ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 172
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 172

քաղ. Մոսկվա

 

««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  »     ի 20   թվականի

թիվ

քաղ.    

 

«Քաղաքացիական պաշտպանության եվ բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կցվող՝ «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /20 )։

2. Սահմանել, որ «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ /20 ) ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20    թվականի    ի

թիվ     որոշմամբ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ /20 )

 

I. Կիրառման ոլորտը

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան՝ մարդու կյանքը և (կամ) առողջությունը, գույքը, շրջակա միջավայրը, կենդանիների ու բույսերի կյանքը և (կամ) առողջությունը պաշտպանելու, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակներով։

Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր՝ քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված այն արտադրանքին (այսուհետ՝ արտադրանք) ներկայացվող պահանջները, որը շրջանառության մեջ է դրվում Միության մաքսային տարածքում։

Եթե արտադրանքի վերաբերյալ ընդունվել են Միության այլ տեխնիկական կանոնակարգեր, ապա արտադրանքը պետք է համապատասխանի Միության բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտների վրա՝ ըստ հավելվածի համաձայն սահմանված ցանկի։

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում՝

ա) այն մանրէաբանական (կենսաբանական) օբյեկտների և ռադիոակտիվ նյութերի, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, ճանաչման, հայտնաբերման կամ այդ օբյեկտներից և նյութերից պաշտպանության համար մշակված ու ձևափոխված արտադրանքի վրա.

բ) քիմիական զենքում օգտագործվող թունավոր քիմիկատների և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների ճանաչման, հայտնաբերման կամ այդ քիմիկատներից ու միջոցներից պաշտպանության համար մշակված և ձևափոխված արտադրանքի վրա, ինչպես նաև այդ արտադրանքի համար հատուկ մշակված բաղադրիչների վրա.

գ) «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 019/2011) օբյեկտ հանդիսացող արտադրանքի վրա։

 

II. Հիմնական հասկացությունները

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով (այսուհետ՝ տիպային սխեմաներ), ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

վթարափրկարարական աշխատանքներ՝ մարդկանց, նյութական և մշակութային արժեքների որոնման ու փրկման, արտակարգ իրավիճակի գոտում և ռազմական ընդհարումների ժամանակ կամ այդ ընդհարումների հետևանքով առաջացող վտանգներից շրջակա միջավայրի պաշտպանության, դրանց բնորոշ վտանգավոր գործոնների տեղայնացման և ճնշման կամ ազդեցությունը հնարավոր նվազագույն մակարդակի հասցնելու գործողություններ.

վթարափրկարարական միջոցներ՝ վթարափրկարարական աշխատանքների անցկացման համար նախատեսված տեխնիկական միջոցներ.

վթարաքիմիական վտանգավոր նյութ՝ վտանգավոր քիմիական նյութ, որն օգտագործվում է արդյունաբերությունում ու գյուղատնտեսությունում, և որի վթարային արտանետման (արտահոսքի) ժամանակ կարող է տեղի ունենալ շրջակա միջավայրի վարակում՝ կենդանի օրգանիզմն ախտահարող թունավոր դոզաներով.

օպերատիվ հերթապահի ավտոմատացված աշխատատեղ՝ կառավարման և կապի միջոցների, տեղեկատվության (իրադրության) ընդունման, մշակման, հաղորդման և ցուցադրման միջոցների ծրագրատեխնիկական համալիր՝ կառավարման հրամանների ընդունման և հաղորդման, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներից պաշտպանության ուժերի ու միջոցների կառավարման գործընթացի ավտոմատացման համար.

բնակչության ազդարարման ավտոմատացված աշխատատեղ՝ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետից, միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունից ազդարարման ազդանշանների և տեղեկատվության ընդունման, կապի, ազդարարման և զանգվածային տեղեկատվության բոլոր առկա տեխնիկական համակարգերի միջոցով ազդարարման վերջնամասային միջոցների գործարկման ու մշտադիտարկման սարքավորումների կառավարման հրահանգների մշակման, ցուցադրման, ձևավորման և հաղորդման համար ծրագրատեխնիկական համալիր.

կենսաբանական (մանրէաբանական) վարակում՝ ինֆեկցիոն հիվանդության հարուցչի կամ դրա կենսագործունեության արգասիքի ներթափանցումը կենդանի օրգանիզմ, որը հանգեցնում է ախտահարված օրգանիզմում ինֆեկցիոն պրոցեսի զարգացմանը.

կառավարման և կապի տեխնիկական միջոցների համար օժանդակ սարքավորում՝ կապի ցանցերով հաղորդվող կամ ընդունվող ազդանշանների և հաղորդագրությունների միացման, ձևավորման, փոխակերպման, մշակման, ինչպես նաև կառավարման և կապի տեխնիկական միջոցների էլեկտրասնուցման համար նախատեսված սարքավորում.

քաղաքացիական պաշտպանություն՝ այն վտանգներից Միության անդամ պետության տարածքում բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը նախապատրաստվելու և պաշտպանության միջոցառումների համակարգ, որոնք առաջանում են ռազմական ընդհարումների ժամանակ կամ այդ ընդհարումների հետևանքով, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ժամանակ.

միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայություն՝ Միության անդամ պետության արտակարգ իրավիճակների կանխման և վերացման պետական համակարգի կառավարման մարմին, որը նախատեսված է հերթապահ և դիսպետչերական (հերթապահ-դիսպետչերական) ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների գործողությունների համակարգման, վարչատարածքային միավորի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման և վերացման համար.

քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց՝ ինժեներական կառույց, որը նախատեսված է այն վտանգներից մարդկանց, տեխնիկայի և գույքի պատսպարման համար, որոնք առաջանում են ռազմական ընդհարումների կամ այդ ընդհարումների հետևանքով, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներում.

քիմիական վարակման գոտի՝ տարածք, որի սահմաններում վտանգ կա չպաշտպանված մարդկանց առողջության համար՝ տվյալ տարածքում և տվյալ պայմաններում նրանց երկար գտնվելու դեպքում։ Քիմիական վարակման գոտին սահմանափակվում է արտակարգ իրավիճակներում կամ ռազմական ընդհարումների ժամանակ վտանգավոր քիմիական նյութերի ազդեցության սահմանային թույլատրելի նորմատիվային կոնցենտրացիաներով.

արտակարգ իրավիճակի գոտի՝ այն տարածքը, որտեղ առաջացել է արտակարգ իրավիճակը.

արտակարգ իրավիճակների վերացում՝ արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ կատարվող և մարդկանց կյանքի փրկությանն ու առողջության պահպանմանը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափերի և նյութական կորուստների նվազեցմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների գոտիների տեղայնացմանը, դրանց բնորոշ վտանգավոր գործոնների գործողության դադարեցմանն ուղղված վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ.

խոցման սովորական միջոցներ՝ զանգվածային ոչնչացման զենքին չդասվող, զինամթերքով կամ այրվող նյութերով համալրված զենքի տեսակները.

ազդարարման վերջնամասային միջոց՝ տեխնիկական սարքվածք, որով իրականացվում է ազդարարման ազդանշանները և տեղեկությունները բնակչությանը հասցնելը.

վերջնամասային բաժանորդային տերմինալ՝ տեխնիկական սարքվածք, որը նախատեսված է կառավարման մարմնի (կետի) պաշտոնատար անձին անհրաժեշտ կապի ծառայությամբ ապահովելու համար.

վտանգավոր քիմիական նյութ՝ քիմիական նյութ, որի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը մարդու վրա կարող է առաջացնել սուր և քրոնիկ հիվանդություններ կամ մահ.

կառավարման մարմին՝ Միության անդամ պետության արտակարգ իրավիճակների կանխման և վերացման պետական համակարգի մարմին, որը նախատեսված է քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության միջոցառումների կառավարման խնդիրների կատարման համար.

զանգվածային ոչնչացման զենք՝ միջուկային, քիմիական, մանրէաբանական (կենսաբանական) և տոքսինային զենք.

թունավոր նյութ՝ թունավոր քիմիական նյութ, որն ունի որոշակի թունավոր և ֆիզիկաքիմիական հատկություններ ու առաջացնում է մարդկանց ախտահարում, օդի, տեղանքի, սպառազինության և այլ տեխնիկայի վարակում.

խոցման գործոն՝ վտանգավոր երևույթի կամ գործընթացի բաղկացուցիչ մաս, որն առաջացել է արտակարգ իրավիճակի աղբյուրից և բնութագրվում է ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական գործողություններով կամ դրսևորումներով, որոնք որոշվում կամ արտահայտվում են համապատասխան պարամետրերով.

արտակարգ իրավիճակների կանխում՝ նախօրոք անցկացվող և արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկի առավելագույն հնարավոր նվազեցմանը, ինչպես նաև մարդկանց առողջության պահպանմանը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափերի և դրանց առաջացման դեպքում նյութական կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների համալիր.

հակաճառագայթային թաքստոց՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է տեղանքի ռադիոակտիվ աղտոտման ժամանակ իոնացնող ճառագայթման ներգործությունից պատսպարվող մարդկանց պաշտպանելու համար և թույլ է տալիս նորմատիվային ժամանակի ընթացքում անընդմեջ գտնվել այնտեղ.

կառավարման կետեր՝ հատուկ սարքավորված կառույցներ (տարածքներ) կամ տրանսպորտային միջոցներ, որոնք համալրված են կապի և կենսաապահովման անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու նախատեսված են կառավարման մարմինների տեղակայման և արդյունավետ աշխատանքի ապահովման համար ինչպես արտակարգ իրավիճակների և ռազմական ընդհարումների առաջացման դեպքում, այնպես էլ դրանց բացակայության դեպքում.

ռադիոակտիվ աղտոտում՝ ռադիոակտիվ նյութերի առկայությունը նյութի մակերևույթի վրա, ներսում, օդում, մարդու մարմնում կամ այլ վայրում՝ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված մակարդակները գերազանցող քանակով.

ամբողջական կամ մասնակի մեկուսացման ռեժիմ՝ ներքին օդի վերականգնմամբ, III ռեժիմ՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի ապահովումն այն օդով, որը բաղկացած է որոշակի ֆիզիկաքիմիական գործընթացների օգնությամբ մինչև ելակետային բաղադրությունն ու հատկությունները վերականգնված բանած օդից՝ այն կրկնակի կիրառելու համար, և (կամ) բալոններից սեղմված օդից (թթվածնից), ինչպես նաև զտիչաօդափոխության համակարգերի միջոցով մաքրված արտաքին օդի սահմանափակ ծավալից.

զտիչաօդափոխության ռեժիմ, II ռեժիմ՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի ապահովումը գազանման վթարաքիմիական վտանգավոր և այլ վտանգավոր քիմիական նյութերից, աերոզոլներից և փոշուց, այդ թվում՝ ռադիոակտիվ փոշուց և վտանգավոր կենսաբանական ազդակների աերոզոլներից զտիչաօդափոխության համակարգերի օգնությամբ մինչև սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները մաքրված արտաքին օդով.

մաքուր օդափոխության ռեժիմ, I ռեժիմ՝ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի ապահովումը զտիչաօդափոխության համակարգերի օգնությամբ փոշուց մաքրված արտաքին օդով.

ազդարարման համակարգ՝ կապի ցանցի ուժերի, ուղիների, հեռարձակման ցանցերի, կապի և ազդարարման միջոցների կազմակերպատեխնիկական միավորումը, որոնք ապահովում են արտակարգ իրավիճակների կանխման և վերացման նպատակով ազդարարման ազդանշանները և տեղեկությունները բնակչությանը, կառավարման մարմինների և քաղաքացիական պաշտպանության ուժերի պաշտոնատար անձանց հասցնելը.

կապի համակարգ՝ արտակարգ իրավիճակների կանխման և վերացման նպատակով քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգում տեղեկատվության փոխանակումն ապահովող կապի ուժերի և միջոցների կազմակերպատեխնիկական միավորում.

քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ՝ Միության անդամ պետության պետական կառավարման համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիական պաշտպանության ոլորտում խնդիրների լուծման համար և կառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կառավարումն ապահովող կառավարման կետերի ու տեխնիկական միջոցների ամբողջություն է.

կապի միջոց՝ քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգում հաղորդագրությունների հաղորդում, մշակում և ընդունում իրականացնող տեխնիկական սարքվածք.

տարերային աղետ՝ կործանարար բնական և (կամ) բնամարդածին երևույթ կամ գործընթաց, որի հետևանքով կարող է առաջանալ կամ առաջացել է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգ, կարող է տեղի ունենալ արտադրական և (կամ) ոչ արտադրական նշանակության օբյեկտների, ինչպես նաև շրջակա միջավայրի բաղադրիչների ավերում կամ ոչնչացում.

արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցներ՝ արտադրատեսակներ, սարքվածքներ, սարքեր և տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրներ, որոնք նախատեսված են շրջակա միջավայրի, տեխնածին օբյեկտների նկատմամբ հսկում ապահովելու համար՝ դրանց վիճակի, դրանցում տեղի ունեցող գործընթացների և երևույթների գնահատման, վերլուծության ու ժամանակին փոփոխությունների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կանխման և վերացման վերաբերյալ որոշումներ կայացնելիս տեղեկատվական աջակցության համար.

ազդարարման տեխնիկական միջոց՝ ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդում, մշակում և ընդունում իրականացնող տեխնիկական սարքվածք.

կառավարման և կապի տեխնիկական միջոց՝ քաղաքացիական պաշտպանության կառավարման, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման համակարգերում հաղորդագրությունների հաղորդում, մշակում և ընդունում իրականացնող տեխնիկական սարքվածք.

ապաստարան՝ միջուկային և քիմիական զենքի ու խոցման սովորական միջոցների խոցման գործոնների, վտանգավոր կենսաբանական ազդակների, արտաքին ռադիոակտիվ ճառագայթման և պոտենցիալ վտանգավոր օբյեկտներում վթարների ժամանակ առաջացող վթարաքիմիական վտանգավոր նյութերի խոցող կոնցենտրացիաների հաշվարկային ազդեցությունից, ինչպես նաև հրդեհների ժամանակ բարձր ջերմաստիճաններից և այրման արգասիքներից նորմատիվային ժամանակի ընթացքում մարդկանց պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց.

թաքստոց (պաշտպանիչ թաքստոց)՝ խոցման սովորական միջոցների ֆուգասային և բեկորային ազդեցությունից, ինչպես նաև խոցման սովորական միջոցների խոցման գործոնների ազդեցության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքով շենքերի և շինությունների ավերման դեպքում դրանց շինարարական կոնստրուկցիաների բեկորների խոցումից մարդկանց, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց.

ֆուգասային ազդեցություն՝ զինամթերքի գործողություն, որի ժամանակ թիրախը խոցվում է պայթուցիկ լիցքի պայթյունի արգասիքներով և առաջացող հարվածային ալիքով.

քիմիական վարակում՝ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի համար վտանգ ստեղծող կոնցենտրացիաներով կամ քանակություններով վտանգավոր քիմիական նյութերի տարածումը շրջակա միջավայրում՝ որոշակի ժամանակահատվածում.

արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում վթարի, վտանգավոր բնական երևույթի, աղետի, տարերային կամ այլ աղետի հետևանքով ստեղծված իրավիճակ, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է մարդկային զոհերի, մարդկանց առողջության կամ շրջակա միջավայրի վնասման, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության պայմանների խախտման։

 

III. Արտադրանքի նույնականացման կանոնները

 

5. Արտադրանքի նույնականացումն իրականացվում է արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), վաճառողի, ներմուծողի, սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար պատասխանատու՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մարմինների և սերտիֆիկացման մարմինների կողմից հետևյալ նպատակներով՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին արտադրանքի պատկանելիության պարզում.

բ) սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխում։

6. Սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին պատկանելիությունը պարզելու նպատակով արտադրանքը նույնականացնելու համար սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետում նշված՝ արտադրանքը նույնականացնող անձը պետք է համոզվի, որ սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ կետի գործողությունը նույնականացվող արտադրանքի վրա չի տարածվում, և այն դասվում է սույն տեխնիկական կանոնակարգի հավելվածով նախատեսված արտադրանքի որոշակի խմբի։

7. Արտադրանքի նույնականացումն իրականացվում է դրա բնութագրերի, այդ թվում՝ անվանման, տիպի (տեսակի), նշանակության, տեխնիկական պարամետրերի և բնութագրերի, ապրանքային նշանի և (կամ) արտադրողի անվանման, այն երկրի անվանման, որտեղ այն պատրաստվել է, նույնականությունը տեխնիկական փաստաթղթերում բերված փաստացի բնութագրերին և նույնականացնող հատկանիշներին պարզելու եղանակով։

 

IV. Միության շուկայում արտադրանքի շրջանառության կանոնները

 

8. Այն արտադրանքը, որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, և որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատված չէ, չպետք է մակնշված լինի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չի թույլատրվում շրջանառության մեջ դնել Միության շուկայում։

Արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ է դրվում դրա՝ սույն տեխնիկական կանոնակարգին և Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա, և պայմանով, որ այն անցել է համապատասխանության գնահատումը՝ սույն տեխնիկական կանոնակարգի VII բաժնի և Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

 

V. Արտադրանքին ներկայացվող պահանջները

 

1. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պաշտպանիչ հերմետիկ սարքվածքներին և արտադրատեսակներին ներկայացվող պահանջները

 

9. Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռների, դարպասների և փակոցափեղկերի հիմնական տարրերն են՝

ա) թև (փեղկեր). նախատեսված է որմնանցքը փակելու համար և իրենից պետք է ներկայացնի մետաղական կոնստրուկցիա, որը պատրաստված է թերթավոր և պրոֆիլային գլոցվածքից։ Դարպասների թևը թույլատրվում է եռակցել առանձին պողպատե թերթերից.

բ) դռան շրջանակ (եզրապատ). նախատեսված է թևից հաշվարկային բեռնվածքը պատող շինարարական կոնստրուկցիաներին փոխանցելու համար, ինչպես նաև որմնանցքը հերմետիկացնելու համար և իրենից պետք է ներկայացնի պրոֆիլային գլոցվածքից եռակցված շրջանակ.

գ) հերմետիկ փակելու մեխանիզմ. նախատեսված է որմնանցքը փակելու և հերմետիկացնելու համար ու պետք է ներառի կոնաձև ռեդուկտոր, պտուտակային ձգաձողեր՝ սեպերով և ղեկանիվներով (բռնակներով)։ Հերմետիկ փակելու մեխանիզմը պետք է տեղակայվի արտադրատեսակի ներսի կողմից և ապահովի դրա բացելն ու փակելը երկու կողմից։ Փականի փակող սեպերը ձգելիս պետք է թևը սեղմեն դռան շրջանակին։

10. Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռների, դարպասների և փակոցափեղկերի հերմետիկությունը պետք է ապահովվի թևի պարագծով տեղադրված հատուկ կիպարարի հաշվին։

Պաշտպանիչ հերմետիկ դռները, դարպասները և փակոցափեղկերը պետք է ապահովեն ապաստարանների հերմետիկացումը և պատսպարվող մարդկանց պաշտպանությունն օդային հարվածային ալիքի հաշվարկային ազդեցությունից, այդ թվում՝ խոցման միջուկային միջոցների գործողության, խոցման սովորական միջոցների ֆուգասային գործողության ժամանակ, բարձր հարկերի ավերման դեպքում կոնստրուկցիաների բեկորներից, ինչպես նաև արտաքին ռադիոակտիվ ճառագայթման և վթարաքիմիական վտանգավոր նյութերի ազդեցությունից։

Պաշտպանիչ հերմետիկ դռները և դարպասները պետք է կիրառվեն որպես արտաքին սարքվածքներ նախամուտքերի համար, ինչպես նաև որպես արտաքին և ներքին սարքվածքներ՝ նախամուտք-անցուղիների համար։

Պաշտպանիչ հերմետիկ փակոցափեղկերը պետք է կիրառվեն որպես արտաքին և ներքին սարքվածքներ՝ մտոցներում, ընդարձակման խցերում, զտիչների տեղադրման խցերում և մյուս նման սենքերում տեղադրելու համար։

Հերմետիկ դռները, դարպասները և փակոցափեղկերը պետք է ապահովեն ապաստարանների հերմետիկացումը՝ ելնելով արտաքին ռադիոակտիվ ճառագայթման և վթարաքիմիական վտանգավոր նյութերի հաշվարկային ազդեցությունից։

Հերմետիկ դռները և դարպասները պետք է կիրառվեն որպես ներքին սարքվածքներ նախամուտքերի համար, ինչպես նաև որպես արտաքին և ներքին սարքվածքներ՝ դիզելային էլեկտրակայանի նախամուտքի համար։

Հերմետիկ փակոցափեղկերը պետք է կիրառվեն որպես ներքին սարքվածքներ և տեղակայվեն մտոցների նախամուտքերում՝ պաշտպանիչ հերմետիկ փակոցափեղկի հետևում և մյուս նման սենքերում։

Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռներն ու դարպասները պետք է լինեն դեպի հակադիր կողմեր բացվող կամ հետգլորովի։

Դեպի հակադիր կողմեր բացվող սարքվածքների բացումը և փակումը պետք է իրականացվի դռան շրջանակին եռակցված ծխնիների շուրջ թևերի պտտման միջոցով։ Հետգլորովի սարքվածքների թևը պետք է կախված լինի շարժական սայլակներից, որոնք տեղաշարժվում են դռան շրջանակի (եզրապատի) եռակցովի կառուցվածքի մեջ մտնող միառելսի վրայով։

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռների, դարպասների և փակոցափեղկերի տեղադրումը կատարվում է նախագծային փաստաթղթերի համաձայն։

Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռները, դարպասները և փակոցափեղկերը լրացուցիչ հիմնավորման դեպքում կարող են սարքավորվել արգելափակման սարքվածքով՝ էլեկտրամագնիսական մղլակով, որը թույլ չի տալիս, որ թևը (փեղկը) ապահերմետիկանա՝ առանց կառավարման կետից ազդանշան տալու։

Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռների, դարպասների և փակոցափեղկերի դետալների ու հանգույցների՝ բացառությամբ շփվողների, ոչ մետաղականների և ցինկապատվածների, բոլոր արտաքին մակերևույթները պետք է ներկված լինեն։

Հերմետիկ փակելու մեխանիզմի փակող սեպերը պետք է տեղաշարժվեն առանց հրումների և լռվելու, իսկ փականը ձգելիս պետք է ապահովի կիպարարի հավասարաչափ շրջասեղմումն ամբողջ երկայնքով։

Դեպի հակադիր կողմեր բացվող պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռները, դարպասները և փակոցափեղկերն այնպես են տեղադրվում, որ մեծ ճնշման (ներգործության) կողմից թևը սեղմվի դռան շրջանակին և աշխատի սեղմման ազդեցության տակ։

Դեպի հակադիր կողմեր բացվող պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռները, դարպասները և փակոցափեղկերը տեղադրվում են ինչպես դեպի ձախ, այնպես էլ դեպի աջ բացումով, որի համար մոնտաժման ժամանակ դրանք շրջվում են 180 աստիճանով։ Ազդանշանային սարքվածքների առկայության դեպքում ծայրային անջատիչը պետք է տեղադրել դռան շրջանակի վերևում։

Պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռների, դարպասների և փակոցափեղկերի թևի վրա արտաքին կողմից նշվում է արտադրող գործարանը, արտադրատեսակի ծածկագիրը և դրա պատրաստման ամսաթիվը։

11. Հակապայթյունային պաշտպանական հատվածները պետք է նախատեսված լինեն օդափոխության համակարգերը 0,03-1,0 ՄՊա ճնշմամբ հարվածային ալիքի ազդեցությունից պաշտպանելու համար: Ընդ որում, հակապայթյունային պաշտպանական հատվածները հարվածային ալիքի ազդեցության տակ պետք է ավտոմատ կերպով փակեն օդափոխման հորանները կամ օդատարներն ու ապահովեն պաշտպանությունը քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ ալիքի ներթափանցումից:

12. Ընդարձակման խցերը պետք է հաշվարկված լինեն 0,02 ՄՊա բեռնվածության համար։

13. Հերմետիկ փականները՝ ձեռքի և էլեկտրաշարժաբերով, նախատեսված են օդափոխության համակարգերի օդատարների վրա որպես փակիչ սարքվածքներ տեղադրելու համար և ծառայում են արտաքին միջավայրից սենքերը հուսալի մեկուսացնելու կամ մի սենքը մեկ այլ սենքից հուսալի մեկուսացնելու համար։

Հերմետիկ փականների՝ ձեռքի և էլեկտրաշարժաբերով, աերոդինամիկ դիմադրության գործակիցը պետք է հավասար լինի 0,3-ին։

Հերմետիկ փականները պետք է պահպանեն աշխատունակությունը մինուս 50° C-ից մինչև պլյուս 50 °C օդի ջերմաստիճանում որպես փակիչ սարքվածքներ՝ արտաքին միջավայրից սենքերը հուսալի մեկուսացնելու կամ մի սենքը մեկ այլ սենքից հուսալի մեկուսացնելու համար։

Հերմետիկ փականները տեղադրվում են՝

հերմետիկացման արտաքին և ներքին սահմանների հետ օդատարների հատման տեղերում.

տարբեր զտիչների անջատման համար, որոնք օգտագործվում են օդի զտման և վերականգնման համար՝ զտիչաօդափոխության ռեժիմում և ներքին օդի վերականգնմամբ ամբողջական կամ մասնակի մեկուսացման ռեժիմում.

օդատարները թունավոր նյութերով և պայթյունավտանգ նյութերով սենքերից անջատելու համար.

վթարային դեպքերում բացվող կամ փակվող օդատարների վրա (ծխահեռացման օդատարների վրա) կամ օդափոխության համակարգերի աշխատանքը մի ռեժիմից մյուսին անցկացնելու համար։

14. Հերմետիկ փականի էլեկտրաշարժաբերի կառուցվածքային կատարումը պետք է նախատեսի՝

հեռավար կամ տեղային ազդանշանային համակարգ՝ փակիչ սարքվածքի ծայրային դիրքերում («բաց է»-«փակ է»).

փակիչ սարքվածքի ավտոմատ կանգառում՝ ծայրային դիրքերին հասնելիս.

փակիչ սարքվածքի ավտոմատ կանգառում՝ պտտող մոմենտի սահմանված արժեքը գերազանցելիս։

Ձեռքի շարժաբերի կառուցվածքային կատարումը պետք է նախատեսի հեռավար կամ տեղային ազդանշանային համակարգ փակիչ սարքվածքի ծայրային դիրքերում («բաց է»-«փակ է»)։

15. Ավելցուկային ճնշման փականները նախատեսված են հարակից սենքերում մշտական ավելցուկային ճնշման (էջքի) ավտոմատ պահպանման համար և մի սենքից մյուսը միայն մեկ ուղղությամբ օդի մատակարարման համար: Փականները պետք է գործարկվեն (բացվեն) ափսեի մակերևույթի վրա ավելցուկային ճնշմամբ ստեղծվող ճիգի հաշվին և տեղադրվեն մեծ ճնշմամբ սենքի կողմից։ Ճնշման տատանման արժեքը հավասարեցնելուց կամ ճնշման տատանման սահմանված արժեքին հասնելուց հետո, ինչպես նաև փականի հետևում ճնշումը բարձրանալու դեպքում այն պետք է բեռի ծանրության ուժի կամ ճնշման ազդեցությամբ փակվի։ Փականի ամրակումը պետք է կատարվի հեղույսներով՝ օդատարի վրա հանդիպական կցաշուրթին (միջադիր դետալին)։

Ավելցուկային ճնշման փականները պետք է ստորաբաժանվեն ըստ այն խողովակի պայմանական անցքի՝ միլիմետրերով արտահայտված (100, 150, 200, 300 մմ) տրամագծի, որին դրանք միանում են։

16. Կարգավորող խցափակիչները պետք է տեղադրվեն 150 մմ կամ 200 մմ տրամագծով օդափոխման անցքերի վրա՝ սենքերի պատերին, և օգտագործվեն որպես կարգավորող ու փակիչ սարքվածք։

17. Սարքվածքները և արտադրատեսակները պետք է պահպանեն աշխատունակությունը դրանց վրա հետևյալ կլիմայական գործոնների ազդեցության դեպքում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացում մինչև 50°С.

շրջակա միջավայրի ջերմաստիճանի նվազում մինչև մինուս 50°С.

օդի հարաբերական խոնավության բարձրացում մինչև 98 տոկոս՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանի 50°С-ի դեպքում։

Սարքվածքի և արտադրատեսակների հուսալիությունը պետք է բնութագրվի ցուցանիշների հետևյալ արժեքներով՝

վերականգնման միջին ժամանակը՝ առնվազն 5 ժամ.

սահմանային վիճակի չափորոշիչը՝ մետաղի քայքայում։

Սարքվածքների ծառայության ժամկետը պետք է արտադրողի կողմից հաստատված լինի փաստաթղթերով։

 

2. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների օդափոխության ագրեգատներին, զտիչներին և օդի վերականգնման կայանքներին ներկայացվող պահանջները

 

18. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներում պետք է կիրառել էլեկտրաշարժաբերով և ձեռքի էլեկտրաշարժաբերով օդափոխիչներ։

Ձեռքի էլեկտրաշարժաբերով օդափոխիչները պետք է կիրառել կլիմայական գոտիներով պայմանավորված՝ 600 մարդուց ոչ ավելի տարողությամբ ապաստարանների օդափոխության համար։

Ձեռքի էլեկտրաշարժաբերով յուրաքանչյուր օդափոխիչի վրա պետք է նախատեսել հակադարձ փականի՝ օդի ծախսի ցուցչի տեղադրում։

Էլեկտրաշարժաբերով աշխատելու դեպքում փոխարկման կցորդիչը պետք է ավտոմատ անջատի ռեդուկտորը բանող անիվի լիսեռից։ Էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում լիսեռի աշխատանքը պետք է իրականացվի՝ պտտելով ռեդուկտորի բռնակը։

Ձեռքի էլեկտրական օդափոխիչների արտադրողականությունն էլեկտրաշարժաբերից և 45 րոպե-1 բռնակի պտույտի հաճախականությամբ ձեռքի շարժաբերից աշխատելու դեպքում պետք է ապահովի ապաստարանի՝ մատակարարվող օդի նախագծային պահանջմունքները՝ հաշվի առնելով տեղադրված զտիչների աերոդինամիկ դիմադրությունը։

19. Փոշուց և այրման արգասիքների աերոզոլային մասնիկներից արտաքին օդը մաքրելու համար բոլոր ռեժիմներում պետք է օգտագործվեն բջջավոր զտիչներ, որոնք համապատասխանում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների օդափոխության համակարգի նախագծային արտադրողականությանը։

20. I և II ռեժիմներում նախազտիչներ օգտագործելու դեպքում նրանցից առաջ պետք է նախատեսել բջջավոր զտիչների տեղակայում՝ 0,8-ից ոչ պակաս մաքրման գործակցով, որոնք համապատասխանում են ապաստարանի օդափոխության համակարգի նախագծային արտադրողականությանը։

Փոշուց և աերոզոլային մասնիկներից արտաքին օդի նուրբ մաքրման համար բոլոր ռեժիմներում պետք է օգտագործվեն նախազտիչներ, որոնք տեղադրվում են բջջավոր զտիչներից հետո։

21. Բջջավոր զտիչների վերականգնումը պետք է անցկացնել 160 Պա ցանցի աերոդինամիկական դիմադրությանը հասնելու դեպքում՝ մշակման շրջանում փոխարինելով աղտոտված զտիչները պահուստայիններով։

22. I և II ռեժիմներում կիրառվող նախազտիչները պետք է ունենան հետևյալ ցուցանիշները՝

ա) արտադրողականությունը՝ 1000 մ3/ժ-ից ոչ ավելի.

բ) օդի հոսքին դիմադրությունը՝ 265 Պա-ից ոչ ավելի.

գ) յուղի ստանդարտ մառախուղով անցման գործակիցը՝ 14 տոկոսից ոչ ավելի։

23. Եթե խաղաղ ժամանակ չի պահանջվում արտաքին օդը մաքրել փոշուց, ապա պետք է նախատեսել բջջավոր զտիչների բջիջների կամ նախազտիչների կասետների ապամոնտաժման հնարավորություն։

Արտաքին օդը պետք է մաքրել թունավոր նյութերից, ռադիոակտիվ նյութերից և կենսաբանական միջոցներից զտիչ-կլանիչներում։

24. Ներքին օդի վերականգնումը պետք է նախատեսել ածխածնի դիօքսիդի սկզբնական կոնցենտրացիայի 20 ± 2 մգ/լ-ի դեպքում ոչ ավելի, քան 5 ժ պաշտպանիչ ազդեցության ժամանակով վերականգնման կապիչներում։

Խաղաղ ժամանակ վերականգնման կապիչները թույլատրվում է օգտագործել միայն արտակարգ իրավիճակներում։

 

3. Կառավարման և կապի տեխնիկական միջոցները

 

25. Կառավարման և կապի տեխնիկական միջոցները, ըստ շահագործման պայմանների, ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝

ա) ստացիոնար սենքերի, կառույցների համար.

բ) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար.

գ) շարժական կառավարման կետերի համար.

դ) բաց տարածությունների համար։

26. Կառավարման և կապի տեխնիկական միջոցները պետք է գործեն հետևյալ պայմաններում՝

ա) բաց տարածությունում տեղադրելու դեպքում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 50°С-ից մինչև պլյուս 50°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 95 տոկոս.

մթնոլորտային ճնշումը՝ 74,8-ից մինչև 106,7 կՊա.

թաղանթի պաշտպանության աստիճանը՝ IP 54-ից ոչ պակաս.

բ) ջեռուցվող փակ սենքերում տեղադրելու դեպքում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 10°С-ից մինչև պլյուս 45°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 78 տոկոս։

27. Օպերատիվ հերթապահի ավտոմատացված աշխատատեղը պետք է ապահովի՝

ա) կառավարման հրահանգների ընդունումը և հաղորդումը, կառավարման գործընթացի ավտոմատացումը քաղաքացիական պաշտպանության ուժերով և միջոցներով, ինչպես նաև պաշտպանությունն արտակարգ իրավիճակներից.

բ) քաղաքացիական պաշտպանության կառավարման բոլոր մակարդակներում ավտոմատացված աշխատատեղերի ծրագրային համատեղելիությունը և տեխնիկական կապակցումը միմյանց միջև և փոխգործակցող կառավարման մարմինների ավտոմատացված աշխատատեղերի հետ.

գ) տեղեկատվական անվտանգությունը։

28. Վերջնամասային բաժանորդային տերմինալը կառավարման մարմնի պաշտոնատար անձի համար պետք է ապահովի հետևյալը՝

ա) հասանելիությունը կապի անհրաժեշտ ծառայություններին.

բ) կապի ռեսուրսների, ծառայությունների և տվյալների փոխանցման կառավարման նպատակով տեսողական ու ձայնային տեղեկատվության կառավարման հնարավորությունը:

29. Կառավարման և կապի տեխնիկական միջոցների համար օժանդակ սարքավորումը պետք է ապահովի հետևյալը՝

ա) տվյալների հաղորդման և կապի ցանցերով փոխանցվող կամ ընդունվող ազդանշանների և հաղորդագրությունների ձևավորումը, փոխակերպումը և մշակումը.

բ) չարտոնված հասանելիությունից տեղեկատվության պաշտպանությունը.

գ) օպերատիվ հերթապահի ավտոմատացված աշխատատեղերի և վերջնամասային բաժանորդային տերմինալների ապահովումն էլեկտրասնուցմամբ։

 

4. Ռազմական ընդհարումների ժամանակ կամ այդ ընդհարումների հետևանքով առաջացող վտանգների մասին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների մասին ազդարարման տեխնիկական միջոցները

 

30. Ազդարարման տեխնիկական միջոցները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի՝

ա) ըստ գործառնական նշանակության՝

բնակչության ազդարարման ավտոմատացված աշխատատեղ.

ազդարարման վերջնամասային միջոցների գործարկման ապարատուրա.

ազդարարման վերջնամասային միջոց.

բ) ըստ շահագործման պայմանների՝

ստացիոնար սենքերի, կառույցների համար.

քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների համար.

շարժական կառավարման կետերի համար.

բաց տարածությունների համար։

31. Բնակչության ազդարարման ավտոմատացված աշխատատեղը պետք է ապահովի հետևյալը՝

ա) քաղաքացիական պաշտպանության կառավարման բոլոր մակարդակներում բնակչության ազդարարման ավտոմատացված աշխատատեղերի ծրագրային համատեղելիությունը և տեխնիկական կապակցումը միմյանց միջև և փոխգործակցող կառավարման մարմինների ավտոմատացված աշխատատեղերի հետ.

բ) կառավարման մարմիններից ազդարարման ազդանշանների և տեղեկությունների ընդունումը բոլոր մակարդակներում.

գ) բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների մշտադիտարկման համակարգերից տվյալների ընդունումը և այդպիսի տվյալների վերլուծումը, ազդարարման տեղեկատվության, ազդարարվող բաժանորդների ցուցակների և բնակչության ազդարարման համար օգտագործվող տեխնիկական միջոցների նախապատրաստումը.

դ) ազդարարման ազդանշանների և տեղեկատվության ձևավորումը, հաղորդումը հետևյալ ռեժիմներում՝

շրջանառու.

խմբային.

ընտրողական.

ե) հետևյալ տեսակի ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդումը՝

ձայնային ազդարարում.

խոսքային հաղորդագրություն.

տեքստային հաղորդագրություն.

տեսահաղորդագրություն.

զ) ազդարարման տեղ չհասցված ազդանշանների և տեղեկատվության հաղորդման ավտոմատ կրկնումը մինչև հաղորդման հաստատում ստանալը կամ կարգաբերման ժամանակ սահմանված՝ այդպիսի հաղորդման փորձերի քանակին հասնելը.

է) նախապես ձայնագրված ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդումը մագնիսական (էլեկտրոնային) կրիչներով կամ ուղղակի փոխանցման եղանակով.

ը) ազդարարման ազդանշանների և տեղեկատվության ձայնագրումը.

թ) ազդարարման տեղեկատվության օպերատիվ ներմուծման հնարավորությունը կամ նախկինում ներմուծված՝ ազդարարման տեղեկատվության խմբագրումը.

ժ) կոնֆերանսի ռեժիմում խոսքային հաղորդագրությունների երկկողմանի փոխանակման վարում բնակչության ազդարարման մեկ ավտոմատացված աշխատատեղի հետ կամ բնակչության ազդարարման ավտոմատացված աշխատատեղի խմբի հետ՝ ձայնի ձայնագրման հնարավորությամբ.

ժա) ձայնային, խոսքային, տեքստային և տեսահաղորդագրությունների, ազդարարման ծրագրերի, դրանց հաղորդման տարբերակների և ռեժիմների նախապատրաստումը (ձայնագրումը).

ժբ) բաժանորդների ազդարարման առաջնահերթության սահմանումը (բաժանորդների ազդարարման հերթականության կառավարումն ազդարարման ցանկում).

ժգ) բնակչության ազդարարման տեխնիկական միջոցների և կապուղիների վիճակի պարբերական մշտադիտարկումը հերթապահ ռեժիմով և ազդարարման ազդանշանների և տեղեկությունների հաղորդման ժամանակ.

ժդ) ազդարարման սեանսի կատարման կասեցումը կամ չեղարկումը հրահանգով.

ժե) իրական ժամանակում ազդարարման գործընթացի վիզուալացումն ազդարարման օբյեկտների ցուցակի, ազդարարման ժամանակի (յուրաքանչյուր օբյեկտի համար) և այն ուղիների ցուցադրմամբ, որոնցով իրականացվում է ազդարարումը.

ժզ) ազդարարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տվյալների բազաների ձևավորումը (այդ տեղեկատվությունը տպագրելու հնարավորությամբ).

ժէ) կապի ցանցերի և կապուղիների համալիր օգտագործումը՝ ազդարարման ազդանշանների և տեղեկությունների հաղորդման համար։

32. Ազդարարման վերջնամասային միջոցների գործարկման ապարատուրան նախատեսված է կապուղիների և հեռարձակման ցանցերի փոխարկման ու ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման նպատակով ազդարարման վերջնամասային միջոցների միացման (անջատման) համար։ Ազդարարման վերջնամասային միջոցների գործարկման ապարատուրան պետք է ապահովի հետևյալը՝

ա) ազդարարման վերջնամասային միջոցների աշխատանքը կապի 2 անկախ տեսակներով.

բ) կապուղիների և հեռարձակման ցանցերի փոխարկումը.

գ) ազդարարման ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար ազդարարման վերջնամասային միջոցների միացումը (անջատումը).

դ) աշխատանքը՝ թվային և անալոգային կապի ցանցերով և կապուղիներով, կապուղիների տարբեր համակցությունները։

33. «Խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը նախատեսված է ազդարարման ձայնային ազդանշանների և տեղեկատվության հաղորդման համար ու պետք է տեղակայվի բնակչության գտնվելու վայրերում ինչպես սենքերի ներսում, այնպես էլ բաց տարածությունում։

«Խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է ապահովի հետևյալը՝

ձայնային տրակտի վերարտադրվող հաճախականությունների ընդգրկույթը՝ ոչ պակաս, քան 0,3-3,4 կՀց.

այն ձայնային տեղեկատվության ընդունման հավաստիությունը, որը համապատասխանում է հետևյալ բնութագրերին՝

վանկային պարզություն՝ 90 տոկոսից ոչ պակաս.

բառային պարզություն՝ 97 տոկոսից ոչ պակաս։

«Խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցով ստեղծվող ակուստիկ ճնշման մակարդակն ակուստիկ առանցքի վրա, որը չափվում է բաց տեղանքում անհողմ եղանակին, սահմանվում է մշակողի կողմից 1 կՀց հաճախականությամբ սինուսոիդական ազդանշանների համար։ Թույլատրվում է ակուստիկ ճնշման՝ ակուստիկ կայանքի հայտարարված հաճախականության ընդգրկույթում 1 կՀց հաճախականության ակուստիկ ճնշման մակարդակից մինչև մինուս 14 դԲ շեղում։ Ստեղծվող ճնշման պարամետրը չափվում է «խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցից 30 մ հեռավորության վրա՝ ակուստիկ առանցքի վրա անհողմ եղանակին։

Բաց տարածությունում տեղադրելիս «խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է կայուն գործի հետևյալ պայմաններում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 50°С-ից մինչև պլյուս 50°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 95 տոկոս.

մթնոլորտային ճնշումը՝ 74,8-ից մինչև 106,7 կՊա.

թաղանթի պաշտպանության աստիճանը՝ IP 54-ից ոչ պակաս։

Փակ ջեռուցվող սենքերում տեղադրելիս «խոսքի վերարտադրման կայանք» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է կայուն գործի հետևյալ պայմաններում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 10°С-ից մինչև պլյուս 45°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 78 տոկոս.

34. «Շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը նախատեսված է «շչակ» տիպի ազդարարման ձայնային ազդանշանների հաղորդման համար ու պետք է տեղակայվի բնակչության գտնվելու վայրերում ինչպես սենքերի ներսում, այնպես էլ բաց տարածությունում։

«Շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է ապահովի շչակի անընդմեջ և ընդհատվող ազդանշանների հաղորդումը։

Մշակողի կողմից հայտարարված ազդեցության հատվածում «շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցի ստեղծող ակուստիկ ճնշման մակարդակը սահմանվում է մշակողի կողմից և չափվում է բաց տեղանքում հորիզոնական ուղղություններում անհողմ եղանակին «շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցի առանցքից 30 մ հեռավորության վրա։ Ձայնային տատանումների հաճախականությունը պետք է կազմի 400-450 Հց։

Բաց տարածությունում տեղադրելիս «շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է կայուն գործի հետևյալ պայմաններում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 50°С-ից մինչև պլյուս 50°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 95 տոկոս.

մթնոլորտային ճնշումը՝ 74,8-ից մինչև 106,7 կՊա.

թաղանթի պաշտպանության աստիճանը՝ IP 54-ից ոչ պակաս.

Փակ ջեռուցվող սենքերում տեղադրելիս «շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցը պետք է կայուն գործի հետևյալ պայմաններում՝

շրջակա միջավայրի ջերմաստիճանը՝ մինուս 10°С-ից մինչև պլյուս 45°С.

օդի հարաբերական խոնավությունը՝ 30 տոկոսից մինչև 78 տոկոս։

35. Ազդարարման տեխնիկական միջոցները, բացառությամբ «շչակ» տիպի ազդարարման վերջնամասային միջոցների, պետք է ապահովեն իրենց աշխատունակությունը կենտրոնացված էներգամատակարարումն անջատելիս՝ առնվազն 6 ժամվա ընթացքում՝ սպասման հերթապահ ռեժիմում, և առնվազն 1 ժամվա ընթացքում՝ ազդարարման ազդանշանների և տեղեկությունների հաղորդման ռեժիմում։

Ազդարարման տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

հրաժարման միջին աշխատատևությունը պետք է կազմի 30 000 ժամից ոչ պակաս.

ծառայության ժամկետը պետք է սահմանվի արտադրողի կողմից տեխնիկական (նախագծային, կոնստրուկտորական, տեխնոլոգիական և (կամ) շահագործման) փաստաթղթերում։

Ազդարարման տեխնիկական միջոցների էլեկտրասնուցումը պետք է իրականացվի 230-400 Վ (± 10-15 տոկոս) լարմամբ և 50 ± 1 Հց հաճախականությամբ փոփոխական հոսանքի ցանցից։ Թույլատրվում է սնուցումը հաստատուն հոսանքի՝ 60 ± 12 Վ, 48 ± 12 Վ, 12 ± 2 Վ լարմամբ և այլ լարմամբ ցանցերից՝ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։

36. Վթարափրկարարական միջոցներին ներկայացվում են հետևյալ անվտանգության պահանջները՝

ա) վթարափրկարարական միջոցների կառուցվածքը պետք է ապահովի՝

էլեկտրաանվտանգությունը.

հրդեհաանվտանգությունը.

պայթյունաանվտանգությունը.

ճառագայթային անվտանգությունը.

վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությունից պաշտպանությունը.

սպասարկման անվտանգությունը.

ավելցուկային ճնշման նկատմամբ կայունությունը.

բ) վթարափրկարարական միջոցների կառուցվածքը պետք է նախատեսի այդ միջոցների կառավարման ժամանակ սպասարկող անձնակազմի սխալ գործողություններից պաշտպանություն.

գ) վթարափրկարարական միջոցների կառուցվածքային կատարումը, օգտագործվող նյութերը, քսուքները, յուղերը և այլք խոցող գործոնների ազդեցության ժամանակ պետք է բացառեն վթարափրկարարական միջոցների մասերի վրա բռնկման օջախների առաջացման, էլեկտրական լարման ի հայտ գալու, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանային թույլատրելի նորմերը և ճառագայթային անվտանգության նորմերն ու համապատասխան սանիտարական կանոնները գերազանցող պարամետրերով ներքին իոնացնող ճառագայթման աղբյուրների առաջացման հնարավորությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի աշխատանքային գոտու օդային միջավայրում վտանգավոր քիմիական նյութերի գոլորշիների հանկարծակի հայտնվելու հնարավորությունը.

դ) վթարափրկարարական մեքենաները, կախված դրանց գործառնական նշանակությունից, պետք է սարքավորված լինեն մթնոլորտային օդի՝ ախտահարող գործոնների ազդեցությունից մաքրման միջոցներով՝ սպասարկող անձնակազմին և տարհանվող տուժածներին օդամատակարարման համար.

ե) վթարափրկարարական միջոցները պետք է ունենան վթարային կանգառի սարքվածքներ աշխատունակության խախտման դեպքում, այդ թվում՝ սնուցման հանկարծակի անջատման ժամանակ (ինչը կարող է հանգեցնել վթարային իրավիճակների առաջացմանը).

զ) վթարափրկարարական միջոցների էլեկտրական սարքավորումները և էլեկտրական ցանցերը (եթե նախատեսված են) դրանց շահագործման և արտաքին միջավայրերի ազդեցության ընթացքում պետք է հուսալի պաշտպանված լինեն մեխանիկական վնասումներից, ընդ որում, պետք է ապահովված լինի բոլոր էլեկտրական ցանցերի պաշտպանությունը գերբեռնվածությունից և կարճ միակցումներից.

է) վթարափրկարարական միջոցների անվտանգությունը չպետք է նվազի շահագործման պայմաններով թույլատրվող կլիմայական և մեխանիկական արտաքին գործոնների ազդեցության ներքո.

ը) անվտանգության պահանջների պահպանումը պետք է ապահովված լինի վթարափրկարարական միջոցների ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում.

թ) վթարափրկարարական միջոցների և դրանց համալրող մասերի նկատմամբ սահմանված պահպանման և ծառայության ժամկետները պետք է հաստատված լինեն արտադրողի կողմից փաստաթղթերով.

ժ) յուրաքանչյուր վթարափրկարարական միջոցի պետք է կցվեն շահագործման փաստաթղթեր։

37. Վթարափրկարարական միջոցներին, ըստ դրանց նշանակության, ներկայացվում են հետևյալ պահանջները՝

ա) վթարափրկարարական միջոցները, դրանց տեսակներին և դասերին համապատասխան, պետք է օգտագործվեն ցամաքային, լեռնային, վերջրյա (ստորջրյա) և ստորգետնյա վթարափրկարարական աշխատանքներ կատարելիս ու հետևյալ գոտիներում բնակչության առաջնահերթ կենսաապահովումը կազմակերպելիս՝

ռադիոակտիվ աղտոտում.

քիմիական վարակ.

ավերումներ.

հրդեհներ.

ջրհեղեղներ և հեղեղումներ.

կենսաբանական (մանրէաբանական) վարակում.

բ) վթարափրկարարական միջոցները պետք է լինեն շարժունակ և ունենան արտադրողականություն այն մակարդակով, որն ապահովում է վթարափրկարարական աշխատանքների անցկացման այնպիսի կազմակերպատեխնոլոգիական սկզբունքների իրագործումը, ինչպիսիք են դրանց ժամանակին անցկացումը, անցկացման անընդհատությունը, եղանակային բոլոր պայմաններում անցկացումը, անցկացման բարձր տեմպը և արդյունավետությունը.

գ) տրանսպորտային հիմքով վթարափրկարարական միջոցները պետք է ունենան բարձր անցունակություն, ուղղության կայունությունը պահպանելու ունակություն և տրված աշխատանքային տարածքում շահագործման արագությամբ ազատ մանևրելու հնարավորություն.

դ) մեկ տեսակի և դասի վթարափրկարարական միջոցները սնուցող լարման տատանումների և սնուցող լարման հաճախականության փոփոխման նկատմամբ կայունության մակարդակով պետք է լինեն էլեկտրականապես ու մեխանիկորեն համատեղելի.

ե) վթարափրկարարական միջոցները, որոնք ֆունկցիոնալ տարրերի կազմում ունեն ռադիոէլեկտրոնային սարքվածքներ, պետք է լինեն կայուն ռադիոխանգարումների նկատմամբ.

զ) վթարափրկարարական միջոցները պետք է լինեն կայուն այն արտաքին ազդեցությունների նկատմամբ, որոնք բնորոշ են այնպիսի վթարային միջավայրի, որտեղ կիրառվում են այդ միջոցները, ինչպես նաև խոցող գործոնների (ֆիզիկամեխանիկական, ֆիզիկաքիմիական) ազդեցության ժամանակ ունենան իրենց բնութագրերն ու պարամետրերը պահպանելու ունակություն.

է) ռադիոէլեկտրոնային վթարափրկարարական միջոցները պետք է ունենան էլեկտրամագնիսական համատեղելիություն, առանց անթույլատրելի փոխադարձ խանգարումների գործեն սեփական էլեկտրամագնիսական միջավայրում.

ը) ռոբոտատեխնիկական վթարափրկարարական միջոցները պետք է վթարափրկարարական աշխատանքները կատարեն առանց վտանգավոր գոտում մարդու անմիջական գտնվելու։

38. Վթարափրկարարական միջոցներին ներկայացվում են հետևյալ հուսալիության պահանջները՝

Վթարափրկարարական միջոցները, ըստ գործունեության բնույթի, պետք է դասվեն բազմակի ցիկլիկ կիրառման արտադրատեսակներին, որոնց խափանումները չեն հանգեցնում աղետալի բնույթի հետևանքների։

Վթարափրկարարական միջոցների համար պետք է տրվեն հուսալիության հետևյալ ցուցանիշները՝

անխափանություն.

երկարակեցություն.

նորոգապիտանիություն.

պահպանելիություն.

պատրաստականություն։

39. Վթարափրկարարական միջոցները պետք է պահպանեն աշխատունակությունը հետևյալի ազդեցության ժամանակ՝

ա) մեխանիկական գործոններ.

բ) կլիմայական և բնական այլ գործոններ (ջերմաստիճան, ճնշում, խոնավություն).

գ) ճառագայթային գործոններ (ռադիոակտիվ նյութեր և դրանց բաղադրիչներ).

դ) քիմիական գործոններ (վտանգավոր քիմիական նյութեր).

ե) հատուկ միջավայրերի գործոններ (փոշի, երկաթբետոնե կառուցվածքների տարրեր և այլն).

զ) ջերմային գործոններ (հրդեհ)։

40. Վթարափրկարարական միջոցներին ներկայացվում են հետևյալ ընդհանուր պահանջները՝

ա) ցանկացած դասի վթարափրկարարական միջոց պետք է ունենա բլոկամոդուլային կառուցվածք՝ տրանսպորտային բազայի, տեխնիկական միջոցների, գործիքների և սարքավորումների հնարավորինս առավելագույն միասնականացմամբ.

բ) կորպուսի կառուցվածքը, դրա տարրերի չափսերը և փոխադարձ դիրքը պետք է ապահովեն բաղկացուցիչ մասերի ու դետալների ամրությունը, տեխնիկական շահագործման հուսալիությունը և շահագործման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման առավելագույն բացառումը.

գ) վթարափրկարարական միջոցների բլոկամոդուլային տարրերի կառուցվածքը պետք է ապահովի վթարափրկարարական միջոցների նշանակությանը համապատասխան բոլոր գործառույթների կատարումը խոցող գործոնների ազդեցության պայմաններում և ունենա նվազագույն հնարավոր եզրաչափեր, տեխնիկական սպասարկման և նորոգման համար բաղկացուցիչ մասերին ազատ հասանելիություն՝ առանց հանգույցների և բլոկների ապամոնտաժման.

դ) վթարափրկարարական միջոցների զանգվածը, եզրաչափերը և մյուս պարամետրերն աշխատանքային գործիքով և սարքերով համալրման բոլոր տարբերակների դեպքում պետք է համապատասխանեն վթարափրկարարական միջոցների տվյալ դասի և տիպի համար սահմանված արժեքներին.

ե) վթարափրկարարական միջոցների կառուցվածքը պետք է ապահովի դրանց օգտագործման հնարավորությունը շահագործման հայտարարված ամբողջ ժամկետի ընթացքում՝ տարվա ցանկացած եղանակի և օրվա ցանկացած ժամի, ու ֆունկցիոնալ սարքավորումների և տեխնիկական միջոցների պաշտպանությունը շահագործման սահմանափակումների խախտմամբ առաջացած գերբեռնվածքներից, էլեկտրասնուցման հանկարծակի դադարումից, կրծողների և կենսաբանական վնասատուների կողմից հասցված վնասից.

զ) էլեկտրասնուցման ներքին (կողեզրային) աղբյուրները պետք է լինեն ավտոնոմ և ապահովեն վթարափրկարարական միջոցների անընդմեջ աշխատանքի ու ավտոնոմ գործունեության տրված ժամանակը.

է) նյութերի ամրության բնութագրերը պետք է ապահովեն վթարափրկարարական միջոցների հուսալիությունն արտաքին գործոնների (մեխանիկական, կլիմայական, ճառագայթային, հատուկ միջավայրերի, ջերմային) ազդեցության դեպքում.

ը) վթարափրկարարական միջոցների բաղկացուցիչ մասերը, կախված դրանց նշանակությունից, պետք է թույլատրեն հետևյալով մշակումը՝

ջուր, մակերևութաակտիվ նյութերի ջրային լուծույթներ, սպիրտի հիմքով լուծույթներ.

գազազերծող, ախտահանող և ապաակտիվացնող լուծույթներ.

օդի հոսք.

ոչ մետաղական խոզանակներով մեխանիկական ազդեցություն.

թ) վթարափրկարարական միջոցների պատրաստման ժամանակ օգտագործվող նյութերը, մեխանիզմների և սարքերի դետալների աշխատանքային մակերևույթները պետք է ունենան պաշտպանիչ պատվածքներ, որոնք դրանք պաշտպանում են քայքայիչ և հղկումային քայքայումից.

ժ) վթարափրկարարական միջոցներում դետալների և հավաքման միավորների՝ միմյանց միջև միացման եղանակները պետք է ապահովեն հուսալի և արագ միացում ձեռքով կամ ավտոմատ կերպով ու բացառեն սխալ հավաքման հնարավորությունը.

ժա) ինքնագնաց վթարափրկարարական միջոցները և տրանսպորտային բազայի վրա վթարափրկարարական միջոցները պետք է սարքավորված լինեն լուսավորման սարքերով, լուսաակուստիկ տարբերակիչ համակարգերով և ձայնային ազդանշանման միջոցներով։ Օրվա մութ ժամին և չլուսավորվող սենքերում թույլատրվում է շահագործել այդպիսի վթարափրկարարական միջոցները միայն միացրած լուսավորման ու ընթացային տարբերիչ սարքերի դեպքում։

41. Վթարափրկարարական միջոցներին ներկայացվում են տրանսպորտային փոխադրելիության հետևյալ պահանջները՝

ա) վթարափրկարարական միջոցները պետք է հնարավորություն ունենան փոխադրվելու տրանսպորտի բոլոր հնարավոր տեսակներով՝ տրանսպորտային բեռնարկղի կիրառմամբ և առանց կիրառման.

բ) վթարափրկարարական միջոցների տրանսպորտային փոխադրումն իր ընթացքով՝ տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի հիման վրա, պետք է ապահովվի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում՝ առանց ֆունկցիոնալ արդյունավետության նվազեցման.

գ) վթարափրկարարական միջոցների տրանսպորտային փոխադրումն ավիացիոն, երկաթուղային, ջրային տրանսպորտով պետք է ապահովվի առանց դրանց տեխնիկական վիճակի մակարդակի իջեցման, առանց հեռավորության և արագության սահմանափակման.

դ) ապամոնտաժման գործողությունները պետք է պարզ լինեն և հնարավոր նվազագույն ժամանակ զբաղեցնեն։ Թույլատրվում է վթարափրկարարական միջոցների մասնակի ապամոնտաժումը՝ առանց իր ընթացքով տեղափոխվելու հնարավորությունը կորցնելու.

ե) յուրաքանչյուր վթարափրկարարական միջոց տրանսպորտի ցանկացած տեսակի փոխադրման ժամանակ պետք է ունենա անթել ամրակապման համար նախատեսված հարմարանքների ստանդարտ հավաքածու.

զ) ինքնագնաց վթարափրկարարական միջոցները և տրանսպորտային բազայի վրա վթարափրկարարական միջոցները պետք է այնպիսի սարքվածքներ ունենան, որոնք ապահովում են այլ տրանսպորտային միջոցով դրանց քարշակումը։

42. Վթարափրկարարական միջոցներին ներկայացվում են տեխնոլոգիամիտության հետևյալ պահանջները՝

ա) տեխնիկական սպասարկման և նորոգման մատչելիություն և հարմարավետություն.

բ) բնականոն հաշվարկի շրջանակներում շահագործման ժամանակ աշխատունակության վերականգնումն ապահովող սահմանված հուսալիություն։

43. Վթարափրկարարական միջոցները պետք է բավարարեն հետևյալ հատուկ պահանջները՝

ա) ինքնագնաց վթարափրկարարական միջոցները և տրանսպորտային հիմքով վթարափրկարարական միջոցները պետք է սարքավորված լինեն կապի և նավագնացության միջոցներով.

բ) կապի և նավագնացության միջոցներով սարքավորված բոլոր վթարափրկարարական միջոցների վրա ռադիոսարքավորումների էներգասնուցման համար պետք է լինի էլեկտրաէներգիայի ոչ պակաս, քան երկու աղբյուր (հիմնական և պահուստային)։

 

5. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները

 

44. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն ըստ ֆունկցիոնալ նշանակության դասակարգմանը։

45. Տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների մշտադիտարկումն իրականացվում է հետևյալի նկատմամբ՝

ա) տեխնոլոգիական գործընթացներ.

բ) կենսաապահովման և անվտանգության ինժեներական համակարգեր.

գ) շենքերի և կառույցների ինժեներական (կրող) կոնստրուկցիաներ.

դ) վտանգավոր քիմիական և պայթուցիկ նյութերի տրանսպորտային փոխադրման ու պահպանման օբյեկտներ.

ե) շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտում, քիմիական և կենսաբանական վարակում։

46. Բնական բնույթի արտակարգ իրավիճակների մշտադիտարկումն իրականացվում է հետևյալի նկատմամբ՝

ա) երկրաբանական գործընթացներ և երևույթներ.

բ) օդերևութաբանական գործընթացներ և երևույթներ.

գ) հիդրոլոգիական գործընթացներ և երևույթներ.

դ) բնական հրդեհներ։

47. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է գործեն անընդմեջ և (կամ) պարբերական մշտադիտարկման ռեժիմներում։

48. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է տեղեկատվականորեն ապահովեն կառավարման մարմինների կողմից հետևյալ գործառույթների կատարումը՝

ա) արտակարգ իրավիճակների ռիսկերի կառավարում.

բ) արտակարգ իրավիճակների կանխատեսում.

գ) արտակարգ իրավիճակների կանխման արդյունավետության գնահատում մշտադիտարկման արդյունքներով.

դ) անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխման և վերացման պետական համակարգերի միջև տեղեկատվական փոխանակում։

49. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է իրական ժամանակում կատարեն հետևյալ գործառույթները՝

ա) շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների պարամետրերի վիճակի փոփոխության վերահսկման տվիչներով և չափման միջոցներով պետք է իրականացվի արտակարգ իրավիճակների աղբյուրների հնարավոր վտանգը բնութագրող պարամետրերի վերահսկում.

բ) տվյալների հաղորդման միջոցներով պետք է ապահովվի կառավարման մարմինների միջոցով շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների՝ արտակարգ իրավիճակների աղբյուրների հնարավոր վտանգը բնութագրող պարամետրերի վտանգավոր փոփոխության մասին հաղորդումներն անդամ պետությունների իշխանության մարմիններին, օբյեկտների ղեկավարներին հասցնելը.

գ) մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրներով պետք է իրականացվի անդամ պետությունների՝ իշխանության մարմինների՝ արտակարգ իրավիճակները թույլ չտալու և դրանց հետևանքները վերացնելու մասով օբյեկտների ղեկավարների մակարդակով որոշումների ընդունման տեղեկատվական ապահովում։

50. Մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրները, տվյալների հաղորդման միջոցները, ինչպես նաև շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների պարամետրերի վիճակի փոփոխության վերահսկման տվիչները և չափման միջոցները պետք է ապահովեն կառավարման մարմինների ավտոմատացված համակարգերի հետ համատեղելիությունը և տեղեկատվական-տեխնիկական կապակցումը՝ տվյալ մարմինների կողմից սահմանվող՝ դրանց միացման (կապակցման) տեխնիկական պայմաններին (պահանջներին) համապատասխան։

51. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկում իրականացնելիս մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրները և տվյալների հաղորդման միջոցները պետք է ապահովեն տեղեկատվության պաշտպանությունը չթույլատրված հասանելիությունից։

52. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկում իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ընդհանուր օգտագործման կապի ցանցերի ուղիները։

53. Տեղեկատվության հաղորդման խափանման (միացման ժամանակավոր բացակայության) դեպքում մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրները պետք է ապահովեն՝

ա) հաղորդվող տեղեկատվության պահպանումը հերթի (տվյալների բազայի) մեջ.

բ) հերթից տեղեկատվության հաղորդման փորձերի ցիկլիկ կրկնություն՝ ընդհուպ մինչև տվյալ գործողության հաջող ավարտը.

գ) հերթի մաքրում՝ ամբողջ տեղեկատվությունը հաջողությամբ հաղորդելու դեպքում։

54. Շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների պարամետրերի վիճակի փոփոխության վերահսկման տվիչներից և չափման միջոցներից հաղորդագրությունների տրամադրման միջին ուշացումը չպետք է գերազանցի 30 վայրկյանը՝ մշտադիտարկման պարամետրերի կրիտիկական փոփոխության պահից:

55. Մշտադիտարկման տեխնիկական միջոցների հուսալիության ցուցանիշները պետք է ունենան հետևյալ արժեքները՝

ա) պատրաստականության գործակից՝ 99,8 տոկոսից ոչ պակաս.

բ) հրաժարման միջին աշխատատևությունը՝ 10 000 ժամից ոչ պակաս։

56. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցներում պետք է նախատեսված լինի հետևյալի արատորոշումը՝

ա) արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցների աշխատունակություն.

բ) արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցների կապակցում վերահսկվող համակարգերի հետ.

գ) արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցների կապակցում արտաքին համակարգերի հետ.

դ) արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցների օպերատորի աշխատունակության վիճակ՝ ինքնաբերաբար ուղարկվող ստուգիչ հաղորդագրությունների պատասխանը ստանալու եղանակով։

57. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցների ծառայության ժամկետը պետք է հաստատված լինի արտադրողի կողմից փաստաթղթերով։

58. Շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների պարամետրերի վիճակի փոփոխության վերահսկման տվիչները և չափման միջոցները, ինչպես նաև տվյալների հաղորդման միջոցները պետք է կայուն լինեն մեխանիկական և կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ։

59. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է ներառվեն առնվազն 2 ժամվա ընթացքում պահուստային սնուցման աղբյուրներից երաշխավորված էլեկտրամատակարարմամբ սարքավորումների կազմի մեջ։

60. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է պահպանեն աշխատունակությունն էլեկտրացանցի լարման թույլատրելի շեղումների դեպքում՝

ա) մինչև 15 տոկոս նվազելու դեպքում.

բ) մինչև 10 տոկոս բարձրանալու դեպքում։

61. Մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրների ծրագրային ապահովումը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

ա) պետք է ապահովվի հարմար, բնազդային հասկանալի գրաֆիկական միջերեսի առկայություն.

բ) ձևավորման ոճը, երկխոսության պատուհանների գրաֆիկայի որակը պետք է համապատասխանեն օգտագործվող օպերացիոն համակարգի ձևավորման ոճին.

գ) օպերատորի աշխատանքը պետք է իրականացվի ցանկում ներկառուցված էկրանային ձևերի հետ ինտերակտիվ մանիպուլյացիաների ձևով։

62. Կառուցվածքային մասում արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները պետք է կառուցված լինեն մոդուլային և բլոկաագրեգատային սկզբունքով և ապահովեն հետևյալը՝

ա) հանովի միատեսակ բաղկացուցիչ մասերի համափոխարինելիություն.

բ) պարամետրերի կառավարման տարրերին չթույլատրված հասանելիությունից պաշտպանություն.

գ) շահագործման ընթացքում կարգավորում կամ փոխարինում պահանջող բոլոր տարրերին, հանգույցներին և բլոկներին հասանելիություն։

 

6. Արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջները

 

63. Արտադրանքի և փաթեթվածքի վրա պետք է զետեղվի հետևյալ տեղեկատվությունը պարունակող մականշվածքը՝

ա) արտադրանքի անվանումը և դրա տիպը (տեսակը), մակնիշը, մոդելը.

բ) արտադրանքի նշանակությունը, հիմնական տեխնիկական պարամետրերը և բնութագրերը.

գ) արտադրող երկրի անվանումը.

դ) արտադրող հանդիսացող իրավաբանական անձի գտնվելու վայրը և հասցեն (գործունեության իրականացման վայրի հասցեն (այն դեպքում, երբ հասցեները տարբերվում են), հեռախոսահամարները և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն).

ե) ապրանքային նշանը (առկայության դեպքում).

զ) արտադրանքի պատրաստման ամսաթիվը (ամիսը, տարին).

է) ծառայության (պիտանիության) ժամկետը.

ը) հումքի բաղադրությունը (անհրաժեշտության դեպքում).

թ) արտադրողի երաշխիքային պարտականությունները (անհրաժեշտության դեպքում).

ժ) արտադրանքի խմբաքանակի համարը (անհրաժեշտության դեպքում)։

64. Մականշվածքը պետք է զետեղվի ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է զետեղել այլ լեզուներով լրացուցիչ մականշվածք՝ տեքստի բովանդակությանը նույնական լինելու պայմանով։

65. Եթե մականշվածքը հնարավոր չէ զետեղել անմիջապես արտադրանքի վրա, ապա մականշվածքը պետք է զետեղված լինի փաթեթվածքի վրա և ներառվի արտադրանքի տեխնիկական փաստաթղթերում։ Արտադրողն ինքնուրույն է սահմանում արտադրանքի վրա մականշվածք զետեղելու կամ չզետեղելու հնարավորությունը։

Արտադրանքի մակնշումը պետք է լինի պարզ, դյուրընթեռնելի և զետեղված լինի զննման համար հասանելի տեղում:

 

VI. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապահովումը

 

66. Սույն տեխնիկական կանոնակարգին արտադրանքի համապատասխանությունն ապահովվում է դրա պահանջների անմիջականորեն կատարմամբ կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ընդգրկված այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (այսուհետ՝ ստանդարտների ցանկ, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի կատարումը)։

Տեխնիկական կանոնակարգման օբյեկտներ համարվող՝ չափման միջոցներին կամ չափման գործառույթներով տեխնիկական համակարգերին և սարքվածքներին դասվող այն տեխնիկական սարքվածքները, որոնց վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությանը և չափումների միասնականության ապահովման ոլորտում Միության իրավունքին համապատասխան, ենթակա են չափումների ապահովման ոլորտում պետական կարգավորման։

67. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները:

 

Արտադրանքի համապատասխանության գնահատումը

68. Այն արտադրանքը, որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը ենթակա է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման։

69. Արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն բաժնին համապատասխան՝ տիպային սխեմաների հիման վրա՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները։

Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է հետևյալ սխեմաներից որևէ մեկով սերտիֆիկացման ձևով՝

սերիական թողարկման արտադրանքի համար՝ 1ս և 2ս սխեմա.

սարքվածքների խմբաքանակի համար՝ 3ս սխեմա.

միավոր սարքվածքի համար՝ 4ս սխեմա։

70. Համապատասխանությունը հաստատելու դեպքում հայտատու է անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը՝

սերիական թողարկման արտադրանքի համար արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).

արտադրանքի խմբաքանակի (միավոր արտադրատեսակի) համար՝ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), վաճառողը (ներմուծողը)։

71. Սերտիֆիկացում անցկացնելիս հայտատուն՝

ա) ներկայացնում է սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտը և փաստաթղթերի փաթեթը, որը ներառում է՝

արտադրանքի վերաբերյալ տեխնիկական (նախագծային, կոնստրուկտորական, տեխնոլոգիական և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենը, ինչպես նաև այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն(ներ)ը, որին համապատասխան պատրաստվել է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).

ստանդարտների այն ցանկում ներառված ստանդարտների ցուցակը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի և ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ), որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի կատարումը (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).

սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական որոշումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե ստանդարտների ցանկում ներառված ստանդարտները, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի կատարումը, բացակայում են կամ չեն կիրառվել (անհրաժեշտության դեպքում).

սերտիֆիկացվող արտադրանքի արտադրության վրա տարածվող կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված կառավարման համակարգի համապատասխանությունը կառավարման համակարգին ներկայացվող՝ համապատասխան ստանդարտների պահանջներին, և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (2ս սխեմայի համար).

արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների պատճենները (առկայության դեպքում).

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի պատճենը, որով նախատեսվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար) (1ս սխեմայի համար).

պայմանագրի (մատակարարման պայմանագրերի) և ապրանքաուղեկից այն փաստաթղթերի պատճենները, որոնցով նույնականացվում է եզակի արտադրատեսակը կամ արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը (3ս և 4ս սխեմաների համար).

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր՝ ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ տրվող՝ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին տեղեկությունները.

հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք հիմք են ծառայել արտադրանքի՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) մյուս տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա (առկայության դեպքում), համապատասխանությունը հաստատելու համար։

Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտը և փաստաթղթերի փաթեթը ներկայացվում են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված և հավատարմագրման պահանջվող բնագավառի գործող հավատարմագիր ունեցող սերտիֆիկացման հավատարմագրված մարմիններից մեկին (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին)։

Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից տիպային սխեմաներին համապատասխան։

Սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտի մեջ նաև պետք է պարունակվեն արտադրանքի խմբաքանակի նույնականացնող հատկանիշները (3ս և 4ս սխեմաների համար).

բ) համապատասխանության հաստատման ընթացակարգերի ավարտից հետո զետեղում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով.

գ) նախապես տեղեկացնում է սերտիֆիկացման մարմնին արտադրանքի արտադրության տեխնոլոգիայի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք կարող են ազդել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության վրա (1ս և 2ս սխեմաների համար)։

72. Սերտիֆիկացում անցկացնելիս սերտիֆիկացման մարմինը՝

ա) վերլուծում է հայտատուի կողմից ներկայացված սերտիֆիկացում անցկացնելու մասին հայտը և փաստաթղթերի փաթեթն ու հայտատուին հայտնում ընդունված որոշման վերաբերյալ, որը պարունակում է սերտիֆիկացում անցկացնելու պայմանները.

բ) սույն տեխնիկական կանոնակարգի III բաժնին համապատասխան իրականացնում է նույնականացում և արտադրանքի նմուշառում՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.

գ) կազմակերպում է արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումներ) և չափումների անցկացումը Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)).

դ) անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն (1ս սխեմայի համար).

ե) անցկացնում է կիրառվող սերտիֆիկացման սխեմայի պահանջներին համապատասխան կատարված աշխատանքների ստացված արդյունքների վերլուծություն և կայացնում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին որոշում (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատ).

զ) կիրառվող սերտիֆիկացման սխեմայի պահանջներին համապատասխան կատարված՝ հայտատուի ներկայացված փաստաթղթերի փաթեթի, արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերլուծության ու արտադրության վիճակի վերլուծության դրական արդյունքների դեպքում ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով, և այն տրամադրում է հայտատուին.

է) համապատասխանության սերտիֆիկատի մասին տեղեկությունները մուտքագրում է տրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության մասին գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում.

ը) իրականացնում է սերտիֆիկացված արտադրանքի պարբերաբար գնահատում համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում՝ տարին մեկ անգամ՝ հետևյալի միջոցով.

հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացում և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն (1ս սխեմայի համար).

հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացում և կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից կառավարման սերտիֆիկացված համակարգի պարբերական գնահատման արդյունքների վերլուծության անցկացում (2ս սխեմայի համար).

թ) սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման դրական արդյունքների դեպքում հաստատում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը, ինչի մասին նշվում է համապատասխան ակտի մեջ.

ժ) սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում որոշում է կայացնում համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ չեղարկելու մասին.

ժա) սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման արդյունքների մասին որոշումն ուղարկում է հայտատուին։

73. Կառավարման համակարգի սերտիֆիկացում նախատեսող սխեմաներով սերտիֆիկացում անցկացնելու դեպքում կառավարման համակարգի սերտիֆիկացման աշխատանքներն իրականացվում են կառավարման համակարգերի այն սերտիֆիկացման մարմնի կողմից, որը գրանցված է անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան և հավատարմագրված է այդ պետության հավատարմագրման համակարգերում։

74. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը՝

ա) սերիական թողարկման արտադրանքի համար սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարով.

բ) արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար չի սահմանվում։

75. Սերտիֆիկացման մարմինը և հայտատուն սերտիֆիկացման ավարտից հետո իրականացնում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի փաթեթի ձևավորումը և պահպանումը, ինչը ներառում է՝

ա) սույն տեխնիկական կանոնակարգի 71-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված փաստաթղթերը.

բ) արտադրանքի նույնականացման և (կամ) նմուշառման (փորձանմուշների վերցման) մասին ակտը (ակտերը).

գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման արձանագրությունը (արձանագրությունները).

դ) արտադրության վիճակի վերլուծության արդյունքները (1ս սխեմայի համար).

ե) համապատասխանության սերտիֆիկատը (համապատասխանության սերտիֆիկատի պատճենը)։

76. Արտադրանքի համապատասխանության հաստատման ընթացակարգից հետո ձևավորվող փաստաթղթերի փաթեթը հայտատուն պետք է պահպանի հետևյալ ժամկետներում՝

ա) սերիական թողարկման արտադրանքի համար՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարելու օրվանից առնվազն 5 տարվա ընթացքում.

բ) արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) համար՝ արտադրանքի խմբաքանակի (եզակի արտադրատեսակի) իրացման ավարտի օրվանից առնվազն 5 տարվա ընթացքում:

77. Սերտիֆիկացման անցկացման արդյունքները հավաստող փաստաթղթերն ու նյութերը պահվում են համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտի օրվանից առնվազն 5 տարվա ընթացքում։

 

VIII. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

 

78. Այն արտադրանքը, որը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այնպիսի այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և որն անցել է սույն տեխնիկական կանոնակարգի և Միության (Մաքսային միության) այն այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հաստատման ընթացակարգը, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով:

79. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան արտադրանքը շուկայում շրջանառության մեջ դրվելը։

80. Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է արտադրանքի յուրաքանչյուր միավորի վրա ցանկացած եղանակով, որն ապահովում է պարզ և հստակ պատկերն արտադրանքի ծառայության (պիտանիության) ամբողջ ժամկետի ընթացքում։

81. Այն դեպքում, երբ Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը հնարավոր չէ ուղղակիորեն զետեղել արտադրանքի վրա՝ դրա առանձնահատկություններից ելնելով, թույլատրվում է այն զետեղել փաթեթվածքի և տեխնիկական փաստաթղթերի վրա։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Քաղաքացիական պաշտպանության և բնական

ու տեխնածին բնույթի արտակարգ

իրավիճակներից պաշտպանության համար

նախատեսված արտադրանքի անվտանգության

մասին» Եվրասիական տնտեսական միության

տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ / )

 

ՑԱՆԿ

 

տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ / ) գործողությունը

 

I. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների տեխնիկական միջոցները

 

1. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների պաշտպանիչ հերմետիկ սարքվածքները և արտադրատեսակները՝

ա) պաշտպանիչ հերմետիկ և հերմետիկ դռներ, դարպասներ և փակոցափեղկեր.

բ) հակապայթյունային պաշտպանական հատվածներ.

գ) ընդարձակման խցեր.

դ) հերմետիկ փականներ.

ե) ավելցուկային ճնշման փականներ.

զ) կարգավորող խցափակիչներ։

2. Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների օդափոխության ագրեգատները, զտիչները և վերականգնման կայանքները՝

ա) ձեռքի էլեկտրաշարժաբերով օդափոխիչներ.

բ) էլեկտրաշարժաբերով օդափոխիչներ.

գ) բջջավոր զտիչներ.

դ) նախազտիչներ.

ե) վերականգնման կապիչներ և կայանքներ (վերականգնման տարբեր տեխնոլոգիաների)։

 

II. Կառավարման, կապի և ազդարարման տեխնիկական միջոցները

 

3. Կառավարման և կապի տեխնիկական միջոցները՝

ա) օպերատիվ հերթապահի ավտոմատացված աշխատատեղ.

բ) վերջնամասային բաժանորդային տերմինալ.

գ) օժանդակ սարքավորումներ։

4. Ռազմական ընդհարումների կամ այդ ընդհարումների հետևանքով առաջացող վտանգների մասին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների մասին բնակչության ազդարարման տեխնիկական միջոցները՝

ա) ազդարարման ավտոմատացված աշխատատեղ (ԱԱՏ).

բ) ազդարարման վերջնամասային միջոցների գործարկման ու մշտադիտարկման ապարատուրա.

գ) ազդարարման վերջնամասային միջոց։

 

III. Վթարափրկարարական միջոցները

 

5. Վթարափրկարարական մեքենաներ։

6. Ռոբոտատեխնիկական վթարափրկարարական միջոցներ։

7. Վթարափրկարարական գործիք։

8. Տուժածների որոնման միջոցներ։

9. Ջրային խոչընդոտների հաղթահարման միջոցներ վթարափրկարարական աշխատանքներ կատարելիս։

10. Փրկարարների և տուժածների կենսաապահովման միջոցներ՝

10.1. Շենքեր և կառույցներ շարժական։

10.2. Կարկասային (պնևմակարկասային) վրաններ։

10.3. Հատուկ պաշտպանական հագուստ (հանդերձանք)՝ վթարափրկարարական աշխատանքների համար՝

10.3.1. Փրկարարի՝ ընդհանուր նշանակության հատուկ պաշտպանական հագուստ։

10.3.2. Փրկարարի հատուկ պաշտպանական հագուստ (հանդերձանք)։

10.3.3. Փրկարարի ձեռքերի, ոտքերի, գլխի պաշտպանության միջոցներ։

 

IV. Արտակարգ իրավիճակների մշտադիտարկման տեխնիկական միջոցները

 

11. Մշտադիտարկման տեղեկատվական-հաշվողական (ծրագրատեխնիկական) համալիրներ։

12. Տվյալների հաղորդման միջոցներ։

13. Շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների պարամետրերի վիճակի փոփոխության վերահսկման տվիչներ և չափման միջոցներ։