Գլխավոր տեղեկություն
Համար
N 1405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2025 թվականի N 1405-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 3.1-ին կետից հանել «2023-2024 ուսումնական տարում և դրանից հետո» բառերը.

2) 7-րդ կետը «Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)» բառերից հետո լրացնել «՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության մինչև մեկ տարի ժամկետով նախապատրաստական (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս)» բառերով.

3) 8-րդ կետից հանել «(կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող)» բառերը.

4) 9.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.1. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով ուսումնառությունը (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու հանգամանքը:».

5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրի ուսումնառության ժամկետով: Ուսումնական հաստատությունը և ուսումնառության ժամկետն ամրագրվում են քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատի կողմից սույն կարգի 17-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստանալուց հետո, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:».

6) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ, բացառությամբ սույն կարգի 7-րդ կամ 8-րդ կետերի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստանալու համար, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետի հիման վրա տարկետում ստացած քաղաքացու, ով ուսումնառության ընթացքում կարող է դիմել սույն կարգի 9.1-ին կետին համապատասխան ավելի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հիմքով տարկետում ստանալու համար: Տվյալ դեպքում քաղաքացու ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում վերջինս կարող է օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:».

7) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած այն քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանությունը կամ որոնց՝ օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին իրականացվում է հայտարարված զորակոչի ընթացքում, պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ժամանակ:».

8) 16-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը, հանել «սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 10-րդ կետում սահմանված տարիքը լրանալու օրը» բառերը և լրացնել «կամ քաղաքացու առողջական վիճակով պայմանավորված սահմանված ժամկետում ուսումնական հաստատությունը չավարտելու դեպքում՝ բժշկական հաստատության (բժշկի) և ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքների համադրության արդյունքում: Տրված տարկետման ժամկետի սույն կետի համաձայն երկարացումը ձևակերպում է համապատասխան զինվորական կոմիսարիատը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարկետումը երկարացնելու վերաբերյալ տրված եզրակացության հիման վրա: Սույն կետով քաղաքացիների տարկետման ժամկետը կարող է երկարացվել ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:» բառերով.

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով՝

«17. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված՝ քաղաքացու նշանակալի նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կամ առանց դիմորդի կարգավիճակի, իսկ 9.1-ին կետով սահմանված՝ քաղաքացու նվաճումները գնահատվում են նաև դիմորդի կարգավիճակի առկայության դեպքում։ Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ սահմանվում է նաև, որ սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9.1-ին կետերով սահմանված նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած քաղաքացին ամառային զորակոչի ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ ձմեռային զորակոչի ժամանակ՝ մինչև մարտի 1-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք։ Համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքն ուսումնասիրվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացվում Պաշտպանության նախարարություն՝ քաղաքացիների համապատասխան ուսումնական հաստատությունում ուսումնառության և դրա ժամկետների վերաբերյալ, կամ տեղեկատվություն քաղաքացիների կողմից համապատասխան տեղեկանքները չներկայացվելու մասին: Սույն կետով սահմանված ժամկետներում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան տեղեկանքները չներկայացնելու դեպքում քաղաքացին համարվում է տարկետման իրավունք չունեցող, իսկ նրան տրված տարկետումը համարվում է դադարեցված:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 7-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է 2025 թվականի հունիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

02.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2025 թվական: