ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ, 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) որոշման հավելվածում 1-ին գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ»․
2) որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 աղյուսակի 5-րդ կետի 2-րդ սյունակը «իսկ» բառից հետո լրացնել ««Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող),» բառերով.
3) որոշման հավելվածը N 2 աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ գլխով`
«2․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ
23. Գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի ծրագրի 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կանխավճարի մասնակի սուբսիդավորման շահառու (այսուհետ՝ շահառու) է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվը, որը՝
1) չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ.
2) լիզինգի պայմանագրի կնքման օրվա դրությամբ ունի առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն.
3) ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չի ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն.
4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.
5) վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է ֆինանսական կայունության ցուցանիշ (առկա է գեներացված շահույթ կամ ձևավորված է պահուստային ֆոնդ).
6) ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար ներգրավվող փոխառու միջոցների մասնաբաժինը (լիզինգի ընդհանուր պարտավորության չափը) չի գերազանցում կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը՝ ըստ վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի համաձայն).
7) ֆինանսական կառույցին է ներկայացրել գործարար ծրագիր՝ ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ՝ առնվազն 5 տարվա կտրվածքով, որը դրական եզրակացություն է ստացել ֆինանսական կառույցի կողմից։
24. Շահառուի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը սուբսիդավորվում է։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի սույն կետում նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 2.5 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
25. Շահառուին լիզինգը կտրամադրվի ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար՝ ծրագրի դրույթներին համապատասխան։
26. Լիզինգի առարկայի հանձնման ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված 5 տարի շահառուն չպետք է օտարի լիզինգի առարկան, որի հսկողությունը պետք է իրականացնի ֆինանսական կառույցը։
27. Լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) ծրագրի շրջանակում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին տվյալ ֆինանսական կառույցի կանխավճարի սուբսիդավորման հայտի հիման վրա: Շահառուն ֆինանսական կառույցին է վճարում ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոսը։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Կանխավճարի սուբսիդավորման հայտի հետ միասին ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև՝
ա․ շահառուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
բ․ ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը,
գ․ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),
դ․ վարկային զեկույց (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),
ե․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ ծրագրի 23-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջի վերաբերյալ (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),
զ․ շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
է․ լիզինգի տրամադրման պայմանագրի կնքմանը նախորդող շահառուի վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատճենները,
ը․ շահառուի տեղեկանքը՝ վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցած ֆինանսական կայունության ցուցանիշի (առկա գեներացված շահույթի կամ ձևավորված պահուստային ֆոնդի) վերաբերյալ,
թ․ շահառուի կողմից ֆինանսական կառույցին ներկայացված գործարար ծրագրի պատճենը և ֆինանսական կառույցի դրական եզրակացությունը․
2) ԳՖԿ-ն կանխավճարի սուբսիդավորման հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտի հետ միասին դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա ծրագրով սահմանված ժամկետներում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի կանխավճարի և տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները փոխանցում է ԳՖԿ–ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտը ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով հայտի չբավարարման հիմքերը․
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված՝ ԳՖԿ-ի կողմից կանխավճարի սուբսիդավորման հայտի չբավարարման դեպքում ֆինանսական կառույցն այդ մասին տեղեկացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ԳՖԿ-ին կարող է ներկայացնել ծրագրի պահանջներին համապատասխան նոր հայտ։
28. ԳՖԿ-ի կողմից ամսական պարբերականությամբ նախարարությանը ներկայացվող ծրագրի հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկատվություն լիզինգի կանխավճարի սուբսիդավորման մասին՝ ԳՖԿ-ի ու նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով սահմանվող ձևաչափով։
29. Ֆինանսական կառույցի մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված՝ շահառուի կողմից լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի առարկայի ոչ նպատակային օգտագործման (տեխնիկան համարվում է նպատակային օգտագործված, եթե շահառուի կողմից այն կիրառվում է գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակով) կամ ծրագրի պայմանների խախտման դեպքերում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման՝ սուբսիդավորված գումարի վրա կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը՝ ԳՖԿ-ի կողմից ֆինանսական կառույցին գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը։ Կանխավճարի սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը՝ եռամսյա ժամկետում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
10.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |