ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2018 թվականի N 1256-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1256-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն պահանջներով կարգավորվում են դեղատնից դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների հետ կապված հարաբերությունները:
2. Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
3. Դեղագետը կամ դեղագործը պատվերը գրանցելուց հետո պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ դեղատանն առկա՝ նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի և դրանց գների վերաբերյալ, առանց ուղղորդման:
4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր չեն առաքվում: Դեղատոմսով բացթողման ենթակա այլ դեղեր կարող են առաքվել միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
(4-րդ կետը խմբ. 25.09.25 N 1356-Ն)
5. Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով՝ ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները և հատուկ ուշադրություն դարձնելով ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերին:
6. Առաքումն իրականացնելու նպատակով դեղատունը պետք է ունենա առանձին տեղափոխման տարա (պայուսակ), որն ապահովում է անհրաժեշտ ջերմային ռեժիմի ժամանակավոր կայունություն: Ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերն առաքելիս՝ պետք է ապահովել ջերմամեկուսիչ փաթեթավորում:
7. Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով (հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր):
(հավելվածը խմբ. 25.09.25 N 1356-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.09.2025, N 1356-Ն | 26.09.2025, N 1256-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|