ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՈԼՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

9 օգոստոսի 2022 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՈԼՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների) ոլորտի մասով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծին (կից ներկայացվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել hամաձայնագրի նախագծի՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահի ժամանակավոր պաշտոնակատար`

Վ.  Նազարենկո

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների) ոլորտի մասով վարչական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարությունը և Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի դրույթներով,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների) ոլորտներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման համար Կողմերի վարչական համագործակցության պատշաճ մակարդակի հասնելու նպատակներով,

ճանաչելով Կողմերի միջև վարչական համագործակցության, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու անհրաժեշտությունը, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Սահմանումները

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկա՝ տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների միջև՝ իրենց գործունեության իրականացման առնչությամբ առաջացող հարաբերությունների ամբողջություն.

տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ՝ Միության անդամ պետությունների՝ տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագրի առարկան Կողմերի տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում առաջացող հարաբերություններն են՝ տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ հաշվի առնելով Պայմանագրի և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի դրույթները։

 

Հոդված 3

Տեղեկատվության տեղադրումը

 

1. «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում Կողմերի պաշտոնական կայքերում Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական լեզվով (պետական լեզուներով) և ռուսերենով տեղադրվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների գործունեության հետ կապված հարցերը շոշափող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի (դրանց նախագծերի) և դրանց ընդունման ու կիրառման նպատակների մասին Կողմերի պարզաբանումների վերաբերյալ.

2) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ՝ ներառյալ

իրավաբանական անձի և դրա առանձնացված ստորաբաժանումների անվանումը և գտնվելու վայրը (պետական գրանցման վայրը) (ներառյալ մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները),

անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների թիվը,

թույլտվությունների (ներառյալ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ծանուցումները, լիցենզիաները, սերտիֆիկատները, եզրակացությունները, վկայականներն ու ռեեստրները) քանակը, անվանումները, տրման ամսաթվերը, համարներն ու բովանդակությունը.

3) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների մատուցմանն ուղղված գործունեության իրականացման հատուկ պայմաններ սահմանող՝ տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին անդամ պետությունների օրենսդրությամբ ներկայացվող պահանջների վերաբերյալ (ներառյալ ձևավորված պահուստային (ապահովագրական) ֆոնդերի և (կամ) այլ ֆինանսական գործիքների օգտագործման վերաբերյալ տեղեկությունները).

4) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

2. Կողմերն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունն «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում։

3. Տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի և այդ շուկայի մասնակիցների գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն արդիական վիճակում պահելու համար դրա փոփոխության դեպքում Կողմերը «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ իրենց պաշտոնական կայքերում թարմացնում են տվյալ տեղեկատվությունը։

4. «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում Կողմերի պաշտոնական կայքերում տեղադրված և Կողմերի տեղեկատվական ռեսուրսների տվյալների բազայում պարունակվող տեղեկատվությունը պետք է պահվի առնվազն 5 տարվա ընթացքում։

 

Հոդված 4

Տեղեկատվության փոխանակումը

 

1. Կողմերն իրականացնում են տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում։

Կողմերը փոխգործակցությունն իրականացնում են խորհրդատվությունների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների միջոցով և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։

2. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։

3. Կողմերի հարցման հիման վրա իրականացվում է այնպիսի տեղեկատվության տրամադրում, որն անհրաժեշտ է իրենց կողմից, սույն համաձայնագրին համապատասխան, վարչական փոխգործակցություն իրականացնելու համար։

4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության վրա։

 

Հոդված 5

Տեղեկատվություն տրամադրելու մասին հարցման բովանդակությունը

 

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) հարցում ներկայացնող Կողմի անվանումը.

2) հարցում ստացող Կողմի անվանումը.

3) հղում սույն համաձայնագրի համապատասխան դրույթներին.

4) հարցում ուղարկելու հիմքը կամ հարցման էության և հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.

5) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների և այլ անձանց անվանումները, որոնց մասով ներկայացվում է տեղեկատվության հարցում.

6) հարցման նպատակների և էության համառոտ շարադրանքը.

7) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.

8) տվյալներ այն անձանց մասին, որոնք ենթադրաբար տիրապետում են հարցվող տեղեկատվությանը (առկայության դեպքում).

9) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)։

2. Հարցման հիման վրա՝ հարցում ստացող Կողմը տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների վերաբերյալ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝

1) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի վիճակի, այդ թվում՝ մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ (ըստ ոլորտների, տեսակների, ենթաոլորտների, ըստ եռամսյակների և թվականների).

2) տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ, այդ թվում՝

դրանց գործունեությունը դադարեցնելու, կասեցնելու վերաբերյալ,

գործողությունը դադարեցնելու, կասեցնելու, համապատասխան թույլտվությունները չեղարկելու վերաբերյալ,

տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների նկատմամբ հսկողության նոր մեթոդիկաների վերաբերյալ.

3) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)։

3. Հարցումն ստորագրվում է հարցում ներկայացնող Կողմի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից։

4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցում ստացող Կողմն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատում։

 

Հոդված 6

Հարցման կատարումը

 

1. Հարցումը կատարվում է այն գրանցելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցում ստացող Կողմի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված ժամկետում հարցման կատարումը խոչընդոտող կամ դրա կատարումն ուշացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հարցում ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից հետո 20 օրացուցային օրվա ընթացքում հարցում ներկայացնող Կողմի հասցեին ուղարկում է ծանուցում (նշելով պատճառները)։

2. Հարցման պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։

 

Հոդված 7

Հարցման կատարման մերժումը

 

1. Հարցում ստացող Կողմն իրավասու է ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հարցման կատարումը հետևյալ դեպքերում՝

1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին.

2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի անդամ պետության ազգային անվտանգության շահերին.

3) հարցվող տեղեկատվությունը կազմում է առևտրային կամ անդամ պետության օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիք։

2. Հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու դեպքում հարցում ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից հետո 20 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին գրավոր ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (նշելով պատճառները)։

 

Հոդված 8

Փոփոխությունների կատարումը

 

Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և համարվում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 9

Վեճերի կարգավորումը

 

Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 10

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետության՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իր կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից։

2. Կողմի անվանման փոփոխության և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցելու դեպքում տվյալ Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթները ուրիշ մարմնի փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և ավանդապահին։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

Կատարված է _____ քաղաքում 202_ թվականի _____ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության

էկոնոմիկայի նախարարության

կողմից

Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության հարցերով նախարարության կողմից

Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության

կողմից

Ղրղզստանի Հանրապետության

մշակույթի, տեղեկատվության,

սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարության կողմից

Զբոսաշրջության հարցերով դաշնային գործակալության կողմից