վարչական դատարանին հասու փաստական տվյալների փոփոխությունը։

(․․․) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և ձեռնարկված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշումների կայացման ժամանակ ՀՀ վարչական դատարանը տիրապետել է տարբեր փաստական տվյալների ըստ
այդմ՝ անտեսել է, որ հայցի ապահովման միջոցը կիրառելուց հետո տեղի է ունեցել փաստական հանգամանքների այնպիսի փոփոխություն, որն այլևս բացառում է կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ նախ՝ ՀՀ, ք
Երևան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ Ինգա Ավագյանի կողմից 01022024 թվականին Կոմիտե մուտքագրված դիմումն այլևս չի հանդիսանում կիրառված հայցի ապահովման պահպանման անհրաժեշտությունը հիմնավորող կամ հերքող հանգամանք, և դրանից զատ՝ ձեռնարկված հայցի ապահովումը վերացնելու մասին միջնորդությամբ ներկայացվել է նոր փաստ։

(․․․) սույն գործով առկա են եղել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու հիմքեր, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովում կիրառելու մասին Բանկի միջնորդության քննարկումը Վերաքննիչ դատարանը պետք է իրականացներ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դատական ակտերով հաստատված հանգամանքների լույսի ներքո և, բացառելու համար հայցի ապահովում կիրառելու միջնորդություն ներկայացնելու հարցում դատավարության մասնակից Բանկի կողմից իրավունքի չարաշահումը, պարզեր, թե արդյոք միջնորդությունը հարուցած անձի նպատակն իրականում ուղղված է եղել իր համար բարենպաստ դատական ակտի կատարումն ապահովելուն, վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի հնարավոր փոփոխությունը կամ էական վնաս հասցնելը կանխելուն։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության բավարարման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում առկա չեն բավարար փաստական հիմքեր առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս կարող է հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 30122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30122024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական: