Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 թվականի N 105-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 15.05.25 N 585-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

31.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 27-ի N 105-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 09.10.25 N 1447-Լ)

 

1. Գյուղատնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացումը: Վերջինս ագրարային ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացման, արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի հիմնական գործոններից է:

2. Հայաստանի Հանրապետության մարզերից հավաքագրված տվյալների համաձայն՝ 2020 թվականի ավարտին հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի քանակը կազմել է 26670 միավոր, որից տրակտորներ՝ 10487 միավոր, հացահատիկահավաք կոմբայններ` 1032 միավոր, կերահավաք կոմբայններ` 256 միավոր, խոտհնձիչներ` 2467 միավոր, հավաքիչ-մամլիչներ` 2188 միավոր, շարքացաններ` 1656 միավոր, գութաններ` 3733 միավոր, կուլտիվատորներ` 2139 միավոր, հատիկազտիչ մեքենաներ` 314 միավոր:

3. Հայաստանի Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է 88.5 տոկոս: Մասնավորապես, տրակտորների՝ 86.5, հացահատիկահավաք կոմբայնների՝ 78.3, կերահավաք կոմբայնների՝ 86.7, խոտհնձիչների՝ 91.1, շարքացանների՝ 86.4, գութանների՝ 91.7 և կուլտիվատորների՝ 92.2 տոկոսն են գտնվում տեխնիկապես սարքին վիճակում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 11-31 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 2017 թվականի ապրիլ ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում 1186 լիզինգառուի տրամադրվել է 1859 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 815 միավոր տրակտոր, 14 միավոր կոմբայն և 1030 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա։

5. Գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ներկա հրամայական պահանջի և գյուղատնտեսությունում տնտեսավարողների ցածր վճարունակության պայմաններում գյուղատնտեսական տեխնիկայի նորացումը իրատեսական է համարվում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման մատչելի մեխանիզմների կիրառման դեպքում:

6. Գյուղատնտեսության մեքենայացման ներկա վիճակի գնահատումը ցույց է տալիս, որ ոլորտում առաջնահերթ խնդիր է գյուղատնտեսության տեխնիկական վերազինման նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացումը, խնդրի վերաբերյալ նոր մոտեցումների և գործիքների կիրառմամբ պետական աջակցության քաղաքականության իրականացումը:

7. Գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի բարձրացման, մեքենատրակտորային հավաքակազմի վերազինման, ագրոտեխնիկական պահանջներով նախատեսված մշակության և բերքահավաքի աշխատանքների արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։

8. Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

9. Ծրագիրը կիրագործվի հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ.

1) ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ.

2) ծրագրի շրջանակներում նոր, չշահագործված գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն պետք է իրականացվի մասնագիտացված կառույցների կողմից, որոնք կիրականացնեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում.

3) ծրագրով մասնակի կսուբսիդավորվի գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերող, լիզինգի պայմանագիր կնքած տնտեսավարողների լիզինգի տոկոսադրույքը՝ ծրագրի շրջանակում կնքված լիզինգային պայմանագրերի գործողության ընթացքում.

4) գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների ցածր վճարունակության և նոր գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու ցածր վճարունակ պահանջարկի հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի նորացումը սահմանված տարեկան 10.0-12.5 տոկոսի չափով իրատեսական չի համարվում, այդ պատճառով ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեխնիկայի նորացումն իրականացնել ավելի փոքր ծավալներով՝ 1.0-3.0 տոկոսի չափով, որը նախադրյալներ կստեղծի հետագա տարիներին գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի առավել արագ տեմպերով վերազինման համար:

(9-րդ կետը լրաց. 12.12.24 N 1985-Լ)

10. Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղատնտեսական տեխնիկան.

1) տրակտորներ՝ տարբեր մակնիշների.

2) կոմբայններ.

3) հավաքիչ-մամլիչներ.

4) շարքացաններ.

5) գութաններ.

6) խոտհնձիչներ.

7) կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ.

8) կուլտիվատորներ, ֆրեզներ.

9) սրսկիչներ.

10) տրակտորային կցասայլակներ.

11) այլ գյուղատնտեսական տեխնիկա։

11. Ծրագրի մասնակիցներն են՝

1) գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (եթե տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերելու սուբվենցիոն ծրագրերով), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ լիզինգառու).

2) ցանկացած ֆինանսական կառույց, որը ծրագրի պայմաններին համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրում տնտեսավարողներին:

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ):

12. Ծրագրի պայմաններն են. գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմանները սահմանված են N 1 աղյուսակում.

1) լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս.

2) լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար.

3) լիզինգի պայմանագիրը կնքվում է՝ կոմբայնների համար՝ 7-10 տարի, տրակտորների համար՝ 5-6 տարի, շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի, տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում՝ 5-6 տարի մարման ժամկետով.

4) լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով.

5) ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 500,0 մլն դրամը.

6) լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)` ֆինանսական կառույցի հաշվին.

7) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն սկսվում է լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից։ Լիզինգի պայմանագրի կնքման պահից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրը կարող է հաշվարկվել տոկոս, որը չի սուբսիդավորվում և չի կարող գերազանցել լիզինգի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը.

8) լիզինգի առարկայի արժեքը ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, լիզինգի առարկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).

9) N 1 աղյուսակի 10-12-րդ կետերում նշված վճարները չեն ներառվում լիզինգի մայր գումարի մեջ:

(12-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 12.12.24 N 1985-Լ, փոփ. 15.05.25 N 585-Լ, լրաց. 09.10.25 N 1447-Լ)

12.1. Ծրագրի շրջանակում N 1 աղյուսակում նշված լիզինգի տրամադրման և աջակցության պայմանների պահպանման պատասխանատվությունը կրում է ֆինանսական կառույցը, որը և իրականացնում է պայմանների չպահպանման հետևանքով առաջացած ֆինանսական միջոցների տարբերության վճարման պարտավորությունը։ Ֆինանսական կառույցի կողմից N 1 աղյուսակի պայմանների խախտման դեպքում վերջինիս կողմից կատարվում է վերահաշվարկ և համապատասխան պայմանի ճշգրտում, իսկ մինչև այդ պահը ավել սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման ԳՖԿ-ին՝ մեկամսյա ժամկետում:

(12.1-ին կետը լրաց. 12.12.24 N 1985-Լ)

13. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը.

1) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգային գործարքներ.

2) լիզինգի գործընթացն իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով.

3) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է լիզինգի մայր գումարի և լիզինգի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա.

4) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.

5) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով.

6) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող սուբսիդավորման հայտի մեջ ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված (բացառությամբ՝ ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դադարի շրջանին հաջորդող ամիսների համար հաշվարկման դեպքի) սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքների գումարները: Նախարարությունն իր և ԳՖԿ-ի միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Հայտը ծրագրի պահանջները չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը։

(13-րդ կետը խմբ. 12.12.24 N 1985-Լ)

14. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե՝

1) առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ ֆինանսական կառույցի հանդեպ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով ֆինանսական ակտիվների դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) լիզինգի առարկան չի օգտագործվում իր նպատակային նշանակությանը համապատասխան կամ չեն պահպանվում լիզինգի առարկայի շահագործման կանոնները։ Լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի ոչ նպատակային օգտագործման դեպքում մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման։ Սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը՝ եռամսյա ժամկետում.

3) մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է ծրագրի պայմանների խախտում:

15. Ֆինանսական կառույցը մոնիթորինգ է իրականացնում գյուղատնտեսական տեխնիկայի նպատակային օգտագործման և շահագործման կանոնների պահպանման մասով։ Եթե ֆինանսական կառույցը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխան եզրակացություն և տեղեկացվում նախարարությանն ու ԳՖԿ-ին:

16. Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման մասին տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

17. ԳՖԿ-ն պարտավոր է ամսական պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել նախարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ օրը:

18. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝

1) ֆինանսական կառույցների կողմից յուրաքանչյուր լիզինգառուի հետ կնքված լիզինգի պայմանագրերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի և համայնքների (նշելով տեխնիկայի անվանումը, մակնիշը, քանակը, լիզինգի առարկայի արժեքը, լիզինգի գումարը, լիզինգի գումարի մնացորդը, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը).

2) տեղեկատվություն արձանագրված խախտումների մասին.

3) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

19. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ ցածր վճարունակ պահանջարկը.

2) ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ոչ նախընտրելի տարբերակների առաջարկը.

3) ծրագրի մասնակիցների համար ոչ շահավետ պայմանների առաջադրումը.

4) բնակլիմայական և այլ գործոններով պայմանավորված՝ լիզինգառուների ակնկալվող եկամուտների ոչ ամբողջական ստացումը.

5) լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը.

6) Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման դժվարությունները և փոխադրման համար չնախատեսված մեծ ծախսերը:

20. Ռիսկերի մեղմման ուղղություններն են՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող, Հայաստանի Հանրապետություն գյուղատնտեսական տեխնիկա ներկրող և լիզինգի պայմանագրով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրող փորձ և հեղինակություն ունեցող կազմակերպությունների հետ համագործակցությունը և ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալը.

2) գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պայմանագրով մատակարարման մատչելի մեխանիզմների առաջադրումը.

3) լիզինգառուներին մատչելի մեխանիզմների և աջակցության ցուցաբերումը.

4) գյուղատնտեսական տեխնիկայի ներկրումը և դրա հետ կապված ռիսկերը մատակարարներին վերապահելը.

5) գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ապահովումը։

21. Ծրագրի ֆինանսական գնահատականը.

1) ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է.

2) 2022 թվականին ծրագրի իրականացման համար գնահատված արժեքը կկազմի 719.5 մլն դրամ: Ծրագրի հետագա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում իրականացված քննարկումների արդյունքում՝ առաջիկա տարվա պետական բյուջեով ծրագրի համար նախատեսված գումարի շրջանակներում.

3) ծրագրի շրջանակում նախատեսվում է տարեկան իրականացնել շուրջ 1.43 մլրդ դրամ լիզինգի առարկայի արժեքով գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում.

4) ծրագրի արդյունքների հիման վրա իրականացված հաշվարկ-հիմնավորումը ներկայացված է N 2 աղյուսակում։

22. Ծրագրի իրականացման արդյունքում՝

1) հնարավորություն կստեղծվի մատչելի մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողների գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ վճարունակ պահանջարկի բավարարման և տեխնիկայի հավաքակազմի որոշակի նորացման համար.

2) Հայաստանի Հանրապետությունում կնորացվի գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 1.0-3.0 տոկոսը, միաժամանակ հնարավորություններ կստեղծվեն մեքենատրակտորային կայանների ստեղծման համար.

3) յուրաքանչյուր տարի հանրապետությունում կթարմացվեն առկա տեխնիկայի հավաքակազմը՝ շուրջ 500 միավոր նոր գյուղատնտեսական տեխնիկայի տարբեր տեսակներով.

4) կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

 

Աղյուսակ N 1

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.

Լիզինգի առարկան

կոմբայն

տրակտոր

այլ գյուղատնտեսական տեխնիկա

2.

Տրամադրման շրջանակը

ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները

3.

Արժույթը

ՀՀ դրամ

4.

Լիզինգի տոկոսադրույքը

տարեկան տոկոսադրույք՝ մինչև 14 տոկոս

5.

Լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափն

լիզինգի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2 տոկոս, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս

6.

Կանխավճարը

լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով

7.

Լիզինգի մարման ժամկետը

կոմբայնների համար՝ 7-10 տարի

տրակտորների համար՝ 5-6 տարի

շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար` 3-6 տարի

այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի

տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում` 5-6 տարի

8.

Դադարի շրջանը

Տարեկան մինչև 6 ամիս

9.

Լիզինգի առարկայի ապահովագրությունը

Լիզինգի առարկան լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում ֆինանսական կառույցի հաշվին ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո)

10.

Սեփականության իրավունքի պետական գրանցման վճարը (պետական տուրք)

տրակտորների և կոմբայնների համար՝ 5000 դրամ

այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար վճար չկա

11.

Ֆինանսական կառույցի կողմից մատուցվող ծառայության վճարը

մինչև 2 մլն դրամ (ներառյալ) արժեքով լիզինգի առարկայի համար` առավելագույնը 15000 դրամ

2 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով լիզինգի առարկայի համար՝ առավելագույնը 20000 դրամ

12.

Սեփականության իրավունքի փոխանցման վճարը

տրակտորների և կոմբայնների համար՝ առավելագույնը 5000 դրամ

այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ առավելագույնը 3000 դրամ

(աղյուսակը փոփ., լրաց. 12.12.24 N 1985-Լ, լրաց. 09.10.25 N 1447-Լ)

 

Աղյուսակ N 2

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Մարզեր

Լիզինգառուների թիվ՝ ըստ տարիների

2021 թ.

(9 ամիս)

2020 թ.

2019 թ.

2018 թ.

2017 թ.

(9 ամիս)

Արագածոտն

5

30

11

10

4

Արարատ

35

43

38

11

6

Արմավիր

59

107

46

29

16

Գեղարքունիք

19

66

41

33

15

Երևան

49

29

7

0

0

Լոռի

17

22

9

10

9

Կոտայք

18

25

18

14

8

Շիրակ

24

42

32

14

2

Սյունիք

8

13

6

5

3

Վայոց ձոր

5

5

3

2

2

Տավուշ

23

8

6

5

3

Ընդամենը՝

262

390

217

133

68

Միջին ամսական

լիզինգառուների թիվը

29

33

18

11

8

Միջին ամսական լիզինգառուների թիվը 2017-2019 թթ.*

13

Միավոր լիզինգի միջին արժեքը (մլն դրամ)

7.0-7.5

Մեկ միավոր տեխնիկայի միջին արժեքը (մլն դրամ)

3.0-5.0

Մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող տեխնիկայի միջին քանակը (միավոր)

1-3

Լիզինգով ձեռք բերվող տեխնիկայի արժեքը (մլրդ դրամ)

1,4

Ձեռք բերվող տեխնիկայի լիզինգի գումարը (մլրդ դրամ)

1,1

* Արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020 թվականին լիզինգը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվել է 0 տոկոս տոկոսադրույքով, որի արդյունքում աճել են լիզինգառուների թիվը և ձեռք բերվող տեխնիկայի քանակը, հետևաբար հաշվարկի համար հիմք են ծառայել 2017-2019 թթ. ծրագրով սահմանված տոկոսադրույքով գրանցված արդյունքները։

2․ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ

(գլուխը լրաց. 09.10.25 N 1447-Լ)

 

23. Գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի ծրագրի 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կանխավճարի մասնակի սուբսիդավորման շահառու (այսուհետ՝ շահառու) է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվը, որը՝

1) չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ.

2) լիզինգի պայմանագրի կնքման օրվա դրությամբ ունի առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն.

3) ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չի ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն.

4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.

5) վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է ֆինանսական կայունության ցուցանիշ (առկա է գեներացված շահույթ կամ ձևավորված է պահուստային ֆոնդ).

6) ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար ներգրավվող փոխառու միջոցների մասնաբաժինը (լիզինգի ընդհանուր պարտավորության չափը) չի գերազանցում կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը՝ ըստ վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության («Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի համաձայն).

7) ֆինանսական կառույցին է ներկայացրել գործարար ծրագիր՝ ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ՝ առնվազն 5 տարվա կտրվածքով, որը դրական եզրակացություն է ստացել ֆինանսական կառույցի կողմից։

24. Շահառուի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը սուբսիդավորվում է։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի սույն կետում նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 2.5 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։

25. Շահառուին լիզինգը կտրամադրվի ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար՝ ծրագրի դրույթներին համապատասխան։

26. Լիզինգի առարկայի հանձնման ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված 5 տարի շահառուն չպետք է օտարի լիզինգի առարկան, որի հսկողությունը պետք է իրականացնի ֆինանսական կառույցը։

27. Լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝

1) ծրագրի շրջանակում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին տվյալ ֆինանսական կառույցի կանխավճարի սուբսիդավորման հայտի հիման վրա: Շահառուն ֆինանսական կառույցին է վճարում ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոսը։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով: Կանխավճարի սուբսիդավորման հայտի հետ միասին ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև՝

ա․ շահառուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

բ․ ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը,

գ․ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),

դ․ վարկային զեկույց (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),

ե․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ ծրագրի 23-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջի վերաբերյալ (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ),

զ․ շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 70 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ,

է․ լիզինգի տրամադրման պայմանագրի կնքմանը նախորդող շահառուի վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատճենները,

ը․ շահառուի տեղեկանքը՝ վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցած ֆինանսական կայունության ցուցանիշի (առկա գեներացված շահույթի կամ ձևավորված պահուստային ֆոնդի) վերաբերյալ,

թ․ շահառուի կողմից ֆինանսական կառույցին ներկայացված գործարար ծրագրի պատճենը և ֆինանսական կառույցի դրական եզրակացությունը․

2) ԳՖԿ-ն կանխավճարի սուբսիդավորման հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտի հետ միասին դրական եզրակացությամբ ներկայացնում նախարարություն։ Նախարարությունը ԳՖԿ-ի կողմից տրված դրական եզրակացության և ԳՖԿ-ի ու նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի հիման վրա ծրագրով սահմանված ժամկետներում (ֆինանսական միջոցների առկայության դեպքում) լիզինգի կանխավճարի և տոկոսադրույքի սուբսիդավորման գումարները փոխանցում է ԳՖԿ–ին (ֆինանսական միջոցների բացակայության դեպքում ֆինանսավորումը կատարվում է համապատասխան միջոցների ներգրավումից հետո), որն էլ փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին։ Կանխավճարի սուբսիդավորման հայտը ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում ԳՖԿ-ն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով հայտի չբավարարման հիմքերը․

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված՝ ԳՖԿ-ի կողմից կանխավճարի սուբսիդավորման հայտի չբավարարման դեպքում ֆինանսական կառույցն այդ մասին տեղեկացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ԳՖԿ-ին կարող է ներկայացնել ծրագրի պահանջներին համապատասխան նոր հայտ։

28. ԳՖԿ-ի կողմից ամսական պարբերականությամբ նախարարությանը ներկայացվող ծրագրի հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկատվություն լիզինգի կանխավճարի սուբսիդավորման մասին՝ ԳՖԿ-ի ու նախարարության միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով սահմանվող ձևաչափով։

29. Ֆինանսական կառույցի մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված՝ շահառուի կողմից լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգի առարկայի ոչ նպատակային օգտագործման (տեխնիկան համարվում է նպատակային օգտագործված, եթե շահառուի կողմից այն կիրառվում է գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակով) կամ ծրագրի պայմանների խախտման դեպքերում լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի սուբսիդավորված գումարը ենթակա է վերադարձման՝ սուբսիդավորված գումարի վրա կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքը՝ ԳՖԿ-ի կողմից ֆինանսական կառույցին գումարի փոխանցման օրվանից մինչև գումարի վերադարձման օրը։ Կանխավճարի սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը՝ եռամսյա ժամկետում։

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 12.12.24 N 1985-Լ, փոփ. 15.05.25 N 585-Լ, խմբ., լրաց. 09.10.25 N 1447-Լ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: