ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 195
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.11.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

8 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 195

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» հիմնադրույթի մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահի ժամանակավոր պաշտոնակատար`

Վ.  Նազարենկո

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական ֆորումի մասին հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

20      թվականի    ի  թիվ      որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եվրասիական տնտեսական ֆորումի մասին» հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» ենթակետերով.

«ժ) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների՝ Միության գործունեության և հնարավորությունների մասին տեղեկացվածության բարձրացում.

ժա) Միության ներքին շուկայի՝ առանց խոչընդոտների գործունեությունն ապահովելու մասով առաջարկների մշակում:»:

2. III-V բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. Ֆորումի կազմակերպական կառուցվածքը

 

1. Ֆորումի կազմակերպական կոմիտեն

 

7. Ֆորումի կազմակերպական կոմիտեն իրականացնում է ֆորումի նախապատրաստման և անցկացման ընդհանուր ղեկավարումը:

8. Ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի նահագահն է, եթե ֆորումի անցկացման երկրի կողմից այլ որոշում չի ընդունվել: Ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի տեղակալը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է:

9. Անդամ պետությունները և Հանձնաժողովը նախօրոք ներկայացնում են ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում ընդգրկելու համար թեկնածությունների վերաբերյալ իրենց առաջարկները:

Ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում ընդգրկվում են անդամ պետությունների ներկայացուցիչները (պետական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալներից ոչ ցածր մակարդակով) և Հանձնաժողովի կոլեգիայի անդամները:

Ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել նաև՝

անդամ պետությունների առաջարկների հիման վրա՝ միջազգային, հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները.

Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի առաջարկի հիման վրա՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձինք:

Ֆորումի կազմակերպական կոմիտեի կազմը հաստատվում է ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի կողմից:

10. Ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերն անցկացվում են ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի որոշմամբ (այդ թվում՝ տեսակոնֆերանս-կապի ձևաչափով): Ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի տեղակալը կարող է նախաձեռնել ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստի անցկացումը, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար:

Ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերի կազմակերպական նախապատրաստումը և անցկացումն ապահովում է Հանձնաժողովը:

Ֆորումի կազմակերպական կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի արխիվում:

11. Ֆորումի կազմակերպական կոմիտեի իրավասությունների մեջ են մտնում՝

ա) ֆորումի հայեցակարգի հաստատումը (ներառյալ դրա կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը).

բ) ֆորումի նախապատրաստման և անցկացման ընթացքի ընդհանուր ղեկավարումը և դրա նկատմամբ հսկողությունը.

գ) ֆորումի անցկացման ֆինանսավորման և համապատասխան միջոցների բաշխման հետ կապված հարցերի ուսումնասիրումը.

դ) ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված այլ հարցեր:

 

2. Ֆորումի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբը

 

12. Ֆորումի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբը (այսուհետ՝ օպերատիվ շտաբ) իրականացնում է ֆորումի նախապատրաստման և անցկացման կազմակերպական, արարողակարգային, տեղեկատվական ապահովումը, ներառյալ՝ ֆորումի կազմակերպման և անցկացման հարցերով ծառայություններ մատուցող անձի (այսուհետ՝ օպերատոր) հետ փոխգործակցությունը, և ֆորումին մասնակցության հրավերի արշավի անցկացման մշտադիտարկումը:

13. Օպերատիվ շտաբի կազմը հաստատվում է ֆորումի կազմակերպական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից:

Օպերատիվ շտաբը գլխավորում է Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի տնօրենը:

Օպերատիվ շտաբի կազմում ընդգրկվում են Հանձնաժողովի պաշտոնատար անձինք (դեպարտամենտների տնօրենների տեղակալներից ոչ ցածր մակարդակով):

 

IV. Ֆորումի կազմակերպումը և անցկացումը

 

14. Ֆորումի կազմակերպումը և անցկացումն ապահովում է Հանձնաժողովը՝ ֆորումի անցկացման երկրի հետ համատեղ այլ անդամ պետությունների աջակցությամբ, ֆորումի կազմակերպական կառուցվածքի շրջանակներում:

15. Հանձնաժողովը՝

ա) իրականացնում է ֆորումի կազմակերպական ուղեկցումը.

բ) ապահովում է ֆորումի կազմակերպական կոմիտեի աշխատանքը.

գ) մշակում է ֆորումի ծրագրի վերաբերյալ առաջարկներ (այդ թվում` ծրագրի գործնական մասով).

դ) տեղեկացնում է ֆորումի հնարավոր մասնակիցներին (այդ թվում՝ երրորդ երկրների ներկայացուցիչներին) ֆորումի անցկացման ամսաթվի (ամսաթվերի) ու վայրի մասին և հրավիրում է նրանց ֆորումին մասնակցելու համար, ապահովում է փիար-ուղեկցությունը, գրանցումը, ֆորումի կայքի վարումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, դիզայնի մշակումը և հարթակի (հարթակների) ձևավորումը, սինքրոն թարգմանությունը, սննդի կազմակերպումը, ծրագրի գործնական մասի և ֆորումի ցուցահանդեսային մասի կազմակերպումը և անցկացումը.

ե) կազմակերպում է ֆորումի կազմակերպման և անցկացման ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման աշխատանքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման և պայմանագրերի կնքման մասին հիմնադրույթին համապատասխան, և իրականացնում է օպերատորի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունը.

զ) ապահովում է հարթակի (հարթակների) ձևավորումը՝ դրա (դրանց) ընդհանուր ոճով՝ ֆորումին մասնակցող ձեռնարկությունների (կազմակերպությունների) կողմից ցուցահանդեսային և գործնական միջոցառումների անցկացման համար, համակարգում է նշված միջոցառումների կազմակերպումը և անցկացումը:

16. Ֆորումի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների մատուցումն իրականացվում է Հանձնաժողովի և օպերատորի միջև կնքվող պայմանագրի հիման վրա: Ընդ որում, ֆորումը դրա անցկացման երկրում անցկացվող որևէ այլ մեծ տնտեսական ֆորումի հետ համատեղելու դեպքում ֆորումի կազմակերպմանը և անցկացմանն առնչվող ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է Հանձնաժողովի կողմից, որպես կանոն, այդ տնտեսական ֆորումի օպերատորի հետ:

Ֆորումին մասնակցող ձեռնարկությունները (կազմակերպությունները) անհրաժեշտության դեպքում օպերատորի հետ կնքում են պայմանագրեր՝ ֆորումի շրջանակներում իրենց կողմից անցկացվող ցուցահանդեսային և գործնական միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծառայությունների մատուցման վերաբերյալ:

17. Ֆորումի անցկացման երկիրը՝

ա) առաջարկում է ֆորումի անցկացման ամսաթիվը (ամսաթվերը) (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից քննարկելու համար).

բ) ֆորումի անցկացման համար տրամադրում է սույն հիմնադրույթի 26-րդ կետում նշված պահանջները բավարարող հարթակ (հարթակներ).

գ) իր տարածքում անցկացնում է մասնակցության հրավերի տեղեկատվական արշավ.

դ) ֆորումի մասնակիցներին աջակցում է վիզաներին առնչվող հարցերում.

ե) աջակցում է օպերատորին և Հանձնաժողովին՝ ֆորումի նախապատրաստման և անցկացման գործում.

զ) մասնակցում է ֆորումի հայեցակարգի նախապատրաստմանը.

է) ներգրավում է առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ՝ ֆորումի նախապատրաստման և կազմակերպման համար.

ը) արտաբյուջետային աղբյուրներից միջոցներ է ներգրավում ֆորումի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ֆինանսավորման համար.

թ) աջակցություն է ցուցաբերում այլ հարցերի լուծման գործում, որոնք կարող են առաջանալ ֆորումի նախապատրաստման և անցկացման ընթացքում:

18. Անդամ պետությունների առաջին դեմքերի՝ ֆորումի անցկացման երկրում գտնվելու ծրագիրը կազմվում է այդ երկրի կողմից:

Անդամ պետությունների առաջին դեմքերի՝ ֆորումին մասնակցելու մասին տեղեկատվությունը ֆորումի անցկացման երկրի կողմից ներկայացվում է ֆորումի կազմակերպական կոմիտեին՝ ֆորումի ծրագրի նախապատրաստման ժամանակ հաշվառելու համար:

Ֆորումի շրջանակներում անցկացվող միջոցառումներին պետությունների հրավիրվող ղեկավարների և (կամ) երրորդ երկրների կառավարությունների անդամների ցուցակը նախօրոք ուղարկվում է անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ քննարկման համար:

 

V. Ֆորումի հայեցակարգը

 

19. Ֆորումի հայեցակարգը մշակվում է օպերատորի կողմից՝ Հանձնաժողովի և ֆորումի անցկացման երկրի առաջարկների հիման վրա՝ հաշվի առնելով ֆորումի ցուցահանդեսային և գործնական միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած ձեռնարկությունների (կազմակերպությունների) հայտերը՝ ֆորումի՝ սույն հիմնադրույթի II բաժնում նշված նպատակներին և խնդիրներին համապատասխան, և հաստատվում է ֆորումի կազմակերպական կոմիտեի կողմից:

Ֆորումի ցուցահանդեսային և գործնական ծրագրերը ձևավորվում են ֆորումի հայեցակարգի հիման վրա:

20. Ֆորումի հայեցակարգով սահմանվում է միջոցառումների ձևաչափը, թեմատիկ բաժինները, ցուցահանդեսային էքսպոզիցիայի մասնակիցների նպատակային խմբերը և տեղակայման կառուցվածքը, պատվիրակներին, խոսնակներին, այցելուներին, ֆորումի անցկացման համար հարթակի (հարթակների) սրահներին ներկայացվող պահանջները, ֆորումի արարողակարգային ապահովման և տեղեկատվական ուղեկցության հիմնական պարամետրերը, ֆիրմային ոճի տարրերի տեսանելիացումը և այլ անհրաժեշտ տարրեր, ինչպես նաև ներառում է անդամ պետություններում անցկացվող նույնանման խոշոր միջոցառումների SWOT-վերլուծությունը (այդ թվում՝ հնարավոր անուղղակի կամ ուղղակի մրցակցության թեմայով):

Ֆորումի հայեցակարգը պարունակում է ֆորումի կազմակերպման և անցկացման նախահաշիվը՝ միջոցառումների, ֆինանսավորման ծավալների և աղբյուրների նշմամբ (Միության բյուջեի միջոցները, ֆորումի անցկացման երկրի միջոցները, ինչպես նաև (տեղեկությունների առկայության դեպքում) ֆորումի ցուցահանդեսային և գործնական միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած ձեռնարկությունների (կազմակերպությունների) միջոցները): Ֆորումի կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշվին կցվում է բացատրագիր, որը պարունակում է կանխատեսվող ծախսերի տնտեսական հիմնավորումը և ծախսերի յուրաքանչյուր հոդվածի մասով հաշվարկները՝ համապատասխան պարզաբանումներով և ֆինանսավորման աղբյուրների նշմամբ:»:

3. 26-րդ կետի «բ» ենթակետում «սինքրոն թարգմանության համար» բառերից հետո լրացնել «և առցանց հեռարձակման համար՝ տեսակոնֆերանս կապի միջոցով» բառերով:

4. 37-րդ կետի առաջին պարբերությունում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «3 ամսվա» բառերով: