ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր Ն. Օհանյան |
ՍԴ/0147/01/19 |
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
|||||||||
|
| |||||||||
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ . Թադևոսյանի | ||
|
|
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
11 հուլիսի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալներ Արման Ղևոնդի Հովհաննիսյանի և Արթուր Վալերիկի Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի մարտի 21-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է թիվ 58204318 քրեական գործը:
2019 թվականի հունիսի 12-ին ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, հարուցվել է թիվ 58214319 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Արթուր Վալերիկի Օհանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 15-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2019 թվականի հուլիսի 3-ին թիվ 58214319 ու 58204318 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 58204318 համարի ներքո:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ Արման Ղևոնդի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Արման Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Ա.Օհանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 267․1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին թիվ 58204318 քրեական գործից, ի թիվս այլոց, Ա.Օհանյանի ու Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ` 58225519 համարով, և նույն թվականի սեպտեմբերի 20-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 6․000․000 (վեց միլիոն) ՀՀ դրամը։
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Օհանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոխարեն կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ գրավի չափ սահմանվելով 2․500․000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը։
2․1․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով, ու հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը և նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով։
Նույն դատավճռով Ա.Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով, և հանցանքների համակցության կանոններով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Նույն դատավճռով առաջադրված մեղադրանքներում մեղավոր են ճանաչվել նաև Հրաչյա Կարենի Բադալյանը և Ռոմա Բորիկի Կարապետյանը։
3․ Դատախազի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հուլիսի 18-ին որոշում է կայացրել դատախազի բողոքը մերժելու, պաշտպանի բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը մասնակիորեն՝ Ռոմա Կարապետյանի մասով բեկանելու մասին։ Ճանաչվել ու հռչակվել է Ռ․Կարապետյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում և Առաջին ատյանի դատարանի դատական ակտը մնացած մասով թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Ռ․Կարապետյանի մասով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի մասով՝ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի անձի ու նրանց կատարած արարքների հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինների անձի և նրանց կատարած արարքների հանրային բարձր վտանգավորության մասին:
Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել խմբի կազմում, ուղղակի դիտավորությամբ, միջին ծանրության ու առանձնապես ծանր հանցանքներ կատարելը, որոնց համար օրենսդրությամբ որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը, ինչը, ըստ բողոքի հեղինակի՝ վկայում է Հայաստանի Հանրապետությունում այս հանցատեսակների դեմ պայքարի առավել խիստ քրեաիրավական քաղաքականության մասին։ Նշվածի հետ համակցված բողոքի հեղինակը փաստարկել է, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ մեղադրյալներն ունեցել են ակտիվ մասնակցություն։ Բացի այդ՝ ներկայացված մեղադրանքում Ա.Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ Ա.Օհանյանը հերքել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքին հանցակիցների առնչությունը, ընդ որում՝ կատարած արարքների համար երկուսն էլ չեն զղջացել։
Անդրադառնալով մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված՝ հանցանքները 2019 թվականին կատարված լինելուն, բողոքի հեղինակը նշել է, որ ուղղակի դիտավորությամբ միջին ծանրության և առանձնապես ծանր հանցանքների կատարման ժամանակը որոշիչ նշանակություն չի կարող ունենալ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարությունը որոշելիս։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումը բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա․ «[Օ]ժանդակել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանը և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձին:
Այսպես.
Հ․Բադալյանը ցանկություն է ունեցել առանց իրացնելու նպատակի ձեռք բերել «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այդ նպատակով Հ․Բադալյանը 2019 թվականի հունիսի 12-ին դիմել է Ա․Հովհաննիսյանին և առաջարկել զանգահարել և պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ինքնությունը դեռևս չպարզված ոմն «Ալիի» հետ 100․000 ՀՀ դրամի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ:
Ա․Հովհաննիսյանը նույն օրը կապ է հաստատել ինքնությունը չպարզված նշված «Ալիի» [հետ] և պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ, որից հետո զանգահարել է Հ․Բադալյանին և հայտնել թմրամիջոց իրացնողի համաձայնության և հանդիպման վայր հասնելու ժամանակի մասին և այդ տեղեկությունները փոխանցել Հ․Բադալյանին: Այնուհետև, թմրամիջոցն իրացնողից Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու և իրեն հանձնելու համար Հ․Բադալյանը պայմանավորվել է Ա․Օհանյանի հետ` նրան փոխանցելով նաև Ա․Հովհաննիսյանի կողմից տրամադրված տեղեկությունները:
2019 թվականի հունիսի 12-ին Ա․Օհանյանը Հ․Բադալյանի ցուցումով ՀՀ ՊԵԿ «Մեղրի» անցակետով անցել է Իրանի Իսլամական Հանրապետություն և հանդիպել վերոնշյալ «Ալիին», որտեղ Հ․Բադալյանի համար և նրա գումարով` 100․000 ՀՀ դրամով, «Ալիից» ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով 81.4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո Ա․Օհանյանը թմրամիջոցի փաթեթը տեղավորել է իր վարտիքի մեջ և նույն օրն այն Հ․Բադալյանի կազմակերպմամբ և Ա․Հովհաննիսյանի օժանդակությամբ (տրամադրած տեղեկություններով) մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով ապօրինի տեղափոխել է Եվրասիական տնտեսական միության մաքսային և Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, սակայն ՀՀ «Մեղրի» մաքսային կետում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում Հ․Բադալյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելը»1:
7․1․ Արթուր Օհանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա․ «[Թ]մրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու վերաբերյալ Հ․Բադալյանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ, 2019 թվականի հունիսի 12-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ինքնությունը չպարզված ոմն «Ալիից», քննությամբ չպարզված հանգամանքներում, Հ․Բադալյանի կողմից տրված 100.000 ՀՀ դրամով և նրա համար, ապօրինի ձեռք է բերել, պահել, փոխադրել և Հ․Բադալյանի կազմակերպմամբ ու Ա․Հովհաննիսյանի օժանդակությամբ մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից վարտիքի մեջ թաքցնելու եղանակով, ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափի` 81.4 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, սակայն նույն օրը` ժամը 19:50-ին, բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից «Մեղրի» մաքսային կետում, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցը, ինչի արդյունքում Հ.Բադալյանն [իր] կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ձեռք բերել նշված թմրամիջոցը»2:
8․ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալներ Ա․Հովհաննիսյանի և Ա․Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Ա․Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան:
Ա․Օհանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի (Ռ.Օհանյան` ծնված 26.11.2012 թվականին և Վ.Օհանյան` ծնված 27.11.2021 թվականին) առկայությունը:
[Ա]մբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
(․․․)
Ա․Հովհաննիսյանը բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է՝ խնամքին են նաև կինը, հիվանդ մայրը և անչափահաս դուստրը, որդին ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։
Ա․Օհանյանը բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, ընտանիքի միակ կերակրողն է՝ խնամքին է նաև կինը։
(․․․)
Ա․Հովհաննիսյանի անձը բնութագրող տվյալները, հետհանցավոր վարքագիծը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ (․․․) էականորեն նվազեցնում են ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին (․․․)։
(․․․)
Ա․Օհանյանի անձը բնութագրող տվյալները, հետհանցավոր վարքագիծը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող նշված հանգամանքը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունն իրենց համակցությամբ (․․․) էականորեն նվազեցնում են ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունների հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել պատժի նպատակներին (․․․)։
(․․․)
Ա․Հովհաննիսյանի և Ա․Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման մասով, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ վերջիններս շուրջ 1 տարի 6 ամիս գտնվել են անազատության մեջ, այսինքն, փաստացի գիտակցել են կատարած հանցանքների վտանգավորությունը, ինչի ապացույցն է նրանց հետհանցավոր դրական վարքագիծը։ Ոչ այնքան կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ հանցագործությունները կատարվել են 2019 թվականի հունիսին ու պատժի ռեալ կիրառումը կորցրել է իր արդիականությունը։ Ավելին, ուշադրության է արժանի հանցագործության առարկան, այն է՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որը համեմատաբար նվազ վտանգավորություն ունեցող թմրամիջոցների տեսակ է»3։
9․ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետևյալը. «(…) Հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի կողմից գնահատված հանգամանքները, նաև այն, որ ամբաստանյալ Ա.Օհանյանի կինը գտնվում է 34 շաբաթական հղիության մեջ, ինչպես նաև ամբաստանյալների կողմից պատժի ռեալ կրման հնարավոր ազդեցությունը նրանց ընտանիքի կենսապայմանների վրա՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես ամբաստանյալներ Ա.Օհանյանի և Ա.Հովհաննիսյանի, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը և, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետևության, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու (…):
Ինչ վերաբերում է (…) այն պնդմանը, որ [Առաջին ատյանի] դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել ամբաստանյալներին մեղսագրվող արարքների բարձր հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման և մասնակցության աստիճանը, հանցագործության սուբյեկտիվ կողմը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշվածները, թեև որոշակի նշանակություն ունեն նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելու համար, սակայն սույն գործի շրջանակներում ինքնին չեն կարող ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ չհամաձայնելու հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով գործում առկա վերոգրյալ հանգամանքները:
(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (…) եթե գործում առկա հանգամանքների համակցությամբ դատարանը գալիս է համոզման, որ մեղադրյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, ապա մեղքը վերջինիս կողմից չընդունելն ինքնին բավարար չէ փաստելու, որ առկա չեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը»4:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի կողմից կատարված հանցանքների համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում5: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։
12. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունն ու վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ու բնույթի ամբողջական գնահատման վրա6` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն7:
ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը՝
(․․․)
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»
ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ Թմրամիջոցի (…) մաքսանենգությունը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով դրանք ապօրինի տեղափոխելը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունը սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը կամ սահմանափակումը խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթուղթը խաբեությամբ օգտագործելու միջոցով`
(․․․)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(․․․)
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
(․․․)
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով»:
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Ա․Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին և դրա մաքսանենգությանն օժանդակելու համար։ Մասնավորապես՝ Հ․Բադալյանը, առանց իրացնելու նպատակի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակ ունենալով, 2019 թվականի հունիսի 12-ին դիմել է Ա․Հովհաննիսյանին ու առաջարկել կապ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ոմն «Ալիի» հետ և պայմանավորվածություն ձեռք բերել 100․000 ՀՀ դրամով թմրամիջոց ձեռք բերելու շուրջ։ Նույն օրն Ա․Հովհաննիսյանը կապ է հաստատել նշված անձի հետ, պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու շուրջ ու թմրամիջոց իրացնողի համաձայնության և հանդիպման վայր հասնելու ժամանակի մասին տեղեկացրել Հ․Բադալյանին։ Վերջինս իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու հարցում իր հետ նախնական համաձայնության եկած Ա․Օհանյանին։ Ա․Օհանյանը, Հ․Բադալյանի կազմակերպմամբ ու Ա․Հովհաննիսյանի օժանդակությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում վերոհիշյալ անձից Հ․Բադալյանի համար և նրա գումարով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 81․4 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով այն տեղադրել իր վարտիքի մեջ ու ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, սակայն Մեղրիի սահմանային անցակետում բռնվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից8,
- Ա․Օհանյանը մեղավոր է ճանաչվել այն արարքների համար, որ նա, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հ․Բադալյանի հետ, 2019 թվականի հունիսի 12-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, Հ․Բադալյանի կազմակերպմամբ և Ա․Հովհաննիսյանի օժանդակությամբ, Հ․Բադալյանի համար ու նրա գումարով, ոմն «Ալիից» 100․000 ՀՀ դրամով ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի՝ 81․4 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով թմրամիջոցը տեղադրել իր վարտիքի մեջ և նույն օրն ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, որը հայտնաբերվել է Մեղրիի սահմանային անցակետում՝ ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ Ա․Օհանյանի անձնական խուզարկությամբ9,
- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա․Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում վերջինիս դրական բնութագրվելը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, խնամքին կնոջ, հիվանդ ծնողի ու անչափահաս դստեր առկայությունը, որդու՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը, հետհանցավոր վարքագիծը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Մեղադրյալ Ա․Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ հաշվի է առնում նրա անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխայի, ինչպես նաև կնոջ առկայությունը, դրական բնութագրվելը, վատառողջ լինելը, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը, հետհանցավոր վարքագիծն ու պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ մեղադրյալները շուրջ մեկ տարի վեց ամիս գտնվել են անազատության մեջ, հանցանքները կատարվել են 2019 թվականի հունիսին, հանցագործության առարկան «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որն իր տեսակով համեմատաբար նվազ վտանգավորություն ունի։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է մեղադրյալների կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանը՝ վկայելով առանց պատիժը փաստացի կրելու մեղադրյալներ Ա․Հովհաննիսյանի ու Ա․Օհանյանի ուղղվելու հնարավորության մասին10,
- Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով արձանագրված հանգամանքները, ինչպես նաև՝ Ա․Օհանյանի կնոջ հղիության փաստը, իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ մեղադրյալների ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու11։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա․Հովհաննիսյանի և Ա․Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալների կողմից կատարված հանցավոր արարքների բնույթի ու հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.
Արման Հովհաննիսյանի մասով․
- ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է երկու հանցագործության կատարում՝ նախ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությանն օժանդակելը, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին օժանդակելը․
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, օժանդակել է Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին, և Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով թմրամիջոց տեղափոխելուն,
գ) հանցագործության եղանակը, այն, որ թմրամիջոց ձեռք բերելուն ու այն մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի տեղափուխելուն օժանդակելու նպատակով զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող՝ թմրամիջոց ձեռք բերելու մտադրություն ունեցողի կողմից նշված անձին, թմրամիջոց ձեռք բերելու շուրջ համաձայնության գալով, համաձայնեցրել է գործարքի մանրամասները և այդ տեղեկատվությունը փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձին, որն էլ իր հերթին այն փոխանցել է կատարողին։
Արթուր Օհանյանի մասով․
- ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալին մեղսագրվում է երկու հանցագործության կատարում՝ նախ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկը՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգությունը, ինչպես նաև՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին օժանդակելը․
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, նախ օժանդակել է Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին, և երկրորդը, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, ապօրինի տեղափոխել թմրամիջոց,
գ) հանցագործության եղանակը, այն, որ Ա․Օհանյանը, թմրամիջոց ձեռք բերելուն օժանդակելու նախնական համաձայնությամբ, մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նախապես իրեն տրամադրված դրամական միջոցներով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով, այն տեղադրել է իր վարտիքի մեջ ու տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով, որը հայտնաբերվել է Մեղրիի սահմանային անցակետում՝ անձնական խուզարկությամբ։
14․1․ Միաժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանի այն փաստարկին, որ պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս հաշվի է առնում նաև հանցագործությունների առարկա թմրամիջոցի տեսակը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ պատժի անհատականացման գործընթացում ուշադրության է արժանի ոչ միայն թմրամիջոցի տեսակը, այլ նաև դրա չափը․ տվյալ դեպքում, ապօրինի շրջանառության առարկա է հանդիսացել 81․4 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որպիսի չափն ընդգրկված է թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի դասակարգման վերջին՝ առանձնապես խոշոր չափի խմբում։
15․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալների կամ նրանց կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։
16․ Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներ Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի կողմից կատարված հանցանքների համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, Ա.Հովհաննիսյանի և Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Ուստի, անհրաժեշտ է Ա.Հովհաննիսյանի ու Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու նույն օրենսգրքի 74-րդ և 79-րդ հոդվածների կիրառմամբ` սահմանված 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ա.Օհանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված և նույն օրենսգրքի 74-րդ և 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված` 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ ու 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հուլիսի 18-ի որոշումն Արման Ղևոնդի Հովհաննիսյանի ու Արթուր Վալերիկի Օհանյանի մասով փոփոխել։
Արման Ղևոնդի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված ու ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ և 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Արման Ղևոնդի Հովհաննիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3․ Արթուր Վալերիկի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ու թողնել կրելու ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ ու 79-րդ հոդվածների կիրառմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Արթուր Վալերիկի Օհանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 174-194:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 174-194:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթեր 6-54:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 25-րդ, թերթեր 4-29:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:
6 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. Թադևոսյան | |
|
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2025 թվական: