ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.04.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 ապրիլի 2016 թվականի

թիվ 52

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի մասին» որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /20 ):

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ պայմանավորված այն փաստով, թե ամսաթվերից որն է ավելի ուշ, սակայն սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20     թվականի թիվ     որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 )

 

Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին համապատասխան։

Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ Միության շուկայում շրջանառության մեջ դրվող հանքային պարարտանյութերին և հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների հետ կապված՝ հանքային պարարտանյութերի պահպանման, փոխադրման և մակնշման գործընթացներին ներկայացվող անվտանգության պահանջները:

I. Կիրառման ոլորտը

1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է Միության տարածքում մարդու կյանքի և (կամ) առողջության, կենդանիների և բույսերի, շրջակա միջավայրի, գույքի պաշտպանության, հանքային պարարտանյութերը սպառողներին՝ դրանց նշանակության և անվտանգության մասով մոլորության մեջ գցող գործողությունները կանխարգելելու նպատակով:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է հետևյալի վրա՝

ա) թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ցանկի հանքային պարարտանյութերի վրա, որոնք արտադրվում, ներմուծվում (ներկրվում) են Միության տարածք.

բ) հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների հետ կապված՝ հանքային պարարտանյութերի պահպանման, փոխադրման և մակնշման գործընթացների վրա:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի վրա:

4. Հանքային պարարտանյութերի և դրանց բաղադրամասերի կիրարկմամբ վտանգավոր գործոններ են՝

ա) հրդեհա- և պայթյունավտանգությունը,

բ) օքսիդացնող հատկությունները,

գ) քայքայման հատկությունները,

դ) մարդու համար վտանգը՝ պերօրալ, մաշկային և ինհալացիոն թունավորություն, մաշկի և լորձաթաղանթների վրա գրգռիչ ազդեցություն, մաշկա-ներծծիչ ազդեցություն, ալերգիկ ազդեցություն, մարդու օրգանիզմում բիոակումուլյացիայի և շրջակա միջավայրի օբյեկտներում (ջուր, հող, բույսեր) կուտակման ունակություն,

ե) ռադիոակտիվ վտանգը,

զ) էկոհամակարգերի վրա ներգործությունը:

 

II. Հիմնական հասկացությունները

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով՝ օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

պատրաստող՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, այդ թվում՝ օտարերկրյա պատրաստող, որոնք իրենց անունից իրականացնում են հանքային պարարտանյութերի արտադրություն կամ արտադրություն ու իրացում և պատասխանատու են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.

ներմուծող՝ Միության անդամ պետության ռեզիդենտ, որը Միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է Միության տարածք հանքային պարարտանյութերի ներմուծման արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է հանքային պարարտանյութերի իրացում և պատասխանատվություն է կրում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանության համար.

միկրոպարարտանյութ՝ հանքային պարարտանյութ, որի սննդարար տարրերը միկրոտարրերն են.

հանքային պարարտանյութ՝ արդյունաբերական կամ հանածո ծագման պարարտանյութ, որը հանքային ձևով սննդարար տարրեր է պարունակում.

անվտանգության անձնագիր՝ սահմանված ձևի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ հանքային պարարտանյութի վտանգավոր հատկությունների, տվյալ հանքային պարարտանյութը պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի մասին, ինչպես նաև Միության տարածքում հանքային պարարտանյութի անվտանգ շրջանառությունն ապահովելու համար կանխարգելման միջոցներ և անվտանգության պահանջներ.

սննդարար տարր, գործող նյութ՝ պարարտանյութի՝ բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ քիմիական տարր.

նախազգուշացնող մակնշում՝ տեղեկատվության բաղադրիչ մաս, որը փաթեթվածքի կամ պիտակի վրա նշվող տեղեկությունների համալիր է (կարճ տեքստի, առանձին գրաֆիկական կամ գունային նշանների կամ դրանց համակցությունների ձևով).

պարարտանյութ՝ բույսերի սնուցման և հողի բերրիության բարձրացման համար նախատեսված նյութ.

«միկրոտարրերով պարարտանյութ»՝ հանքային պարարտանյութ, որը պարունակում է մակրո- և միկրոտարրեր.

«պատրաստողի կողմից լիազորված անձ»՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրա տարածքում գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ, որը պատրաստողի, այդ թվում՝ օտարերկրյա պատրաստողի հետ կնքված պայմանագրի հիման վրա այդ պատրաստողի անունից գործողություններ է իրականացնում համապատասխանությունը գնահատելիս և հանքային պարարտանյութերը Միության տարածքում շրջանառության մեջ դնելիս, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության)՝ իրենց վրա տարածվող տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հանքային պարարտանյութերի անհամապատասխանության համար։

 

III. Հանքային պարարտանյութերի նույնականացման կանոնները

 

6. Հանքային պարարտանյութերի նույնականացումն իրականացնում են պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը, Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող մարմինը, այլ շահագրգիռ անձինք:

7. Հանքային պարարտանյութերի նույնականացումն իրականացվում է հանքային պարարտանյութի նմուշի լաբորատոր հետազոտության ընթացքում ստացված տվյալներին հանքային պարարտանյութի արտաքին տեսքի և բաղադրության, փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա և ուղեկցող փաստաթղթերում նշված սննդարար տարրերի, այդ թվում՝ մակրո- և միկրոտարրերի համապատասխանությունը պարզելու միջոցով:

 

IV. Միության շուկայում հանքային պարարտանյութերի շրջանառության կանոնները

 

8. Հանքային պարարտանյութերը Միության շուկայում շրջանառության մեջ են դրվում սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, և այն պայմանով, որ դրանք անցել են համապատասխանության գնահատում՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնի:

9. Այն հանքային պարարտանյութերը, որոնց համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չի հաստատվել, չպետք է մակնշվեն Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

10. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չմակնշված հանքային պարարտանյութերը Միության շուկայում շրջանառության մեջ դնել չի թույլատրվում։

 

V. Հանքային պարարտանյութերի անվտանգության պահանջները

 

11. Հանքային պարարտանյութերը պետք է բավարարեն սույն բաժնով սահմանված անվտանգության պահանջները, ինչպես նաև ճառագայթային և քիմիական անվտանգության նորմերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

12. Հանքային պարարտանյութերը պետք է դասակարգվեն ըստ այն վտանգավոր գործոնների, որոնց մասին տեղեկությունները նշվում են անվտանգության անձնագրում և նախազգուշացնող մականշվածքում:

13. Առևտրային ցանցի (մեծածախ և մանրածախ առևտրի ձեռնարկությունների կամ կազմակերպությունների) միջոցով իրացման համար նախատեսված հանքային պարարտանյութերը պետք է լինեն փաթեթավորված: Խախտված փաթեթվածքով հանքային պարարտանյութերի մանրածախ առևտուրը չի թույլատրվում:

 

VI. Հանքային պարարտանյութերի պահպանման և փոխադրման գործընթացներին ներկայացվող պահանջները

 

14. Հանքային պարարտանյութերի պահպանումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

15. Կոշտ հանքային պարարտանյութերը փոխադրվում են երկաթուղային փակ վագոններով, կիսավագոններով, նավերի փակ տրանսպորտային լցարաններում (նավամբարներ, տանկեր) և ավտոմոբիլային տրանսպորտով՝ թափքում դրանց պարտադիր ծածկմամբ: Պոլիմերային ներդիրներով փափուկ բեռնարկղերում փաթեթավորված կոշտ հանքային պարարտանյութերը թույլատրվում է փոխադրել կիսավագոններով, բաց տախտակամածով նավերով և ավտոմոբիլային տրանսպորտով՝ թափքում դրանք առանց ծածկելու: Պոլիմերային պարկերում փաթեթավորված կոշտ հանքային պարարտանյութերը թույլատրվում է փոխադրել ավտոմոբիլային տրանսպորտով՝ թափքում դրանք առանց ծածկելու:

16. Մեկ վագոնով, նավերի փակ տրանսպորտային լցարաններում (նավամբարում, տանկում) կամ ավտոմեքենայի թափքում հանքային պարարտանյութերի հետ միաժամանակ այլ բեռների փոխադրումն արգելվում է:

17. Որպես վտանգավոր բեռներ դասակարգված, այդ թվում՝ հրդեհա- և պայթյունավտանգ հատկություններ ունեցող հանքային պարարտանյութերի փոխադրումը պետք է իրականացվի անդամ պետությունների տարածքներում գործող՝ վտանգավոր բեռների փոխադրման նորմերին և կանոններին համապատասխան:

18. Հեղուկ հանքային պարարտանյութերի (ամոնիակային ջրի, ածխաամոնիակի, հեղուկ համակողմանի հանքային պարարտանյութերի) լցվածքով փոխադրումն իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, բեռնարկղերում կամ տարայում՝ անվտանգության անձնագրում շարադրված դրույթներին համապատասխան:

19. Սպառողական տարայում կշռաբաշխված հեղուկ համակողմանի հանքային պարարտանյութերի փոխադրումն իրականացվում է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով, տակդիրների վրա տրանսպորտային փաթեթներով, բեռնարկղերում կամ տարայում՝ անվտանգության անձնագրում շարադրված դրույթներին համապատասխան:

20. Հեղուկ հանքային պարարտանյութերի փոխադրման համար նախատեսված տարաների լցման աստիճանը որոշվում է՝ հաշվի առնելով ընթացուղում ջերմաստիճանների հնարավոր տատանումների ժամանակ արտադրանքի ծավալային լայնացումը:

 

VII. Հանքային պարարտանյութերի մակնշմանը ներկայացվող պահանջները

 

21. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) հանքային պարարտանյութի անվանումը և դրա նշանակությունը.

բ) սննդարար տարրերի, այդ թվում՝ միկրո- և մակրոտարրերի անվանումը և բաղադրությունը.

գ) պատրաստողի անվանումը (ֆիրմային անվանումը) և նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի հասցեն, փաստացի հասցեն, ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման մասին տեղեկությունները), այն երկրի անվանումը, որտեղ պատրաստվել են հանքային պարարտանյութերը.

դ) պատրաստողի ապրանքային նշանը (առկայության դեպքում) .

ե) այն փաստաթղթի նշումը, որին համապատասխան արտադրվում և մատակարարվում է հանքային պարարտանյութը.

զ) հանքային պարարտանյութի տեսականիշը և (կամ) կարգը (առկայության դեպքում).

է) խմբաքանակի համարը (կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար).

ը) հանքային պարարտանյութերի անվանական քանակը (քաշը կամ ծավալը) (կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար).

թ) հանքային պարարտանյութի փոխադրման, կիրառման և պահպանման վերաբերյալ ցուցումները.

ժ) անդամ պետությունում գրանցված հանքային պարարտանյութի գրանցման համարը.

ժա) տարային պիտակի գրանցման համարը (կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար).

ժբ) հանքային պարարտանյութի արտադրման ժամկետը կամ բեռնառաքման ամսաթիվը (տարի, ամիս).

ժգ) կշռաբաշխման ամսաթիվը (տարի, ամիս՝ կշռաբաշխված հանքային պարարտանյութերի համար, եթե դրանց կշռաբաշխումն իրականացվում է ոչ այդ հանքային պարարտանյութերը պատրաստողի կողմից).

ժդ) հանքային պարարտանյութի պահպանման պայմանները.

ժե) հանքային պարարտանյութի պահպանման երաշխիքային ժամկետը.

ժզ) հանքային պարարտանյութի նույնականացման ստվերագծային ծածկագիրը (ծածկագիր, որը տարբեր հաստության և լայնության զուգահեռ ստվերագծերի հավաքածուի օգնությամբ ներկայացնում է նշաններ, որոնք օպտիկապես ընթերցվում են լայնակի տեսածրմամբ (սկանավորմամբ)՝ մանրածախ առևտրային ցանցի միջոցով իրացվող հանքային պարարտանյութերի համար.

ժէ) հանքային պարարտանյութի կիրառման վերաբերյալ սահմանափակումները.

ժը) հանքային պարարտանյութի հետ աշխատելու, այն տրանսպորտով փոխադրելու և պահպանելու ընթացքում նախազգուշական միջոցները՝ ներառյալ հեղված կամ թափված հանքային պարարտանյութի վնասազերծման եղանակները.

ժթ) հանքային պարարտանյութի տարայի վնասազերծման և օգտահանման եղանակները.

ի) սուր թունավորումների կլինիկական պատկերի նկարագրությունը, բժշկական խորհուրդները՝ նշելով նաև հակաթույնը և առաջին օգնության միջոցները:

22. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է համապատասխան նախազգուշացնող մականշվածք պարունակի, եթե հանքային պարարտանյութը դասակարգվում է որպես վտանգավոր:

23. Կշռաբաշխված հանքային պարարտանյութերի մականշվածքը նշվում է փաթեթվածքի կամ փաթեթվածքին փակցված պիտակի կամ մանեկապիտակի վրա այնպիսի եղանակով, որն ապահովում է դրանց պահպանվածությունը:

Մականշվածքն ամբողջ ծավալով փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի վրա զետեղելու համար բավականաչափ տեղ չլինելու դեպքում տեղեկատվության մի մասը նշվում է ներդիր-թերթիկի մեջ, որը կցվում է փաթեթվածքի, պիտակի կամ մանեկապիտակի յուրաքանչյուր միավորի և որի մեջ նշվում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետին համապատասխան տեղեկատվությունը, կամ մականշվածքը զետեղվում է փաթեթվածքի երկու կողմից:

24. Չփաթեթավորված հանքային պարարտանյութեր մատակարարելու դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում շարադրված մականշման տեղեկատվությունը (բացառությամբ «է», «ը», «ժա», «ժգ» և «ժզ» ենթակետերի) ներառվում է ուղեկցող փաստաթղթերի լրակազմում:

25. Հանքային պարարտանյութերի տրանսպորտային մականշվածքը պետք է համապատասխանի անդամ պետությունների տարածքներում գործող՝ վտանգավոր բեռների փոխադրման նորմերին և կանոններին:

26. Հանքային պարարտանյութերի մականշվածքը զետեղվում է ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում են հանքային պարարտանյութերը:

27. Հանքային պարարտանյութերի մականշվածքը պետք է լինի հստակ և ընթեռնելի ու գտնվի զննման համար հասանելի տեղում:

 

VIII. Անվտանգությանը ներկայացվող պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության ապահովումը

 

28. Սույն տեխնիկական կանոնակարգին հանքային պարարտանյութերի համապատասխանությունն ապահովվում է դրա և Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմամբ, որոնց գործողությունը տարածվում է հանքային պարարտանյութերի վրա անմիջականորեն կամ այնպիսի ստանդարտների կատարմամբ, որոնք ներառված են այն ստանդարտների ցանկում, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:

29. Հանքային պարարտանյութերի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են այն ստանդարտներում, որոնք ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները պարունակող ստանդարտների ցանկում, որոնք անհրաժեշտ են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանությունը գնահատելու համար:

 

IX. Հանքային պարարտանյութերի համապատասխանության գնահատումը

 

30. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հանքային պարարտանյութերի համապատասխանության գնահատումն իրականացվում է գրանցման ձևով:

31. Հանքային պարարտանյութերի գրանցումն անցկացնում են անդամ պետությունների լիազորված մարմինները (այսուհետ՝ լիազորված մարմիններ)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Հանքային պարարտանյութերը պետք է ներառվեն Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրում:

Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրը ձևավորվում է ազգային հատվածներից:

Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը մշակում և հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

32. Հանքային պարարտանյութերը գրանցելիս հայտատու կարող է լինել անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը, որը պատրաստող կամ պատրաստողի կողմից լիազորված անձ, կամ ներկրող է։

33. Հանքային պարարտանյութեր գրանցելու համար հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրանցում կատարելու մասին դիմումը.

բ) անվտանգության անձնագիրը.

գ) փորձարկման (հետազոտական) լաբորատորիաներում (կենտրոններում) ստացված հետազոտությունների (փորձարկումների) արձանագրությունները և (կամ) հանքային պարարտանյութի հետազոտությունների վերաբերյալ գիտական հաշվետվությունները և այլ փաստաթղթեր (առկայության դեպքում), որոնցով ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատվում է հանքային պարարտանյութերի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

34. Լիազորված մարմինը՝

ա) կատարում է ներկայացրած փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների ուսումնասիրությունն ու ստուգումը.

բ) որոշում է կայացնում հանքային պարարտանյութը գրանցելու մասին.

գ) հանքային պարարտանյութին տալիս է գրանցման անհատական համար.

դ) ներառում է հանքային պարարտանյութը Միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրում.

ե) տրամադրում է հանքային պարարտանյութի գրանցման վկայականը՝ թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված ձևով:

35. Հանքային պարարտանյութի գրանցման վկայականի գործողության ժամկետը սահմանափակ չէ:

 

X. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով հանքային պարարտանյութերի մակնշումը

 

36. Այն հանքային պարարտանյութերը, որոնք համապատասխանում են սույն տեխնիկական կանոնակարգի և դրանց վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնք անցել են համապատասխանության գնահատում՝ համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնի, Միության շուկայում մակնշվում են արտադրանքի շրջանառության միասնական նշանով։

37. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան հանքային պարարտանյութերը շուկայում շրջանառության մեջ դնելը:

38. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է հանքային պարարտանյութի փաթեթվածքի յուրաքանչյուր միավորի կամ պիտակի վրա (փաթեթվածքի վրա նշանը զետեղելու անհնարինության դեպքում), ինչպես նաև ներկայացվում է հանքային պարարտանյութի խմբաքանակին կցվող՝ ուղեկցող փաստաթղթերում:

39. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է նշանի հստակ և պարզ պատկերն ապահովող ցանկացած եղանակով, որը կպահպանվի մինչև հանքային պարարտանյութի լրիվ օգտագործման կամ օգտահանման պահը:

 

XI. Պաշտպանական վերապահում

 

40. Լիազորված մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները` սույն տեխնիկական կանոնակարգի և հանքային պարարտանյութերի վրա տարածվող՝ Միության (Մաքսային միության)՝ ուժի մեջ մտած այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող հանքային պարարտանյութերի շրջանառությունը Միության շուկայում սահմանափակելու և արգելելու, ինչպես նաև դրանք շրջանառությունից հանելու համար:

Այդ դեպքում մեկ անդամ պետության լիազորված մարմինն ընդունված որոշման մասին պարտավոր է ծանուցել մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ նշելով դրա ընդունման պատճառները և ներկայացնելով տվյալ միջոցի իրականացման անհրաժեշտությունը պարզաբանող ապացույցները:

 

———————————

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

«Հանքային պարարտանյութերին ներկայացվող

պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 )

տեխնիկական կանոնակարգի

 

ՑԱՆԿ

 

հանքային պարարտանյութերի, որոնց վրա տարածվում է Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 ) տեխնիկական կանոնակարգի գործողությունը

 

1. Հանքային պարարտանյութերն ըստ իրենց ագրեգատային վիճակի՝

ա) կոշտ (փոշենման, հատիկավոր, բյուրեղային).

բ) հեղուկ (լուծույթ, կախույթ):

2. Հանքային պարարտանյութերն ըստ սննդարար տարրերի՝

ա) մեկ հիմնական սննդարար տարրի հայտագրված պարունակությամբ հասարակ հանքային պարարտանյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում)՝

ազոտական.

ֆոսֆորային.

կալիումային.

բ) մի քանի հիմնական սննդարար տարրերի հայտագրված պարունակությամբ համակողմանի (բարդ, խառը, խառնված բարդ) հանքային պարարտանյութեր՝

ազոտաֆոսֆորակալիումային.

ազոտաֆոսֆորային.

ազոտակալիումային.

ֆոսֆորակալիումային.

գ) հիմնական սննդարար տարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում), և (կամ) մակրոտարրերի (կալցիում, մագնեզիում, նատրիում, ծծումբ), և (կամ) միկրոտարրերի (բոր, մանգան, պղինձ, ցինկ, կոբալտ, մոլիբդեն, երկաթ) հայտագրված բաղադրությամբ հասարակ և համակողմանի հանքային պարարտանյութեր.

դ) միկրոպարարտանյութեր:

 

———————————

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության

«Հանքային պարարտանյութերին ներկայացվող

պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 )

տեխնիկական կանոնակարգի

 

ՆՈՐՄԵՐ

 

հանքային պարարտանյութերի ճառագայթային և քիմիական անվտանգության

 

1. Հանքային պարարտանյութերի ճառագայթային անվտանգության նորմերն են՝

ա) հանքային պարարտանյութերում բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները՝

Ներմուծեք նկարագրությունը_24227

որտեղ АU -ն և ATh -ն ուրանային և թորիումային շարքի մնացած անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող ուրան-238-ի (ռադիում-226) և թորիում-232-ի (թորիում-228) տեսակարար ակտիվություններն են.

բ) քիմիական սինթեզի ճանապարհով արտադրվող ազոտական պարարտանյութերում ռադիոակտիվությունը չի նորմավորվում.

գ) կալիումի իզոտոպի 40К թույլատրելի պարունակությունը հանքային պարարտանյութերում չի սահմանվում:

2. Քիմիական անվտանգության պահանջներն են՝

ա) կարբամիդում երկուրետի զանգվածային մասը՝ 1,4 %-ից ոչ ավելի.

բ) ամոնիակային բորակի 10 % զանգվածային մասով ջրային լուծույթի pH-ը՝ 5,0-ից ոչ պակաս.

գ) ամոնիակային բորակի հատիկաչափական կազմը (ֆրակցիաների զանգվածային մասը)՝

1 մմ-ից պակաս՝ 5 %-ից ոչ ավելի.

0,5 մմ-ից պակաս՝ 3 %-ից ոչ ավելի.

դ) 25 - 50° С ջերմաստիճանի ժամանակ ամոնիակային բորակի ծակոտկենությունը (յուղ պահելու կարողությունը)՝ 4 %-ից ոչ ավելի*.

ե) ամոնիակային բորակում վառելանյութերի պարունակությունը՝

ըստ զանգվածի` 31,5 %-ից ոչ պակաս ազոտ պարունակող հանքային պարարտանյութերի համար՝ 0,2 %-ից ոչ ավելի*.

ըստ զանգվածի` 28-ից մինչև 31,5 % ազոտ պարունակող հանքային պարարտանյութերի համար՝ 0,4 %-ից ոչ ավելի*.

զ) ամոնիակային բորակում քլորի զանգվածային մասը՝ 0,02 %-ից ոչ ավելի*.

է) ամոնիակային բորակում պղնձի պարունակությունը՝ 10 մգ/կգ-ից ոչ ավելի*:

___________________

* Պահանջն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ամոնիակային բորակի յուղակլանման և ծակոտկենության, ամոնիակային բորակում վառելանյութերի պարունակության, քլորի զանգվածային մասի և պղնձի պարունակության վերաբերյալ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները պարունակող միջպետական ստանդարտները միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ուսումնասիրությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 ) տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոնները պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:

 

————————

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության

«Հանքային պարարտանյութերին ներկայացվող

պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20)

տեխնիկական կանոնակարգի

 

(ձև)

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

թիվ ____ «____» _______________ թվականի

 

Սույն վկայականը տրվել է —————————————————————————

                                                                 (տեղեկություններ իրավաբանական անձի պետական գրանցման մասին կամ

___________________________________________________________________________

որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի Ա.Ա.Հ.-ն,

___________________________________________________________________________

գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ բնակության վայրը՝

___________________________________________________________________________

որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ նշել անհրաժեշտը,

___________________________________________________________________________

հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստի հասցե)

 

Եվրասիական տնտեսական միության «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 ) տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ հանքային պարարտանյութը

___________________________________________________________________________

(հանքային պարարտանյութի անվանումը)

 

գրանցված է ————— համարի տակ ————————————————— - ում

                                (Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)

և թույլատրվում է շրջանառության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում:

 

_________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության

լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնը)

____________________

(ստորագրություն)

____________________

(Ա.Ա.Հ.)

 

Կ.Տ.

Ծանոթագրություն:

Հանքային պարարտանյութի գրանցման վկայականը կազմվում է ռուսերենով և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում են հանքային պարարտանյութերը՝ այդ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում:

 

———————————