ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/0416/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Վ. Միսակյան

ԵԴ/0416/01/21

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝

 Լ. Աբգարյան  

դատավորներ՝

 Ա. Դանիելյան

 
 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

18 ապրիլի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Սիրեկանի Ապիտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 13211818 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Արման Սիրեկանի Ապիտոնյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի պաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը բավարարվել է. Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքը որակվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ա.Ապիտոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։ Որոշվել է նաև որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ Ա.Ապիտոնյանին սեփականության իրավունքով պատկանող «VAZ 21061» մակնիշի 03 LS 083 համարանիշի շարժական գույքի վրա՝ 3.325.700 ՀՀ դրամի չափով դրված կալանքը վերացնել։

3. Դատախազ Ա.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի մարտի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բասդասարյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիս 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը, վերլուծության ենթարկելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ և իրավանորմեր, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է՝ կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նշված օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ թույլ տալով նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

5.1. Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերում առկա՝ հետադարձության կանոնները, նշել է, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործության քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, այն դեպքում, երբ ամբաստանյալի կատարած արարքը երբևէ չի համապատասխանել և չէր կարող համապատասխանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը:

5.2. Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հափշտակության չափերը նախատեսող նոր օրենքը համարել են պատիժը մեղմացնող, մինչդեռ այն ոչ մի առնչություն չունի պատժի խստացման և մեղմացման հետ, այն պատժատեսակ և պատժաչափ նախատեսող նորմ չէ և չի կարող համարվել պատիժը մեղմացնող, այլ հարց է, որ դրա կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել։

Միևնույն ժամանակ, նշված օրենսդրական փոփոխությունը, ըստ բողոքաբերի, չի կարող համարվել նաև «արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող», քանի որ դրա ուժով ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի կատարած արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի վերացել։

Արդյունքում, բողոքաբերը եզրակացրել է, որ հափշտակության չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները սույն քրեական վարույթով հանդիսանում են ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով։

5.3. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ միջին ծանրության հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետների վերաբերյալ կանոնը, հաշվի չառնելով այն էական հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի կատարած արարքը համարվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործություն, հետաբար պետք է կիրառվեր նշված օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի ոչ թե 2-րդ, այլ 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորումը:

5.4. Բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Ա.Ապիտոնյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարել է նույն օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք, որի համար նախատեսված է եղել քրեական պատասխանատվության վաղեմության 10 (տասը) տարվա ժամկետ:

 Ա.Ապիտոնյանի կատարած արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում համապատասխանում է նույն օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքին, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվության վաղեմության 10 (տասը) տարվա ժամկետ: Այսինքն՝ երկու դեպքում էլ նախատեսված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները նույնն են՝ 10 (տասը) տարի, հետևաբար, ըստ բողոքաբերի, սույն դեպքում հետադարձության խնդիր առհասարակ չի կարող առաջանալ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 6-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արման Ապիտոնյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2015 թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված օրը, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 32/1 հասցեում գործող «Արմենբրոկ» ԲԲ ընկերության շենքի մոտ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է Արմեն Գագիկի Մելիքյանին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 3.325.700 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումարը։

Այսպես.

Արման Սիրեկանի Ապիտոնյանը, չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, Արմեն Գագիկի Մելիքյանին խաբեությամբ ներկայանալով որպես փաստաբան, վերջինիս գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելու և չվերադարձնելու դիտավորությամբ, փաստաբանական ծառայություն մատուցելու պատրվակով համաձայնել է մասնակցել Արմեն Մելիքյանի որդուն՝ Միքայել Արմենի Մելիքյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրավաբանական օգնություն ցույց տալ՝ այդ կերպ նպատակադրվելով խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել Արմեն Մելիքյանի գումարը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արմեն Մելիքյանին հավաստիացրել է, թե իբր կարող է օգնել և նրա որդու խնդիրներին դրական լուծում տալ, ապա չարաշահելով նրա վստահությունը, 2015 թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված օրը, փաստաբանական ծառայություններ մատուցման համար խաբեությամբ Արմեն Մելիքյանից Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 32/1 հասցեում գործող «Արմենբրոկ» ԲԲ ընկերության շենքի մոտ որպես վարձատրություն ստացել է 3.325.700 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել և խարդախությամբ հափշտակել է Արմեն Մելիքյանին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարը (…)»1:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով առանձնապես խոշոր չափ Օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին մեղսագրված վերը նշված արարքը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին և դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը՝ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծվում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի համար: Այսինքն՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին վերագրվող հիշյալ արարքը ենթակա է որակման որպես խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին և որի համար 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:

(...)։

ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանում է արարքի հանցավորությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության, իսկ 3-րդ մասում՝ առկայության պայմաններում, հետադարձ ուժ տալու կանոնները: Այդ կանոնների վերլուծությունից հետևում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ՝ անկախ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայությունից կամ բացակայությունից: Ընդ որում` պատժի մեղմացումը կարող է դրսևորվել ինչպես քրեական օրենսգրքի Ընդհանուր, այնպես էլ Հատուկ մասի դրույթների փոփոխություններով:

Վերը նշված վերլուծության և եզրահանգումների համատեքստում քննարկելով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի վաղեմության ժամկետի հարցը՝ Դատարանը գտնում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջինիս մեղսագրվող նշված արարքը պետք է վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, որով նշված արարքը համարվել է ծանր հանցանք, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նշված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ դրա նկատմամբ կիրառելի է արարքը կատարելու պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները։

(…):

Սույն գործով Դատարանը, հաշվի առնելով մեղադրանքի հանգամանքները, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ժամանակը (ամբաստանյալին մեղսագրված արարքը կատարվել է 2015 թվականի մայիս-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում), արձանագրում է, որ ամբաստանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանին մեղսագրվող ՀՀ քրեական (05.05.2021թ. ընդունված) օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանցավոր արարքի դեպքից ժամանակագրական առումով մինչ օրս անցել է հինգ տարի և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ:

Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանը, գիտակցելով առաջացող իրավական հետևանքների բնույթը, այդ թվում այն, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) բնույթ, չի առարկել (համաձայնվել է) նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Սիրեկանի Ապիտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ ՀՀ քրեական (1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված) դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ (…)»2:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելն իմպերատիվ բնույթ է կրում, այսինքն` այն կիրառվում է անկախ իրավակիրառողի հայեցողությունից: Եթե օրենքով սահմանված վաղեմության ժամկտներն անցել են, բացակայում են վաղեմության ժամկետի կիրառումը խոչընդոտող հանգամանքները, ապա իրավակիրառողը պարտավոր է անձին ազատել քրեական պատասխանատվությունից:

Վերոգրյալի համատեքստում գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող՝ 3.325.700 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը։ Այսինքն՝ ի տարբերություն Ա.Ապիտոնյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետևաբար դրա համապատասխանեցման և վերաորակման դեպքում մեղադրյալ Ա.Ապիտոնյանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում՝ հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը։

Ուստի հաշվի առնելով մեղադրյալ Ա.Ապիտոնյանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 75-րդ հոդվածի իրավակարգավորումները և այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ է մեղադրյալ Ա.Ապիտոնյանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը։

Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալ Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքն ըստ դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվելու, այն ենթադրաբար կատարելու պահից հինգ տարի անցած լինելու և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում Առաջին ատյանի դատարանի սույն որոշման 5-րդ կետում մեջբերված պատճառաբանություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ:

Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկին, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումներն ամբաստանյալ Արման Ապիտոնյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նաև համապատասխան հոդվածի մասը, և ըստ այդմ՝ մեղմանում են նաև արարքի համար նշանակվող պատժատեսակներն ու պատժաչափերը, գտնում է, որ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ և հատուկ պայմաններ չի նախատեսել։ Հետևաբար բողոքաբերի պնդումներն այս մասով անհիմն են և չեն բխում վերաբերելի կարգավորումներից։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր առկա չեն, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ, իսկ դրա դեմ դատախազ Ա.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Ա.Ապիտոնյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։

(...)

4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։

(...)

6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության (…) չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի (…) մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝

(…)

3. Խարդախությունը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

(…)

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝

(…)

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

(…)

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, (…):

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(…)

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում. (…)»:

12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ4:

13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Արման Ապիտոնյանին վերագրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով5,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով, որպես առանձնապես խոշոր չափ, օրենսդրի կողմից սահմանվել է 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը։ Ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին մեղսագրված արարքի համապատասխանեցման և վերաորակման դեպքում, հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում ամբաստանյալ Ա.Ապիտոնյանի համար: Հետևաբար ամբաստանյալ Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքը ենթակա է որակման որպես խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։

Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Ապիտոնյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի վաղեմության ժամկետի հարցը, գտել է, որ պատիժը մեղմացնող օրենսդրության կիրառման կանոնի ուժով վերջինիս մեղսագրվող նշված արարքը պետք է վերաորակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Արդյունքում Առաջին ատյանի դատարանը արձանագրել է, որ դրա նկատմամբ կիրառելի են արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները6,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր հերթին փաստել է որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Ա.Ապիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի ներկայացրած փաստարկներին, արձանագրել է նաև, որ հափշտակության չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենսդրություն են, որին հետադարձ ուժ տալու համար, օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի բացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումներ և հատուկ պայմաններ չի նախատեսել7։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԱԱպիտոնյանին վերագրվող՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 3.325.700 ՀՀ դրամի հափշտակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը ԱԱպիտոնյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։

Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց ԱԱպիտոնյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունը՝ ԱԱպիտոնյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

16 Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն այն ևս հիմնավոր չի համարում՝ հաշվի առնելով, որ հափշտակության չափերի օրենսդրական փոփոխության արդյունքում՝ Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքն առավել ծանրացնող հանգամանքով հանցակազմից ենթակա է վերաորակման ծանրացնող հանգամանքով հանցակազմով, որը նախատեսում է ինչպես ազատազրկման առավել նվազ ժամկետներ, այնպես էլ այլ, առավել մեղմ պատժատեսակներ։ Այսպիսով, հափշտակության չափերի օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է Ա.Ապիտոնյանին վերագրվող արարքի համար նախատեսված պատժի մեղմացման, հետևաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ։

17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արման Ապիտոնյանի պաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը պետք է մերժել։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԱԱպիտոնյանի վերաբերյալ վարույթը պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արման Սիրեկանի Ապիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել, Ա.Ապիտոնյանի պաշտպան Կ.Սարդարյանի միջնորդությունը մերժել, և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 146-147:

2 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 76-83:

3 Տե՛ս նյութեր, հատոր 4, թերթեր 43-47:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:

5 Տե'ս, սույն որոշման 7-րդ կետը։

6 Տե'ս, սույն որոշման 8-րդ կետը։

7 Տե'ս, սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան