ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր՝ Վ. Մելքոնյան |
ՍԴ1/0007/12/23 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
||||
|
| ||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
18 ապրիլի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դատավճռով Միքայել Մայիսի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2022 թվականի հուլիսի 15-ից։
1.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ։
2. ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետը 2023 թվականի հուլիսի 17-ին որոշում է կայացրել դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին։
2023 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել դատապարտյալ Մ.Մկրտչյանի դիմումը։
Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 14-ին որոշում է կայացրել Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ փորձաշրջանի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ծառայողների կողմից նշանակված օրերին բաժին ներկայանալու, ծառայության կողմից ներկայացված պահանջները բարեխղճորեն կատարելու, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու, վերահսկողության ընթացքում առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքից չբացակայելու, վերը նշված մարմնի կողմից առաջարկվող վերասոցիալականացման միջոցառումներին մասնակցելու պարտականություններ դնելով։
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 5-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթները, ինչպես նաև դատական ակտում կատարված պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներին։
Բողոքաբերը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից տրված զեկույցը ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրամանի համաձայն՝ դատապարտյալի վարքագծի չափորոշիչների գումարման արդյունքով կազմել է ընդամենը 24 միավոր, այսինքն՝ դատապարտյալը պատժի կրման ողջ ընթացքում պատշաճ վարքագիծ չի դրսևորել։
Այսպես, բողոքի հեղինակի պնդմամբ, դատապարտյալի կողմից ինքնագործ միավորումների կազմում չընդգրկվելը, կրթական, մշակութային միջոցառումներին չմասնակցելը, խրախուսանքի չարժանանալը, քրեակատարողական հիմնարկում չաշխատելը, գործող, չմարված տույժ ունենալը, շուրջ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկում կրելու ընթացքում ընդամենը մեկ անգամ մարզական միջոցառումներին մասնակցելը չեն կարող գնահատվել որպես պատշաճ վարքագծի բնութագրիչներ։ Նշվածի հետ մեկտեղ բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների այն պնդումը, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալի չաշխատելը պայմանավորված է եղել առողջական խնդիրներով, հիմնազուրկ է։
Անդրադարձ կատարելով ստորադաս դատարանների այն դատողությանը, որ դատապարտյալն արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը պահել և օգտագործել է չարորակ քաղցկեղով հիվանդ հոր հետ կապ պահպանելու համար, բողոքաբերը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման հավելվածի համաձայն՝ դատապարտյալի կողմից արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու, այդ թվում ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով կալանավորված անձին կամ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն։
Մ.Մկրտչյանի անձը բնութագրող տվյալները համապատասխան համոզմունքի հիմքում դրված լինելու կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը որևէ կերպ դատապարտյալին հետ չի պահել հանցավոր վարքագիծ դրսևորելուց։ Միևնույն ժամանակ, փաստարկվել է, որ անձը բնութագրող տվյալներն արդեն իսկ հաշվի են առնվել Մ.Մկրտչյանի նկատմամբ սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատիժ նշանակելով։ Բողոքաբերը քննարկման առարկա է դարձրել նաև կատարված արարքների բնույթն ու հանրային վտանգավորությունը՝ եզրահանգելով, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել նաև վերոնշյալ հանգամանքը։
Ամփոփելով, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել բավարար՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերասոցիալականացման հնարավորության համոզմունք ձևավորելու համար։ Այս առումով բողոքի հեղինակը կարևոր է համարել, որ քրեակատարողական ծառայությունը՝ որպես դատապարտյալի վարքագծի նկատմամբ անմիջական հսկողություն իրականացնող և նրա պատժի կրման ընթացքին հետևող, իսկ պրոբացիայի ծառայությունը՝ որպես հետպատժյա փուլում դատապարտյալի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա համապատասխան ծառայություն իրականացնող ինքնուրույն մարմիններ, հանգել են հետևության, որ դատապարտյալը դեռևս չի կանգնել ուղղման ճանապարհին, վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը նպատակահարմար չէ, քանի որ առկա է նոր հանցանք կատարելու բարձր հավանականություն։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբորի 5-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
7. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 19-ի դատավճռով Մ.Մկրտչյանը դատապարտվել է մարմնական վնասվածքներ պատճառելու ուղղակի դիտավորությամբ ծակող առարկայով տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար1։
7.1. ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից ներկայացված զեկույցի համաձայն՝ «(...) Դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է բացասական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը՝ բարձր է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չէ»2։
7.2. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերաբերյալ կազմված զեկույցը բացասական է3։
8. Առաջին ատյանի դատարանը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատելով պատժի մնացած մասը կրելուց, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի լուծման համար նշանակություն ունեցող օրենքի պահանջների վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող ինստիտուտի գործադրման համար դատարանը պետք է հանգի այն հետևության, որ վերասոցիալականացման համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և վերջինիս կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Հարկ է նշել, որ օրենսդիրն օգտագործել է ոչ թե «Դրական» այլ «Պատշաճ» վարքագիծ արտահայտությունը և այս դեպքում, հաշվի առնելով նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում քրեակատարողական ծառայության՝ որպես պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքը գնահատող և պրոբացիայի պետական ծառայության՝ որպես պրոբացիայի միջոցով դատապարտյալի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմինների զեկույցների բացասական լինելը, Դատարանն այնուամենայնիվ գտնում է, որ ներքոգրյալ հանգամանքները, որոնք ներառվել են նաև հիշյալ կառույցների կողմից տրված զեկույցներում, ինքնին բավարար են Միքայել Մկրտչյանի դրսևորած վարքագիծը պատշաճ համարելու համար։
Միքայել Մկրտչյանը պատժի կրման ընթացքում ունեցել է ընդամենը մեկ տույժ՝ նկատողություն բջջային հեռախոս և բաժանորդային քարտ պահելու համար, որի կապակցությամբ վերջինիս պաշտպանը՝ Ա.Խալափյանը, հայտնել է, որ դատապարտյալի հայրը տառապում է քաղցկեղով, այդ իսկ պատճառով, հոր առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար Միքայել Մկրտչյանն իր մոտ պահել է հեռախոս և բաժանորդային քարտ, չնայած չի արդարացրել դատապարտյալի դրսևորած վարքագիծը, սակայն խնդրել է հաշվի առնել հիշյալ հանգամանքը նրան պատիժը կրելուց պայամանական վաղաժամկետ ազատելու հարցը քննարկելիս։
Միքայել Մկրտչյանը պատժի կրման ընթացքում մասնակցել է ձգում պտտաձողի վրա մարզական միջոցառմանը, ըստ ՔԿՀ-ի իրավաբանի հայտարարության՝ այժմ էլ մասնակցում է կրթական ծրագրի, բացի այդ, ըստ զեկույցում ներառված տվյալների՝ դատապարտյալը շփվում է համախցակիցների հետ, որի վերաբերյալ դատական նիստի ընթացքում հայտարարել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավաբան Ա.Պետունցը։
Ինչ վերաբերվում է նրան, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում չի խրախուսվել և չի աշխատել, ապա հիշյալ հանգամանքները չեն կարող ինքնին մեկնաբանվել ի վնաս դատապարտյալի և հանդիսանալ դատապարտյալին բացասական բնութագրող հիմնական և որոշիչ հանգամանքներ, այդ մասին է վկայում նաև ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի զեկույցը, որի համաձայն՝ չխրախուսվելը և չաշխատելը գնահատվել են «0» միավոր, այլ ոչ թե բացասական միավոր։
Ընդհանուր առմամբ, Դատարանը Միքայել Մկրտչյանի կողմից պատժի կրման ընթացքում չաշխատելը և չխրախուսվելը չի գնահատում ոչ դրական, ոչ էլ բացասական առումով։
Դատարանը գտնում է, որ Միքայել Մկրտչյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
Դատապարտյալ Միքայել Մկրտչյանը 29 տարեկան է, նա կատարել է ծանր հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հիշյալ հանգամանքը թեև ունի նշանակություն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծելու համար, սակայն այն ինքնին չի կարող պատժից վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հիմք դիտարկվել. նշյալ հանգամանքը պետք է գնահատվի համակցության մեջ՝ դատապարտյալի անձի և պատժի կրման ընթացքում նրա դրսևորած վարքագծի համակողմանի ուսումնասիրության հետ մեկտեղ), նախկինում հանցանք չի կատարել, ռեցիդիվը բացակայում է, ընդունել է մեղքը, հաշտվել է տուժողի հետ, քրեական ենթամշակույթը չի ընդունում, չունի որոշակի հակումներ, հնարավոր կախվածություններ, ազատ ժամանակ սիրում է խաղալ շաշկի, զբաղվել ընթերցանությամբ, մասնակցել է վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապը պահել է կարճատև և երկատև տեսակցությունների միջոցով, խնամքին ունի անչափահաս երկու երեխա, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, շրջապատված է իրեն սիրող և հարգող ընտանիքի անդամներով, ընկերների, հարևանների, համայնքապետարանի, նախկին աշխատավայրի կողմից բնութագրվել է դրական, ըստ բժշկական փաստաթղթերի՝ առողջական խնդիրներ չունի, հարկադիր բուժման մեջ չի գտնվում, հանցանքը կատարելուց հետո գիտակցել է իր արարքի հետևանքները և զղջացել է կատարածի համար։
Դատարանը հանգում է այն հետևության, որ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձին՝ Միքայել Մկրտչյանին վերասոցիալականացնելու և հանցագործությունները կանխելու համար դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը քրեակատարողական հիմնարկում կրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Միքայել Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության և թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, ցածր է նաև նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո, դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում»4:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Սույն գործի շրջանակներում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ 1 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելը (բջջային հեռախոս և բաժանորդագրային քարտ պահելու համար), չաշխատելը (դատապարտյալը հայտարարել է իր առողջական խնդիրներ ունենալու հանգամանքի մասին, ըստ որի իր համար համապատասխան աշխատանք առկա չէ), քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, ռեցիդիվի բացակայությունը, կատարած արարքի համար զղջալը և այն ընդունելը, արտաքին աշխարհի հետ կապի պահպանումը, հարևանների և ընկերների կողմից դրական բնութագրվելու հանգամանքները, տուժողի կողմից բողոք կամ պահանջ չունենալը, խնամքին երկու անչափահաս երեխայի առկայությունը, քաղաքացիական հայցի և դատական ծախսի բացակայությունը, կրթական և մարզական միջոցառումներին մասնակցելը վկայում են այն մասին, որ Միքայել Մկրտչյանը գտնվում է ուղղման ճանապարհին, ինչի մասին Առաջին ատյանի դատարանը ևս հանգել է իրավաչափ հետևության, ըստ որի՝ Մ.Մկրտչյանը պատժի մնացած մասը կրելու կարիք չունի։ Վերաքննիչ դատարանի համար էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Առաջին ատյանի որոշումը կայացնելու պահին պատժի կրմանը մնացել է 1 տարի 11 ամիս 1 օր (կրել է նշանակված պատժի 1/3-ից ավելին)։ Անդրադառնալով բողոքաբերի փաստարկերին առ այն, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանի գործող տույժ ունենալու պարագայում չի կարելի խոսել նրա դրական դինամիկայի՝ այսինքն ուղղման ճանապարհին գտնվելու մասին, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ միայն գործող տույժ ունենալը հիմք չէ պատկերացում կազմելու դատապարտյալի վարքագծի մասին, այլ նրան բնութագրող տվյալները պետք է դիտարկել ամբողջական համակցության մեջ։ Ինչ վերաբերում է Բողոքաբերի կողմից արձանագրված այն փաստին, որ մարզական միջոցառումներին մասնակցելը համարվում է զբաղմունքի միջոց և դրանք չունեն մրցութային բնույթ, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մարզական միջոցառումները միայն զբաղմունքի միջոց դիտարկելու պարագայում դատապարտյալին միավորներ չէին տրվի, իսկ տվյալ դեպքում դատապարտյալ Մ.Մկրտչյանի կողմից ձգում պտտաձողի վրա մարզական միջոցառմանը մասնակցելու համար նրան տրվել է 2 միավոր։
Վերոշարադրյալի հիման վրա պետք է փաստել, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման, և դատապարտյալի բողոքը բավարարելու և նրան պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելով՝ թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել անհիմն դատական ակտ կայացնելուն, ուստի նման պարագայում վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները (…)»5:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն` «1. (…) [Ա]զատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի` սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժամկետը, և դատարանը դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում նա դրսևորել է պատշաճ վարքագիծ և
2) նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
2. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի կամ տույժի առկայությունը,
2) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն,
3) պատժի կրման ընթացքում աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, և չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով,
4) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ։
3. Դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը պատիժը կրելու, ինչպես նաև հանցանքը կատարելու պահին,
2) հանցանքի բնույթն ու վտանգավորությունը,
3) ռեցիդիվի առկայությունը,
4) կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը, կամ վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնած լինելը,
6) քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները,
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին,
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը,
10) սոցիալական միջավայրը,
11) առողջական վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և բուժման արդյունքը,
12) հանցանքի կատարմանը նպաստած հանգամանքների փոփոխությունները,
13) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ: (...)»։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձ է կատարել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգին և պայմաններին6։
11. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Մ.Մկրտչյանին պայմանական վաղաժամկետ ազատել է պատժի չկրած մասը կրելուց՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ սույն որոշման 8-րդ կետում մեջբերված՝ դատապարտյալի անձի, պատժի կրման ողջ ժամանակահատվածի ընթացքում դրսևորած վարքագծի, կատարված արարքի և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորած հոգեբանական վերաբերմունքի ու այլ հանգամանքների վերլուծությամբ գալիս է եզրահանգման առ այն, որ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձին՝ Միքայել Մկրտչյանին վերասոցիալականացնելու և հանցագործությունները կանխելու համար դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը քրեակատարողական հիմնարկում կրելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Միքայել Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է թե՛ հասարակական անվտանգության, թե՛ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, ցածր է նաև նրա կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, իսկ պատժի նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել համապատասխան վերահսկողության ներքո, դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում7,
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ներկայացված նյութերից բխող հիմնավոր եզրահանգման8։
12. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի գործադրման կարգի և պայմանների վերաբերյալ նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուղղվելու համար ազատազրկման ձևով պատժի մնացած մասը դատապարտյալ Մ.Մկրտչյանի կողմից կրելու կարիք չունենալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցված չեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նշանակություն ունեցող հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության, պատշաճ իրավական վերլուծության ու համակցության մեջ գնահատման վրա: Այսպես՝ քրեակատարողական ծառայության ներկայացված նյութերի, այդ թվում՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրությունը, ի թիվս այլնի, ցույց է տալիս, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանը քրեակատարողական հիմնարկում գտնված լինելու ողջ ժամանակահատվածում չի խրախուսվել, ցանկություն չի հայտնել աշխատելու, դրա հետ մեկտեղ, ենթարկվել է կարգապահական տույժի։
Այս համատեքստում անդրադառնալով դատապարտյալի հայտարարությանն առ այն, որ չաշխատելու հանգամանքը պայմանավորված է առողջական խնդիրներ ունենալով, ապա հարկ է ընդգծել, որ թեև դատապարտյալի առողջական վիճակի գնահատումը ևս նշանակություն ունի, սակայն տվյալ դեպքում ներկայացված նյութերում առկա փաստական հանգամանքները հիմք չեն տալիս եզրահանգելու, որ դատապարտյալն ունի առողջական խնդիրներ, ավելին ըստ վարույթի նյութերի՝ վերջինս պրակտիկ առողջ է։
13. Վճռաբեկ դատարանը վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության9՝ որպես պատժի ենթարկված անձի վերասոցիալականացման գործընթացն իրականացնող մարմնի, ինչպես նաև քրեակատարողական ծառայության10՝ որպես պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագիծը գնահատող մարմնի կողմից դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերաբերյալ կազմված զեկույցները բացասական են։ Տվյալ դեպքում, դատապարտյալի ուղղման ընդունելի աստիճանի հասած լինելու նախադրյալները և պատժի հետագա կրման նպատակահարմարությունը գնահատելու հարցում դատարանը՝ որպես քննարկվող ինստիտուտի գործադրման հնարավորության առնչությամբ վերջնական որոշում կայացնող մարմին, պետք է հաշվի առնի նաև մասնագիտական, խորհրդատվական բնույթ կրող վերոհիշյալ մարմինների դիրքորոշումները11։
14. Վերոշարադրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մ.Մկրտչյանը դատապարտվել է մեղքի դիտավորյալ ձևով կատարված արարքի՝ ծակող առարկայով տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Տվյալ ինստիտուտի գործադրման հարցում կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության «երկրորդական կարևորությունը» ընդգծելով հանդերձ12, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առողջության դեմ ուղղված հանցագործության կատարման արդյունքում բացասական ազդեցություն է թողնվում տուժողի օրգանիզմի կենսաբանական ամբողջականության և վիճակի վրա։ Դրանով պայմանավորված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում գործում առկա վերաբերելի այլ փաստական տվյալների համակցությամբ պետք է գնահատման ենթարկվի նաև վերոնշյալ հանգամանքը։
15. Այսպիսով, օրենքով նախատեսված և Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում մեկնաբանված չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն որոշմամբ մեջբերված և վերլուծված փաստական տվյալների համակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի փաստական տվյալները բավարար չեն հիմնավորված համոզմունք ձևավորելու, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու։ Տվյալ դեպքում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված մյուս հանգամանքները ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ՝ արձանագրելու, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալ Մ.Մկրտչյանի կողմից օրինապահ վարքագիծ դրսևորելու հավանականության աստիճանը բավարար է՝ հասարակությունում նրա վերաինտեգրման տեսանկյունից, իսկ պատժի համակցված նպատակները հնարավոր է վերջնականապես իրագործել՝ համապատասխան վերահսկողության ներքո դատապարտյալի ազատության մեջ գտնվելու պայմաններում։ Ուստի, ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ ուղղվելու համար դատապարտյալ Մ.Մկրտչյանն ազատազրկման ձևով նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, հիմնավոր չէ և չի բխում ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներից:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ.Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում կայացնելիս՝ Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս՝ նաև Վերաքննիչ դատարանը, պատշաճ չեն գնահատել սույն վարույթի փաստական հանգամանքները, արդյունքում թույլ են տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դատապարտյալ Մ.Մկրտչյանի դիմումը մերժելու համար։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 14-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել ու դատապարտյալ Միքայել Մայիսի Մկրտչյանի դիմումը մերժել։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Միքայել Մկրտչյանի վերաբերյալ թիվ ՍԴ/0067/01/22 քրեական գործը:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 5-7:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 3-4:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 39-57:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 43-50:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վարդան Մուխսիխաչոյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-212/07, Արամայիս Միրիբյանի գործով 2007 թվականի նոյեմբերի 30-ի թիվ ՎԲ-213/07, Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16, Արմեն Եղոյանի գործով 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՍԴ3/0010/12/18, Արմեն Արմենյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ՇԴ/0014/12/17 և Աշոտ Բադալյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԿԴ1/0120/12/17 որոշումները։
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 7․2-րդ կետը:
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարիկ Դավթյանի գործով 2022 թվականի մարտի 23-ի թիվ ՇԴ/0021/15/20 որոշման 15-րդ կետը։
12 Պատժի հետագա կրման նպատակահարմարությունը որոշելու հարցում արարքի բնույթը և հանրային վտանգավորությունը հաշվի առնելու վերաբերյալ մասնրամասն տեʹս, Վճռաբեկ դատարանի` Արմեն Ղազարյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԱԴ/0002/12/16 որոշման 21-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: