ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանիընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ա. Կարապետյան |
ԼԴ/0003/12/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
18 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Հովհաննես Համազասպի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Հովհաննես Համազասպի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդված 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Հ.Գրիգորյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի դատավճռով՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի ձևով պատժից 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի կրման սկիզբը հաշվվել է Հ.Գրիգորյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Վ.Սուղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ 2021 թվականի մայիսի 14-ին:
2. Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին և նույն թվականի մարտի 27-ին միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Հ.Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է պատժի չկրած՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օր մասը կրելուց և սահմանվել է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով՝ փորձաշրջանի ընթացքում առանց ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համաձայնության ՀՀ տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում իր նոր բնակության վայրի մասին սեղմ ժամկետներում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը հայտնելու, վերահսկողության ընթացքում պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի կողմից նշանակված օրերին այդ մարմին ներկայանալու, պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերին մասնակցելու, ինչպես նաև հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելու պարտականություններ դնելով:
4. Դատախազ Ս.Տոնոյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողնելով անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոք բերած անձը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, մասնավորապես, սխալ են մեկնաբանել և կիրառել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի, 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթները:
6.1. Բողոքաբերը նշել է, որ Հ.Գրիգորյանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործել է ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը: Սույն դեպքում ընդունվել է նրա անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Մասնավորապես, նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ նա պետք է կրեր նշանակված պատժի կեսը, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն՝ նշանակված պատժի մեկ երրորդը: Սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքով այդ դրույթին հետադարձ ուժ տալու մասին իրավակարգավորում առկա չէ, այլ կերպ ասած՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց համար նշված փոփոխությունը չունի հետադարձ ուժ, քանի որ դրա հետադարձ ուժ ունենալու մասին ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքում առկա չէ համապատասխան իրավակարգավորում:
6.2. Բողոքաբերի պնդմամբ, դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունների կարգավորումն ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքի, այլ ոչ թե ՀՀ քրեակատարողական օրենսգրքի տիրույթում: Մասնավորապես, ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված չէ որևէ նորմ, որով կարգավորվում են դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները: Դրանով նախատեսված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերելի այլ հանգամանքներ՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայության կողմից կազմվող զեկույցների բովանդակությունը, դրանք կազմելու ժամկետները, չափանիշները, այդ գործընթացում դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքները և պարտականությունները:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Հ.Գրիգորյանը 2021 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ1։
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) [Ա]րարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող իրավական ակտերն աներկբայորեն ունեն հետադարձ ուժ, իսկ ինչ վերաբերում է անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող իրավական ակտերին, ապա դրանց հետադարձությունը պայմանավորված է ակտն ընդունող մարմնի կամահայտնությամբ: Այսինքն՝ յուրաքանչյուր կոնկրետ ակտով պետք է հստակ նախատեսված լինի անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմերի հետադարձության կանոնը, այլապես դրանք հետադարձ ուժ չեն ունենա:
Սույն դեպքում 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը դատապարտյալին պայմանական վաղաժամկետ պատժի կրումից ազատելու պայմաններից մեկը՝ պատժի որոշակի ժամկետը կրած լինելը, կապում է ոչ թե հանցագործության ծանրության աստիճանի հետ, այլ այն հանգամանքի հետ, թե ինչ ժամկետով է դատապարտյալն ազատազրկման դատապարտվել: Մինչդեռ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը հիշյալ հանգամանքը կապում էր անձին վերագրվող հանցագործության ծանրության աստիճանի հետ: Հիշատակված իրավակարգավորումների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող քրեական օրենսգրքով ավելի մեղմ պայմաններ են նախատեսվել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ պատժի կրումից ազատելու համար պատիժն այս կամ այն չափով կրած լինելու ժամկետի հաշվարկի վերաբերյալ:
Դրանից բացի, Դատարանի գնահատմամբ ՀՀ գործող և նախկին քրեական օրենսգրքերի համապատասխանաբար 85-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները վերաբերելի են պատժին, քանի որ դրանցով նախատեսվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատմամն հիմքերն ու պայմանները: Հետևաբար նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու պայմաններում դրա 85-րդ հոդվածով նախատեսված մեղմացնող դրույթները, պատժի մեղմացման նորմերի հետադարձության կանոնի համաձայն՝ պետք է վերաբերելի մասով կիրառվեն նաև այն դատապարտյալների նկատմամբ, որոնց նկատմամբ վերջնական դատական ակտերը կայացվել և օրինական ուժ են ստացել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում:
Վերոգրյալով պայմանավորված՝ Դատարանը փաստում է, որ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները կիրառելի են դատապարտյալ Հովհաննես Գրիգորյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելու համար, և ըստ այդմ՝ Դատարանը պետք է հիմք ընդունի այն, որ Հովհաննես Գրիգորյանն արդեն իսկ կրել է պատժի մեկ երրորդից ավելին (...)»2։
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումներն ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնը նախատեսում է, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով։ Միևնույն ժամանակ, արարքի կատարումից հետո ընդունված քրեական օրենքին կարող է հետադարձ ուժ տրվել միայն այն դեպքում, երբ տվյալ օրենքը լրիվ կամ մասնակի վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում է պատիժը կամ այլ կերպ բարելավում է հացանք կատարած անձի վիճակը։
(...)
Նախկին և նոր քրեական օրենսգրքերի վերոնշյալ իրավակարգավորումների համեմատական վերլուծության հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին պետք է տրվի հետադարձ ուժ՝ հիմք ընդունելով մեջբերված միջազգային-իրավական, սահմանադրաիրավական, և քրեաիրավական կարգավորումները։
Այսպես, վերոգրյալ իրավական վերլուծությունների և հիմնավորումների շրջանակներում համադրելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի հետ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործող օրենսդրությունը Հովհաննես Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող է, ուստի նման պայմաններում վերջինի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար անհրաժեշտ է կիրառվի 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի պայմանները։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Ս.Տոնոյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի ԼԴ/0003/12/23 որոշումը թողնելով անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները (...)»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ դատապարտյալ Հ․Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով։
12. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը՝ անկախ հետևանքներն առաջանալու պահից: (․․․)»։
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
(․․․)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը. (․․․)»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե կրել է՝
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (․․․)»։
13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուստամյանի գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է և պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման։ Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել4։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Հ.Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ առանց գույքի բռնագրավման5։
- ազատազրկման կատարումն ապահովելու համար Հ․Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2021 թվականի նոյեմբերի 27-ին6։
- 2023 թվականի մարտի 27-ին, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալ Հ.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան7։
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ՀՀ գործող և նախկին քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 85-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները վերաբերելի են պատժին, քանի որ դրանցով նախատեսվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերն ու պայմանները և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին հետադարձ ուժ է տվել՝ համարելով այն պատիժը մեղմացնող: Վերոգրյալի հաշվառմամբ, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Հ.Գրիգորյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 13 (տասներեք) օր մասը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով8։
- Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ՝ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողնելով անփոփոխ՝ հիմք ընդունելով իր որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ հիմք ընդունելով մեջբերված միջազգային-իրավական, սահմանադրաիրավական, և քրեաիրավական կարգավորումները, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին պետք է տրվի հետադարձ ուժ, քանզի այն Հովհաննես Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող է9:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուստամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Հ․Գրիգորյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, որպիսի արձանագրում է կատարել նաև Վերաքննիչ դատարանը, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ մինչև ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Հ․Գրիգորյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ։
Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Հ․Գրիգորյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Հ․Գրիգորյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, այնուհետև՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2021 թվականի նոյեմբերի 27-ին, Հ․Գրիգորյանն ընդունվել է քրեակատարողական հիմնարկ և 2023 թվականի ապրիլի 14-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Հ․Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 17 (տասնյոթ) օրը։
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Հ․Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի ապրիլի 14-ի դրությամբ, փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման կեսը։
15․1․ Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանումը պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ10։
16․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանելու ու դատապարտյալ Հ․Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժելու համար։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Դատապարտյալ Հովհաննես Համազասպի Գրիգորյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել և ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
____________________
1 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 3-4։
2 Տե՛ս հատոր 1-րդ, թերթեր 48-67։
3 Տե՛ս հատոր 2-րդ, թերթեր 24-45։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
5 Տե՛ս, սույն որոշման 1-ին կետը։
6 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը։
9 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: