ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1304-Ն
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ, 34․1-ին հոդվածի 3-րդ, «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը` համաձայն N 1 հավելվածի․
2) հատուկ միջոցների կիրառման կանոնները և պահպանման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի․
3) հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների, հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 867-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Հ/Հ |
Հատուկ միջոցի | |
տեսակը |
տեխնիկական բնութագիրը | |
1․ |
2․ |
3․ |
1․ |
Ձեռնաշղթաներ |
Մետաղյա, սևեռիչով, քաշը ոչ ավելի, քան 1,6 կիլոգրամ, կիրառման թույլատրելի առավելագույն առաձգական ուժը՝ 2500 նյուտոն: Մեկանգամյա օգտագործման, տեքստիլից և պլաստիկից, քաշը՝ ոչ ավելի, քան 0,5 կիլոգրամ։ |
2․ |
Կապող ցանցեր |
Ցանցի տրամագիծը բացված վիճակում ոչ պակաս, քան 3 և ոչ ավելի, քան 7 մետր, նետման հեռավորությունը՝ ոչ պակաս, քան 5 մետրը, բջիջների չափսը՝ ոչ ավելի, քան 10x10 սանտիմետր, մանրաթելից կամ նեյլոնից, քաշը՝ ոչ ավելի, քան 10 կիլոգրամ։ |
3․ |
Մահակներ |
Ռետինից, մետաղից տելեսկոպիկ և ֆիքսված, ուղիղ և T-աձև, երկարությունը՝ ոչ ավելի, քան 0,8 մետր, քաշը՝ ոչ ավելի, քան 0,9 կիլոգրամ, տրամաչափը՝ ոչ ավելի, քան 3,5 սանտիմետր։ |
4․ |
Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր |
Լույսի ուժը՝ ոչ ավելի, քան 70 միլիոն կանդելա: Կարճաժամկետ պայծառ ճառագայթման տևողությունը՝ ոչ ավելի, քան 0,05 վայրկյան: Ձայնային ճնշման մակարդակը՝ ոչ ավելի, քան 180 դեցիբել՝ 1,5 մետր հեռավորության վրա։ Բազմատարրի տարրերի քանակը՝ ոչ ավելի, քան 7 հատ։ |
5․ |
Ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր |
Ծխածածկույթի երկարությունը՝ ոչ պակաս, քան 10 մետր, բարձրությունը՝ ոչ պակաս, քան 3 մետր, գոյատևման ժամանակը՝ ոչ պակաս, քան 30 վայրկյան։ Ոչ բեկորային, ոչ պայթյունավտանգ, թունավոր և գրգռիչ նյութեր չպարունակող։ |
6․ |
Էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ |
Անմիջական և հեռահար ազդեցության, ազդեցության հզորությունը 1 000 Օհմ դիմադրության դեպքում՝ ոչ ավելի, քան 10 Վատտ, իսկ կայծի լիցքաթափման լարումը՝ ոչ ավելի, քան 120 000 Վատտ, ազդեցության տևողությունը՝ ոչ ավելի, քան 3 վայրկյան: |
7․ |
Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, նռնակներ, կրակոցներ և արկեր |
Լիցքավորված արցունքաբեր, գրգռիչ գազով, գազարձակվող, օժտված չէ անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ։ Ակտիվ գազարձակման տևողությունը՝ ոչ ավելի, քան 20 վայրկյան: |
8․ |
Ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային) |
Ոչ պակաս, քան 6 ամսական, տարբեր վարժեցումների ընդունակ ցեղատեսակի, որոնք իրենց ցեղատեսակի համար ունեն միջին զարգացվածության լսողություն, տեսողություն, հոտառություն, մկանային համակարգ և հավասարակշռված նյարդային համակարգ։ |
9․ |
Արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա |
Փոքր չափի պայթուցիկ նյութեր, պատ քանդելու հարմարանքով կահավորված տեխնիկա, դուռ կամ փական կոտրելու հարվածային և այլ գործիքներ, մեխանիկական և ձեռքի մետաղահատիչներ։ |
10․ |
Մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր |
Բազմաֆունկցիոնալ բացվող և փակվող զրահապատ վահանով կահավորված հատուկ մեքենա, որի վահանը բացված վիճակում վերածվում է ոչ պակաս, քան 7 մետր լայնության և ոչ պակաս, քան 3 մետր բարձրության պատի։ Մետաղյա 5-10 սանտիմետր փշերով, ոչ պակաս, քան 5 մետր երկարությամբ բացվող ժապավեն, որի փշերի միջև հեռավորությունը բացված վիճակում ոչ ավելի է, քան 15 սանտիմետրը։ Ցինկապատ փշերով փափուկ մետաղյա լար կամ ժապավեն, որի փշերի երկարությունը ոչ ավելի է, քան 6 սանտիմետրը, իսկ տրամագիծը՝ ոչ ավելի, քան 6 միլիմետրը։ |
11․ |
Ջրանետեր |
Ջրի նետման հեռավորությունը՝ ոչ ավելի, քան 100 մետր, ջրի հոսքի արագությունը՝ ոչ ավելի, քան 50 լիտր 1 վայրկյանում, ջրի ճնշումը՝ ոչ ավելի, քան 18 մեգապասկալ: |
12․ |
Զրահամեքենաներ |
Անվավոր, զրահապատ, հակաբեկորային և հակա- փամփուշտային պաշտպանվածություն ունեցող, առավելագույն արագությունը՝ ոչ պակաս, քան 60 կիլոմետր/ժամ, փոխադրում է ոչ պակաս, քան 6 մարդ և ոչ պակաս, քան 1000 կիլոգրամ բեռ, ունի ոչ պակաս, քան 3 դուռ։ |
13․ |
Ռետինե գնդակներով փամփուշտներ |
Կլոր կամ բութ ծայրով, ռետինե, առանց կարծր միջուկի, դեֆորմացման ենթակա և նվազագույն անդրադարձող թռիչք ունեցող։ |
14․ |
Նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր |
Գունավոր քիմիական նյութ կամ լուծույթ, որը հագուստի, մարմնի կամ այլ առարկաների վրա մնում է երկար ժամանակ և չի գունաթափվում լվանալու արդյունքում, մարդկանց առողջությանը վնաս չի պատճառում։ Անգույն քիմիական նյութ կամ լուծույթ, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ։ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույնով կարգավորվում են ոստիկանության, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ծառայողների (այսուհետ՝ ոստիկանության ծառայող) կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հատուկ միջոցների կիրառման և դրանց պահպանման ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2․ Ոստիկանության, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի սպառազինության (այսուհետ՝ սպառազինություն) մեջ կարող են ընդգրկվել համապատասխանաբար «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 21-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված հատուկ միջոցները։
3․ Սպառազինության մեջ չընդգրկված հատուկ միջոցների կիրառումն արգելվում է:
4․ Հատուկ միջոցները կարող են կիրառվել բացառապես «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքներով նախատեսված նպատակներով և դեպքերում՝ սույն կանոններին համապատասխան։
2. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5․ Հատուկ միջոցները կիրառվում են բացառապես դրանց նշանակությանը և տեխնիկական բնութագրերին համապատասխան։
6․ Հատուկ միջոցներ կիրառելիս դրանց կիրառման կանոնների, ինչպես նաև անվտանգության պահանջների պահպանումը պարտադիր է:
7․ Ձեռնաշղթաները կիրառվում են անձի ակտիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու նպատակով։ Կիրառումից հետո անհրաժեշտ է երկու ժամը մեկ ստուգել ձեռնաշղթայի փականների վիճակը, անհրաժեշտության դեպքում՝ թուլացնել սեղմվածքը:
8. Կապող ցանցերը կիրառվում են անձի կամ մի խումբ անձանց ագրեսիվ ֆիզիկական գործողությունները սահմանափակելու նպատակով։ Կապող ցանցերը կիրառելուց հետո կիրառվում են ձեռնաշղթաներ։
9․ Մահակները կիրառվում են անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելուն կամ խափանելուն ուղղված, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու համար։ Արգելվում է մահակներով հարվածներ հասցնել անձի գլխին, պարանոցին և կենսական այլ օրգաններին՝ ներառյալ որովայնի և միզասեռական օրգանների հատվածներին։
10․ Ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը կիրառվում են ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կամ հակաիրավական խմբային այլ գործողություններ կատարող անձանց նկատմամբ կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու նպատակով՝ հզոր լուսային և ձայնային ազդակների միջոցով հոգեբանաֆիզիոլոգիական ներգործության կիրառմամբ: Թույլատրվում է կիրառել միայն բաց տեղանքում (եթե տվյալ տեսակը նախատեսված չէ փակ տեղանքում կիրառելու համար)՝ անձից նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա։
11․ Ձեռքի ծխանռնակները, ծխագլանակները, ծխային կրակոցները և արկերը կիրառվում են ծխային ծածկույթի հաշվին անձանց հոգեկամային կայունությունը ճնշելու միջոցով նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբային այլ գործողությունները կանխելու և խափանելու ընթացքում, ինչպես նաև ոստիկանության ծառայողների գործողությունները քողարկելու նպատակով։ Ազդեցության գոտում ձեռքի ծխանռնակների, ծխագլանակների, ծխային կրակոցների և արկերի կրկնակի կիրառումն արգելվում է։
12․ Էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները կիրառվում են անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելուն կամ խափանելուն, ինչպես նաև անձին վնասազերծելուն ուղղված, այդ թվում՝ ինքնապաշտպանական գործողություններ կատարելու նպատակով՝ առանց անձին ֆիզիկական վնաս պատճառելու։ Էլեկտրահարող սարքերը և կայծային պարպիչները կիրառվում են մեկանգամյա ազդեցության համար, 3 վայրկյանից ոչ ավելի տևողությամբ՝ միայն մարդու մարմնի մկանային հատվածներում: Արգելվում է դրանց կիրառումը ջրային միջավայրում, ինչպես նաև մարդու մարմնի զգայուն հատվածներում (գլխի, պարանոցի, սրտի, ստոծանու շրջանում)։ Էլեկտրահարող սարքերի և կայծային պարպիչների կրկնակի կամ բազմակի կիրառումն արգելվում է։
13․ Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակները կիրառվում են անձի կամ անձանց խմբի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելուն կամ խափանելուն, ինչպես նաև նրանց վնասազերծելուն ուղղված գործողություններ իրականացնելու ընթացքում։ Կիրառման ժամանակ անհրաժեշտ է գազի շիթն ուղղել անձի ուղղությամբ: Բաց տարածքներում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի սրվակներն անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան: Արգելվում է դրանց կիրառումը բաց կրակին մոտ տարածության վրա:
14․ Ծառայողական շները (պահնորդական, հետախուզական, պարեկային) կիրառվում են անձի ոչ իրավաչափ վարքագծին հակազդելու համար հոգեբանաֆիզիոլոգիական ներգործության միջոցով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու ընթացքում: Արգելվում է պարեկության ժամանակ ծառայողական շները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության: Ծառայողական շները պետք է ստանան պարտադիր պատվաստումներ, ինչը հավաստվում է իրավասու մարմնի տված վկայականով:
15․ Արգելքներ քանդող գործիքները (սարքերը) և տեխնիկան կիրառվում են պատեր, դռներ, դռան փականներ կամ այլ խոչընդոտներ վերացնելու միջոցով անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելուն, ինչպես նաև նրանց վնասազերծելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար։ Սույն կետով նախատեսված հատուկ միջոցները պետք է կիրառվեն այնպես, որպեսզի արգելքների կամ խոչընդոտների հետևում գտնվող անձանց պատճառվելիք հնարավոր վնասը լինի նվազագույն։
16․ Մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշները, ճանապարհային ոզնիները և փշալարերը կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելու նպատակով՝ մարդկանց տեղաշարժը սահմանափակելուն, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ընթացքը դադարեցնելուն ուղղված գործողություններ իրականացնելու ընթացքում։ Տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելն արգելվում է կիրառել՝
1) շտապ բժշկական օգնության ծառայության ավտոմեքենաների նկատմամբ․
2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.
3) լեռնային ճանապարհներին կամ ճանապարհի սահմանափակ տեսանելիությամբ հատվածներում.
4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադաների վրա.
5) ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ, եթե դրանցում առկա են ուղևորներ։
17․ Ջրանետերը, այդ թվում՝ հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, կիրառվում են բարձր ճնշման ջրի շիթի օգնությամբ անձանց մեծաքանակ խմբերի ոչ իրավաչափ գործողությունները խափանելու համար՝ նրանց առաջընթացը կասեցնելու, տարանջատելու և մեկուսացնելու նպատակով: Արգելվում է ջրանետերն օգտագործել անձանց ֆիզիկական վնաս պատճառելու համար։
18․ Զրահամեքենաները կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբային այլ գործողությունները խափանելու ընթացքում ոստիկանության ծառայողների արագ և անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև այդ գործողություններին հակազդելու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Արգելվում է զրահամեքենաներն օգտագործել անձանց ֆիզիկական վնաս պատճառելու համար։
19․ Արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակները, կրակոցները և արկերը կիրառվում են արցունքաբեր և գրգռիչ նյութերի բաղադրությամբ գազածխային ծածկույթի հաշվին անձանց հոգեկամային կայունությունը ճնշելու միջոցով նրանց ոչ իրավաչափ վարքագիծը, այդ թվում՝ զանգվածային անկարգությունները կամ հակաիրավական խմբային այլ գործողությունները կանխելու կամ խափանելու ընթացքում։ Բաց տարածքներում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի նռնակները, կրակոցները և արկերն անհրաժեշտ է գործադրել քամու ուղղությանը համապատասխան՝ մարդուց նվազագույնը 40 մետր հեռավորության վրա։ Ազդեցության գոտում արցունքաբեր կամ գրգռիչ գազով ձեռքի նռնակների, կրակոցների և արկերի կրկնակի կիրառումն արգելվում է։
20․ Ռետինե գնդակներով փամփուշտները կիրառվում են անձանց ոչ իրավաչափ վարքագիծը խափանելու նպատակով կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու ընթացքում, այդ թվում՝ ոստիկանության ծառայողի ինքնապաշտպանության համար։ Անձի գլխին ռետինե գնդակով կրակ արձակելն արգելվում է։ Ռետինե գնդակով փամփուշտները կիրառվում են մարդուց՝ արտադրողի կողմից սահմանված տեխնիկական բնութագրերով նախատեսված նվազագույն հեռավորությունից:
21․ Նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութերը կիրառվում են ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանց գունավորման եղանակով պարզելու և հայտնաբերելու նպատակով: Ալյումինային հիմքով ներկող նյութերը գործադրվում են ջրանետի միջոցով։ Ներկող նյութերը մարդու կյանքի և առողջության համար չպետք է վնասակար ազդեցություն ունենան:
3. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
22․ Հատուկ միջոցներ կիրառող ոստիկանության ծառայողը պետք է հանդերձավորված լինի տվյալ հատուկ միջոցի կիրառման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներով (սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և այլն)։
23․ Հատուկ միջոցների կիրառումից անմիջապես հետո իրականացվում է տարածքի կամ շինության զննություն` տուժած անձանց, հրդեհի հնարավոր օջախների, կենսաապահովման օբյեկտների խափանումների և չգործած հատուկ միջոցների հայտնաբերման, ինչպես նաև դրանց վնասազերծման նպատակով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է գազանջատում:
24․ Գազածխային զանգվածի ազդեցության գոտում բոլոր գործողություններն իրականացվում են անհատական պաշտպանության միջոցներով:
25․ Գազածխային զանգվածի ազդեցությունից տուժած անձանց առաջին օգնություն ցույց տալու համար օգտագործվում են անուշադրի սպիրտ (շնչելու համար) և կերակրի սոդայի երկու տոկոսանոց ջրային լուծույթ կամ բորաթթվի ջրային լուծույթ (աչքերը լվանալու համար):
26․ Արգելվում է մոտենալ չգործած հատուկ միջոցներին դրանց օգտագործումից հետո՝ 10 րոպեի ընթացքում:
27․ Չգործած հատուկ միջոցների կրկնակի կիրառումն արգելվում է։
28․ Արգելվում է իրանի կամ թաղանթի վրա վնասվածքներ (ճաքեր, փոսիկներ, սեղմվածքներ և այլն) ունեցող հատուկ միջոցների օգտագործումը:
29․ Արգելվում է մասնատել կամ վերանորոգել վնասված կամ չգործած հատուկ միջոցները:
30․ Շահագործման համար ոչ պիտանի հատուկ միջոցների կիրառումն արգելվում է:
31․ Հատուկ միջոցները պահպանվում են մինչև դրանց տեխնիկական բնութագրերով նախատեսված ժամկետների լրանալը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1304-Ն որոշման
|
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
1. Հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները ոստիկանության սպառազինություն մեջ ընդգրկվում և սպառազինությունից հանվում են համապատասխանաբար ոստիկանության լիազորությունների իրականացման կապակցությամբ առաջացող անհրաժեշտության կամ դրանց հետագա կիրառման անթույլատրելիության կամ անարդյունավետության հիմքով։
2. Հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվում և սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հատուկ միջոցների տեսակները ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկելու կամ սպառազինությունից հանելու համար ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված առաջարկությունը ներկայացնում է իր կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա։
4. Հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել համապատասխան բնագավառի փորձագետ։
5. Ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցներ կամ անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու կամ առկա տեսակները սպառազինությունից հանելու հարցը հանձնաժողովը քննարկում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հայտի հիման վրա։
6. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցներ կամ անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու նպատակահարմարության մասին:
7. Հանձնաժողովը համապատասխան եզրակացությունը ներկայացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
8. Սպառազինության մեջ հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների նոր տեսակներ ընդգրկելու հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված հատուկ միջոցի տեսակի տեխնիկական բնութագիրը, նկարագրությունը, շահագործման կանոնները, առկայության դեպքում` այլ պետությունում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը և իրավասու մարմինների կողմից դրանք կիրառելու մասին տեղեկությունները, ինչպես նաև մարդու նկատմամբ հատուկ միջոցի տվյալ տեսակի կիրառման համար թույլատրելի չափանիշների վերաբերյալ առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գրավոր դիրքորոշումը:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված դիրքորոշումը ստանալու համար հանձնաժողովը գրությամբ դիմում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված գրությանը կցվում են սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:
11. Առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը մարդու նկատմամբ հատուկ միջոցի տվյալ տեսակի կիրառման համար թույլատրելի չափանիշների վերաբերյալ դրական դիրքորոշում է ընդունում միայն այն դեպքում, երբ հատուկ միջոցի տվյալ տեսակը չի կարող մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ նրան մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր լինել։
12.Առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը համապատասխան դիրքորոշումը հանձնաժողովին ներկայացնում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրությունը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում:
13. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ է կատարել փորձաքննություն, ապա հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել՝ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելու ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին։ Փորձաքննական ծառայությունը ձեռք է բերվում տվյալ տարվա պետական բյուջեով ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։
14. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության միջոցների տեսակները սպառազինությունից հանելու մասին, եթե դրանք՝
1) հանվել են արտադրությունից.
2) կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով.
3) շահագործման համար այլևս պիտանի չեն։
15. Հատուկ միջոցների կամ անհատական պաշտպանության միջոցների տեսակները շահագործման համար ճանաչվում են ոչ պիտանի, եթե՝
1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել ֆիզիկական մաշվածության, վթարների, տարերային աղետների, ռազմական գործողությունների, շահագործման կանոնների խախտման հետևանքով կամ շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառով.
2) դրանց հետագա օգտագործումն անհնար կամ տնտեսապես աննպատակահարմար է.
3) դրանք ենթակա չեն նորոգման։
16. Սույն կարգի 14-րդ կետում նշված եզրակացությունը պետք է պարունակի նաև հետևություն՝ սպառազինությունից հանման ենթակա հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները ոչնչացնելու մասին։
17. Սպառազինությունից հանված հատուկ միջոցների և անհատական պաշտպանության միջոցների տեսակները Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 1698-Ն որոշմամբ սահմանված կարգով ոչնչացման նպատակով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|