ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 մարտի 2017 թվականի

թիվ 8

քաղ. Բիշքեկ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ՝ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԱՆԱԼՈԳՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակներով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ երրորդ երկրներում բաց թողնվող և անդամ պետությունների տարածքներ ներմուծվող՝ գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների (այսուհետ՝ կոմպլեկտավորող տարրերի անալոգներ) արտադրությունն իրենց պետությունների տարածքներում կազմակերպելու նպատակներով՝

ա) հաշվի առնել կոմպլեկտավորող տարրերի, այդ թվում՝ հավելվածի համաձայն ցանկում ընդգրկված կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը կազմակերպելու նպատակահարմարությունը.

բ) վերլուծել հետևյալ հարցերով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը՝

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը կազմակերպելու և զարգացնելու ժամանակ ներդրումների ներգրավում.

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը կազմակերպելու համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործում՝ այդ թվում երրորդ երկրներից արտադրողների մասնակցությամբ.

գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների արտադրության ժամանակ կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունը և դրանց օգտագործումը խթանող առաջարկների մշակում.

գ) Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել անդամ պետությունների տարածքներում անցկացվող՝ գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում, ինչպես նաև մեքենաշինության հարակից ճյուղերում սուբկոնտրակտացիայի մասնագիտացված բորսաների վերաբերյալ տեղեկատվությունը.

դ) անդամ պետությունների զարգացման բանկերի հետ համատեղ ագրոարդյունաբերական համալիրի ֆինանսական աջակցության գործող ծրագրերի շրջանակներում վերլուծել կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրությունն իրականացնող ձեռնարկությունների աջակցությանն ուղղված միջոցների համալիրի իրագործման հնարավորությունը, ներառյալ՝

նորարարական ձեռնարկությունների ստեղծման համատեղ ծրագրերը և նախագծերը ֆինանսավորելը.

կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները լիզինգով ձեռք բերելն արտոնյալ պայմաններով սուբսիդավորելը.

անդամ պետությունների տարածքներում կոմպլեկտավորող տարրերի անալոգների համապատասխանությունը հաստատելը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների հետ համատեղ`

ա) իրականացնել գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև դրանց կոմպլեկտավորող տարրերի արտադրության ոլորտում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության շրջանակներում միջոցառումների իրագործման դիտանցում.

բ) նախապատրաստել և մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն կետի «ա» ենթակետում նշված դիտանցման արդյունքների վերաբերյալ զեկույցը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական
խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի
թիվ 8 կարգադրության

 

ՑԱՆԿ

 

գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի, որոնք բաց են թողնվում երրորդ երկրներում, ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ, և որոնց անալոգների արտադրությունը նպատակահարմար է կազմակերպել անդամ պետությունների տարածքներում

 

1. Ավտոմատացված փոխհաղորդակներ

2. Յուղման կենտրոնացված ավտոմատ համակարգ գյուղատնտեսական տեխնիկայի համար

3. Տրակտորների համար դիզելային շարժիչներ

4. Շարժիչներ և ուժային կայանքներ, որոնք աշխատում են գազաշարժիչային վառելիքով

5. Կամրջակներ

6. Առանցքակալներ՝ այդ թվում հոլովակավոր, կունդի, առանցքակալատուփի

7. Արբանյակային նավիգացիա

8. Հիդրավլիկայի տարրեր

9. Էլեկտրոնային բաղադրիչներ

 

___________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան